Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) շարունակում են հոդվածների շարքը, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն՝ անսպասելի արդյունքները:
Անկախություն ձեռք բերելուց հետո ապրելով էթնիկ տեսանկյունից միատարր հասարակությունում՝ ՀՀ բնակչությունը ձեւավորել է քաղաքացիության յուրօրինակ մոդել. Հայաստանում ապրող բոլոր մարդիկ հայ են, ՀՀ բնակիչը/քաղաքացին ու հայը նույնական են:
Այս պնդման իրավացիության մեջ համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել հանրային ելույթներում եւ կոչերում մեր հասարակությունում ընդունված դիմելաձեւերին՝ «հայեր», «հայություն», «հայրենակիցներ», «հայ ժողովուրդ»:
Ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց ավելի հետաքրքիր կլինի դիտարկել «հայկականության» վիճակագրական կողմը կամ այն, թե ՀՀ բնակչությունը ում է հայ համարում:
IPSC ընկերության կողմից իրականացված «Կյանքի որակը» հետազոտության մեջ ի թիվս այլ հարցերի ներառված է «Ի՞նչն է առավել կարեւոր հայ համարվելու համար» հարցը:
Հանրային հարցումը, որին մասնակցել է 2003 հարցվող (Երեւանում՝ 708, մարզերում՝ 1295), հետեւյալ պատկերն է ուրվագծել. ինքնանույնականացումը կամ ինքն իրեն հայ համարելը «հայկականության» ամենակարեւոր բաղադրիչն է, եւ այս պատասխանը ընդունելի է համարել ՀՀ բնակչության 21%-ը:
Հաջորդաբար ամենից հայտնի պատասխաններն են դարձել հոր կամ մոր հայ լինելու գործոնը եւ ապա Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ լինելը: «Հայկականության» հարցում ՀՀ բնակիչները ամենաքիչը կարեւորել են հայերեն լեզվով խոսելը՝ 12%:
Հետաքրքրական է, որ եթե դիտարկենք հարցման պատասխանները ըստ սեռային բաշխվածության, ապա կտեսնենք, որ կանանց եւ տղամարդկանց պատասխանների միջեւ էական տարբերություններ չկան:
Կանանց համար ամենակարեւոր գործոնը հայ համարվելու համար մարդու ինքնանույնականացումն է որպես հայ, իսկ տղամարդիկ մարդու ինքնանույնականացումը եւ հոր հայ լինելը կարեւորում են գրեթե հավասարաչափ:
«Հայկականության» շուրջ պատասխանների շրջանակում հետաքրքիր պարզաբանում է մտցնում նաեւ հարցմանը մասնակցած բնակչության դեմոգրաֆիան:
Ի տարբերություն քաղաքային բնակչության, որի համար ամենակարեւորը մարդու ինքնանույնականացումն է որպես հայ, գյուղաբնակների համար ամենակարեւոր գործոնը հոր հայ լինելն է: Երեւանցիների համար հոր հայ լինելը եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ լինելը հավասարազոր գործոններ են: Իսկ ինքնանույնականացումը որպես հայ առավել կարեւոր գործոն է բարձրագույն եւ ավելի բարձր կրթություն ունեցողների շրջանում (24%):
Մարդուն տվյալ էթնոսի ներկայացուցիչ համարելու հարցում երեք հիմնական մոտեցումներ կան.
1. Եթե մարդու էթնիկ պատկանելությունը պայմանավորում եք նրա արտաքին ֆիզիկական կամ գենետիկ բնութագրիչներով, ապա դուք կենսաբանական մոտեցման կողմնակից եք:
2. Եթե էթնոսը դիտարկում եք որպես մարդկանց որոշակի համախմբություն, որոնք կիսում են ընդհանուր մշակույթ (լեզու, կրոն, պատմություն (իրական կամ հորինված), գաղափարներ, արժեքներ, վարքի մոդելներ), ուրեմն դուք սոցիոլոգիական մոտեցման կողմնակից եք:
3. Իսկ եթե համարում եք, որ էթնիկ պատկանելության տեսանկյունից ամենակարեւորը սեփական անձին այս կամ այն էթնիկ խմբի մաս տեսնելն է, ապա Դուք աֆեկտիվ մոտեցման կողմնակից եք:
Ո՞ր տարբերակի կողմնակից եք Դուք: Եթե ընտրել եք երրորդ տարբերակը, ուրեմն համաձայն եք ՀՀ բնակչության մեծամասնության հետ:
Սաթենիկ Կարապետյան, IPSC ընկերության վիճակագիր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: