Ինչպե՞ս էր նախապատրաստվում Քի Վեսթի հանդիպումը - Mediamax.am

7612 դիտում

Ինչպե՞ս էր նախապատրաստվում Քի Վեսթի հանդիպումը


Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյան եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայս
Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյան եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայս

Լուսանկարը` ԱՄՆ Պետդեպարտամենտ


2001 թվականի մարտի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն չէր բացառել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` ապրիլի 3-ին Ֆլորիդայում կայանալիք հանդիպումը կարող է «որոշիչ» դառնալ: Միեւյնույն ժամանակ, դիվանագետը զերծ էր մնացել Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպման արդյունքները կանխատեսելուց: «Հրաշալի կլիներ, եթե այդ հանդիպումը վերջինը դառնար: Սակայն պետք է հաշվի առնել, որ խաղաղությանը հասնելն իրոք հեշտ չէ», - ասում էր Քավանոն:

 

Մի քանի օր անց, 2001 թվականի մարտի 20-ին եւ 21-ին, Վաշինգտոնում կայացան Հայաստանի արտաքին գործերի նածարար Վարդան Օսկանյանի հանդիպումները ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլի հետ:

Մարտի 21-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերն ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քի Վեսթում կտեւի 4 օր: Նա նշում էր, որ Քի Վեսթի հանդիպումը կդառնա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ երկխոսության, ինչպես նաեւ «Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ նրանց կողմից կատարված աշխատանքի» շարունակությունը: 


Նույն օրը, Երեւանում հանդիպելով Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ «դեմ առ դեմ» ձեւաչափում իր հանդիպումների «ռեսուրսը գրեթե սպառվել է»: Ռոբերտ Քոչարյանը «կարեւոր» էր անվանել Հեյդար Ալիեւի հետ ապրիլի 3-ին Ֆլորիդայում կայանալիք հանդիպումը: Նրա խոսքերով, կողմերն արդեն պարզել էին վիճահարույց հարցերի շուրջ միմյանց դիրքորոշումները, եւ այժմ բանակցությունները շարունակելու «հերթափոխը» պետք է ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: 


Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ Ֆլորիդայում Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նա պնդելու է ղարաբաղյան կարգավորման 3 հիմնական սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը. 1. ղարաբաղյան հակամարտության կողմերի իրավահավասարություն, 2. Լեռնային Ղարաբաղի անկլավային գոյության բացառում, 3. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ: 


Մարտի 29-ին ԱՄՆ Պետդերպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը նշեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին վերջին տարիներին ինտենսիվ աշխատում են ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: 


«Նախագահները հանդիպել են Ժակ Շիրակին Փարիզում: Բանակցություններում առաջընթաց ապահովելու նպատակով մենք շատ սերտորեն աշխատել ենք Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ: Տվյալ փուլում նախագահները պետք է նստեն դեմ առ դեմ եւ քննարկեն կարգավորման հասնելու ուղիները, ինչը եւ մենք պատրաստվում ենք անել Քի Վեսթում», - ասում էր Բաուչերը:


Ապրիլի 2-ին, բանակցությունների մեկնարկի նախօրեին, Վաշինգթոնում անցկացված հատուկ ճեպազրույցում հանդես եկավ «Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը», որի անունը չհրապարակվեց: Հավանաբար, դա հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն էր: 


Դիվանագետը նշեց, որ Քի Վեսթում կայանալիք հանդիպումը խիստ տարբերվելու է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ ուղիղ հանդիպումներից, այնպես էլ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ կայացած նրանց բանակցություններից: Նա հայտարարեց, որ Ֆլորիդայում Մինսկի խմբի համանախագահները երկարատեւ բանակցություններ են վարելու ինչպես երկու նախագահների հետ միասին, այնպես էլ յուրաքանչյուրի հետ առանձին: 


Պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցությունների ընթացքում հստակ բաժանում է դրվում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի 6 տարածքների միջեւ, դիվանագետը հայտարարեց. «մենք աշխատում ենք ղարաբաղյան խնդրի համապարփակ լուծման ուղղությամբ»: Միեւնույն ժամանակ, ասաց նա, առաջնային են համարվում տարածքային հարցերը, քանի որ «Ադրբեջանի տարածքի զգալի մասն այսօր գտնվում է Հայաստանի ձեռքերում»: Ամերիկյան դիվանագետը նաեւ ասաց, որ սկզբունքային բնույթ են կրում «Լեռնային Ղարաբաղի ապագա քաղաքական կարգավիճակի» եւ փախստականների վերադարձի հարցերը:


Դիվանագետը նաեւ նշել էր, որ Ֆլորիդայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում զգալի առաջընթացի դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են նոր խորհրդակցություններ սկսել միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ` տարածաշրջանի տնտեսական վերականգման հարցերով հատուկ առաքելություն ստեղծելու վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ 2000 թվականի մայիսին միջնորդների նախաձեռնությամբ Ժնեում հանդիպում կայացավ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվում էին նման առաքելության ստեղծման հնարավորությունները: 


Ամերիկացի դիվանագետը նաեւ ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռակի համանախագահությունը, չնայած սկզբնական մտավախություններին, բավականին ադրյունավետ ստացվեց: «Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Կիպրոսի օրինակների վրա մենք գիտենք, թե որքան դժվար է բանակցություններում առաջընթացի հասնելը: Սակայն Լեռնային Ղարաբաղի դեպքում, աշխատելով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ, մենք տեսնում ենք առաջ շարժվելու հնարավորությունը», - ասում էր ամերիկացի դիվանագետը: 

 




Մեր ընտրանին