Հայաստանում քաղաքաբնակներն ավելի «անտրամադիր» են - Mediamax.am

exclusive
3224 դիտում

Հայաստանում քաղաքաբնակներն ավելի «անտրամադիր» են



Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) ներկայացնում են հոդվածների շարք, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն նույնիսկ անսպասելի արդյունքները:

Արդյո՞ք հասարակությունը տրամադրություն ունի: Հնարավո՞ր է արդյոք այն չափել: Արդյո՞ք կարելի է ռացիոնալ արդյունքներ ստանալ մի այնպիսի էմոցիոնալ երեւույթի մասին, ինչպիսին տրամադրությունն է: Պատասխանը դրական է, այո՛: Ավելին, հասարակական տրամադրության ցանկացած դրսեւորում միանգամայն կանխատեսելի է, եւ ոչ թե իրադարձություններն են պայմանավորում հասարակության տրամադրությունը, այլ հակառակը՝ հասարակության տրամադրությունն է կանխորոշում հասարակական գործողությունների ընթացքը: 

Տեսությունը, որի հիման վրա պատրաստվել է այս հոդվածը, կոչվում է սոցիոնոմիկա (socionomics), իսկ մեր հասարակության տրամադրությունն ուսումնասիրելու համար 2014թ. փետրվարի 28-ից մարտը 6-ը զանգվածային հարցում ենք իրականացրել ՀՀ-ում, որին մասնակցել է 1,612 հարցվող (567`մայրաքաղաքում, 1045` ՀՀ 10 մարզերում:

Հայաստանում «հասարակության տրամադրությունը» ընդհանուր առմամբ բացասական է

Հետեւելով մամուլի հրապարակումներին եւ շփվելով մարդկանց հետ՝ դժվար չէ ենթադրել, որ Հայաստանում մարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի հակված են դժգոհ լինելու, ինչը, առաջին հայացքից, ենթադրում է բացասական հասարակական տրամադրություն: Մեր կողմից իրականացված հարցումները հնարավորություն են ընձեռում ստանալ հասարակական տրամադրության ընդհանուր պատկերը անցյալի, ներկայի եւ ապագայի հանդեպ, ինչպես նաեւ բացահայտել առավել բացասական տրամադրություն ունեցող հասարակական խմբերն ըստ հետեւյալ չափորոշիչների՝ տարիք, սեռ, եկամուտ, կրթություն եւ բնակության վայր: 

Եվ այսպես, հասարակությունը Հայաստանում առավելապես դժգոհ է երկրի քաղաքական եւ տնտեսական ներկայիս վիճակից: Ապագայի վերաբերյալ եւս տրամադրվածությունը, ընդհանուր առմամբ, բացասական է: Սակայն հարցվածների մեծամասնությունը դրական է արտահայտվել երկրում անվտանգության ոլորտում փոփոխությունների մասին. վերջինս միակ դատողությունն է, որի հարաբերական ցուցանիշը դրական տոկոս է կազմել՝ +40.4%:

Հայաստանում տղամարդիկ ավելի հոռետես են, քան կանայք

Ըստ սեռային բաշխվածության, երկրի վիճակի վերաբերյալ առավել բացասական գնահատական տված խումբը տղամարդիկ են, բացառությամբ անվտանգության վերաբերյալ դատողության, որից, ընդհանուր առմամբ, հասարակությունը գոհ է, սակայն, սեռային տարբերությամբ դիտարկելու դեպքում, պարզվում է, որ առավել դժգոհ են կանայք: Կարելի է ենթադրել, որ կանայք Հայաստանում իրենց պակաս պաշտպանված են զգում, քան տղամարդիկ, կամ բազմաթիվ այլ եզրահանգումներ անել այս դատողության շուրջ: Մի բան ակնհայտ է. սա կարեւոր գործոն է հասարակական տրամադրությունը դիտարկելիս:

Տնտեսության ոլորտում եւ քաղաքական դաշտում իրականացված փոփոխություններից առավել դժգոհ են ամենից բարձր եկամուտ ունեցող, բարձրագույն եւ բարձր կրթությամբ դարձյալ արական սեռի ներկայացուցիչները, ովքեր բնակվում են Երեւանում եւ այլ  քաղաքային համայնքներում: Հատկանշական է, որ սոցիալ-դեմոգրաֆիական հենց այս խմբին է վերագրվում «կրիտիկական զանգված» կոչվածը եւ հասարակության այս խմբին է վերագրվում հասարակական անհարմարվողականության առաջնորդումը:



Հայաստանում քաղաքաբնակներն ավելի «անտրամադիր» են

Երկրի քաղաքական ներկայիս վիճակից առավել դժգոհ են 31-45 տարեկան, բարձրագույն եւ բարձր կրթություն ունեցող կրկին արական սեռի ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են ամենից ցածր եկամտային խմբում: Մինչդեռ, երկրի տնտեսական ներկայիս վիճակը ամենից քիչ գոհացնում է միջինից բարձր եկամուտ ունեցող ամենից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներին:

Ապագայի նկատմամբ առավել հոռետես տրամադրված են ամենից ցածր եկամուտ ունեցող Երեւանի եւ այլ քաղաքների բարձրագույն կրթությամբ միջին տարիքի արական սեռի ներկայացուցիչները: Ըստ էության, քաղաքաբնակները ավելի դժգոհ են ու բացասական տրամադրված, քան գյուղաբնակերը: Այն հարցին, թե «առաջիկա տարիներին ինչպե՞ս կփոխվի Հայաստանի ընդհանուր վիճակը», հարցվողների 55.3%-ը պատասխանել է, որ կվատանա:

Հայաստանում կանայք առավել շատ մտահոգված են իրենց ներկայիս կյանքով

Հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածները հատկապես դժգոհ են ընտանիքի ֆինանսական վիճակից: Հետաքրքրական է, որ ապագայի վերաբերյալ սպասելիքներն առավել մեծ են ընտանիքի ընդհանուր վիճակի փոփոխության հանդեպ (հարաբերական ցուցանիշը կազմել է -5.5%)՝ երկրի ընդհանուր վիճակի փոփոխության ակնկալիքների հետ համեմատած (հարաբերական ցուցանիշը կազմել է -38.1%):

Ընտանիքի ներկայիս եւ ապագա բարեկեցության վերաբերյալ դատողությունների համաձայն, առավել բացասական գնահատական տված հասարակական շերտը ամենից ցածր եկամուտ ունեցող խումբն է (մինչեւ 40.000 ՀՀ դրամ ամսական եկամուտ): Ըստ տարիքային խմբերի՝ ամենից հոռետես են միջին եւ միջինից բարձր խմբերի ներկայացուցիչները:

Հայաստանում կանայք առավել շատ մտահոգված են իրենց ներկայիս կյանքով, իսկ տղամարդիկ՝ ընտանիքի ներկայիս ֆինանսական վիճակով եւ ապագայում ակնկալվող փոփոխություններով: Բոլոր երեք խմբերի կրթական ցենզը միջնակարգ եւ ցածր է:



Մեթոդաբանությունը

Այս հոդվածում հանրային տրամադրությունների չափումը իրականացվել է՝ հաշվի առնելով մի շարք ինդիկատորների արդյունքները, որոնք խմբավորվել են ըստ երկու մակարդակների: Հիմք ընդունելով մեր կողմից մշակված ինդիկատորներից ստացված տվյալները, կարելի է դուրս բերել մի շարք ընդհանուր դրույթներ.

- Երկրի վիճակի վերաբերյալ առավել բացասական տրամադրություն ունեցող խմբերը բարձր եւ բարձրագույն կրթությամբ Երեւանի եւ քաղաքային համայնքների արական սեռի բնակիչներ են:

- Ըստ սոցիալական բարեկեցության ինդիկատորների, առավել բացասական գնահատական տված խմբերը միջնակարգ եւ ցածր կրթությամբ ամենից ցածր եկամտային խմբերի ներկայացուցիչներ են: Դա վկայում է, որ եկամուտն առավել նշանակալից ներգործություն ունի մարդկանց ընդհանուր բավարավածության վրա. մասնակի նշանակություն ունեն նաեւ սեռն ու տարիքը:

- Ըստ տարիքային խմբերի, միջին տարիքի ներկայացուցիչները, ովքեր իրենց կյանքում հասել են որոշակի դիրքի եւ ունեն ձեռքբերումներ, ավելի դժգոհ են իրենց սոցիալական բարեկեցությունից:

Սոցիոնոմիկայի տեսությունը

Հասարակական տրամադրությունը տարբերվում է մարդկանց ամենօրյա անհատական տրամադրությունից, չնայած հասարակական եւ մարդկանց անհատական տրամադրությունները փոխկապակցված երեւույթներ են: Որոշ մարդիկ քրոնիկորեն առավել երջանիկ են, քան մյուսները, եւ բնակիչների միջեւ անհատական տարբերությունները հավանաբար եւս պայմանավորում են հասարակական տրամադրությունը: 

Հարկ է նաեւ նշել, որ հասարակական տրամադրությունների վերծանումը չի կարող միանշանակ լինել: Օրինակ, կարելի է ենթադրել, որ ապագայի նկատմամբ առավել լավատեսորեն տրամադրված մարդիկ երեխաներ ունենալու առավել  հավանական ցանկության կունենան, քան այն մարդիկ, ովքեր ավելի հոռետես են: Սակայն այդ ցանկությունը չի կարող միանշանակ պայմանավորված լինել լավատեսությամբ կամ հոռետեսությամբ, այլ՝ շատ տարբեր պատճառներով (կարիերայի աճ, ազգային/կրոնական պատկանելիություն եւ այլն):

Լիլիթ Նահապետյան, IPSC ընկերության վերլուծաբան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին