Անցյալից եկած հերոսները. Խորեն Հովհաննիսյան - Mediamax.am

exclusive
136024 դիտում

Անցյալից եկած հերոսները. Խորեն Հովհաննիսյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ


Բազմաթիվ հաղթանակներ ու մեդալներ, ֆուտբոլային գեղեցիկ ներկայացումներ, հայկական սպորտի ամենապայծառ դեմքերից ու վերջապես, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ… Խորեն Հովհաննիսյան:

Հովհաննիսյանի, կամ ինչպես նրան անվանում են բոլորը՝ Խորիկի, հետ զրուցելը հաճելի ու հետաքրքիր ստացվեց: Մեծ սիրով Mediamax Sport-ը «Անցյալից եկած հերոսները» շարքում այս անգամ ներկայացնում է Խորեն Հովհաննիսյանին:

Բակային մրցաշարի հաղթող, աշխատասիրություն եւ «Արարատ»

«Հաջողության հասնելու համար պարտադիր պայման են աշխատասիրությունն ու նվիրվածությունը: Ամեն մարդ պետք է իր գործը բարձր մակարդակով կատարի, միշտ ձգտի կատարելագործվելու ու առաջ գնալու: Բայց սրան գումարած բնատուր տաղանդ է պետք, եթե բնության կողմից օժտված չլինես, ապա մեծ հաջողության չես հասնի: Ահա այս ամենն էլ գումարվում է իրար ու արդյունքի է վերծավում»,- ֆուտբոլում իր հասած հաջողություններն այսպես է բացատրում «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի երբեմնի աստղերից մեկը՝ Խորեն Հովհաննիսյանը:

Իսկ մինչ մեծ նվաճումների հասնելը փոքրիկ Խորենը պարզապես սիրում էր ֆուտբոլ խաղալ իրենց բակում: Ծնողները նույնպես մարզիկներ էին. հայրը ծանրորդ էր, իսկ մայրը՝ մարմնամարզուհի: Ինքն ընտրեց ֆուտբոլը, քանի որ այն ամեն ինչ էր նրա համար:

«Երբ մտածում եմ մասնագիտության ընտրության մասին՝ հասկանում եմ, որ ես հաջողությունների կհասնեի նաեւ ծանրամարտում կամ ըմբշամարտում, սակայն իմը ֆուտբոլն էր, ու ես առանց այդ մարզաձեւի չէի կարողանա ապրել: Մեր բակում ամբողջ օրը ընկերներով ֆուտբոլ էինք խաղում, բակային մարզաձեւերն են հիմք հանդիսացել, որ մեր շատ մարզիկներ հետագայում հաջողություններ են գրանցել: Ցավոք, այսօր խաղահրապարակներն ավտոտնակների ու բարձրահարկ շենքերի են վերածվել: Երեխաները խաղալու տեղ չունեն, իսկ դրա արդյունքում մենք շատ ապագա մարզիկներ ենք կորցնում»,- շեշտեց Հովհաննիսյանը:

Լուսանկարը` անձնական արխիվ


Առաջին հաջողությունը նրան ժպտաց 1969-ին, երբ իրենց թիմը Վոլգոգրադում դարձավ «Կաշվե գնդակ» համասովետական բակային մրցաշարի հաղթող. «Սա իմ առաջին լուրջ հաջողությունն էր»,- հիշում է Հովհաննիսյանը:

Պատանի տարիքից էլ նրան նկատեցին հավաքականների մարզիչներն ու հրավիրեցին ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքական: Ապա եկավ արդեն Երեւանի «Արարատի» կազմում խաղալու ժամանակը: ԽՍՀՄ պատանեկան ընտրանու ավագ մարզիչ Եվգենի Լյադինի երաշխավորագրից հետո նա դարձավ «Արարատի» խաղացող:

«Պատանեկան հավաքականի կազմում Մոսկվայում հավաքի էի, մարզիչս զարմացավ, որ «Արարատում» դեռ տեղ չեմ գտել: Նամակ տվեց ինձ ու ասաց, որ ներկայացնեմ մեր ֆեդերացիա: Ասաց եթե ինձ թիմ չվերցնեն, գնամ Մոսկվա: Երաշխավորագիրը բերեցի Երեւան, 1972-ի դեկտեմբերից ինձ վերցրին «Արարատ», ու սկսվեցի կատարել առաջին քայլերս մեծ ֆուտբոլում»: 

Երիտասարդ Հովհաննիսյանի համար, բնականաբար, հեշտ չէր միանգամից «Արարատի» հիմնական կազմում տեղ գտնել, որտեղ հանդես էին գալիս ուժեղագույնները: Ֆուտբոլիստը հիշում է, որ Արտյոմ Ֆալյանի ստեղծած թիմը շատ ուժեղ էր ու պայքարում էր ԽՍՀՄ-ի առաջնությունում միան բարձր հորիզոնականների համար: Իսկ այդպիսի ֆուտբոլիստների հետ մրցակցելը, որոնք մինչեւ 1975 թվականը հրաշալի խաղ էին ցուցադրում, բնականաբար, դժվար էր:

Նորամուտ «Արարատ»- «Բավարիա» խաղում ու ԽՍՀՄ գավաթակիր

1973 թվականն «Արարատի» աստեղային ժամն էր, այս թիմը կերտեց հայկական ֆուտբոլի մինչ այժմ միակ ամենամեծ հաղթանակը՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: Սրանից հետո էլ թիմն իրավունք ստացավ պայքարել Եվրոպական առաջատար ակումբների դեմ:

Եւ ահա, 1975-ի մարտի 19-ին, երբ «Հրազդան» մարզադաշտում բազմահազար երկրպագուների աջակցությամբ դաշտ դուրս եկան «Արարատն» ու «Բավարիան», Խորեն Հովհաննիսյանը չէր էլ պատկերացնում, որ այդպիսի խաղում կնշի իր նորամուտը:

«Երեւի իմ կյանքի ամենակարեւոր օրերից էր: 100 հազար երկրպագու էր եկել մարզադաշտ: Սա հասարակ խաղ չէր, «Բավարիայի» կազմում Աշխարհի 6 չեմպիոն էր եկել Երեւան: 1/4 եզրափակիչն էր, տղաները լավ էին խաղում, ու 2-րդ խաղակեսում Նիկիտա Սիմոնյանն ասաց, որ փոխարինման եմ մտնում: 67-րդ րոպեն էր, ու փոխարինեցի Նիկոլայ Ղազարյանին: Հենց դաշտ մտնելու վայրկյանին հուզմունք զգացի միայն, իսկ հետո ամեն ինչ անցավ: Ամեն մի մարդ էլ պետք է հնարավորությունը ճիշտ օգտագործի. պետք է մտնես, պայքարես ու ցույց տաս լավագույն հատկություններդ»,- ընդգծեց ֆուտբոլիստը:

Լուսանկարը` անձնական արխիվ


«Արարատն» այդ օրը հաղթեց «Բավարիային» 1:0 հաշվով, ու հայերը մինչ այսօր էլ հիշում ու հպարտանում են այդ հաղթանակով: Ցավոք, բայց մեր թիմը մրցակցի հարկի տակ պարտվել էր ու դուրս մնաց հետագա պայքարից:

Տեխնիկապես ուժեղ, գեղեցիկ հարվածներով աչքի ընկնող ֆուտբոլիստն այս խաղից հետո էլ սկսեց կամաց-կամաց տեղ գտնել թիմի հիմնական կազմում: Խաղից մեկ ամիս անց էլ նա հանդես եկավ ԽՍՀՄ-ի առաջնությունում, որտեղ «Արարատը» 3:0 հաշվով հաղթեց «Դնեպրին»: Հետո սկսվեց Խորենի «ժամանակաշրջանը», նա անընհդատ աչքի էր ընկնում, գոլեր ու փոխանցումներ անում, նրան հատուկ էին ձախ ոտքով դիպուկ հարվածներն ու բարձր տեխնիկան: Հիշում է, որ դա երկար ու չարչարանքներով լի ճանապարհ էր:

«Ամեն մարդ չէր կարող հիմնական տեղ գտնել այնպիսի թիմում, որն ամեն մի դիրքում հրաշալի ֆուտբոլիստներ ուներ: Սակայն մարզիչներս գնահատեցին իմ որակները, աշխատասիրությունն ու ձգտումը: Ես կարծում եմ, որ իսկական մարզիչը պետք է լինի հոգեբան, անհատական մոտեցում ցուցաբերի բոլոր սաներին: Իսկ այն ժամանակ այդպես էր, ոչ ոք չէր մտածում փողի մասին ու մեծ պատասխանատվությամբ ֆուտբոլիստ էր պատրաստում»:



Անընդհատ մարզումները, ֆուտբոլի նկատմամբ սերն ու համախմբվածությունն էլ պատճառ հանդիսացան, որ 1975 թվականին «Արարատը» եզրափակչում 2:1 հաշվով հաղթի «Զարյային» ու կրկին նվաճի ԽՍՀՄ-ի Գավաթը: Պատմության մեջ երկրորդ անգամ մրցանակը ժամանեց Հայաստան, բնականաբար, ֆուտբոլիստներին դիմավորեցին մեծ ոգեւորությամբ ու խանդավառությամբ: Այս հաղթանակի մեջ իր ներդումն ունեցավ նաեւ Խորեն Հովհաննիսյանը: Նա հիշում է, որ իրենք կարող էին 1976-ին էլ դառնալ ԽՍՀՄ չեմպիոն. «Առաջին տեղում էինք ընթանում, բայց վերջին խաղում, որին դեղին քարտի պատճառով չէի մասնակցում, պարտվեցինք Մոսկվայի «Դինամոյին» ու 2-րդ տեղն ընկանք: «Արարատը» շատ տիտղոսներ ունի, այն, իսկապես, հայկական ֆուտբոլի ամենավառ պատմություն կերտած թիմն է»:

Հաղթող է դուրս գալիս նա, ով արագ է մտածում ու գործում դաշտում

Խորեն Հովհաննիսյանի հաջող ելույթները միայն ակումբում չէին սահմանափակվում: Երիտասարդ ֆուտբոլիստի խաղին միշտ հետեւում էին հավաքականի մարզիչները: Իսկ ԽՍՀՄ տարբեր տարիքային հավաքականներում էլ նա շարունակում էր որոշիչ ու կարեւոր դեր ունենալ: Երիտասարդական հավաքականի կազմում նա մեկնեց մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

«Շատ լավ թիմ ունեինք, ուժեղ հավաքականների դեմ էինք խաղում, ինչպիսիք են Ֆրանսիան, Հոլանդիան, սակայն կարողացանք հաղթել բոլորին, ու ԽՍՀՄ-ի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Շատ մեծ էր հաղթելու ցանկությունը, ու հենց 1975-ին էլ ես ստացա Սպորտի վարպետի կոչումը»,- նշեց Հովհաննիսյանը:

1979-ին «Արարատը» ԽՍՀՄ առաջնությունում այդքան էլ հաջող հանդես չեկավ ու ելույթն ավարտեց 7-րդ տեղում: Սակայն Հովհաննիսյանը 17 խփած գոլերով դարձավ ԽՍՀՄ-ի լավագույն ռմբարկուներից մեկը ու կրկին բոլորը խոսեցին նրա մասին, հատկապես ԽՍՀՄ-ի հավաքականը գլխավորած Կոնստանտին Բեսկովը, որը բարձր է գնահատում երիտասարդ հայ ֆուտբոլիստի տաղանդը:

Արդեն մեկ տարի անց Հովհաննիսյանը թիմի հետ մեկնում է Մոսկվա ու մասնակցում Օլիմպիական խաղերին ու աչքի ընկնում մի շարք խաղերում: ԽՍՀՄ-ի թիմը դուրս եկավ խմբից, ապա հաղթեց Քուվեյթին, կիսաեզրափակչում հանդիպեց ԳԴՀ-ին ու պարտվեց:

«Ցավոք, այդ խաղին ես չմասնակցեցի: Մարզիչը նպատակահարմար էր գտել ինձ պահեստայինների նստարանին թողնել: Երրորդ տեղի համար պայքարում փոխարինման դուրս եկա, շատ լավ էինք այդ օրը խաղում: Ինձ էլ հաջողվեց խփել որոշիչ գոլը: 2:0 հաշվով հաղթեցինք Հարավսլավիային, անչափ ուրախալի ու նաեւ անմոռանալի օր էր դա ինձ համար»,- ասաց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը:

1982-ին Հովհաննիսյանն արդեն Իսպանիայում էր, որտեղ մասնակցում էր Աշխարհի առաջնությանը: ԽՍՀՄ հավաքականը ելույթն ավարտեց 5-րդ տեղում: Ֆուտբոլիստի հետ չխոսել Բելգիայի դեմ խաղում նրա խփած անչափ գեղեցիկ գոլի մասին չենք կարող:



«Ֆուտբոլիստը պետք է շատ արագ կողմնորոշվի, ու հաղթող է դուրս գալիս նա, ով արագ է մտածում ու գործում դաշտում: Երբ փոխանցումը եղավ, դիրքն արագ գնահատեցի ու միանգամից հարվածեցի: Արդյունքում ստացվեց այդ գոլը: Ես գտնում եմ, որ բոլոր հաղթանակներն էլ գեղեցիկ են: Բայց երկրպագուն դիտարժան խաղի համար է գալիս մարզադաշտ ու պետք է նաեւ նրա «պահանջները» բավարարել: Իսկ երբ չի ստացվում հետաքրքիր խաղ ցույց տալ տխրում են ինչպես ֆուտբոլասերները, այնպես էլ ֆուտբոլիստները»:

Չեմ պատկերացրել ինձ «Արարատից», Հայաստանից ու ԽՍՀՄ-ից դուրս

Խորեն Հովհաննիսյանը հինգ անգամ ընդգրկվել է ԽՍՀՄ առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում: Իսկ այդ պարգեւին արժանանում էին այն ֆուտբոլիստները, ովքեր ամբողջ մրցաշրջանն անցկացնում էին բարձրակարգ խաղ ցուցադրելով. «Միշտ պետք է լավ խաղաս, նվիրվես ամբողջովին, որպեսզի լինես լավագույնների ցանկում»:

Լուսանկարը` անձնական արխիվ


Բուենոս-Այրեսում կայացած ԽՍՀՄ-Արգենտինա ընկերական խաղից հետո էլ սկսեցին համեմատել Խորեն Հովհաննիսյանին ու Դիեգո Մարադոնային: Հաշիվը բացում է արգենտինացին, ապա պատասխանում է Հովհաննիսյանը, որի խաղը դիտելու համար ժամանել էին ոչ միայն Արգենտինայում, այլեւ լատինական Ամերիկայում բնակվող հայերը: Այս թիմերը միմյանց դեմ խաղացին նաեւ երկու տարի անց, ու Խորիկը կրկին փայլեց:

Բնականաբար, արտասահմանյան ակումբները չէին կարող անտարբեր լինել Հովհաննիսյանի նկատմամբ: Նրա կարիերայի ողջ ընթացքում եվրոպական ու անգամ ամերիկյան տարբեր թիմեր փորձում էին ձեռք բերել հայ ֆուտբոլիստին: Սակայն նա բոլորին էլ մերժում է, քանի որ չի պատկերացնում իրեն «Արարատից», Հայաստանից ու ԽՍՀՄ-ից դուրս:

«Հրավերները շատ-շատ էին, բայց գնալ-չգնալու մասին նույնիսկ չէի մտածում, միանագմից մերժում էի: Այն ժամանակ արտասահման գնացողներին դավաճան էին համարում, չէի ցանկանում այդպիսի անուն ստանալ: Եթե անկեղծ լինեմ, ապա չեմ փոշմանել «Արարատում» մնալուս համար, ես հավատարիմ էի ակումբիս ու մեծ հաճույքով էի խաղում»,- տարիներ անց հիշում է ֆուտբոլիստը:

Խորեն Հովհաննիսյանը խոստովանում է, որ իր բոլոր մարզիչներից էլ շատ բան է սովորել ու ոչ միայն ֆուտբոլային հմտություններ: Մարզիչների աշխատանքի դժվարության մասին ավելի լավ պատկերացում կազմել է տարիներ անց, երբ ինքն էլ անցել է մարզչական աշխատանքի: Մարզիչն ամեն ինչ իր վրա է վերցնում, պատասխանատու է լավ ու վատ խաղի համար, պետք է կարողանա ամուր թիմ ստեղծել ու անընդհատ մտածել բոլորի մասին, ահա այսպես է կարծում Հովհաննիսյանը:

«Լյադին, Մասլով, Լոբանովսկի… իմ բոլոր մարզիչներից նաեւ կյանքի, ճիշտ ապրելու հետ կապված տարբեր բաներ եմ սովորել: Օրինակ, Ստարոստինը ֆուտբոլային մեծ մասնագետ չէր համարվում, բայց մանկավարժական առումով նա իսկապես հիանալի էր, հանգստի ժամանակ տղաներով նստում էինք ժամերով, ու նա տարբեր պատմություններ էր պատմում: Իսկապես, հոյակապ մարդ էր, շատ էր օգնում բոլորիս»:

Որպես վերջաբան

Երիտասարդ ու գեղեցիկ Խորեն Հովհաննիսյանով հետաքրքրվում էին ոչ միայն հայ աղջիկները. նա համարվում էր ԽՍՀՄ-ի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը: Պատմում են, որ տարբեր համալսարանների ուսանողուհիներ (մասնավորապես Բրյուսովի անվան) հավաքվում էին նրանց բակում ու սպասում, թե երբ է Խորիկը դուրս նայելու պատուհանից, որպեսզի գոնե մի քանի րոպե հիանան նրանով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ի վերջո Խորեն Հովհաննիսյանը կյանքը կապեց մարմնամարզուհի Ջուլիետայի հետ. «Մենք երկու երեխա ունենք, աղջիկս հիմա Ազգային Ժողովի լրատվական բաժնում է աշխատում, իսկ տղաս ֆուտբոլիստ է, որը ժամանակին շատ լավ էր խաղում»:

Հովհաննիսյանին մի շարք ակումբներ ցանկանում են տեսնել մարզչի պաշտոնում, սակայն նա այլեւս չի ցանկանում շարունակել ֆուտբոլային կյանքը:

«Իմ ֆուտբոլային կյանքում ոչինչ չէի փոխի, ամեն ինչ կթողնեի նույնը: Ես հասել եմ ֆուտբոլային այն նպատակներին, որոնց հնարավոր է եղել: Երբեք չեմ մտածել, որ կգա մի օր ու կդառնամ 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Երիտասարդ ժամանակ չես մտածում ապագայի մասին, ես միայն ցանկանում էի լավ խաղալ, գոլեր խփել ու հաղթել: Իսկ երբ առաջ գնալու հնարավորություն կա, պետք է պարզապես շատ աշխատես ու փորձես լավագույնս դրսեւորել քեզ: Իհարկե, մեծ պատիվ է ինձ համար լինել լավագույնը, մանավանդ, որ ժողովուրն ու մասնագետներն են ընտրել: Եթե անկեղծ լինեմ, այս պահին ես չեմ էլ հասկանում ինչ ասել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, բայց հնարավոր է ժամանակ գա, երբ ավելի հասկանամ այդ կոչումը»:

Խորեն Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 10-ին Երեւանում: Նրա հայրը եղել է ծանրորդ, իսկ մայրը՝ մարմնամարզուհի: 1972-ին համալրել է Երեւանի «Արարատի» կազմը: ԽՍՀՄ առաջնությունում անցկացրել է 305 հանդիպում ու դարձել 93 գոլի հեղինակ:

1975-ին «Արարատի» հետ նվաճել է ԽՍՀՄ գավաթը, 1976-ին դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: 1975-ին ճանաչվել է ԽՍՀՄ առաջնությունում լավագույն մեկնարկած ֆուտբոլիստ, 1982-ին մրցանակ է ստացել ամենագեղեցիկ գոլի համար: 114 գոլով ընդգրկվել է Գեորգի Ֆեդոտովի ակումբում: Հինգ անգամ ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում:

1976-ին ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 1980-ին՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: ԽՍՀՄ ազգային հավաքականում անցկացրել է 34 խաղ ու դարձել 6 գոլի հեղինակ:

Որպես մարզիչ աշխատել է «Տավրիայի», «Հոմենեթմենի», «Փյունիկի» ու «Լոկոմոտիվի» հետ, իսկ 1995-1998-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: 

Խորեն Հովհաննիսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին