Անցյալից եկած հերոսները. Լեւոն Իշտոյան - Mediamax.am

exclusive
120028 դիտում

Անցյալից եկած հերոսները. Լեւոն Իշտոյան


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` wap.sovsport.ru

Լուսանկարը` sports.ru

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մարզիկների կյանքում ամենակարեւորն ու անմոռանալին միանշանակ հաղթանակներն են: Ֆուտբոլում հաղթանակներ բազմաթիվ են լինում, բայց դրանց հանրագումարի արդյունքում է միայն հնարավոր դառնում գավաթներ նվաճել ու լավագույնը ճանաչվել:

1973 թվականին ԽՍՀՄ-ի առաջնությունում ու Գավաթի խաղարկությունում «Արարատի» հաղթանակները  սերնդեսերունդ փոխանցվել են մինչեւ մեր օրերը որպես հայկական ֆուտբոլի ամենափառավոր ու վառ նվաճումները: Հազար անգամ ենք երանի տվել ականատեսների աչքերին, իսկ դրանք նվաճած ֆուտբոլիստները վաղուց հերոսացել են մեզ համար:

Այսօր «Անցյալից եկած հերոսները» շարքում պատմելու ենք նրանցից մեկի՝ Լեւոն Իշտոյանի մասին:

Բակային ֆուտբոլ, ճակատագրական մարզիչ ու «Արարատ»

Սպորտային Լենինականում ինչպես բոլոր տղաները, նա էլ տարված էր բակային խաղերով: Ամբողջ օրն անցկացնում էր ընկերների հետ ֆուտբոլ խաղալով: Այդպիսի մի օր էլ ճակատագրական դարձավ փոքրիկ Լեւոնի համար. մարզիչ Բաղդասար Մովսիսյանը նկատեց նրա խաղն ու հրավիրեց մարզվելու: Այդպես սկիզբ դրվեց հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի կարիերային:

1959 թվականին, երբ Մովսիսյանը կազմավորեց Գյումրիի ֆուտբոլի պատանեկան առաջին թիմը, դժվար չէ գուշակել, որ Իշտոյանն անմիջապես ընդգրկվեց նրա կազմում ու ֆուտբոլը դարձրեց իր կյանքի ուղին: «Մովսիսյանը շատ լավ մարզիչ էր ու մանկավարժ: Շատ ֆուտբոլիստներ են նրա գլխավորությամբ առաջին քայլերը կատարել: Իմ բոլոր մարզիչներն էլ իրենց գործի վարպետներն են եղել՝ Ֆալյան, Պանոմարյով, Սիմոնյան, Գլեբով: Ես երախտապարտ եմ նրանց»,- խոստովանում է Իշտոյանը:

«Արարատի» հետ ընկերական խաղերից մեկի ժամանակ էլ թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանը նկատեց նրան ու հրավիրեց երեւանյան ակումբ: Իշտոյանը չափազանց աշխատասեր էր, դինամիկ ֆուտբոլի սիրահար ու կարողանում էր գեղեցիկ անցումներով խաբել մրցակիցներին ու շեշտակի հարվածներով գրավել դարպասը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Իր կյանքի թիվ մեկ ակումբում էլ Իշտոյանն անցկացրեց հետագա ողջ կարիերան: «Արարատում» նա խաղաց 7 տարի՝ 196 հանդիպում ու 28 գոլ:

Պատմական գոլերն ու հաղթանակից գլուխը կորցնելը

Անգամ եթե «Արարատում» ոչ մի գնդակ էլ չխփեր, Գավաթի եզրափակիչը բավական էր, որ հայ երկրպագուները մեծարեն Լեւոն Իշտոյանին: Նա հայկական ֆուտբոլի վառ անհատականություններից է, ում բախտ է վիճակվել մեծ հաղթանակներ ունենալ իր կարիերայում: Իշտոյանի ու թիմի առաջին լուրջ նվաճումը եղավ 1973 թվականի հոկտեմբերի 10-ին:

Այդ օրն «Արարատը» «Լենինի» անվան Մոսկվայի կենտրոնական ստադիոնում 60 հազար երկրպագուների ներկայությամբ Կիեւի «Դինամոյի» հետ պայքարում էր ԽՍՀՄ-ի գավաթի համար:

«Գավաթի եզրափակչի գիշերը, գրեթե, չենք քնել, անընդհատ խաղի մասին էինք մտածում: Նիկիտա Սիմոնյանն էլ անհանգստանում էր, թե ինչու մեր սենյակների լույսը դեռ վառվում է, ժամը 3-ին նոր կարողացանք քնել: Անասելի դժվար էր, հասկանում էինք, թե ինչքան կարեւոր խաղ է մեզ սպասվում»,- պատմում է Իշտոյանը:

Խաղի 61-րդ րոպեին «Դինամոն» Վիկտոր Կոլոտովի անվրեպ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Արարատցիներից ու նրանց նվիրված երկրպագուներից բացի բոլորն արդեն համակերպվել էին «Դինամոյի» հաղթանակի հետ: Ու հենց այդ ժամանակ հայ ֆուտբոլիստները ցույց տվեցին իսկական բնավորություն:

Երբ հանդիպման ավարտին մեկ րոպե էր մնացել, Լեւոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը: Լրացուցիչ ժամանակում «Արարատը» կրկնակի եռանդով ու նվիրվածությամբ խաղաց, ու 103-րդ րոպեին Իշտոյանը երկրորդ գնդակը խփեց` իրականացնելով ողջ հայության երազանքն ու ֆուտբոլային առաջին բաղձալի հաղթանակը բերեց:

Իշտոյանը հիշում է, որ հաղթական գնդակից հետո խելքն իրենը չէր՝ խենթի պես վազվզում էր դաշտում, մինչեւ որ թիմակիցների գրկում հայտնվեց, որոնք եւս ուրախությունից գլուխները կորցրել էին:

«Դժվար է բառերով նկարագրել այն ուրախությունն ու ոգեւորությունը, որ զգում էինք այդ պահին: ճիշտ է, երկու գոլերն էլ ես խփեցի, բայց առանց թիմակիցներիս  օգնության դժվար թե ինձ մոտ որեւէ բան ստացվեր: Այդ խաղում ես կարողանում էի ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում: Պատմական օր էր հայկական ֆուտբոլի համար»,- ասում է գավաթային հանդիպման հերոսը:



Անմոռանալի օրն ու երեւանյան անհավանական դիմավորումը

Գավաթը նվաճելուց հետո Երեւանում իրենց հերոսներին անհամբերությամբ էին սպասում, սակայն նրանք միանգամից մեկնել չէին կարող: Առաջնությունում Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպում ունեին, այն ոչ-ոքի խաղալուց հետո միայն արարատցիները կարողացան վերադառնալ հայրենիք: 

 

Երբ ԻԼ-18-ը երեւաց, «Զվարթնոց» օդանավակայանը թնդաց ոգեւորությունից: Իրենց սիրելի ու հաղթանակած թիմին դիմավորելու եկած հազարավոր մարդիկ չէին կարողանում զսպել իրենց հույզերը, անսահման ծաղիկները, ժպիտներն ու շնորհավորանքները նորընծա գավաթակիրների պատվին էին:

 

«Օդանավակայանում աներեւակայի մթնոլորտ էր տիրում, ժողովուրդը ցնծության մեջ էր: Կյանքում չեմ մոռանա այդ օրը, նման բանի ականատես երբեք չէի եղել: Երկրպագուները մինչեւ Երեւան ուղեկցեցին մեզ, անընդհատ գովասանքի խոսքեր էին ասում, ուրախանում, շուրջբոլորը երջանիկ ու ուրախ դեմքեր էին: Այդ ժամանակ միայն հասկացանք, թե ինչքան կարեւոր ու մեծ բան ենք արել»,- հպարտությամբ վերհիշում է Իշտոյանը: 


Իսկ այդպիսի արդյունքի նրանք կարողացել են հասնել, որովհետեւ իսկական նվիրյալներ են եղել, խաղադաշտ են մտել մեկ մարդու պես՝ նույն տրամադրվածությամբ ու հաղթելու մեծ ցանկությամբ:

Պատմության մեջ մնալու իշտոյանական գաղտնիքը

Առաջին խնդիրը լուծված էր, սակայն «Արարատը» երկու ճակատով էր պայքարում, ու առաջնությունում պայքարը եւս պետք էր հաղթական ավարտի հասցնել: 

Այդ էր պատճառը, որ Իշտոյանի խոսքով, իրենք թուլանալու ու Գավաթով երկար ժամանակ տարվելու  իրավունք չունեին: Առաջնությունը մոտենում էր վերջնամասին, իսկ թիմը լուրջ հավակնություններ ուներ:

«Անգամ, երբ առաջնության միջնամասում պարտություններ կրեցինք ու նահանջեցինք առաջին տեղից, վստահ էինք, որ կնվաճենք չեմպիոնի կոչումը: Հասկանում էինք, որ նվիրվել ենք այդ գործին ու իրավունք չունենք վատ հանդես գալու: Բացի այդ էլ, եթե ցանկանում ես, որ մարդիկ քեզ հիշեն ու մնաս պատմության մեջ, պարտավոր ես միայն հաղթել»,- ասում է լեգենդար ֆուտբոլիստը:

Գավաթի նվաճումը մեծ խթան հանդիսացավ, որ տղաները պայքարեն նաեւ առաջնության հաղթողի կոչման համար: Ու կրկին հիմնական  մրցակիցը Կիեւի «Դինամոն» էր: Վերջին խաղում «Արարատը» 3:2 հաշվով հաղթեց «Զենիթին» ու հռչակվեց ԽՍՀՄ-ի չեմպիոն.

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Ես երազում էի, որ 1973-ին հնչի «Առաջին անգամ երկրի չեմպիոն ենք» արտահայտությունը: Եվ երբ ցանկությունս իրականացավ, անսահման երջանիկ էի: Աներեւակայելի էր, որ ԽՍՀՄ-ում ամենաուժեղն էինք: Դժվար էր պատկերացնել, որ մի օր հայկական թիմին կհաջողվի չեմպիոն դառնալ: Մեր մարզիչները ներարկել էին հաղթանակի հասնելու հավատը, որ բոլորից ուժեղ ենք ու չենք կարող չեմպիոն չլինել»:

Իրականացված երազանքը, սպորտային արյունն ու գաղտնի մտքերը

Այդ մրցաշրջանում Լեւոն Իշտոյանը մասնակցել է առաջնության բոլոր 30 հանդիպումներին էլ: Նա հիմնական կազմի խաղացող է եղել ու մշտապես հրավիրվել է նաեւ ԽՍՀՄ հավաքական: Շատ ծանրաբեռնված գրաֆիկով է խաղացել, բայց անսահման սիրել է իր աշխատանքն ու միշտ հաճույքով կատարել այն. 

«Միշտ շատ պահանջկոտ եմ եղել իմ նկատմամբ: Ձգտել եմ կատարելագործել գնդակի տիրապետման արվեստը: Գլխավոր նպատակս է եղել ոչ միայն ակումբի համար խաղալ, այլ նաեւ թիմային խաղացող լինել»:

Իսկ իր ֆուտբոլային կուռքը բրազիլացի Աշխարհի չեմպիոն Գարինչան է եղել: Իշտոյանը տարված է եղել գնդակի հետ վարվելու նրա վարպետությամբ, օրիգինալ ֆինտերով ու ճշգրիտ փոխանցումներով: Հայ ֆուտբոլիստի համար մինչ օրս էլ անմոռանալի է 1971 թվականի դեկտեմբերի 19-ը: Նա ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում մեկնել էր Բրազիլիա ու «Մարականայում» Գարինչայի հրաժեշտի խաղին ականատես եղավ. «Նստել էի նրա ընտանիքի անդամների կողքին ու հետեւում էի այդ հանդիպմանը: Վերջապես երազանքս իրականություն դարձավ»:

Սպորտին նվիրվելը, Իշտոյանի վկայությամբ, մեծ ինքնազոհություն է եղել, ու երբեմն  մտածել է թողնել ֆուտբոլը, սակայն նմանատիպ պահերն ակնթարթներ են տեւել ընդամենը: Նա գիտեր, որ չի կարող ապրել առանց ֆուտբոլի, լեփ-լեցուն ստադիոնի աղաղակների, խփած գոլից հետո ստացած ադրենալինի: Երբ սպորտը արյան հետ հոսում է երակներով, դրա դեմ որեւէ բան անելն անհնար է:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Ձորաղբյուրում գտնվող «Արարատի» մարզաբազա հասնելու ճանապարհին անցնում էինք Երեւանով, փողոցում երիտասարդներ էին զբոսնում, զվարճանում, հասկանում էի, որ մենք այսպիսի շռայլություն թույլ տալ չենք կարող: Ու մի պահ, մի ակնթարթ ընդամենը ցանկանում էի մարզիկ չլինել, բայց ֆուտբոլն իմ կյանքն էր ու առանց դրա չէի կարող ապրել»,- անկեղծանում է Իշտոյանը:

Պելեն, Ֆրունզիկն ու Լենինի արձանը

Գավաթի եզրափակչում խփած երկու գոլերի շնորհիվ երկրպագուները տարբեր պատմություններ էին հորինել Իշտոյանի մասին: Ոմանք առաջարկում էին Լենինի արձանի տեղում Իշտոյանի արձանը տեղադրել, մյուսներն էլ համոզված էին, որ նրա ոտքերը գնել է հայտնի թանգարաններից մեկը:

Նրա անվան շուրջ հյուսված անեկդոտներն էլ անթիվ էին, դրանցից մեկի համաձայն Պելեն գալիս է Լենինական ու զարմանում, որ իրեն չեն ճանաչում: Նա հայտարարում է, թե աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստն է: Պատասխանն այսպիսին է լինում. «Վայ, Իշտոյան ջան, այս ինչքան ես սեւացել»:

Իշտոյանի մասին բոլորը սկսեցին խոսել նաեւ «Միմինո» ֆիլմի շնորհիվ: Ֆրունզիկ Մկրտչյանն ու Իշտոյանը Փակ շուկայի մոտ էին ապրում ու շատ մտերիմ էին: Երկուսն էլ հաճախակի էին բացակայում քաղաքից, բայց նրանց հանդիպումները միշտ շատ ջերմ էին լինում: Հայկական կինոյի ու ֆուտբոլի աստղերի մի այդպիսի հանդիպման ժամանակ էլ Իշտոյանն իմացավ ֆիլմի մասին:

«Ֆրունզիկը պատմեց, որ նկարահանվել է մի ֆիլմում, որտեղ հիշատակել է իմ մասին ու ասաց հետեւյալը. «Այնպես եմ քեզ մեծարել, կտեսնես»: Նա ինձ պատմեց  ֆիլմի ողջ սյուժեն ու առավել մանրամասն խոսեց այդ դրվագի մասին, որ ինքն իմպրովիզ է արել ու ասել. «Իշտոյանա վիդիտ (Իշտոյանին է տեսնում)»: Այդ դրվագն այնքան է դուր եկել ռեժիսորին, որ նա համբուրել է Մկրտչյանին ու ասել, որ ֆիլմը հաստատ սիրվելու է:

  



Իշտոյանին մնում էր միայն անհամբերությամբ սպասել ֆիլմի ցուցադրմանը: Բայց նախ այն տեսնելու հնարավորություն ունեցան Վրաստանում, որտեղից Իշտոյանի ընկերները զարմացած զանգահարում էին նրան: Այդտեղից էլ «Իշտոյանա վիդել» արտահայտությունը թեւավոր խոսք դարձավ, իսկ յուրաքանչյուր հայ երկրպագու մինչեւ օրս էլ իր պարտքն է համարում անպայման տեսնել մեծ ֆուտբոլիստին:

Անհավանական գրազն ու կոտրած ժամացույցը

Արարատցիների անունն ու փառքը ողջ Հայաստանով էին տարածվել, նրանց ամենուր ճանաչում էին ու ամեն ինչ անում սիրելի ֆուտբոլիստներին օգտակար լինելու համար՝ դասախոսները քննություններն էին նշանակում, ավտոտեսուչները չէին տուգանում, երկրպագուներից ստացվող նվերներն էլ հաշիվ չունեին:

Այդպիսի մի անակնկալ նվեր էլ Իշտոյանի համար էր նախատեսված: Նա ջարդուփշուր եղած ժամացույցի կտորներով ծանրոց ստացավ, որն ուղարկել էր Ուկրաինայի պետական երգչախմբի հայտնի դիրիժորը:

«Նամակում դիրիժորը գրել էր, որ Գավաթից առաջ երգչախմբի հայ մենակատարուհու հետ գրազ էր եկել, որ իր հայրենակիցներն են հաղթելու: Սակայն հայուհին ոչ միայն համոզված է եղել հայկական ակումբի հաղթանակի վրա, այլ նաեւ նշել է, որ երկու գոլերն էլ նույն ֆուտբոլիստն է խփելու: Դիրիժորն էլ խոստացել է, եթե այդպես լինի գոլ խփող ֆուտբոլիստին կնիվիրի իր թանկարժեք ժամացույցը»:

Լուսանկարը` sports.ru


Սակայն կրկնակի պարտության հետ համակերպվել նա չի կարողացել ու ուղարկելուց առաջ կոտրել է ժամացույցը: Իսկ Իշտոյանի համար այդ ժամացույցը ամենաթանկ նվերներից մեկն է դարձել, որը երկար տարիներ խնամքով ու մեծ սիրով պահել է, որպես վկայություն մեծ ու կարեւոր հաղթանակի:

Լեւոն Իշտոյանը ծնվել է 1947 թվականին Լենինականում: 1968-1975  թթ. հանդես է եկել «Արարատի» կազմում: 1969-ին հրավիրվել է ԽՍՀՄ-ի երիտասադական հավաքական: 1971-ին արդեն ԽՍՀՄ 1-ին թիմում էր խաղում ու մշտապես հրավիրվում էր նաեւ Օլիմպիական հավաքական: 1971-ին «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ-ի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր:

Երկու տարի անց էլ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն ու Գավաթակիր: Մի քանի անգամ որպես լավագույն աջ եզրային հարձակվող ընդգրկվել է ԽՍՀՄ առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Արժանացել է Խորհրդային Միության սպորտի վարպետի կոչման:

1976-ին եղել է Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի ավագ մարզիչը, իսկ 1984-ին «Արարատի» մարզչական շտաբում էր: 1988-ին տեղափոխվել է ԱՄՆ: Այնտեղ էլ իր թիմակից Սերգեյ Բոնդարենկոյի հետ հիմնել է ֆուտոլային դպրոց, իսկ 2008 թվականից արդեն գլխավորում է իր անվան ակադեմիան:

Հասմիկ Բաբայան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին