2011թ․ Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո եգիպտացի հայրն իր նորածին դստերն անվանակոչեց Ֆեյսբուք՝ ի պատիվ սոցիալական ցանցի՝ հեղափոխության գործում ունեցած հսկայական դերի եւ այս լուրը լայնորեն տարածվեց եւ հումորով քննարկվեց ողջ համացանցում, այդ թվում՝ հայկական տիրույթում։
Այն ժամանակ Հայաստանում ամենից շատ օգտատերեր ունեցող սոցիալական ցանցը Odnoklassniki.ru-ն էր, որը միայն 2015թ-ին սկսեց իր տեղը զիջել Facebook-ին։ Ռուսական Odnoklassniki.ru (այժմ`OK.ru) եւ Vkontakte.ru կայքերը, թերեւս, առաջին ծիծեռնակներն էին հայկական սոցիալական մեդիա դաշտում՝ հաշվի առնելով դրանց տարածվածությունն ու հասարակության տարբեր շերտերին ընդգրկելու հանգամանքը։
Այժմ, երբ սոցիալական ցանցերը մեկը մյուսին չեն զիջում իրենց բազմազանությամբ, բովանդակային տարբերություններով, մարդկանց որոշակի շրջանակին պատկանելու առանձնահատկություններով, իսկ Հայաստանը ետ չի մնում տարբեր ցանցերում ակտիվ օգտատերերի քանակով, սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը դարձել է մարդկանց կյանքի որակի եւ հետաքրքրությունների գնահատման փոքրիկ, սակայն հետաքրքիր բաղադրիչներից մեկը։
Ինչո՞վ են զբաղվում հայերը համացանցում
«Բրեվիս» ընկերության իրականացրած «Կյանքի որակ» հետազոտության արդյունքները պարզել են, թե ինչով են զբաղվում հայերը համացանցում։ Ըստ Հայաստանի բնակիչների հնչեցրած պատասխանների (ոչ թե որոնողական համակարգերի մշտադիտարկման) ինտերնետի օգտագործման առավել տարածված զբաղմունքը նորությունների եւ անձին հետաքրքրող տեղեկությունների ընթերցանությունն է. այդ նպատակով 2017թ.-ին համացանց են օգտագործել հարցվածների 66%-ը։
Մյուս առավել տարածված զբաղմունքը համացանցով երաժշտության ունկնդրումն է (60%), որին հաջորդում է շփումն արտասահմանում բնակվող հարազատների ու բարեկամների հետ (58%): Վերջինին մի փոքր զիջում է համացանցով շփումն ընկերների հետ (54%): Հարցման արդյունքներով 51%-ը համացանցից օգտվում է ֆիլմեր դիտելու նպատակով:
2017թ.-ին ուսումնասիրվել է համացանցի եւս երկու յուրահատուկ ուղղություն՝ համացանցային գնումների կատարումը` հարցվածների 11%-ը (2016-ին՝ 9%-ը եւ խաղադրույքների կատարումը՝ 3% (2016-ին՝ 2%-ը):
Լուսանկարը` Բրեվիս
«Բրեվիս» ընկերության իրականացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ համացանցն օգտագործողների մեծ մասը՝ 66%-ը, ակնկալում է տեղեկատվություն ստանալ հենց այնտեղից, սակայն պետք չէ կարծել, որ այն դարձել է հիմնական տեղեկատվության աղբյուրը։ Այս հարցում համացանցն իր տեղը շարունակում է զիջել հեռուստատեսությանը, թեեւ որոշակի տարիքային խմբերում արդեն իսկ նվաճել է առաջատարի դերը․եթե հեռուստատեսությունը ինֆորմացիայի ստացման առավել կարեւոր աղբյուրների թվում է 60-ից բարձր տարիքի անձանց 94%-ի համար, ապա 18-29 տարեկանների դեպքում այն առաջին կարեւոր ինֆորմացիայի աղբյուրների շարքում է միայն 52%-ի համար։
Մյուս կողմից՝ համացանցն առաջին կամ երկրորդ ինֆորմացիայի աղբյուրն է 18-29 տարեկանների 83%-ի համար եւ որպես այդպիսին արդեն գերազանցում է հեռուստատեսությանը:
Ո՞ր սոցիալական ցանցերն են նախընտրում հայերը
2014-2017 թթ.-ի ընթացքում առավել ինտենսիվ է աճել Facebook սոցիալական ցանցից օգտվողների քանակը՝ 28%-ից մինչեւ 49%։ Այդ ցանցը ներկայում ամենատարածվածն է Հայաստանում եւ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող OK.ru ցանցին 22%-ով։
OK.ru ցանցից օգտվողների եւ ինտենսիվ օգտվողների քանակն այդ տարիներին մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա՝ 2016թ.-ին կազմելով համապատասխանաբար՝ 33% եւ 27%, իսկ 2017 թ.-ին ռուսական սոցիալական ցանցից օգտվողների թիվը կտրուկ նվազել է՝ 33%-ից հասնելով 26%-ի։
Հետաքրքիր է, որ եթե օգտատերը գրանցված է Facebook-ում, ապա, ամենայն հավանականությամբ, այնտեղ անցկացնում է 2 ժամ կամ ավելի երկար ժամանակ, մինչդեռ LinkedIn-ում կամ Twitter-ում գրանցված օգտատերերը իրենց հաշիվներն այնքան էլ հաճախ չեն ստուգում։
Լուսանկարը` Բրեվիս
Այս պատկերը ստացվել է այս կամ այն սոցիալական ցանցերից առավել ինտենսիվ օգտվողների (օրական 2 ժամ եւ ավել) ուսումնասիրման արդյունքում․
Լուսանկարը` Բրեվիս
Մյուս ուշագրավ փաստը, որ պարզել է ուսումնասիրությունն, այն է, որ սոցիալական ցանցերի նախընտրությունը տարբերվում է կախված սեռից:
Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ տղամարդիկ նախընտրում են ակտիվ լինել OK.ru ցանցում։ Այս ցանցից ինտենսիվորեն օգտվում են գրանցված տղամարդկանց 57%-ը։ Օգտատերերի շրջանում տղամարդիկ ավելի ակտիվ են նաեւ Telegram-ում (67%):
Կանայք նախընտրում են ակտիվ լինել Facebook ցանցում՝ 59%, դե իսկ Instagram-ում նրանք մեծամասնություն են կազմում՝ 61%:
Սոցիալական ցանցերի նախընտրությունը եւ մարդկանց ակտիվությունն առնչվում են նաեւ նրանց կենսակերպի եւ զբաղեցրած դիրքի հետ։ Այսպես, շաբաթական առնվազն մեկ անգամ սրճարան այցելողներն առավել ակտիվ են Facebook սոցիալական ցանցում (81%), քան այն մարդիկ, որոնք նախընտրում են շաբաթական գոնե մեկ անգամ ռեստորաններ այցելել (68%), իսկ սպորտային կենսակերպը նախընտրող մարդկանց 57%-ն առավել ակտիվ է Instagram-ում։
Facebook սոցիալական ցանցում կարելի է հանդիպել գործատուների 43%-ին, իսկ եթե տնային տնտեսուհիների համար որեւէ ապրանք կամ ծառայություն եք առաջարկում՝ բացի Facebook-ից կարող եք օգտագործել նաեւ Vkontakte (VK) ցանցը (հարցվածների 15%-ը): Պարզվում է, որ այստեղ նրանք մոտ կրկնակի ավելի շատ են գրանցված, քան Instagram-ում (7%)։
Սոցիալական ցանցերի նախընտրությունն ու այնտեղ անցկացրած ժամանակը փոփոխվում է նաեւ կախված այն հանգամանքից, թե որքան հաճախ է մարդն այցելում թատրոն, կամ գյուղաբնա՞կ է, թե՞ քաղաքաբնակ։
Այսպիսով՝ 18-24 տարեկանները 85% հավանականությամբ իրենց ազատ ժամանակի զգալի մասը՝ ավելի քան 2 ժամ, անցկացնում են Facebook սոցիալական ցանցում. գուցե հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում էլ ծնվի Ֆեյսբուքուհի անունով առաջին մանկիկը:
2009-2018թթ.-ին «Բրեվիս» ընկերության մասնագետները եւ անկախ փորձագետները իրականացրել են «Կյանքի որակ» հետազոտությունը՝ Հայաստանում կյանքի որակի գնահատման նպատակով: Մեթոդաբանությունը հենվում է Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական պատկերի վրա եւ թիրախավորում է հասարակության համար առավել կարեւոր խնդիրները:
Պատրաստել են «Բրեվիս» ընկերության Հաղորդակցության ավագ պատասխանատու Անժելիկա Կժդրյանը եւ Տվյալների վերլուծաբան Դավիթ Էվոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: