Արամ Հակոբյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1915 դիտում

Արամ Հակոբյան. Իմ կինն իմ ընկերն է



...Հինգ օր անընդմեջ զիգզագվում էի հույսի ու տառապանքի արանքում. մեկ ինձ թվում էր՝ մայրս ժպտում է, ուր որ է աչքերը կբացի ու ինձ կնախատի. «Ամո՛թ է, ամո՛թ, քեզ կորցրել ես, բոյի՜դ նայեմ, վիճակի՜դ…», ու մեկ էլ հուսահատությունից կես-գժված արագ-արագ պտտվում էի մահճակալի շուրջը, խնամքով ծածկում ոտքերը, հետո նորից բացում, հպվում ոտքերին, նորից ծածկում:

Վեցերորդ օրը, երբ գիտակցությանս հասավ, որ վերնոյյան «իրոք մրսելս» եկել է, համբուրեցի մորս ճակատը, շշնջացի. «Մինչև  հանդիպենք, մա՛մ…», ու թողեցի հիվանդասենյակի անդուռ, անպատ ու անհոգի տարածքը:

Արդեն մեկ ամիսից ավելի է, ամեն օր գալիս եմ հիվանդանոցին հարակից, այն մղձավանջային օրերին արդեն հարազատ դարձած այգին, քայլում իմիջիայլոց, գնում-գալիս, նստում, քայլում:

…Դիմացից եկող շատ գեղեցիկ մի ուրվագիծ խախտեց մտքերս: Ավելի ուշադիր նայեցի. շատ նրբագեղ էսքիզ, որի ընթացքի փոքր-ինչ անհամաչափությունը լարեց ուղեղս: «Ոտքն է վնասել», – անմիջապես հասկացա ու ինձանից անկախ սլացա նրբագծին դեմ-հանդիման:

– Ինչ-որ բա՞ն է պատահել, թույլ տվեք օգնել Ձեզ:

Էսքիզը վերին մասից սեղմվեց, քիչ փոքրացավ, հետո նորից բարձրացրեց գլուխը.

– Ոչինչ էլ չի պատահել, ես հաշմանդամ եմ, – ժպտաց, – երկրորդ կարգ, –  ու ավելի լայն ժպտաց, այս անգամ՝ սիրո՜ւն աչքերով:

«Ես կկօգնեմ քեզ, մորս չկարողացա, տարիքը թույլ չտվեց, բայց քեզ կօգնեմ, դու էլ ինձ կօգնես՝ քո աչքերով», – մտքով անցա դու-ի:

Ավելի քան համոզված եմ՝ Արարչի շունչը մասնակից է ամուսնու (կին թե տղամարդ) ընտրության գործին. հենց քե՛զ պիտի ես հանդիպեի, միայն դո՛ւ կարողացար այնքա՜ն խնամքով կարկատել հաշմվածիս հոգին, տրամադրությունը, հատիկ-հատիկ վերականգնել ու «թվայնացնել»  զգացական բոլոր նյարդերս, կերտեցիր տաքուկ ընտանեկան անոթ՝ գեղեցկացնելով իմ մեծ ընտանիքի տոհմածառը երեք սիրահյուս, սլացիկ ճյուղիկներով:

Գեղեցիկ ենք քայլում միասին, դու՝ իմ հոգուն ձեռնափայտ, ես քեզ՝ ամուր կողոսկր… քայլում ենք արդեն քառորդ դար ու դեռ մի բան էլ այն կողմ: Դու իմ կողոսկրից ու ես քեզ կողոսկր:

«Մամ, սիրելի՛ մայր, հաստատ գիտեմ՝ քո սրտով կլինի, որ մեր հանդիպումը ուշանա ևս մեկ, ամենաշատը երկու քառորդ-դարով, չմտածես՝ ես իմ ամենալավ ընկերոջ հետ եմ»:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին