1994 թվականն էր. բոլորին հայտնի մութ ու ցուրտ տարիները: Մալաթիա շուկայի հարեւանությամբ, Անուշ գործարանի դիմաց մի մուրացիկ ամեն օր գումար էր մուրում: Նա նույն վայրում էր յուրաքանչյուր օր: Տարածքի մշտական անցորդները ճանաչում էին նրան. երկար մազերով, չսափրված, կեղտոտ ու մաշված հագուստով էր միշտ նա: Հավանաբար շատ երկար ժամանակ չէր լողացել: Նրանից անտանելի գարշահոտություն էր փչում: Մարդիկ շրջանցում էին նրան՝ քիթը փակ: Ես նրան շատ լավ հիշում եմ, թեեւ փոքր էի: Հաստ հոնքերի տակ թաքնված նրա տխուր հայացքն առ այսօր մտաբերում եմ: Շատ լավ հիշում եմ, որ ամուր բռնում էի մայրիկիս ձեռքը, երբ նրա կողքով անցնում էինք: Ցնցոտիներով այդ մարդուց ես նույնիսկ մի քիչ վախենում էի: Տհաճ հոտը չզգալու համար՝ մայրս ասում էր, որ քիթս փակեմ, բայց այդ հոտն այնքան ուժեղ էր, որ թվում էր՝ անվերջանալի է:
Աշնանային մի ցուրտ օր էր. մեր տանը տհաճ խոսակցություն էր: Պապիկս և տատիկս անվերջ մեղադրանքներ էին հնչեցնում հորս հասցեին, որ հազար ու մի խնդիր ունենք, դրա ժամանակը չի: Թե բա ամոթ է, ինչ գործ ունես, հարեւան-բարեկամներն ինչ կմտածեն, խայտառակ կլինենք: Հազար ու մի հիվանդություն ունի: Չանես նման բան:
… Այդ օրը պառկեցի քնելու՝ այդպես էլ չիմանալով, թե որն էր հորս եւ պապիկ, տատիկիս վեճի պատճառը:
Մի քանի օր անց, մայրս աշխատանքից տուն է գալիս եւ տատիկիս պատմում, թե ինչ է տեսել: Հայտնի մուրացիկին, ումից անտանելի գարշահոտություն էր փչում, այդ օրը մայրս մաքուր, կոկիկ, խնամքով մազերը կտրած, սափրված է հանդիպել: Մի պահ անգամ չի էլ ճանաչել: Բայց այդ տարածքում առեւտուր անող կանայք մորս ասել են, որ մի մարդ նրան բաղնիք է տարել, մազերը կտրել, սափրել ու մաքուր հագուստ տվել…
Ես մանկական հետաքրքրությամբ ականջ էի դնում մորս եւ տատիս խոսակցությանը:
Հայտնի մուրացիկի հագին մայրս ճանաչել էր հորս նշանադրության կոստյումը:
…Լողանալուց ու մաքուր հագնվելուց երեք օր անց նրան այլեւս չտեսանք նույն վայրում:
Երբ գրում էի այս պատմությունն ու որոշ մանրամասներ ճշտում, հայրս մտաբերեց, որ նա վատառողջ էր, բայց այդ օրը խոստացել էր, որ երբ տուն ունենա, առաջին պատվավոր հյուրը հայրս է լինելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: