Անցյալից եկած հերոսները. Հրանտ Շահինյան - Mediamax.am

exclusive
141211 դիտում

Անցյալից եկած հերոսները. Հրանտ Շահինյան


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Բաբաջանյանի ու Միրզոյանի Շահինյանի ծննդյան օրվա անակնկալը
Բաբաջանյանի ու Միրզոյանի Շահինյանի ծննդյան օրվա անակնկալը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Շահինյանն ու Ազարյանը
Շահինյանն ու Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


1923 թվականին Ստեփանավանի շրջանի Գյուլաքարակ գյուղի Շահինյանների տանը ծնվեց տղա երեխա, որին անվանեցին Հրանտ: Հրանտի ծնողները չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց տղան ոչ միայն բազմաթիվ հաջողությունների է հասնելու, այլեւ դառնալու է ժամանակակից Օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը:

Mediamax Sport-ի «Անցյալից եկած հերոսները» շարքում այս անգամ սիրով անդրադառնում ենք Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն, տարբեր մրցաշարերի մրցանակակիր, մարմնամարզիկ Հրանտ Շահինյանին:


Երբ ջութակը փոխարինեց մարմնամարզությամբ

Հանգիստ միջավայր, սեղանին Հրանտ Շահինյանի մասին պատմող բազմաթիվ նյութեր ու լուսանկարներ, իսկ պատի տակ դրված պահարանին շարված են Օլիմպիական առաջին հայ չեմպիոնի մեդալներն ու պարգեւները:

Շահինյանի կինն ու աղջիկը մեզ ընդունեցին սիրով ու միանգամից սկսեցին պատմել այդ լեգենդար մարզիկի անցած ճանապարհի մասին:

Շահինյանի ընտանիքը Գյուլաքարակից Երեւան է տեղափոխվում 1930 թվականին, արդեն 9 տարի անց Հրանտը գրանցում է առաջին հաջողությունը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Իսկ մինչ մարմնամարզությամբ զբաղվելը նա հաճախել է ջութակի, սակայն երաժշտության աշխարհը նրա համար չէր, մանավանդ, որ ուսուցիչն էլ դժգոհ էր աշակերտից: Այսպես, նա ջութակը փոխարինում է մարմնամարզությամբ:

«Մեր դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն մարմնամարզության խմբակ էր բացել, որին ես էլ էի հաճախում: Հրանտը, Հրաչիկն ու Սարգիսը երեք ընկերներ էին, որոնք ակրոբատիկ վարժություններ էին անում: Այդտեղից էլ ծանոթացել եմ նրա հետ: Մինչ պատերազմը մեր թիմով գնացել էինք Մոսկվա մրցումների: Ես փոքր աղջիկների խմբում էի ելույթ ունենում, ու այդ տարի թեթեւ աթլետիկայի տարրեր էին մտցրել մարմնամարզության մեջ: Թռիչք բարձրության ժամանակ Հրանտը մոտեցավ ինձ ու ասաց, թե ինչ պետք է անեմ, որ ստացվի: Կյանքիս մեջ առաջին անգամ կարողացա այդ վարժությունն անել ու զբաղեցրի 7-րդ տեղը»,- հիշում է Շահինյանի կինը՝ Էմմա Շահինյանը:

Մինչ 1941 թվական Շահինյանը երկու անգամ մասնակցում է ԽՍՀՄ պատանիների առաջնությանն ու դառնում ոսկե մեդալակիր:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Պատերազմ, ռազմաճակատ, ապա կրկին մարզումներ ու սեր

Մարզիկի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ սկսվում է Հայրենական Մեծ պատերազմը:

Մարմնամարզության դպրոցի սաներն ամռանը պետք է շքերթի մասնակցեին, երբ մարզումներից մեկի ժամանակ էլ իմանում են, որ պատերազմ է սկսվել: 18 տարին չլրացած Շահինյանը որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ:

Սուխումիի զինվորական ուսումնարանում զինվորները, տեսնելով նրա մաշված կոշիկները, որոշում են, որ ավելի լավին է արժանի: Գողանում են բարձրաստիճան զինվորականի երկարաճիտ կոշիկներն ու Հրանտին ասում, թե շուկայից են գնել: Մի քանի օր հետո գնդապետը Հրանտին հանդիպում է ու ճանաչում իր կոշիկները: Հարցին, թե որտեղից են դրանք, մարմնամարզիկը պատասխանում է, որ տղաներն են գնել շուկայից: Գնդապետը հասկանում է կատարվածն, ու միայն ասում «բարով մաշես»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Չնայած Շահինյանին փորձում են պահել թիկունքում, բայց նա մեկնում է առաջնագիծ, երկու տարի անց  ոտքից վիրավորվում է ու վերադառնում Երեւան: Երկար վերականգնողական փուլից հետո նա միայն 1946-ին է կարողանում վերսկսել մարզումներն ու աստիճանաբար գրանցում մեծ հաջողություններ:

«Ես երկու տարվա մեջ մեծացել էի, ու տղաները հետաքրքրվում էին ինձանով: Բայց ինձ Հրանտն էր դուր գալիս: Ինքն էլ ինձ էր համակրում, մի անգամ ամառային հավաքի էինք մեկնել, մեր տղաներից մեկն ինձ ասաց որ «բոլորը քնեն, ես կհազամ, ու դու դուրս կգաս»:  Դուրս եկա ասում եմ, ինչ ես ուզում, թե ես չէ, Հրանտն է ուզում ասել… մի խոսքով մենք սկսեցինք հանդիպել»,- վերհիշում է տիկին Էմման:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Միանգամից 6 ոսկե մեդալն ու շքեղ դիմավորումը Երեւանում

Առաջին լուրջ հաջողությանը Շահինյանը հասավ 1949-ին Բուդապեշտում, որտեղ Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնում նվաճեց միանգամից վեց ոսկե մեդալ: Հենց այստեղ է, որ ԽՍՀՄ հավաքականի անդամ Վիկտոր Չուկարինը մոտեցավ հայ մարզիկին ու ասաց. «Անխիղճ, մեզ ոչինչ չթողեցիր»:

«Բուդապեշտի մրցաշարի ժամանակ ես Մոսկվայում էի, Հրանտը եկավ մրցումներից ու գնացքով վերադարձանք Հայաստան: Սպորտկոմիտեի նախագահ Սիմոնյանը հանձնարարել էր, որ իմանան, թե Շահինյանը որ վագոնում է գալիս, որպեսզի Երեւանում դիմավորեն նրան: Կիրովականում կանգնել էր գնացքը, Հրանտն էլ պատուհանից նայում էր, մեկ էլ մի քանի երիտասարդ շնչակտուր մոտենում են նրան ու հարցնում, թե կարո՞ղ է իմանաք Հրանտ Շահինյանը որ վագոնում է: Ասում է, ես եմ Հրանտը, ի՞նչ կա: Սրանք էլ, թե այ մարդ, մենք կատակի ժամանակ չունենք, ու վազում են գնացքի մյուս ծայրը»,- ծիծաղելով հիշում է Շահինյանի կինը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Առավոտյան Երեւանում նրան դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ, որոնց ոգեւորում էր փողային նվագախումբը:

Նույն թվականին նա մեկնում է Չեխոսլովակիա: Ուսի ցավի պատճառով մարզիչը ազատում է ցուցադրական ելույթներից: Սակայն երկրպագուները միաբերան պահանջում են հայ մարզիկի ելույթն, ու Շահինյանը ստիպված դուրս է գալիս հարթակ:

1952 թվականին հայերն ունենում են Օլիմպիական խաղերի չեմպիոն

Հրանտ Շահինյանը հատկապես ուժեղ էր օղակների վրա ու նժույգթափ վարժություններում, իսկ ահա ազատ վարժությունների ժամանակ նա չէր կարողանում ավելի բարձր տեղեր զբաղեցնել, պատճառը դեռեւս պատերազմի ժամանակ վիրավոր ոտքն էր:

Ընդհանրապես, Շահինյանը երբեք չի սիրել ասել, որ այսինչ մրցաշարից վերադառնալու է մեդալով: Այդպես եղավ նաեւ Օլիմպիական խաղերի ժամանակ: Տքնաջան մարզումներն ու անընդհատ պարապմունքները չէին կարող դրական արդյունք չտալ: Նա ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականի կազմում ու 1952-ին մեկնեց Հելսինկիի Օլիմպիական խաղերին:
Շահինյանն ու Ազարյանը Շահինյանն ու Ազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Այստեղ նրա հիմնական մրցակիցները թիմակիցներ Վիկտոր Չուկարինն ու Վալենտին Մուրատովն էին: Սակայն Օլիմպիական ոսկին նվաճելու մեծ ցանկությանը ոչ մի մրցակից չէր կարող խանգարել: Ու Շահինյանն օղակների վրա վարժությունում պարզապես փայլեց, տարբեր բարդությունների էլէմենտները նա այնքան հստակ իրացրեց, որ մրցավարները շատ բարձր՝ 9,9 միավոր նշանակեցին:

Հրանտ Շահինյանը դարձավ հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը: Սակայն մեկ մեդալով նա չի սահմանափակվում: Նժույգթափում ու բազմամարտում էլ հայ մարմնամարզիկը նվաճում է արծաթե մեդալներ:  Նժույգթափում Շահինյանն առաջին անգամ կատարում է մի հնարք, որը հետագայում կոչվում է նրա անունով: Հելսինկիում Շահինյանը նվաճում է եւս մեկ ոսկե մեդալ, այս անգամ թիմային պայքարում:

Բնականաբար, այսպիսի ավարով մինչ այս ոչ մի հայ մարզիկ չէր վերադարձել Հայաստան: Հրանտ Շահինյանը դառնում է բոլոր մարզասերների սիրելին, նրան սկսում են ճանաչել, իսկ նա շարունակում է մնալ նույն հասարակ ու համեստ մարդը:

Աշխարհի չեմպիոն, որն աստիճանաբար սկսում է զբաղվել մարզչական աշխատանքով

Մտերիմները նշում են, որ չեն կարող բացատրել, թե ինչպես էր Հրանտը միանգամից դառնում բոլորի կողմից սիրելի անձնավորություն:

Օլիմպիական շլացնող հաղթարշավից հետո Շահինյանին սպասվում էր Աշխարհի առաջնությունը: 1954 թվականին Հռոմում կայացած Աշխարհի առաջնությունում նա նվաճում է երկու ոսկե ու մեկ բրոնզե մեդալ:

1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի մարզիչները սկսում են թիմում ընդգրկել ավելի երիտասարդ մարմնամարզիկների: Սրանից հետո էլ Շահինյանը որոշում է ավարտել պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան ու աստիճանաբար անցնել մարզչական գործունեության:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրանտ Շահինյանը շատ էր ցանկանում, որպեսզի Հայաստանն ունենա մարմնամարզության մեծ մարզահամալիր, որտեղ կկարողանա իր փորձը փոխանցել երիտասարդներին:

Նրա անմիջական ջանքերի գնով Երեւանում ստեղծված մարմնամարզության առաջին մասնագիտացված դպրոցն աստիճանաբար սկսում է պատրաստել մրցակցություն ծավալող մարզիկներ: Այսօր արդեն դպրոցը կոչվում է Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անունով, որտեղ շարունակում են հաճախել տարբեր տարիքի պատանիներ ու աղջիկներ:

Շահինյանի 500+2 երեխաները, Տիգրան Պետրոսյանի հետ պարտիան ու գողացված մեդալները

«Սպորտկոմիտեն Բաղրամյան փողոցի վրա շենք էր կառուցել ու մի սենյակ էլ տվեց Շահինյանին: Մենք էլ մեջտեղը պատ դրեցինք, որ գոնե երկու սենյակ դառնա: Ոչ հարսանիք արեցինք, ոչ մատանի տվեցինք միմյանց: Տանը ոչինչ չունեինք, այստեղից- այնտեղից տարբեր գույք հայթհայթեցինք ու կամաց-կամաց հավաքվեցինք: Ամեն մի փոքրիկ ձեռքբերում մեզ համար մեծ ուրախություն էր: Բայց մենք անսահման ուրախ էինք, որ տանիք ունեինք մեր գլխին ու սիրում էինք միմյանց»,- հիշում է տիկին Էմման:

Այդքան տարիների ընթացքում միայն մեկ դժգոհություն է ունեցել Հրանտ Շահինյանից. «Մարզումների ու մրցաշարերի պատճառով ինձ շատ էր մենակ թողնում»:

Շահինյաններն ունեն երկու զավակ՝ աղջիկ ու տղա: Չնայած, ինչպես նշում է տիկին Էմման, Հրանտը միշտ էլ ասել է, որ ինքն ունի 500+2 երեխա՝ նկատի ունենալով նաեւ իր սաներին:

«Հրանտի հայրը շատ կրթված էր, ժամանակի հայտնի մարդկանցից, ով սովորել է Գեւորգյան ճեմարանում: Հրանտն էլ շատ էր սիրում կարդալ, ազատ ժամանակն առանց գրքի չէր անցկացնում: 70-ականներից սկսեցինք շուն պահել, ու սիրում էր նաեւ շան հետ զբոսանքի գնալ»,- պատմում է նրա կինը:

Հետաքրքիր է, որ Հրանտ Շահինյանը չէր սիրում խանութ գնալ: Ինչպես տիկին Էմման է ասում, իրենց համատեղ կյանքի ժամանակ երեւի 1-2 անգամ գնացած լինի շուկա, այն էլ կնոջն օգնելու նպատակով.

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Գնում էր արտասահման մրցաշարերի, բոլորն ինչ-որ բան էին առնում բերում, իսկ ինքը դատարկ էր հետ գալիս: Ասում էի մտի խանութ մի բան առ, ասում էր, չէ, չեմ մտնի»:

Տիկին Էմման պատմեց եւս մեկ պատմություն: Ազգային թանգարանում կազմակերպվում է Օլիմպիական մեդալների ցուցադրություն, որի ժամանակ ինչ-որ մեկը գողանում է Հրանտ Շահինյանի ու Ալբերտ Ազարյանի ոսկե մեդալները, Վլադիմիր Ենգիբարյանի չեմպիոնական գոտին: Երբ կազմակերպիչները մարզիկներին առաջարկում են գումարային փոխհատուցում, Շահինյանն ասում է. «մեդալը դրամով չի կարող փոխարինվել, այն պարզապես մետաղ չէ»:

Մի անգամ էլ Հունգարիայում ընթացող սովետա-հունգարական բարեկամության օրերի ժամանակ մարմնամարզիկների հետ նույն հյուրանոցում էին նաեւ շախմատիստները:

Ընկերները Հրանտին խնդրում են, որ շախմատային խաղ կազմակերպի, նա գնում է շախմատիստների սենյակ ու վերադառնում Տիգրան Պետրոսյանի հետ: Տիգրանը մի քայլ է անում, հետ գնում իր սենյակ, ապա գալիս, խաղում ու կրկին գնում: Մինչ այդ մարմնամարզիկները խմբով փորձում են ճիշտ հակաքայլ գտնել, ու ի վերջո հասկանում, որ պարտվում են: Այդ ժամանակ Պետրոսյանը շրջում է տախտակն ու հիմա էլ պարտված դիրքից հաղթում նրանց:
Բաբաջանյանի ու Միրզոյանի Շահինյանի ծննդյան օրվա անակնկալը Բաբաջանյանի ու Միրզոյանի Շահինյանի ծննդյան օրվա անակնկալը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Որպես վերջաբան

Հայ ամենատիտղոսակիր մարզիկը, որն իր գիտելիքները փոխանցել է նաեւ ապագա սերունդներին, մահացել է 72 տարեկան հասակում: Մինչ այսօր էլ նրա կինն ու երեխաները ապրում են այն պատգամով, որը նրանց փոխանցել է հայրը. «Հաղթենք ոչ թե ուժով ու բռնությամբ, այլ սիրով ու բարությամբ»:

Հրանտ Շահինյանը ծնվել է 1923 թվականին Ստեփանավանի շրջանի Գյուլաքարակ գյուղում:

1941-ին Շահինյանը մեկնել է ռազմաճակատ ու մասնակցել երկրորդ Համաշխարհային պատերազմին: Երկու տարի անց վիրավորվել է ու վերադարձել Հայաստան:


Առաջին լուրջ հաջողությանը հասել է Բուդապեշտում, որտեղ Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնում նվաճել է վեց ոսկե մեդալ: ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն է, սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, վաստակավոր մարզիչ:


1952-ին Հելսինկիի Օլիմպիկան խաղերին Շահինյանը նվաճել է երկու ոսկե եւ երկու արծաթե մեդալ: 1954-ին Աշխարհի առաջնության ժամանակ դարձել է կրկնակի չեմպիոն, իսկ բազմամարտում արժանացել բրոնզե մեդալի:


Կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության, բացել է մարմնամարզության դպրոց, որն այսօր կոչվում է իր անունով:


1972-ին Նյու-Օրլեանում նրան շնորհվել է պատվավոր քաղաքացի տիտղոսն ու հայկական ֆիզկուլտուրայի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչումը: 1995-ին Շտուտգարտում արժանացել է Պիեր դը Կուբերտենի «Արդար խաղի ասպետ» մրցանակին: Թողարկվել է Հրանտ Շահինյանին նվիրված փոստային նամականիշ, նա ընդրկվել է «100 հայեր» գրքի մեջ, Օլիմպիական չեմպիոնի անունով ՀԱՕԿ-ը սահմանել է հատուկ մեդալ:


Գոհար Նալբանդյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին