Վարդուհի Բադալյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

2449 դիտում

Վարդուհի Բադալյան. «Անհավանական բարի պատմությունը»



Ամռան մի օր, երբ տատս, հաց թխելու արարողությամբ զբաղված, մեզ հետևելու հնարավորություն չուներ, ես որոշեցի վերջապես ի կատար ածել այն, ինչ երկար ժամանակ էր՝ մտմտում էի։

Պապիս տան երկու պատշգամբներից փոքրը հատկացված էր մեզ՝ երեխաներիս՝ որպես խաղասենյակ, ավելի ճիշտ՝ խաղապատշգամբ։ Այնտեղ բազմոց էր դրված՝ ցածր սեղան, աթոռակներ և մի մեծ արկղ խաղալիք...

Երեք կողմից խաղողի որթով պատսպարված այդ պատշգամբը շատ հարմարավետ էր, բայց մի թերություն ուներ. հենց անձրև էր գալիս, կղմինդրե տանիքի ճեղքերից անձրևաջուրը կաթում էր ուղիղ մեր խաղասենյակի կենտրոնը, քանի որ տախտակե առաստաղի մեջտեղում տանիք բարձրանալու քառակուսի անցք կար՝ առանց դռնակի։ Այդ անցքով ոչ ոք տանիք չէր բարձրանում։ Դա լրացուցիչ անցք էր։ Հիմնականը տան մյուս կողմում էր՝ մեծ պատշգամբի ծայրին կառուցված աստիճանների վերևում։ Ուրեմն՝ ոչինչ չէր խանգարում իմ մտահղացումն իրագործելուն։ Տարիների բովում վնասված կղմինդրները ես չէի կարող փոխել, բայց կարող էի առաստաղի անցքը փակել և ազատվել միշտ տունտունիկի  ամենաանհետաձգելի պահին թափվող անձրևից...

Մի երկու օր առաջ ես արդեն այցելել էի տան այդ հատվածի տանիքը՝ հազար ու մի անպետք հնոտիքի, էլեկտրալարերի միջով վեր ու վար անելով բարձր ու ցածր սենյակների վրա։ Չափել էի անցքի լայնքն ու երկայնքը, հետո իջել էի բակ և պապիկի ատաղձագործական հումքի մեջ պեղել էի մի քանի հարմար տախտակներ։ Մնում էր դրանք վերև տանել։ Ոչ ոք չպիտի մասնակցեր այդ գործին, ուստի և օգնության հույս չկար. տանիք բարձրանալը խստիվ արգելված էր...

Եվ ահա երբ տատն ու հորաքույրը, խմորի գնդերով լի խոնչաները ուսած, դուրս եկան փուռը տանող դարպասից, ես արագ իջա բակ, վերցրի իմ ընտրած փայտերից մի քանիսը ու վազեցի վերև...  Այդպես մի քանի անգամ իջնել-բարձրանալուց հետո անցքը ամբողջովին փակեցի, վրան ստվարաթղթի կտորներ փռեցի, հնոտի ու ծղոտ. ինչ որ գտա այդ լքված անկյունում։ Հետո ինձնից գոհ՝ իջա տանիքից ու գնացի հիանալու իմ արած գործով։ Այնտեղ՝  մեր փոքր պատշգամբում, բազմոցի վրա հարմար տեղավորված, իր սիրելի հեքիաթների ընթերցանության մեջ էր ընկղմվել հորաքրոջս դուստրը, կողքին խաղում էր նրա խնամքին թողնված յոթ-ութ տարեկան կրտսեր եղբայրը։ Ես վեր նայեցի. կիպ շարված տախտակները գրեթե չէին տարբերվում առաստաղի փայտերից...

Հացն արդեն թխել էին. քույրս գոգնոցի մեջ փաթաթած տաք լոշ էր բերել փռից... Հորեղբորս աղջիկը գնացել էր աբյուրից սառը ջուր բերելու. մեր եղբայրներն այգում պարսատիկով ճնճղուկ էին որսում՝ խորովածի համար... Պապն աշխատանքի էր։
Մինչ ես սեղան էի գցում, տատս ու հորաքույրս, հացերով բեռնավորված, մտան բակ, և այդ պահին նրանց հանդարտ զրույցը ընդհատվեց մի անսպասելի աղմուկ-աղաղակով...

Հորաքրոջս որդու ծղրտոցն էր, որին ավելացավ բակից գլխապատառ վերև վազող հորաքրոջս ճիչը.

- Վու՜յ, էրեխե՜ս... էդ ի՞նչ էլավ, աղջի...

Բոլորս նետվեցինք խաղապատշգամբ։

Հորաքույրս սարսափած փորձում էր պարզել, թե ինչ է պատահել... որտեղից այդ հողն ու փոշին, այդ ինչ տախտակներ են թափված հատակին, և ինչու է իր որդին, դրանց մեջ նստած, լաց լինում։

Նրա դուստրը եղբոր վրայից  հավաքում, մի կողմ էր նետում ծղոտի դեղին հատիկները՝ վախեցած կրկնելով.

- Ապերը վերևից ընկավ... ուղիղ գոգս... ես գիրք էի կարդում, ինքը վերևից ընկավ՝ էդ փետերի հետ...

Առաստաղի անցքը նորից բաց էր, և կղմինդրե հինավուրց տանիքի ճեղքերից  ծիկրակում էր լեռնային գյուղի պայծառ-պայծառ  ու բարի արևը... Իսկ մեր պատշգամբում լացի փոխարեն շշուկով ծայր էր առնում հետզհետե անզուսպ քրքիջի վերածվող մի բազմաձայն մանկական ծիծաղ...

Մանկությունը մի բարի հեքիաթ էր, որին դժբախտությունը մոտ չի գալիս...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին