Հարցվածների 1/3-ը բարձրագույն կրթությունը պարտադիր չի համարում - Mediamax.am

exclusive
7154 դիտում

Հարցվածների 1/3-ը բարձրագույն կրթությունը պարտադիր չի համարում


Լուսանկարը` Levon Hadidian


Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) ներկայացնում են հոդվածների շարք, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն նույնիսկ անսպասելի արդյունքները:

Որքանո՞վ է «պարտադիր» բարձրագույն կրթությունը. թվում է՝ այս հարցը Հայաստանում երկընտրանք չպետք է ունենա եւ ճնշող մեծամասնությունը պետք է բարձրագույն կրթությունը կարեւոր հանգամանք համարի՝ հաշվի առնելով բարձրագույն կրթության հանդեպ զանգվածային հետաքրքրությանը: Կարծիք կա, որ բարձրագույն կրթությունը մեր հասարակությունում դարձել է զանգվածային մշակույթի տարր, ինչն ստիպում է, որ այն կորցնի իր որակը, հմայքն ու արժեքը:

Իրականում ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրությունը եթե ոչ հակառակն է ապացուցում, ապա գոնե հերքում է բարձրագույն կրթության հանդեպ համատարած հետաքրքրության գործոնը:

Ըստ IPSC ընկերության «Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի» ուսումնասիրության, ՀՀ բնակչության միայն 34.7%-ն է բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր համարում, մինչդեռ 30.1% համարում է, որ մարդը կարող է իր տեղը գտնել կյանքում առանց բարձրագույն կրթության:



Կանայք ավելի են կարեւորում բարձրագույն կրթությունը

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում բարձրագույն կրթության հանդեպ վերաբերմունքը համարյա նույնական է, մինչդեռ կանանց եւ տղամարդկանց վերաբերմունքում կան հստակ տարբերություններ: Կանանց 37.6%-ը համարում է, որ բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, մինչդեռ նույն կարծիքին է տղամարդկանց միայն 31.3% տոկոսը:



Միեւնույն ժամանակ, Հայաստանում կանանց միայն 25.8%-ն է համարում, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, ինչին համաձայն է տղամարդկանց 35.1%-ը:

Ավագ սերունդն ավելի պահանջկոտ է կրթության հանդեպ

Հետաքրքրական է դիտարկել բարձրագույն կրթության կարեւորումն ըստ տարիքային խմբերի: Պարզվում է, որ ավագ սերունդն (61 տարեկանից բարձր) առավել պահանջկոտ է բարձրագույն կրթության հանդեպ, քանի որ այս տարիքային խմբի ներկայացուցիչները միանգամայն պարտադիր են համարում բարձրագույն կրթություն ունենալը: 



Հետաքրքիր համերաշխություն կա 18-29 եւ 46-60 տարիքային խմբերի ներկայացուցիչների միջեւ՝ բոլոր չորս տարիքային խմբերից հենց այս երկուսն են համեմատաբար քիչ կարեւորում բարձրագույն կրթության առկայությունը:

Բարձրագույն կրթությունը սոցիալական դիրքի խորհրդանիշ

Բարձրագույն կրթության կարեւորությունը դիտարկել ենք նաեւ կրթական տարբեր՝ բարձրագույն, միջին մասնագիտական, միջնակարգ, գիտական աստիճաններ ունեցող մարդկանց շրջանում եւ հետաքրքրական է այն հանգամանքը, որ միջնակարգ եւ տարրական կրթություն ունեցող մարդիկ ավելի են կարեւորում բարձրագույն կրթություն ունենալը, քան միջին մասնագիտական կրթություն ունեցողները: Միեւնույն ժամանակ, միջնակարգ կրթություն ունեցողների մեջ ավելի շատ են այն մարդիկ, ովքեր համարում են, որ առանց բարձրագույն կրթություն ունենալու էլ մարդը կարող է իր տեղը գտնել կյանքում:   



Հետաքրքիր է, որ մարդու սոցիալական դիրքի աճին զուգընթաց նվազում է այն համոզմունքը, թե մարդը կարող է առաջընթացի հասնել առանց բարձրագույն կրթության:

Գրիգոր Գրիգորյան, IPSC ընկերության հետազոտությունների փորձագետ




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին