Ղուկաս Խաչիկյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2265 դիտում

Ղուկաս Խաչիկյան. Իմ կինն իմ ընկերն է



Երջանկությանս մասին երբեք չեմ բարձրաձայնել:

Ինչպես ասել է մի փիլիսոփա.  սիրած կնոջը հանդիպող տղամարդիկ դառնում են երջանիկ, մնացածները՝ փիլիսոփա:

Հաղթահարելով պատերազմ տեսած սահմանամերձ գյուղի աղքատիկ կարգավիճակս հասա միջև եվրոպական քաղաքակրթություն, ու  թվում էր, թե ունեմ ամեն ինչ, սակայն միայն թվում էր: Շուրջբոլորս մի տեսակ դատարկ էր, քանզի պակասում էր նա՝ ով պետք է դառնար իմ կինը, նրան ում պետք է վստահեյի իմ կյանքը, ով պետք է լույս աշխարհ բերեր իմ երեխաներին: Երբեմն սարսափում էի սխալ ընտրություն կատարելու մտքից, սակայն վստահում էի նախախնամությանը և հավատում էի, որ կգտնեմ իմ միակին:

Երջանիկ պատահականությունը հետ բերեց ինձ Հայաստան, և կատարվեց անսպասելին՝ գտա տարիներ առաջ անհույս կորցրած այն աղջկան, ով իր ներկայությամբ լցրեց կյանքս:

Պատահական մի հանդիպում էր, իր համար՝ սովորական, ինձ համար՝ անսպասելի: Հետո պետք է իմանայի, որ անհանգիստ վիճակս հենց սկզբից նկատել էր Նելլին, նա, ով կարճ ժամանակ անց դարձավ իմ կինը՝ իմ կյանքի ամենավստահելի ընկերը, ում հետ կիսում եմ կյանքիս յուրաքանչյուր պահը:

Երեք տարի առաջ էր, դեկտեմբերյան մի ցուրտ երեկո: Սովորականի նման այցելեցի ընկերոջս տուն և… և գտա Նելլիիս: Երբ ընկերոջս կինը ծանոթացրեց ու ասաց.- Նելլին է՝ ընկերուհիս, անկախ ինձանից ասացի, որ գիտեմ: Ամեն ինչ այնքան բնական ստացվեց, որ որևէ մեկը չհարցրեց, թե որտեղի±ց գիտես: Կլանված հետևում էի նրա շարժումներին, այնքան վստահ էի, որ գտել եմ նրան, գտել՝ երբեք չկորցնելու պայմանով:

Տուն գնալիս առաջարկեցի միասին գնալ: Սկզբում  լուռ էինք, հետո սկսեցինք սովորական զրույց:

Այդ գիշեր աչք չփակեցի, այնքան երջանիկ էի, այնքան հարուստ… շուրջս տիրող դատարկությունը մի տեսակ լցվել էր: Չգիտեի ինչու էի այդքան վստահ: Մի քանի ՙպատահաբար՚ հանդիպումից հետո այլևս անհնար էր լռել ու չխոսել զգացմունքիս մասին: Անակնկալի եկած լսեց ինձ Նելլին և ասաց.- գոնե գիտե±ս ինչքան փոքր եմ քեզանից, և չսպասելով պատասխանի՝ գնաց…

Անորոշությունը պատել էր ինձ, սակայն չէի հանձնվում: Որոշ ժամանակ անց նորից հանդիպեցինք, այս անգամ որպես օտարներ: Առաջարկեցի տուն ուղեկցել, սակայն ապարդյուն, խոստացա, որ եթե պետք է այլևս չհանդիպենք, ապա  վերջին անգամ տուն ճանապարհելուց հետո, համաձայնվեց: Երկար ժամանակ լուռ էինք, երբ արդեն պետք է իջներ մեքենայից, ասացի որ բացի անկեղծ սիրուց ուրիշ ոչինչ չեմ խոստանում:

Հետո պետք է հանդիպեինք, որովհետև այդպես էր որոշված ի վերուստ: Ճակատագիրը միավորեց մեզ և կարճ ժամանակ անց ամուսնացանք:

Մեկ տարի անց ծնվեց մեր սիրո մարմնավորումը՝  մեր հրաշք Աննան:

Այո, իմ կինն իմ ընկերն է, իմ կյանքի հանդարտությունը,  և ես հպարտանում եմ իրենով:

Սիրում եմ քեզ Նելլի…




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին