Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) ներկայացնում են հոդվածների շարք, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն նույնիսկ անսպասելի արդյունքները:
Դեռեւս ոչ վաղ անցյալում՝ 2011-12թթ.-ին, Հայաստանում մարդկանց համար նորությունների ստացման երկրորդ կարեւորագույն աղբյուրը ընկերները, բարեկամներն ու հարեւաններն էին, իսկ առաջին հորիզոնականում հեռուստատեսությունն էր: IPSC ընկերության հանրային կարծիքի ուսումնասիրությունը, որն ի թիվս այլ հարցերի նպատակ ուներ պարզելու նաեւ ՀՀ բնակչության շրջանում մեդիա սպառման վիճակագրությունը, 2000-ականների սկզբից ամեն տարի գրեթե նույնական արդյունք էր արձանագրում մինչեւ 2013թ.-ը, երբ մեդիա սպառման վիճակագրության մեջ կտրուկ շրջադարձ նկատվեց:
2013թ-14թթ. նորությունների ստացման առավել կարեւոր աղբյուրների ցանկում հարեւանների ու բարեկամների կատեգորիան իր տեղը զիջեց համացանցին:
Հայաստանի բնակչության գրեթե կեսի՝ 49.5%-ի համար համացանցը դարձավ երկրորդ ամենակարեւոր աղբյուրը՝ հեռուստատեսությունից հետո: Բարձրացավ նաեւ մեդիա սպառման երկրորդ հորիզոնականի տոկոսայնությունը, այլ կերպ ասած՝ հարեւան-բարեկամների տարբերակի 33.4%-ին փոխարինելու եկավ բնակչության կեսի մեդիա նախընտրությունը՝ ինտերնետը:
Այս փոփոխությունը դիտարկելիս բազմաթիվ հարցեր են առաջանում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 2013թ.-ից ի վեր մարդիկ սկսել են ընկերների հետ առօրյա բամբասանքի մակարդակով ստացված տեղեկությունները ավելի մասնագիտական եւ հավաստի նորությունների ստացման տարբերակով փոխարինել: Հարցի պատասխանը ստանալու համար դիտարկենք հանրային կարծիքի ուսումնասիրության այն հատվածը, որը բացահայտում է, թե ինչ են ՀՀ բնակիչները հասկանում՝ համացանցը որպես ինֆորմացիայի աղբյուր մատնանշելով:
Հարեւան-բարեկամների կարեւորությունը ինտերնետում
Եվ այսպես, ըստ հարցման տվյալների՝ ինտերնետը որպես նորությունների ստացման կարեւորագույն աղբյուր նշած մարդկանց շրջանում ինտերնետի օգտագործումը հետեւյալ գործառույթ է ունենում. նորություններ են կարդում Հայաստանում ինտերնետ օգտագործողների 49.6%-ը, ինտերնետի միջոցով երաժշտություն են լսում 41.3%-ը, ինտերնետով շփվում են արտասահմանում ապրող բարեկամների հետ 34.4%-ը եւ ինտերնետով շփվում են ընկերների հետ 29.6%-ը: Հատկանշական է, որ նշված բոլոր գործառույթները հնարավոր է իրականացնել սոցիալական ցանցերի միջոցով:
Միաժամանակ ուսումնասիրելով ինտերնետ օգտագործողների տարիքային խումբը՝ 18-45 տարեկաններ, եւ նրանց կատարած ակտիվությունները համացանցում, կարելի է եզրակացնել, որ երբ խոսում ենք «հարեւան-բարեկամ» ինֆորմացիայի աղբյուրի կամ տեղեկատվության տարածման ոչ ֆորմալ ինստիտուտի կամ բամբասանքի մասին, վերջին տարիների փոփոխությունները ամենեւին էլ բովանդակային չեն:
2013թ.-ից սկսած Հայաստանում ընկերների ու բարեկամների հետ շփումը, որպես ինֆորմացիայի ստացման աղբյուր, ոչ թե իր տեղը զիջել է ինտերնետային նորություններին՝ որպես ինֆորմացիայի ստացման ավելի վստահելի աղբյուր, այլ պարզապես տեղափոխվել է վիրտուալ հարթակ: Սոցցանցերում մարդիկ կարդում են «ընկերների» կողմից ընտրված եւ տարածած նորությունները՝ այսպիսով արժանահավատ ինֆորմացիան ֆիլտրելու կարեւոր գործառույթը վստահելով ընկերներին, բարեկամներին եւ հարեւաններին:
Լիլիթ Հակոբյան, IPSC ընկերության մեդիա փորձագետ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: