Էդվարդ Ջաղացպանյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

5639 դիտում

Էդվարդ Ջաղացպանյան. Իմ կինն իմ ընկերն է



Լինում է չէ, երբ երեկոյան նստում ես պատշգամբում ու հայացքդ գցում աստղերին... Ու, հանկարծ, այդ ամբողջ բազմությունից ընտրում ես մեկին... դե հա կմտածեք ամենամեծին, ամենապայծառին, բայց չէ, ամենամեծն ու պայծառը չեն, որ քեզ հարազատ են.... Ցուցամատդ պարզում ես երկինք ու հոգիդ քեզ տանում է դեպի մի աստղ... աստղ հմմմմ... անգամ լույս չունի, միթե սա աստղ է, դե ոչինչ ես կլուսավորեմ նրան: Գիտես, այսօրվանից դու կդառնաս իմ աստղը, ես քեզ կլուսավորեմ, մենք միասին կլինենք, ես քեզ կպահեմ իմ աչքերի մեջ, որպես կատարելություն, դու կլրացնես ինձ, ես քեզ .... Այդպես ել եղավ….

Երբ մենք հանդիպեցինք առաջին անգամ, բանակից  նոր էի վերադարձել, նոր մտնում էի կյանքի բնականոն ռիթմի մեջ, գտել էի աշխատանք, կողքիս էին ընկերներս, իմ խենթերը…, կարծես ամեն բան լավ էր: Բայց չէ. մի բան պակաս էր… Այն նույն պակասի զգացողությունն էր, որ արդեն քանի տարի ես զգում էի: Ես ուզում էի գտնել իմ աստղին, այն միակին, որ սպասում էր ինձ, որ գտնեմ իրեն, լուսավորեմ ու այլևս երբեք չկորցնեմ: Հիշում եմ, դեկտեմբերի երեսունն էր, երբ բոլորս հրաշքի սպասումով ընկած էինք ամանորյա թոհուբոհի մեջ: Անցնում էի  ընկերոջս գործակալության մոտով ու որոշեցի մտնել ներս: Առաջացա, բարևեցի բոլորին, ու հանկարծ անկյունում աշխատակիցներից մեկի կողքին նշմարեցի մի աղջնակի, ում ասես հազար տարի ճանաչում էի, փորձելով հիշել նրա աներևակայելի նուրբ դիմագծերը, ես անշենջ հայացքով նայում էի նրան. նա հայացքս զգալով ամոթխած նայեց աչքերիս, շիկնեց  ու հայացքը փախցրեց… Ախ այդ հայացքը, որ հիշելիս ասես լցվում էր ամբողջ էությունս ու նրան նորից տեսնելու անհագ ցանկությունը սկսում էր կրծել հոգիս:

… Երազում էի մեր հանդիպման մասին… Երբ ես փոխանցեմ առաջին վարդերը նրան ու նա դրանք կընդունի, ես առաջին անգամ կզգամ նրա ձեռքերը իմ ափի մեջ, մենք կլինենք իրար ավելի մոտ քան երբևէ... այդժամ ես ու դու-ն կվերածվի մենք-ի... Մենք երջանիկ կլինենք.... Նա սպիտակ հարսի զգեստով, ես իմ սմոքինգով: Որքան նուրբ կլինի այդ զգեստում: Եթե նա այսքան լուսավոր ու երազային է, ինչպիսին կլինի մեր փոքրիկը: Ավելի երազկոտ, ավելի կատարյալ, ավելի.... Գիտեք, ես չեի ուզուոմ, որ մենք պաշտոնական կին և ամուսին լինեինք, ես ուզում էի նրա հետ ֆիլմ դիտել, զբոսնել, երազել ու ապագա կառուցել: Ես ուզում էի նրան լրացնել, ես ուզում էի կիսատ մնալ, եթե նա էր ինձ լրացնողը լինելու: Ես ուզում էի խելագարվել, ես ուզում էի շնչել նրանով և լինել միայն նրա հետ: Գիտեք, մեր աստղը, որ երկուսիս «համաձուլվածքն» է, այնքան լուսավոր է: Աչուկները, ձեռքերը ամեն ինչ նրանն է... կատարյալ:
Գեղեցիկ է չէ?... Բայց ոչ՝ կյանքը մեզ համար լրիվ այլ իրականություն էր պատրաստել… Ու այն փխրուն էակը, որ դեռ ընդամենը 18 տարեկան էր այնպես պատվով հաղթահարեց ամենը, ու դեռ ավելին, ինձ քաշեց, դուրս բերեց իմ իսկ ստեղծած լաբիրինթից, որտեղից ես հակված էի ամենակործանիչ ելքին: Նա լուսավորեց ուղեղս, միտքս իր համարձակությամբ, իր հաստատակամությամբ: Ես նայում էի ու զարմանում, միթե դիմացս այն նույն անպաշպան աղջիկն է  կանգնած. ով այսօր փրկեց կործանումից երեք ճակատագիր` Իմը, իրենը և մեր  որդունը՝ Արտյոմինս... Կինս այդպես էլ չհագավ այդ երանելի հարսի զգեստը, նա  գիտակցաբար չզգաց  ու չապրեց կնոջը հատուկ բազմաթիվ երջանիկ պահեր, բայց նա երբեք ձեռքս բաց չթողեց, ավելի այն սեղմեց: Նա իր կյանքի ամենախելառ ու հետաքրքիր ուսանողական տարիներն իմ կողքին թաթախեց հոգսաշատ առօրյայով, բայց երբեք չխոսեց այդ մասին: Բայց չէ որ մեր երազանքներն այլ էին, չէ որ նրա փոխարեն ցանկացած մեկը երես կթեքեր ինձանից. կվերացներ ամեն բան ինչ կապված էր ինձ հետ: Բայց նա ցանկացած մեկը չէ՝ նա իմ կյանքի ամենահավատարիմ, ամենահասկացող, ամենաանդավաճան ընկերն է, իմ կյանքի կեսը, այն միակը ով տվեց կյանքիս ամենամեծ դասը, բայց ձեռքս ամուր սեղմած: Նա իմ Արտյոմի մայր է: Այն փոքրիկ աստղն է. ով այսօր դարձել է մեր գաղեցիկ ընտանիքի ողջ ՏԻԵԶԵՐՔԸ…

Եվ հիմա ուզում եմ դիմել կնոջս՝ իմ փխրուն, բայց և անկոտրում, իմ ուրախ, բայց և հոգսաշատ, իմ «փոքրիկ», բայց և իմաստուն ընկերոջը՝ Ես երազում էի հենց քո մասին, հենց քո աչքերի մասին, աչքեր որոնց մեջ ոտք դնելուց հետո այլևս երբեք դուրս գալու ցանկություն չեմ ունենա: Ես երազում էի այն փոքրիկի մասին, որ ունենք հիմա, ում աչքերը քոնն են, ում հոգին նույնքան մաքուր է, որքան քոնը: Ես երազում էի ունենալ քեզ, ով բացի իմ կինը լինելուց կլիներ նաև ընկեր, ում հետ կարելի է զրուցել, ծրագրեր կազմել, ստեղծել սեփական տիեզերքը: Չէ որ դու իմ սեփական տիեզերքն ես: Մենք միասին կարող ենք ամեն բան հաղթահարել, իսկ մեր փոքրիկը...

 – Հեյ, ավազակ տաք էէէ բաժակը, կվառվես....




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին