Երբ ինձ հարցնում եմ՝ որն է կյանքումս պատահած բարի դեպքը, միանգամից մտքիս հայրս է գալիս իր բարի գործերով։ Նա միշտ իմ կյանքը լցրել է բարությամբ, մարդասիրությամբ։ Ու գիտե՞ք՝ հետաքրքիրը որն է. ես այդ բարությունը զգացել եմ անուղղակիորեն, այլ անձանցից, ում անցյալում հայրս բարություն է պարգևել։ Հիմա բացատրեմ՝ ինչպես։
Առաջին անգամ մի պապիկի ասացի. «Ես մսավաճառ Աղասի աղջիկն եմ», նրա աչքերը լցվեցին արցունքով, ինձ գրկեց, համբուրեց ճակատս։ Ես առաջին անգամ զգացի ջերմությունը՝ այդ անուղղակի բարությունը, որ մի ժամանակ հայրս նրան էր տվել։
Մի անգամ մի կին պատմեց, որ իր վատառողջ մորն անհրաժեշտ են եղել թանկարժեք դեղեր, ինչի հնարավորությունը չեն ունեցել։ Հայրս տեղեկանալով անհատույց գնել է անհրաժեշտ դեղորայքը՝ չճանաչելով նույնիսկ նրանց…
Հորս մեքենայում միշտ կոնֆետներ կային՝ անծանոթ երեխաների համար, ովքեր արդեն սկսել էին ճանաչել «Աղաս ապերին»։ Նա քաղցր բարություն էր բաժանում այդ սպիտակ ու մաքուր աշխարհում ապրողներին։
Նա վաճառում էր միսը՝ լցված իր բարությամբ, սիրով, «անուշ լինի»-ով։ Երևի դրա համար էլ իր վաճառած միսն ամենահամեղն էր քաղաքում ու հենց այդ համեղի համար քաղաքի մի ծայրից գալիս էին հենց հորս խանութ։
Քանի-քանի անծանոթներից եմ լսել, որ չնայած շտապելուն՝ հայրս միշտ կանգնել ու օգնել է նրանց, փոխանցել է իր բարությունն ու նոր առաջ շարժվել… Սիրում է լինել իր գործում արդար, անաչառ, կարեկից ու պատրաստակամ՝ օգնելու շրջապատի ծանոթ-անծանոթներին։
Ինձ թվում է՝ կռահեցինք, որ հորս ընկերասիրությունը սահման չէր ճանաչում, ինչի համար էլ այսօր ինձ շատ անծանոթ մարդիկ ասում են. «հայրդ իմ ընկերն էր։ Հպարտացիր, որ նման հայր ունես»։
Տարիների ընթացքում իմ առաջ բացվում էին փակ դռներ, մարդիկ մեծագույն սիրով, հարգանքով ու բարությամբ էին ընդունում ինձ՝ մսավաճառ Աղասի աղջկան, փոխանցում էին հորս բարությունը ինձ։ Նրանք ինձ պատմում էին հորս անթիվ-անհամար փոքր ու մեծ բարությունների մասին, որոնք որևէ մեկի կյանքում մեծ նշանակություն է ունեցել։
Հորիցս սովորել եմ, որ բարությունը մեծ ու փոքր չի լինում, ու մեծ դեպքերի երբեք չպիտի սպասենք մեր բարությունը ցույց տալու համար։ Կյանքում ցանկացած պահի միշտ պիտի բաժանես քո բարությունը, օգնես այդ պահին կարիք ունեցողին, և ամենակարևորը՝ անհատույց, որ կոչվի բարություն։
Ու գիտե՞ք՝ ճիշտ 10 տարի է՝ հայրս մահացել է, մահացել ՉԱՐորակ ուռուցքից։ Թվում է, թե չարը հաղթել է բարուն, բայց ոչ։ Չարը զրկեց հորս կյանքից, զրկեց ինձ՝ նրա ներկայությունը վայելելու հնարավորությունից, բայց իր բաժանած բարությունը կա, բոլոր մարդկանց մեջ է, ում երբևէ հանդիպել է հայրս։ Եվ բոլոր վերոնշյալ դեպքերը տեղի են ունեցել հորս մահվանից հետո, երբ մարդիկ ուղղարկի կարող էին մոռանալ նրան։ Բայց ոչ, ոչ միայն չեն մոռացել, այլև այդ նույն բարությունն ինչ-որ կերպ փորձում էին փոխանցել ինձ։
Ու ժամանակի ընթացքում ես այդ անծանոթների միջոցով սկսեցի ճանաչել իմ բարի հորը, այն մարդուն, ում բարության շնորհիվ ես երբեք գլուխս չեմ կախել ու հպարտորեն արտասանել եմ. «Ես մսավաճառ Աղասի աղջիկն եմ»…
Ճիշտ եք, մահից հետո մարդ իր հետ ոչինչ չի տանում, բայց մարդ պետք է ապրի այնպես, որ իր մահից հետո ինքը չմեռնի, այլ տարրալուծվի ու ապրի մնացած մարդկանց մեջ իր բարի համբավով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: