Մեդիամաքսը եւ «Բրեվիս» ընկերությունը, որը զբաղվում է հանրային կարծիքի եւ շուկայի հետազոտությամբ ու հաղորդակցության խորհրդատվությամբ, շարունակում են հոդվածների շարքը, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն՝ անսպասելի արդյունքները:
Սոցիալական ապահովությունն ու պաշտպանվածությունը, նախ եւ առաջ, ասոցացվում են ֆինանսական ապահովության հետ, մինչդեռ հանրային կյանքում իրապես պաշտպանված զգալու համար քաղաքացին նաեւ արդարության զգացման եւ շրջապատող մարդկանց ու կառույցների հանդեպ վստահության կարիք ունի։
«Բրեվիս» ընկերության՝ 2017 թվականին վերաբերող «Կյանքի որակ» հետազոտության արդյունքների շրջանակում (հարցումներն իրականացվել են 2018թ հունվար ամսին, հարցվածների թիվը՝ 2018) ներկայացնում ենք Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի սոցիալ-հոգեբանական դետերմինանտները՝ վեր հանելով, թե ինչից են նրանք ամենից շատ վախենում, ինչն են համարում անարդար եւ ինչին են վստահում։
Առանձին խմբերը՝ անհանդուրժողականության թիրախ
Ինչպես կյանքի որակի, այնպես էլ հասարակության կայունության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն սոցիալական հավասարության ընկալումները։ Սոցիալական անհավասարության բարձր մակարդակը խաթարում է հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակը եւ ունակ է առաջացնել տարաբնույթ խնդիրներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բրեվիս» ընկերության հետազոտության արդյունքներով՝ հարցվածների մեծամասնությունը` 62%-ը, համարում է, որ մարդիկ ծնվում են հավասար, իսկ անհավասարությունը ծագում է անարդարությունից։ Հարցվածների մեծամասնությունը հավանական չի համարում իրենց նման մարդկանց հաջողության հասնելը բիզնեսում, պետական պաշտոններում կամ գիտության ոլորտում։
Սոցիալական հավասարության տեսանկյունից ուսումնասիրվել է նաեւ տարբեր խմբերի նկատմամբ հանդուրժողականությունը։ «Հետեւյալ խմբերից ո՞րի ներկայացուցիչների հետ ընկերանալն եք բացառում» հարցին տրված պատասխանների արդյունքները ցույց են տալիս, որ հասարակությունը հանդուրժող չէ առանձին խմբերի, մասնավորապես՝ նույնասեռականների (93%), թմրամոլների (88%), աղանդ դավանողների (79%), հոգեկան շեղումներ ունեցողների (77%), ծանր հանցագործության համար նախկինում դատապարտված անձանց (60%), այլ կրոն դավանողների (58%) նկատմամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Պատերազմը՝ ամենաբարձր հավանականությամբ վտանգ
Կյանքի որակի 2012-2017թթ. հետազոտություններն անդրադարձել են այն վտանգներին, որոնք, Հայաստանի քաղաքացիների ընկալմամբ, սպառնում են նրանց անձին, ընտանիքին կամ գույքին: Հայաստանի հասարակությունում արտաքին եւ ներքին հասարակական, ֆիզիկական, իրավական եւ սոցիալական վտանգների զգացումները բարձր են։ Ինչպես 2016թ.-ին՝ 2017թ.-ին եւս ամենաբարձր հավանականությունը, հարցվածների ընկալմամբ, ունեցել է պատերազմի վերսկսման վտանգը, որը հավանական է համարել բնակչության 73%-ը։ Մինչդեռ 2012թ.-ին այդ վտանգը հավանական էր համարել բնակչության միայն 22%-ը: Մյուս կողմից՝ այդ վտանգի հավանականության ընկալումը 2016թ. համեմատ նվազել է 4%-ով։
Երկրորդ ամենաբարձր հավանականությամբ վտանգը բնակչությունը համարել է երեխայի հետ տհաճ միջադեպը (67%): Մարդկանց 60%-ն էլ կարծում է, որ կարող են իրենից որեւէ բան գողանալ, իսկ 42%-ը հավանական վտանգ է համարում գիշերը փողոցում բռնության կամ այլ տհաճ միջադեպի ենթարկվելը։
Հաշվի առնելով բնակչության շրջանում պատերազմի վտանգի հավանականության ընկալման կարեւորությունը՝ դա եւ հարակից երկու ուղղություն` պատերազմի վտանգից եւ զանգվածային անկարգություններից Հայաստանի պաշտպանվածության զգացումները, դիտարկվել են առավել մանրամասն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հավաքագրված տվյալների համաձայն՝ Հայաստանի հասարակության շրջանում ժամանակի ընթացքում մի կողմից աճում է բնակչության մոտ պատերազմի վտանգի հավանականության ընկալումը, մյուս կողմից՝ նվազում է պատերազմի եւ հասարակական անկարգությունների վտանգներից պաշտպանվածության զգացողությունը։
Հատկանշական է, որ պատերազմի վտանգի հավանականության ընկալումները սոցիալ-ժողովրդագրական խմբերում, բացի տարիքային խմբերից, էապես չեն տարբերվում։
Տարիքային խմբերում պատերազմի հավանականության ընկալումն աճում է տարիքի նվազմանը զուգընթաց։ Այն համեմատաբար ավելի ցածր է բնակչության բարձր (60 եւ ավելի) տարիքային խմբում, որի 62%-ն է տեսնում պատերազմի վերսկսման հավանականություն, մինչդեռ 18-24 տարեկանների խմբում այդպես մտածողների թիվը կազմում է 80%։
Անարդարության զգացումն ու վստահության պակասը՝ հասարակության բնորոշիչ
2017թ.-ի կյանքի որակի հետազոտությունն ուսումնասիրել է հասարակության մասշտաբով սոցիալական կապիտալի երկու բնութագիր, որոնք ուղեկցվել են մարդու ընդհանուր ինքնազգացողության եւ բնակչության շրջանում հոգեբանական յուրահատուկ բնութագրի՝ կառավարման լոկուսի նկարագրությամբ: Սա հոգեբանական բնութագիր է, որը ցույց է տալիս, թե որքանով է անձն իր հաջողություններն ու անհաջողությունները վերագրում սեփական գործունեությանն ու կամքին կամ արտաքին հանգամանքներին։
Հետազոտության համաձայն՝ Հայաստանի հասարակությունը որպես ամբողջություն կամ միասնականություն, կիսով չափ է բավարարված իր կյանքով (գնահատված է 10 բալանոց սանդղակով): Արդյունքները վկայում են, որ մարդկանց նկատմամբ վստահության պակաս կա, ինչպես նաեւ մարդիկ միմյանց համարում են ոչ արդարամիտ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանի հասարակությունը, որպես մեկ ամբողջություն, համարում է, որ իր կյանքի ընթացքը «հավասարապես» կախված է ե՛ւ իրենից, ե՛ւ տարբեր հանգամանքներից։ Ընդ որում, հատկապես 18-29 տարիքային խմբում (ի տարբերություն 46-60-ի, որտեղ մարդիկ իրենց կյանքի ընթացն ավելի շատ են կախված իրենցից) մարդիկ համարում են, որ ավելի քիչ ազդեցություն ունեն իրենց կյանքի ընթացքի վրա։ Ի դեպ՝ սեփական կյանքը կառավարելու զգացողությունն առավել բարձր է կանանց մոտ։
Այսպիսով՝ կարելի է փաստել, որ հայ հասարակությանը մեծապես բնորոշ է անարդարության զգացումն ու վստահության պակասը, ընդ որում՝ ոչ միայն պետական կառույցների (դրանց հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխություններին զուգընթաց կարող է որոշակիորեն փոփոխվել), այլեւ շրջապատող մարդկանց եւ այլ կազմակերպությունների նկատմամբ։
2009-2018թթ.-ին Breavis ընկերության մասնագետները եւ անկախ փորձագետները իրականացրել են «Կյանքի որակ» հետազոտությունը՝ Հայաստանում կյանքի որակի գնահատման նպատակով: Մեթոդաբանությունը հենվում է Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական պատկերի վրա եւ թիրախավորում է հասարակության համար առավել կարեւոր խնդիրները:
Պատրաստել են «Բրեվիս» ընկերության Հաղորդակցության ավագ պատասխանատու Անժելիկա Կժդրյանը եւ Տվյալների վերլուծաբան Դավիթ Էվոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: