Նարինե Վարդանյան. Մարդ մնալու արվեստ - Mediamax.am

3500 դիտում

Նարինե Վարդանյան. Մարդ մնալու արվեստ


Նարինե Վարդանյանը
Նարինե Վարդանյանը

«Շիլկա ա»,- ասաց պապան:

Գյուղի ապաստարանի մի անկյունում հավաքվել էինք թաղով՝ մինչև կրակոցները դադարեին:

Հարևանիս փոքրիկ տղան բռնել էր ձեռքս ու ամեն հարվածի հետ սեղմում էր՝ ցավացնելու աստիճան:
-Արթուրիկ, չես վախում, չէ՞:

Գլխի շարժում «չէ» էր ասում ու ավելի կծկվում ձայներից:
Մի պահ լռություն էր, Արթուրիկը դարձավ մորը.

-Մա՛մ, թուրքերը երեխա չունե՞ն:

Մենք թաց հայացքներս փախցրինք երեխայից ու հոգոց հանեցինք:

Ես ուզեցի մեծ լիներ Արթուրիկը, որ հերթապահ բառեր ասեի այն մասին, թե ինչպես է պատերազմն այլանդակում մարդուն՝ հոգուց մինչև դիմագծեր ու ժպիտ, որ պատմեի, թե որքան մեղավոր ենք բոլորս, թե որքան նույնն ենք մենք՝ սահմանից այս կողմ ու այն կողմ…
Ես կրակոցների տակ վերհիշեցի Մովսեսգյուղցի տատիս արած պատմությունը՝ քսանհինգ տարի առաջվա պատերազմից, այն պատերազմից, որի տակ ծնվեցի ու մեծացա՝ քսաներկու տարի ամեն օր զգալով դրա ցավեցնող եղունգները ափիս: Մարդ դառնալու քսաներկու տարիներիս՝ ամեն օր... Իմ ամենօրյա ներքին կռիվը՝ պատերազմի կռիվը մարդու դեմ քսաներկու տարի շարունակ ավարտվում է տատիս ձայնաշշուկով, ու հաղթում է մարդը: Այս անգամ էլ…
Տատիս ձայնը Մովսեսգյուղի Տափի հողերի առվի ձայնին խառնվել, լցվել էին ականջներիս մեջ:


91-ի Մովսեսգյուղը բացվեց աչքերիս առաջ.

«Սահմանը թուրքի  13 տարեկան տղա երեխա ա անցել». լուրը Տափի հողեր կոչվող հանդամասից հևիհև էր հասել Վիրի թաղը:

Օհան ապերը գոգնոց կապելու ամենօրյա արարողակարգը թողել, կապերը հետ էր քանդել, նստել դատարկ ճաշարանի մի անկյունում: Պատերազմն սկսվելուց ի վեր ճաշարանում համարյա միշտ դատարկ էր, բացառությամբ դեպքերի, երբ գյուղում հերթական զոհին հողին հանձնելուց հետո ճաշարանում օղորմաթասի էին հավաքվում՝ սովորության համաձայն:

Անուշն ասաց, որ իրենց հարևան Խեչոյի տան նկուղ են տարել «գերուն»:

«Սահման գծողիդ…, որ մեզ մարդուց թակարդի ես վերածում, գյուղից ֆրոնտի, տնից՝ գերի պահելու պադվալի… Սահման ու պատերազմ հնարողիդ…»

Խեչոյի կնոջը գրադը խփեց տան առաջ.հինգ ամիս առաջ էր: Գլխահակ մտավ Խեչոյի տուն:
-Ապե՛ր, խնդրանքով եմ եկել:
Խեչոն գլուխը չբարձրացրեց.անթարթ նայում էր սև շրջանակում դրված լուսանկարին:
Խնդրանքը սեղմեց շուրթերի արանքում, սուս-փուս դուրս գնաց:

Գերի  ընկած տղային հսկելու պահակություն սահմանեցին: Գրպանում որսի երկու կտոր միս պահած՝ մտավ Խեչանի նկուղ: Թուրքի տղան մի անկյունում կծկվել ու մթության մեջ շողացող աչքերով իրեն էր նայում: Վախ կար տղայի աչքերում ու աղերսանք: Հրացանն ուսին ծանրացավ:
-Էս էլ Աստծո ստեղծած իսանն ա, էս էլ մարդ ա, բա մարդը մարդուց կվախի՞,- սրտնեղեց, մտմտած Օհանը:
Մոտ գնաց:

-Որդի՛ ջան, մի վախեցի, արի, նստի էս աթոռին, արի մի կտոր բան կեր,- թուրքերեն խոսեց հետը:
Տղան կոտրված ժպտաց.
-Ինձ ե՞րբ եք սպանելու,- Օհանը զարմացած նայեց տղային, ձեռքը թափ տվեց, ոչինչ չասաց, խորովածի կտորները դրեց սեղանին, հաց կտրտեց:
-Կեր, որ տուն գնաս:

Վեց տարեկան դուստրը դռների մոտ դիմավորեց. «Հայրիկ, հայրիկ ջան, թուրքի տղային չեն սպանի, չէ՞»:
Օհանը շփոթվեց.չեն սպանի:

Գիշերը երկարեց, ձգվեց սահմանի երկարությամբ: Չիբուխը քսան անգամ վառեց, մոռացավ: Աչքերի առաջ թուրքի տղայի աչքերն էին, ականջում հարցը՝ ինձ ե՞րբ եք սպանելու:

Չբացվեց առավոտը:

Իր այգու ու Ջաբիրի՝ իր այգու ադրբեջանցի հարևանի այգու արանքում քնեց:

Ջաբիրը եկավ լուսադեմին: Գրկեց, համբուրեց երեսը:

-Օհա՛ն ջան, երեխես...

Թուրքի տղան իր քսանհինգ տարվա թուրք ընկերոջ տղան էր:

...Մարիամի ճակատը համբուրելիս աչքերը փակեց.երեխայի աչքերը չպիտի տեսներ:
Մարիամը մեծի նման խոստացավ չվախենալ: Գետն անցնելիս անգամ ձայն չհանեց:
Սահմանն անցած՝ Մարիամը Ջաբիրի գրկից ձեռքով արեց հորը:
Օհանը բռնեց կուրծքը. «Երեխե՜ս...»:

...Ադրբեջանցի զինվորը մի թեթև շարժում արեց, Մարիամը ճչաց, բռնեց այտը: Մեր դիտակետից հեռադիտակով նայող զինվորը բարձր հայհոյեց ու ձեռքը զենքին տարավ: Պապը՝ հրամանատարը, սաստեց:
-Մարիամիս ի՞նչ եղավ, խի՞ ա լաց լինում:
-Ոչինչ, հոպար ջան:
Մարիամն առիթից օգտվեց, վազեց դեպի հայրը:

Օհանը մի ձեռքով սրբում էր Մարիամի այտի արյունը, մյուսով ամուր բռնած էր պահում թուրքի տղայի ձեռքը:
-Էս ըրեխին կպնող չըլի, էս ըրեխի մազը ծռող չըլի, - գոռում էր մեկ դեպի մեր, մեկ դեպի ադրբեջանական դիրքեր:

-Քեզ նեղացրե՞լ են, Մարիամ ջան, քեֆիդ կպե՞լ են, լաց մի ըլիլ, մամեն սպասում ա տանը, սպաս ա սարքել քեզ նհետի, լաց մի ըլիլ,- ու ինքը կծում էր բեղի մի ծայրը, որի վրա արցունք էր կաթացել:

Մարիամին հրամանատարին հանձնեց, ինքը քայլեց դեպի իրենց սպասող ադրբեջանցիները: Ջաբիրը չկար:

Ինչ-որ տեղից կրակոց լսվեց. քարացան:

Թուրքի տղային շրջեց դեմքով դեպի Ադրբեջան, ինքը մեջքով կպավ մեջքին:
-Էս քյորփին ողջ-առողջ իրա մորը պտի հասցնեմ, էս քյորփեն ի՞նչ  մեղք ունի: Մարդ ա, ըրեխա ա, իսան ա...

Երեխային հանձնեցին, տղան «աթա» գոռալով վազեց, գրկեց ադրբեջանցի տղամարդկանցից մեկին.Ջաբիրը չէր: Բայց հայր էր: Իր նման: Իր չափ:

… Գյուղի հիշողության մեջ մնաց պատմությունը, ինչպես Մարիամի այտին՝ թուրք զինվորի դանակի հետքը: Առաջ պատմությունը շշուկով էին պատմում: Նույնիսկ տատս ինձ շշուկով էր պատմում «Տափի հողերում», այնտեղ, որտեղ Օհան ապերի ու թուրք Ջաբիրի՝ արդեն չմշակվող այգիներն ավարտվում էին, ու սահմանն է սկսվում:

Ես տարիներ շարունակ տատիս շշուկը պահում եմ ներսումս: Ու հիշում եմ էս պատմությունն ամեն անգամ, երբ մարդկանց սիրելուս մեջ ինչ-որ բան խաթարվում է: Ամեն անգամ, երբ կարդում եմ զոհված նոր զինվորի մասին, ամեն անգամ, երբ տանս մեջ կծկվում եմ կրակոցների հարվածների հետ… Ամեն անգամ, երբ պատերազմն ափերս առնում է իր կեղտոտ եղունգների մեջ, իմ մեջ արթնացնում եմ մարդու միջի «Օհան ապերին», որ անմարդկայինին՝ պատերազմին հաղթող դուրս գամ՝ այս անգամ էլ:

Ու իմ ամենօրյա կռիվը՝ պատերազմի կռիվը մարդու դեմ, քսաներկու տարի շարունակ ներսումս ավարտվում է տատիս ձայնաշշուկով, ու հաղթում է մարդը: Այս անգամ էլ…

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին