Անցյալից եկած հերոսները. Վլադիմիր Ենգիբարյան - Mediamax.am

exclusive
111978 դիտում

Անցյալից եկած հերոսները. Վլադիմիր Ենգիբարյան


Վլադիմիր Ենգիբարյանը
Վլադիմիր Ենգիբարյանը

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Վլադիմիր Ենգիբարյանը հոր հետ
Վլադիմիր Ենգիբարյանը հոր հետ

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից

Վլադիմիր Ենգիբարյանը
Վլադիմիր Ենգիբարյանը

Լուսանկարը` Photolure


Ժամանակի միջով հետադարձ հայացքի օգնությամբ մենք շարունակում ենք բացահայտել հայկական սպորտի լեգենդներին: Ցավոք, այդ անգերազանցելի մարզիկներից ոչ բոլորն են կենդանի, բայց նրանց գործն ու հիշատակը միշտ անմահ են ու խոսուն:

Խորհրդային բռնցքամարտում նա մի ողջ պատմություն կերտեց, ոգեշնչման աղբյուր ու օրինակ դարձավ տասնյակ սերունդների համար:


Mediamax Sport-ի «Անցյալից եկած հերոսները» նախագիծն այս անգամ անդրադառնում է բռնցքամարտի իսկական վարպետին՝ Վլադիմիր Ենգիբարյանին:


Վլադիմիր Լենինը, Ալավերդին ու պատահական մարտահրավերը

Ընտանիքի ամենակրտսեր երեխան, որին հայրը կոչել էր մեծ հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի պատվին, առաջին անգամ բռնցքամարտին ծանոթացել է 14 տարեկանում:

Դա հեռավոր 1946 թվականն էր. 2-րդ համաշխարհային պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ խաղաղ կյանքին էին վերադառնում ու սպորտի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում էր: Այդ ժամանակահատվածում հազարավոր տղաներ էին սկսում հաճախել սպորտի խմբակներ ու նրանց թվում էր Ենգիբարյանը:



Նա պատահաբար է հայտնվել բռնցքամարտի դահլիճում: Ալավերդիում, որտեղ նա ամառային արձակուրդն էր անցկացնում ավագ քրոջ տանը, հարեւան տղաների մարզումներին է հետեւելիս եղել, երբ մարզիչ Արտեմ Հարությունովը նկատել է միայնակ կանգնած Ենգիբարյանին ու նրան նետել մի զույգ ձեռնոց՝ այդպիսով առաջարկելով մենամարտել:

Տղան ընդունել է մարզչի մարտահրավերն ու ընդմիշտ սիրահարվել այդ մարզաձեւին: Այդպես սկսվել է հայկական բռնցքամարտի լեգենդար մարզիկներից մեկի ուղին, որը որքան էլ որ դժվար, բայց միեւնույն է առատ է եղել սպորտային ամենամեծ նվաճումներով:

Չարակամների նկատմամբ հաղթանակ, յուրահատուկ ոճ ու չեմպիոնական տիտղոսներ

Դրանից 3 տարի անց Վլադիմիր Ենգիբարյանն արդեն ԽՍՀՄ-ի բրոնզե մեդալակիր էր, ինչը հնարավորություն տվեց նրան ընդգրկվել հավաքականի կազմում ու մասնակցել մարզումներին:

Ենգիբարյանը բոլորի պես չէր ու հետեւաբար ոչ ստանդարտ կերպով էլ մենամարտում էր, բռնցքամարտիկն իր ժամանակից առաջ էր ընկել, այդ պատճառով էլ ոչ բոլորը կարող էին հասկանալ նրան: Դրա համար էլ որոշ մասնագետներ ու ղեկավարներ համարում էին, որ Ենգիբարյանը չի կարող հանդես գալ միջազգային ասպարեզում ու ամեն կերպ խոչընդոտներ էին ստեղծում նրա համար: Այդ պատճառով էլ  մեծ քայլերով առաջադիմող ու հեռանկարային Ենգիբարյանին չընդգրկեցին 1952 թվականին Հելսինկիի Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների ցանկում: Բայց ժամանակը ցույց տվեց, որ բոլոր չարակամներն անզոր են դիմակայելու Ենգիբարյանի մեծ տաղանդին ու համբերությանը, որոնց շնորհիվ նա հիանալի ճանապարհ հարթեց դեպի մեծ ռինգ:

1953-ին Վարշավայում անցկացված Եվրոպայի առաջնությանը մեկնելիս նրան սահմանին մանրամասն զննել էին ու դժվարությամբ արտասանելով Ենգիբարյան ազգանունը, հետաքրքրվել այցելության նպատակի մասին: Իմանալով, որ Եվրոպայի առաջնությանն է մասնակցելու, հույս էին հայտնել կրկին հանդիպել մարզիկին, բայց արդեն հաղթանակած:
Հայ բռնցքամարտիկն այդ առաջնությունում իր բարձունքի վրա էր, նա ցուցադրեց ֆանտաստիկ բռնցքամարտ, առանց դժվարության հաղթեց բոլոր մրցակիցներին ու դարձավ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած սովետական առաջին բռնցքամարտիկը:



Վերադարձին այդքան սպասված հանդիպումը կայացավ:  Նույն աշխատակիցը Ենգիբարյանին տեսնելուն պես «չեմպիոն» գոռաց ու առանց անձնագիրը ստուգելու ճանապարհեց:

Շուտով հասավ եւ Օլիմպիական հաղթարշավի պահը: Հնարավորություն ստանալով մեկնել Օլիմպիադա՝ նա հենց առաջին փորձից ցույց տվեց, թե ինչի է ընդունակ: 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայում բոլորը տեսան մեկ այլ Ենգիբարյանի, որի հաղթարշավը ոչ ոք կանգնեցնել ի զորու չէր: Նա դարձավ խորհրդային 2-րդ բռնքամարտիկը, որն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց:

Միշտ նորաոճ, պահպանողական ու հայրենասեր

Հայ բռնցքամարտիկը բոլորի ուշադրության կենտրոնում էր ոչ միայն իր նվաճումներով, այլ նաեւ արտաքին տեսքով՝ միշտ նորաոճ ու կոկիկ: Նա հետեւում էր նորաձեւությանը ու հագնվում էր ինչպես հարկն էր: Մրցաշարերից վերադառնալիս էլ պարտադիր արտասահմանյան նվերներ էր բերում ընկերների ու հարազատների համար: Սակայն մի բանի հարցում պահպանողական էր. նա ճանապարհորդում էր հին ճամպրուկով, ու որքան էլ խորհուրդ էին տալիս այն դեն նետել ու նորը գնել, չէր լսում: «Ես շարունակելու եմ պահպանել իմ անցյալը»,- պատասխանում էր նա:

Ռինգում էլ երկրպագուները Ենգիբարյանին հիշում են մարդկային հիանալի որակների շնորհիվ: Իր հուժկու հարվածներից հետո չէր փորձում միանգամից տապալել մրցակցին, համոզվում էր, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, ժամանակ էր տալիս ուշքի գալու, նոր միայն շարունակում էր գրոհը: 

Ենգիբարյանը նաեւ շատ հայրենասեր էր, ու թեեւ այն ժամանակ բոլորի հայրենիքը ԽՍՀՄ-ն էր համարվում, բայց նա գիտեր Հայաստանի պատմության ու արժեքների մասին: Այդ էր պատճառը, որ 1955-ի Եվրոպայի առաջնությունում շատ էր ցանկանում մի շատ կարեւոր մենամարտում հաղթանակ տանել: Ենգիբարյանը եզրափակիչ չէր հասել ու ոսկե մեդալ  նվաճելուն չէր ձգտում, պարզապես նրա մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչն էր:

Նա գիտեր, թե Հայաստանում ու նրա սահմաններից դուրս գտնվող հայերի համար որքան մեծ նշանակություն ունի այդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկը, որը ծնվել էր հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, ամեն ինչ ներդրեց այդ հանդիպումն իր օգտին ավարտելու համար ու պարգեւատրվեց իր նվիրվածության համար: Երեւանում հավաքված բազմաթիվ երկրպագուները Ենգիբարյանին իսկական հերոսի պես դիմավորեցին:

Գրեթե անպարտելի, չափազանց անհարմար ու առանց սպիների

Դժվար էր Ենգիբարյանի վարած մարտից հաճույք չստանալ, անգամ այդպիսի դաժան ու կոպիտ մարզաձեւում նա իրեն հատուկ արվեստով ու մոտեցմամբ էր մենամարտ վարում:

Նրա ոճը կազմում էին մեծ արագությունը, ֆենոմենալ ռեակցիան ու անկրկնելի պլաստիկան: Դրան գումարվում էին տարիների ընթացքում տքնաջան մարզումներում ձեռք բերված գեղեցիկ տեխնիկան ու մենամարտելու միայն իրեն հատուկ ոճը: Ռինգում նա միշտ ակտիվ էր ու դինամիկ, չափազանց լավ էր եւ հարձակվում, եւ պաշտպանվում: Նա իր այցեքարտն էր դարձրել անսպասելի ուժեղ հարվածները, որոնց մրցակիցները մեծ դժվարությամբ էին դիմակայում կամ էլ պարզապես հայտնվում էին ռինգի հատակին:

Բացի այդ էլ, Ենգիբարյանը չափազանց անհարմար էր մրցակիցների համար: Լինելով ձախլիկ՝ մենամարտում էր աջ կեցվածքով եւ ձեռքերն ավելի ցածր պահում ու արդյունքում ավելի հաճախ էր մրցակիցներին անհարմար դրության մեջ գցում: Իսկ նրա ուժեղ հարվածները, ընդ որում երկու ձեռքով էլ, կհաստատեն միայն այն բռնցքմարտիկները, ում «բախտ է վիճակվել» զգալ դրանց վիթխարի ուժը: Նման անթերի մրցակցի մասին հաստատ ոչ ոք չէր երազում:

«Իմ կարիերայի ընթացքում ես ոչ մի անգամ անքամ նոքդաունի չեմ ենթարկվել,- սիրում էր հպարտությամբ ասել Ենգիբարյանը,- նայեք դեմքիս, ոչ մի սպի չկա, իսկ ձեռքերս վնասված են, որովհետեւ ես եմ ուրիշներին ծեծել»: 



Իսկապես, նա համարյա անգերազանցելի էր ռինգում. սիրողական բռնցքամարտում անցկացրած 267 մենամարտերից հաղթել է 255-ում:

Ենգիբարյանը շատ ծանր էր տանում իր պարտությունները, թեեւ դրանք այդքան էլ շատ չեն եղել: Ու եթե մրցաշարերի ժամանակ հնարավորություն էր լինում ռեւանշի հասնել, մարզվում էր մոլեռանդորեն: Այդպես նա 1956-ին Մելբուռնում գրեթե ոչնչացրեց լեհ Լեշոկ Դրոգանին՝ նոքդաունի ենթարկելով հենց առաջին ռաունդում ու հաղթեց միավորների բացարձակ առավելությամբ: Չնայած դրան, Լեշակի հետ նրանք հետագայում լավ ընկերներ դարձան:

Boxing news, Daily Worker , L’Equipe

Ենգիբարյանը խորհրդային այն եզակի մարզիկներից էր, որի անունն ու փառքը հատել էին ԽՍՀՄ-ի սահմաններն, ու նրա մասին սիրում էին գրել նաեւ արտասահմանյան լրատվամիջոցները:

Անգլիական «Boxing news» ամսագիրը նրան համարում էր սիրողական բռնցքամարտի հպարտությունը. «Ենգիբարյանը տեխնիկապես չափազանց ուժեղ է, ֆիզիկապես հիանալի է պատրաստված եւ գիտի` ինչպես չափից շատ չմարզվել: Ոտքերի հիանալի աշխատանքը, բացառիկ ռեակցիան եւ հարվածների հարուստ բազմազանությունը նրա այցեքարտերն են»,- գրել է ամսագիրը:

Բրիտանական «Daily Worker»-ն էլ հիշատակել է մի հետաքրքիր իրական դեպք, թե ինչպես է Ենգիբարյանը կարողացել Սեւ ծովի ափին ազատվել իր վրա հարձակված 20 խուլիգաններից:

«Նա ամերիկյան սեւամորթ բռնցքամարտիկների ոճն ունի: Ենգիբարյանը աշխարհի ամենալավ բռնցքամարտիկներից մեկն է»,- այսպես էլ Ենգիբարյանին գնահատել է ֆրանսիական «L’Equipe» թերթը: 

Արեւմտյան լրատվամիջոցները նրան հաճախ էին նմանեցնում այդ տարիների լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջո Լուսիսին, որի պաշտպանությունն անկասելի էր, իսկ հարվածները՝ չափազանց ուժեղ:

Խորհրդային սպորտային թերթերն էլ չէին կարող ժխտել, որ հենց Ենգիբարյանով է սկսվել տեխնիկական ու գեղեցիկ բռնցքամարտը ԽՍՀՄ-ում, ուր մինչ այդ գերակշռում էր միայն կոպիտ ուժը:
 
Հրաժեշտ սպորտին, տեղափոխություն ԱՄՆ ու հայրենիքի կարոտ

Բռնցքամարտում նա մնաց մինչեւ 1960 թվականի Հռոմի Օլիմպիադան: Հռոմ նա մեկնեց հաղթողի հիմնական հավակնորդի կարգավիճակում, սակայն  ուսի վնասվածքի պատճառով պայքարը լքեց 1/4 եզրափակչից: Այդ պարտությունն էր պատճառը, որ որոշեց ավարտել սպորտային կարիերան:

Բայց Ենգիբարյանը չէր կարող հենց այնպես վերցնել ու հեռանալ բռնցքամարտից, նա շարունակեց մնալ սիրելի գործում ու իր հմտությունն ու փորձը փոխանցել պատանի բռնցքամարտիկներին: Մանկապատանեկան բռնցքամարտի այդ դպրոցն էլ, որտեղ աշխատեց Ենգիբարյանը, հետագայում կոչվեց իր անունով: Այնուհետեւ նա միջազգային կարգի մրցավարի որակավորում ստացավ ու երկար տարիներ ԱԻԲԱ-ում ԽՍՀՄ-ն էր ներկայացնում:

1993 թվականին Ենգիբարյանն ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ սկզբնական շրջանում մարզչական գործունեությամբ էր զբաղվում:

Օտարության մեջ ապրելու տարիներին նա միշտ կարոտում էր Երեւանը, որտեղ ապրում էին իր ընկերներն ու աշակերտները: 2012 թվականին Օլիմպիական չեմպիոնի պատվին ՀԱՕԿ-ը Երեւանում մեծ միջոցառում կազմակերպեց ու մեծարեց հայտնի բռնցքամարտիկին: Այդ միջոցառմանը ներկա էր նաեւ Ենգիբարյանը, որը հայրենիք էր եկել երկարատեւ ընդմիջումից հետո:



Երեւանում գտնվելու ժամանակ էլ նա չէր դադարում ասել իր անսահման կարոտի մասին ու երազում էր մի օր կրկին մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Ենգիբարյանը հիանալի հասկանում էր, որ որպես մարդ ու բռնցքամարտիկ ավելի շատ գնահատվում է իր հայրենիքում:

Սակայն, ցավոք, չհասցրեց այդ երազանքն իրագործել: Ենգիբարյանը մահացավ ԱՄՆ-ում 2013 թվականի փետրվարի 1-ին:

Լավատես ու հուսադրող «ռինգի գրոսմայստեր»

Վլադիմիր Ենգիբարյանն այն եզակի մարզիկներից է, որը հեղափոխություն արեց բռնցքամարտում` այդ կոպիտ մարզաձեւ բերելով բարձր տեխնիկա: Դրա համար էլ նրան կոչում էին «ռինգի գրոսմայստեր»: Իսկապես, նա ռինգը սեփական խաղատախտակն էր դարձրել ու մինչեւ հիմա էլ երկրպագուները հիանում են նրա թողած բազմաթիվ «պարտիաներով»:

Այս տողերը կարդալիս կարելի է տպավորություն ստանալ, թե խոսքը բնավ էլ այդքան կոպիտ ու դաժան համարվող բռնցքմարտի մասին չէ, բայց Ենգիբարյանը ռինգում ստեղծագործում էր իսկական արվեստագետի պես:

«Բռնցքամարտը սովորեցնում է ոչ թե կռվել, այլ մտածել, այն մտքի ու ուժի միասնություն է»,- այս խոսքերը հախաճ էր սիրում ասել իր աշակերտներին:

Մարզչական գործունեության տարիներին նա շատ էր կարեւորում երեխաների հետ ճիշտ աշխատանքը: Ենգիբարյանի համար ամենակարեւորը մեծերին միշտ հարգելն էր. «Երիտասարդները պետք է կարողանան միայն իրենց ես-ն առաջ տանելով չզբաղվել: Ես մինչ չափազանց շատ եմ հարգել իմ մարզիչներին՝ Արտեմ Հարությունովին ու Էդուարդ Արիստակեսյանին: Մարզիչներիցս շատ բան եմ սովորել: Միշտ գրի եմ առել նրանց ասածներն ու հետո կատարել: Իմ սաներն էլ այդ արժեքների կրողներն են»:

Ենգիբարյանը համարում էր, որ ռինգում, ինչպես կյանքում, հաշված րոպեների ընթացքում ի հայտ են գալիս մարդու բնավորության բոլոր գծերը, որոնք օգնում են հասկանալ նրա խառնվածքը: «Ինձ համար կարեւոր է, որպեսզի բռնցքամարտիկը, որքան հնարավոր է, երկար դիմանա ռինգում: Իսկ կայունության հասնում է ոչ միայն նա, ով ուժեղ է եւ քաջ, ով հիասքանչ տեխնիկա ունի. երկարակեցության գլխավոր պայմանը ռինգում մտածելու ունակությունն է: Ռինգի երկարակյացը նա է, ով ստանում է ավելի քիչ հարվածներ»,- ասում էր նա:

Ենգիբարյանը միշտ լավատես էր, անգամ ամենածանր պահերին կարողանում էր ուժ գտնել ու ոգեւորել: Չէր սիրում անվերջ բողոքող ու ոչնչի չգտնող մարդկանց: «Պետք է հավատալ հաջողությանն ու այն այնպայման կգա»,- սիրում էր ասել նա:

Իսկ նրա ամենամեծ պատգամը բոլորիս այս է. «Հոգու խորքում մի կուտակեք բացասականը, սիրեք իրար»:

Վլադիմիր Ենգիբարյանը 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի հաղթող է: Միակ հայ բռնցքամարտիկն է, որ Օլիմպիադայի ոսկե մեդալակիր է դարձել:

Երեք անգամ՝ 1953, 1957 ու 1959 թթ., դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի ոսկե մեդալ:

Երկար տարիներ ընդգրկվել է սիրողական բռնցքամարտի լավագույն մարզիկների ցանկում: Իսկ Աշխարհի առաջնության ոսկե մեդալ Ենգիբարյանն իր ակտիվում չունի, քանի որ այն սկսել են անցկացնել 1974 թվականից, երբ հայ բռնցքամարտիկն արդեն ավարտել էր մարզական կարիերան:

ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ է:



Հասմիկ Բաբայան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին