Գեւորգ Բալբաբյան. Իմ կինն իմ ընկերն է կամ Երբ սեղմում ես քո կյանքի REC-ը - Mediamax.am

2145 դիտում

Գեւորգ Բալբաբյան. Իմ կինն իմ ընկերն է կամ Երբ սեղմում ես քո կյանքի REC-ը



Երբ ճակատագրի բերումով կամ միգուցե ճակատագրի վրա սեփական ցանկություններով ազդելու արդյունքում հայտնվում ես կյանքի հերթական ընտրության ճամփաբաժնին ու մի պահ կանգ առնում՝ աչքիդ առաջ են գալիս անցած տարիներիդ ու կանայք… Եվ երբ այս ամբողջ պատկերները կինոֆիլմի նման արագացված անցնում են առանց կանգ առնելու, այն էլ այն դեպքում երբ հեռակառավարման վահանակը մոտդ է՝ հասկանում ես, որ դրանք երբեք էլ այն չեն եղել, ինչ դու ես կարծել: Եվ մեծ երջանկություն է, երբ ավարտվում է ֆիլմը, բայց քեզ մոտ ամեն ինչ դեռ նոր է պատարաստվում սկսվել, որովհետև նա, ով չի նկարահանվել նախկինում քո և ոչ մի ֆիլմում, հիմա սպասում է իր դերին՝ գլխավոր կանացի դերին նոր ֆիլմում: Թե որքանով է այդ ֆիլմը հավակնելու Օսկարի՝ կախված է հենց նրանից, թե ինչպես ես պատրաստվում նկարել այն:

Երբ գտա իմ ֆիլմի գլխավոր «դերասանուհուն», դա նույնքան հրաշք էր, որքան որ պատմվում է ամենառոմանտիկ ու անհավանական թվացող գրքերում: Բայց հավատացեք, որ այդպես է լինում յուրաքանչյուրի մոտ: Երբ մենք՝ ֆիլմի գլխավոր դերակատարներս գտանք իրար, ես սեղմեցի REC…Ու սկսվեց մեր ֆիլմը…

Շատ դժվար է գրել սցենարը, այն ամենօրյա աշխատանք է պահանջում: Այնպես որ հենց առաջին օրից շատ դժվար էր, հետո մի տեսակ սովորեցի իմ խաղընկերուհուն ու ֆիլմի ամենօրյա սցենարը սկսեց ինքն իրեն գրվել: Մեզ մնում էր  միայն համ ու հոտ տալ նրան: Ֆիլմում գլխավորը նա է… այն միակը, ում ճակատագիրն ինձ է նվիրել: Նա իմ խաղընկերն է, իմ ընկերը, իմ կինը, իմ իմաստը…

Մեկ տարի հետո ֆիլմում որոշեցինք նոր դերակատար մտցնել, որպեսզի ամեն ինչ ավելի իմաստավոր ու հետաքրքիր լինի: Փոքրիկ դերակատարի համար հայտ ներկայացրինք, և  մեզ ուղարկեցին մի հրաշք տղա, ով հենց սկզբից լիարժեք կերպով մտավ իր դերի մեջ ու նոր շունչ հաղորդեց մեր կյանքի ֆիլմին: Իհարկե, դրանից հետո ամեն ինչ ավելի բարդացավ, բայց դե, երբ կողքիդ ունես հիանալի ու ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ ընկեր, ապա ամեն ինչ հեշտ է ընթանում:

Իմ գլխավոր դերասանուհին բացառիկ է… մենք միասին «նկարահանվում ենք» արդեն 4 տարի, բայց դեռ այնքան հետաքրքիր սերիաներ ունենք առաջիկայում, որոնց սպասում ենք մեծ հույսով ու հավատով… յուրաքանչյուր օր մտածում ենք դրանց շուրջ, հետ ենք նայում արդեն պատրաստի տեսարաններին, ծիծաղում չստացված կադրերի վրա, խոսում միմյանց թերությունների, սխալ արտահայտությունների, վարմունքի, վերաբերմունքի մասին, ուղղում միմյանց սխալները, երբեմն բորբոքվում ու բարկանում, վերջապես հանդարտվում, հասկանում, համբուրում միմյանց ու դնում օրվա ավարտը:

Երբեմն  ես զարմանում եմ, թե որքան արժանիք է ներդրել Աստված կնոջ մեջ, որքան խելք, իմաստություն, համբերություն, հավասարակշռություն, արագ կողմնորոշվելու ունակություն, չհանձնվելու, միշտ ամեն ինչ իմանալու, ամեն ինչ սովորելու, ամեն ինչ կարողանալու, ամեն ինչ հասցնելու հատկություն: Կինը տղամարդու համար ուղենիշ է, կողոսկրից ստեղծված, սակայն կատարելության հասված մի էակ, որը միշտ կօգնի դժվարին իրավիճակում, կժպտա ամենատխուր պահին, լույս կսփռի մշուշոտ ներկայի ու անհասկանալի ապագայի վրա…Նրա աչքերում ապրում է արևը…Ես նրան միշտ էլ անվանում եմ Արև /չնայած  անձնագրով անունն Արև չէ /…

Այնպես որ մեր ֆիլմում անձրևոտ եղանակներով տեսարաններն արագ վերջանում են, Արևը միշտ կողքիս է :

Ֆիլմը նկարելն ահավոր դժվար է, մանավանդ եթե դա կյանքի ֆիլմ է… Սա սովորական սիրո պատմություն չէ, որ յուրաքանչյուր սերիայի ավարտին կարող ես նայել մոնատժն ու կտրել-հեռացնել դուրդ չեկած մասը, այստեղ չկա հետդարձի հնարավորություն, յուրաքանչյուր տեսարան կարող ես նկարել միայն մեկ անգամ, որովհետև յուրաքանչյուր վայրկյան, ժամ ու տարի մեկ անգամ է կրկնվում: Այնպես  որ ես աշխատում եմ իմ Արևի հետ վայելել մեր ֆիլմի յուրաքանչյուր պահը…

Արդեն 4 տարի միասին նկարահանվելով նույն ֆիլմում՝ մենք դարձել ենք իսկական ընկերներ, որոնք փորձված են նաև նեղության ու դժվարության պահին: Մենք գտել ենք իրար ու որոշել մնալ ընկերներ հավերժ …

Ես ուզում եմ՝ իմ ֆիլմն արժանանա Օսկարի, բայց ոչ թե ամերիկյան կինոարտադրողների, այլ երկնային… Պետք է պայքարել այդ Օսկարի համար, քանի դեռ կարող եմ ֆիլմ նկարել…




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին