Աստղիկ Սահակյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

989 դիտում

Աստղիկ Սահակյան. «Անհավանական բարի պատմությունը»



Բռնություն, կոտորած ու թալան...
Գժտություն, սուտ ու նախանձ...
Ստորություն, քծնանք ու ... ու միայն խավա՞ր...

1915թ. կամ գուցե 1916թ: Գաղթականների մի ստվար բազմություն է հավաքվել ներկայիս Արթիկ քաղաքի փողոցներում: Գաղթականները` սոված ու հոգնած, արթիկցիները` աղքատ ու հոգսաշատ: Գաղթականները խմբվում են երդիկից ծուխ բարձրացող յուրաքանչյուր տան շուրջ ու լաց ու կոծով հաց են խնդրում: Արթիկցիները, որոնք իրենք էլ մի կերպ յոլա են գնում, միայն մեկ կամ երկու լավաշ են կարողանում տալ նրանց, և դա էլ դռան արանքից` վախենալով, որ ամբոխը կարող է ներխուժել տուն և ամեն ինչ տակնուվրա անել: Յուրաքանչյուր դուրս եկած լավաշը միանգամից պատառոտվում է բազմաթիվ ձեռքերի կողմից, և մարդիկ այդպես էլ չեն հասկանում` կերան ինչ-որ պատառ, թե ուղղակի խաբկանք էր: Եվ ահա մանկական աչքեր, աչքեր, որոնք տեսնում են այս ամենը, աչքեր, որոնք Այծեմիկ անունով փոքրիկ աղջնակինն են, ով հազիվ 9 տարեկան է և ով հետագայում իր պարզության, բարության և ազնվության համար հայտնի կլինի Արթիկում Պարզիկ մամ անունով: Այծեմիկը խնդրում է մորը օգնել գաղթականներին` նրանց ուտելիք տալով, սակայն մայրը բարկանում է, քանի որ իրենք ևս մի կերպ էին վաստակում օրվա հացը: Բայց մանկական հոգին չի ճանաչում արգելքներ: Ճաշին Այծեմիկը սկսել է դանդաղ ուտել. իր մի կտոր հաց ու պանիրը ծամծմում է շատ երկար, և երբ բոլորը վերջացնում են իրենց ճաշը ու զբաղվում իրենց գործերով, նա, իր բաժինը շորի տակ պահած, դուրս է գալիս փողոց և տալիս է իր հասակակիցներին: Մեծերը տեսնում են ու հուզվում, արցունքներից անմասն չեն մնում նաև նրա աչքերը: Եվ այսպես մի քանի օր: Բնականաբար, մի օր ամեն ինչ բացահայտվում է, բայց արդյոք պատժվում է փոքրիկ «ավազակը», թե ոչ, մնում է անհայտ, քանի որ հուզված տատիկին այդ հարցը չի տրվել. համենայն դեպս չի տվել մայրս...

Լույս, փոքրիկ լույս խավարում...

Պատմություն, դեպքեր ու մարդիկ... ու էլի լույսեր, լույսեր, որոնք ցրում են խավարը, լույսեր, որոնք օգնում են լինելը լավը, լույսեր, որոնք հորդորում են մնալ ՄԱՐԴ ցանկացած իրավիճակում: Եվ ի վերջո, մի պարզ ճշմարտություն. նույնիսկ լուցկու մի հատիկը լույս է սփռում իր շուրջը և ունակ է վառել այլ լույսեր, որոնք լինելով մեկեր, դառնում են մի ամբողջություն, և ցրում են ամենամութ խավարը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին