Վահե Քոչարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1331 դիտում

Վահե Քոչարյան. Իմ կինն իմ ընկերն է



Այդ  օրը  երեք  վատ  բան  տեղի  ունեցավ: Չեղյալ  հայտարարվեց  իմ  կյանքի  ամենակարևոր  համերգներից  մեկը,  կորցրեցի  նոթատետրս,  որի  մեջ  իմ  գրած  30-ից  ավելի  երգերի  խոսքեր  էին (որոնց  մեծ  մասը  անգիր  չգիտեի)  և կոտրվեց  կիթառս:

Ես  երաժիշտ եմ:

Չստացված օրվանից  լարված  նյարդերս  հանգստացնելու  համար,  բլյուզ  սիրողին  հատուկ  հանգստությամբ,  քայլեցի  դեպի  իմ  սիրած  պանդոկը:Ուտելիքը  և  գինին կարծես թե  գիտակցությունս  տեղափոխեցին  դեպի  ստամոքս  և  հանգստացա:  Արդեն  սկսել էի  ապագայի  մասին  մտածել,  երբ  շնչակտուր  ներս  մտավ  ընկերս  (այդ  ժամանակ  մենք  միասին  էինք  ապրում  քաղաքի  կենտրոնից  ոչ  հեռու  թաղամասերից  մեկում՝  վարձով) :  Մեծ  արագությամբ  մի  գավաթ  գինի  կոնծեց  ու  ասաց,  որ  հյուրեր  ունենք  և  պետք  է  շտապ  գնանք  տուն:  Ես  առանց  հարցեր  տալու  համաձայնեցի  նրա  հետ:  Տան  ճանապարհին  պատմեց,  որ  իր  հին  ծանոթներից  են  գալու,  քույրեր  են  և  որպեսզի  մենակ  չլինի՝  ինձ  էլ  է  հետը  տանում:

Երեկոն  այնպես  արագ  անցավ,  որ  ինձ  մի  ամբողջ  գիշեր  հարկավոր  եղավ  այն  վերլուծելու  համար:  Իսկ  լուսաբացը  իմ  կյանքի  ամենապարզ  լուսաբացը դարձավ:  Արեգակի  շողերն  ու  սառը  քամին  վազվզում էին  ուղեղիս  ծալքերում:

Նա  դարձավ  իմ  կյանքի  հարկավորը,  պարտադիրը,  սերն  ու  ընկերը:  Մենք  սկսեցինք  ագահաբար  շփվել  միմյանց  հետ:  Կարծես  կորցրած  ժամանակն էինք  փորձում  հետ  բերել:  Նա  ընկերոջ  հոգատարությամբ  կիսում  էր  իմ  առօրյան,  կնոջ  քնքշանքով  սնում  էր  սերս  և  ամեն  օր  դառնում  ավելի  կարևոր:

Մի  քանի  ամիս  անց  մենք  ամուսնացանք:  Սկսվեց  մեր  համատեղ  կյանքի  երկրորդ  էտապը,  որը  նման  էր  մի  ֆիլմի,  որտեղ  բոլոր  դերերը  երկուսով  էինք  խաղում:  Դա  առավել  քան  ընկերություն  էր:  Նույնիսկ  վիճում  էինք  ընկերաբար:  Բարձերով  խփում  էինք  միմյանց,  նեղացած  նստում  սենյակի  տարբեր  անկյուններում,  բայց  վերջում  իհարկե  հաղթում  էր  ընկերությունը և  ճանապարհ  հարթում  սիրո  համար:

Որոշ  ժամանակ  անց  ծնվեց  մեր  փոքրիկը  և  երջանկությունը  կրկնապատկվեց:  Նա  մեր  ողջ  կյանքի  ամենակարևոր  իմաստը  դարձավ:

Սակայն  ժամանակը  մեզ  խժռում  էր,  առօրյա  խնդիրները  մեզ  հեռացնում  էին  սկզբից,  մեր  ընկերությունից,  մեր  սիրուց:  Փողը  ջանք  ու  եռանդ  չէր  խնայում  մեզ  օտարացնելու  համար:

Ի վերջո  մենք  դարձանք  ընդամենը  ծնողներ  և  բաժանվեցինք:  Այդ  օրը  ես  կորցրեցի  նաև  ինձ,  ես  կորցրեցի  ամեն  ինչ:

Ամիսներ  շարունակ  մենք  չէինք  շփվում,  բացի  այն  փոքրիկ  բարևից,  որը  մրմնջում  էինք,  երբ  ես  գնում  էի  փոքրիկիս  տեսության:
 
Ես  նյարդային  և  հոգեկան  կծկումների  մեջ  օրերով  տանից  դուրս  չէի  գալիս:  Ոչ  մեկի  երեսը  տեսնել  չէի  ուզում:  Իսկ  մեղքերս  քավելու համար՝  ճանապարհ  չունեի:

Սակայն  ժամանակը  ամեն  ինչ  բուժում  է:  Մեր  ընտանիքի  դեպքում  առաջինը  բուժեց  կնոջս,  իմ  ուժեղ  կնոջը:

Գիտակցությունս  ինքնաոչնչացման  ճանապարհին  էր  և  ի վերջո  մթագնեց:  Ես  գիտակցությունս  կորցրեցի  հենց  այն  ժամանակ,  երբ  նա  որոշել  էր  այցելել  ինձ,  իբր-թե  ինչ-որ  իրեր  վերցնելու  համար:

Առաջին զգացողությունը, որ նորից ազդակ հանդիսացավ ուղեղիս աշխատանքին,  նրա  սառը  հոգատարությամբ  և  ընկերոջ  անհանգստությամբ  լի  դողով  լցված  ձեռքն  էր: 

Նա  իր  հետ  սկիզբն  էր  բերել,  այն  սկիզբը,  որը  վաղուց  կորցրել  էինք: Սկիզբը,  որտեղ  հաղթում  է  ընկերությունը  և  ճանապարհ  հարթում  սիրո  համար:

Հիմա  մենք  միասին  ենք:  Ես, Ընկերս (Սերս, Փոքրիկիս  մայրը)  և  փոքրիկս: 

Մենք  երջանիկ ենք,  որովհետև  մենք  ընկերներ  ենք:

Սիրում  եմ  նրան… … …




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին