Արթուր Խաչատրյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

11879 դիտում

Արթուր Խաչատրյան. Իմ կինն իմ ընկերն է



Արդեն քանի տարի է` մենք ունենք օրը սկսելու մեր ամենասիրած ձևը. շուտ ենք արթնանում, քնածներին չխանգարելով` սուսուփուս դուրս ենք գալիս տնից ու քայլում դեպի լողավազան։ Հետաքրքիր թեմաները թողնում ենք ճանապարհի համար։ Հիմնականում նախորդ օրվա համառոտ ամփոփումն է՝ համեմված հումորով ու բարի գույներով։ Երբեմն մեր զրույցն ընդհատվում է ծանոթ շներին ողջունելու, ազատ մայթերը վայելող ագռավների տարիքը որոշելու, կամ ինչ-որ երգի պատառիկ սուլելու պատճառով։

Ամեն օրն ու ժամը համարում եմ վայելք, հատուցումն այն բանի, որ դժվար պահերին էլ բարձր չենք խոսել, որ ուրիշների պատճառով չենք վիճել, իրարից ոչինչ չենք պահանջել, բայց արել ենք ամեն ինչ ցավ չպատճառելու, իրար գոհացնելու համար։ Մի կարգին չենք էլ նեղացրել իրար․ միշտ մի բան խանգարել է դրան։ Չենք ուզել փոխել, փոխվել ենք ինքներս։ Չենք ափսոսացել իրար ասել աշխարհի ամենալավ բառերը:

Բաժանվում են մի հիմար պատճառով: Դեռ հազար այդպիսի պատճառ էլ կունենայիք բաժանվելու, եթե դա պատճառ եք համարել։ Ու ամեն անգամ այդ խնդիրը հաղթահարելիս կամրանայիք, մինչև գար մի պահ, որ պարզ կդառնար․ դուք արդեն այնքան ուժեղ եք, որ ողջ աշխարհն էլ կանգնի` ձեզ չի բաժանի, էլ չեմ ասում՝ աշխարհն էդ միտքը չունի։

Ձեր տնակը փոքր կարող է լինել, բայց փոխարենը խորը հիմք ունենալ ու վերևի հարկեր, ուր կդասավորեք ձեր երազներն ու աստիճաններ կառուցելով` կհասնեք դրանց։

Դեռ պիտի նեղվես, որ կինդ ուշադրությունը միայն երեխաներին է հատկացնում, մինչև հասկանաս, որ նրա հոգսերը կիսելով` իր ժամանակից քեզ էլ բաժին կհասնի։ Դեռ պիտի քո խաղաղությունը գտնես այն երեկոների մեջ, երբ ինքդ ես երգ ու հեքիաթ հորինելու, որ փոքրիկը քնի։ Եվ երբ նա արդեն վաղուց անուշ քնած լինի, դու շարունակելու ես հորինել, քանի որ գիտես` էլի ուկնդիրներ ունես, որ թաքուն ծիծաղում են: Թեթևացած քնելու եք, քանզի դժվարությունները հօդս են ցնդել։ Դեռ պիտի դատարկ գրպանով մտնես տուն, չկարողաս նայել նրա աչքերին, իսկ նա ուրախությամբ քեզ մատուցի մի հատիկ ձվով կլոր ձվածեղ` կանաչիներով զարդարած, որպես տորթ․ ձեր ամուսնության տասնամյակն էր, պարզվում է։ Դեռ պիտի քեզ թվա, թե կինդ արդեն պառավել է, որ սպառվել է միջի կրակը, մինչև հասկանաս, որ ինքդ ես ակամայից ճնշել նրան։ Ու պիտի ստեղծես նպաստավոր պայմաններ, ուր նա պիտի ծաղկի, դառնա առաջվանը` նույն չարաճճի աղջնակը, որպիսին ճանաչել ես դեռ դպրոցից։

Դեռ պիտի հրաշքով փրկվես, ու հիվանդասենյակում քո կողքին լինի ոչ արցունքոտ, այլ շողացող կինդ, ու պիտի քեզ ստիպի ոտքի կանգնելուն պես պարել ձեր սիրած երաժշտության տակ․ ձեր հաղթանակի ու վերագտած երջանկության պարը։ ՈՒ պիտի ի մի բերես, թե որքան ես սիրում կյանքը նրան հանդիպելուց ի վեր, ու թե որքան կիսատ եք դուք առանց իրար։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին