Արամ Սարգսյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2246 դիտում

Արամ Սարգսյան. Իմ կինն իմ ընկերն է



Տարբեր տարիքում  տարբեր կերպ ես ընկալում կյանքն ու մարդկանց, տարբեր պահանջներ ու հավակնություններ ունենում նրանցից: Եթե ավելի երիտասարդ հասակում հարաբերությունները հիմնականում կազմում ես զգացմունքայնության վրա, և դոմինանտ շարժիչ է դառնում սերը՝ ամենակարող, ամենաստեղծ, ապա ավելի հասուն տարիքում շեշտը դնում ես գաղափարակից ու համախոհ ընկերոջ որոնման վրա: Ընկեր, ում հետ հնարավոր կլինի կառուցել ու արարել, հաղթահարել ու շարժվել առաջ, ով երես չի թեքի քեզանից, երբ ինչ-որ բան չի ստացվում, կամ սխալ  է , ով շրջապատից վարպետորեն կկոծկի  փոքրիկ խժդժությունները, որոնք  կծագեն ձեր մեջ ու նույն պահին էլ կմոռանա դրանք՝ ավելորդ անգամ թույլ չտալով որ հիշես ու մեղավոր զգաս, ում համար կընկալվես այնպես ինչպես կաս՝ մի փոքր անփույթ, մի փոքր  ցրված, մի փոքր անտարբեր, բայց իրենը՝ այդպես միակը ու ամենալավը, ով ենթատեքստ ու վիրավորանք չի կարդա ասածներիդ մեջ, ով ավելորդ հիստերիայով չի սղոցի ուղեղդ, ով ձեռքը կտանի գրպանդ ոչ թե պարունակության, այլ ընդամենը ստուգելու համար հո պատռված չէ՞,  ով ճիշտ կընկալի այն պահը երբ պիտի լռի, և կորսա վայրկյանը, երբ պետք է փոքրիկ կանացի հնարքներով  այնպես հասնի իր ուզածին, որ անկախ քեզանից , չնայած պարտվել ես , բայց խաբված չզգաս քեզ, հենց այս  թիմակցի հետ պետք է հաղթես կյանք-պայքարի բոլոր մարտերը: Կյանքում ունեցած բոլոր ընկերներից հենց այս մեկի ընտրության ժամանակ սխալվել չի կարելի, որովհետև հենց նրա հետ պիտի ապրես կյանքից էլ ավելի՝ հավերժություն՝ շարունակվելով ու հարատևելով սերունդներիդ մեջ :

Մոտավորապես այսպիսի ընկերոջ ես գտա  ոչ շատ վաղուց, երբ հանդիպեցի կնոջս: Ավելորդ գովաբանություններով ու լճացած ներբողումներով չեմ  ներկայացնի նրան՝ “օրհնելով էն պահը”, երբ Աստված ինձ՝ մեղսավորիս “ընծայեց” այս
“վերերկրային պարգևը”՝ առաջացնելով ոմանց մոտ քմծիծաղ, ոմանց մոտ զարմանք կամ հիացմունք: Պարզապես նա կար ու արդեն իմ կինն է, ավելին՝ ընկերս:

Ասում են, թե ընկերության չափման միավորը տարիներն ու իրենց հետ եկող դժվարություններն են, ու թեև մենք միասին ենք շատ կարճ ժամանակ /մոտ 2 տարի/ և ես չգիտեմ, թե ժամանակը ինչպիսի կնիք կդնի մեր ըկներության վրա, բայց մի բան հստակ է՝ նրա տեսակը ըկճվող ու հանձնվողը չի, այլ հավասարը հավասարի իր ուսերին կրողը այն բարդությունները, որոնք կարող են հանդիպել  կյանքում: Նրա համար չկան փակված դռներ ու անելանելի իրավիճակներ, նրա մեջ կյանք կա ու լավատեսություն, որով նա վարակում է ինձ:

Իմ ընկերը երևի այս տողերը կարդալիս մի փոքր զարմանա, և գուցե նաև իր համար բացահայտում լինի այն, որ մեր  հանդիպումից ի վեր ես չնայած շատ հաճախ չլսելու եմ տալիս ասածները, բաց մեծ մասամբ ականջս իր խորհուրդիկների կարիքն ունի, որ հպարտություն եմ զգում ամեն անգամ, երբ ցանկացած իրավիճակում լուսավոր մի բան է գտնում, որ իր սրաբուխ ծիծաղից  թուլանում է  լարվածությունը…

Երևի արժե շնորհակալ  լինել այս մրցույթից այն բանի համար, որ նա այժմ կիմանա այս ամենը (իսկ գուցե  կռահու՞մ էր),  նաև այն բանի համար, որ հնարավորություն ունեցա մի պահ ետ նայելու ու  հասկանալու գտածոսիս արժեքը:

Իմ կինն իմ ընկերն է… Տարիների ընթացքում  արդեն պարզ  կլինի՝ ընկերոջս հետ ընտանիքի  իմ պատկերացրած մոդելն ենք կերտում, թե՞ մեկ ուրիշը՝ ավելի ներդաշնակ ու հարմոնիկ, գուցե ավելի կայուն ու աներե՞ր: Հենց այդ նույն ժամանակ հնարավոր է՝ ավելի ամրապնդվի իմ համոզմունքը, որ ամուսնու ու կնոջ ընկերությունից  ավելի անխզելի  միություն չկա, համոզմունք, որ ինձ  մոտ ձևավերվել է դեռ մանկուց՝ վառ օրինակ ունենալով ծնողներիս, ում  նախանձելի սիրով ու հավատարմությամբ պարուրված ընկերությունը ձգվում է արդեն 36 տարի: Ընկերություն, որն անցնելով ժամանակի ու տարածության, դժվարությունների ու խոչընդոտների միջով  միաձուլվել,  դարձել է  անքակտելի:
 
……Ասում են, թե կյանքը լիարժեք երջանիկ ապրելու համար անհրաժեշտ է , որ գտնես “ինքդ քեզ” ու  “քոնին” և տա′ Աստված, որ տարիներ անց , ծերության շեմին կանգնած և հետադարձ հայացք գցելով անցած ուղուս, վստահորեն ասեմ. «Ես երջանիկ եմ»…




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին