Անի Ռափյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

3898 դիտում

Անի Ռափյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Անի Ռափյանը
Անի Ռափյանը

Քանի օր է՝ տեսել էի, որ «Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը» թեմայով էսսեների մրցույթ կա հայտարարված, և առաջին ասոցացիան «Ավրորան» էր՝ բեմում և դահլիճում նստած մարդկանց տարբերությամբ: Բայց ասոցացիան և մարդասիրության մասին խոսելու գայթակղությունն էլ «չստիպեցին» թղթին հանձնել մտքրես դրա շուրջ, որովհետև մարդասիրության քո ընկալման մասին գրելը կարծես նույնն է, ինչ հայտարարես, որ դու բարեգործ ես, այնինչ բարեգոծությունը երբեք հայտարարությամբ չի լինում...

Հետո հիշեցի, որ ինձ հաճախ են «մեղադրում» մարդ չճանաչելու մեջ: Չգիտեմ «մեղադրողներն» ինչքանով են ճանաչում ինձ, եթե նման եզրակացության են հանգել, բայց, կարծում եմ, նրանք չեն էլ մտածել՝ իսկ ուզո՞ւմ եմ արդյոք ճանաչել մարդկանց: Մարդ ճանաչելը դժվար է. մարդն ամենաանճանաչելի արարածն է, որ ստեղծվել ու ապրում է: Նկատե՞լ եք՝ ինչ հեշտ ենք ասում՝ «ապրել», իսկ իրականում «ապրելը»-ը ամենաբարդն է. մենք վախենում ենք, խուսափում ենք «մահ» բառից, բայց փոխարենը մեզ համար սովորական է «ապրելը», քանի որ այն, ի տարբերություն մահվան, այնքան հասկանալի է թվում: Ապրելու մասին մեր պատկերացումները նույնքան տարբեր են, որքան մարդիկ. մեկի համար ապրելը նկարելն է, մյուսի համար մեքենան ամենաբարձր արագությամբ վարելը, 3-րդի համար իդեալական ընտանիք ստեղծելը, 4-րդի համար՝ ընտանիքի օրվա հացը վաստակելը, 5-րդի համար՝ 10-րդ՝ նախորդից ավելի շքեղ բանակարան ունենալը, 6-րդի համար՝ վարկով հարսանիք անելը, 7-րդի համար՝ ամեն հնարավոր դեպքում մեկ ուրիշի հոգսը թեթևացնելը...

Հա, ասում էի՝ ընկերներիցս ոմանց թվում է՝ մարդ չեմ ճանաչում, իսկ ես չգիտես ինչ համադրությամբ (մաշկիս վրա եմ զգում դրա ծանրությունը) ծայրահեղորեն ռոմանտիկ եմ և միևնույն ժամանակ ծայրահեղորեն ռեալիստ (իրավունք ունեք կարծելու, որ այդպես չի լինում), և ինձ թույլ կտամ բավականին անհամեստ մի հայտարարություն անել՝ ահագին բան գիտեմ ամենաշատ ուսումնասիրված ու ամենաքիչ բացահայտված էակի՝ մարդու մասին: Երևի այդ հարցում մասնագիտությունն իր դերն ունի. շատերը գիտեն, որ լրագրող եմ, բայց չգիտեն, որ մեկ այլ մասնագիտություն էլ ունեմ՝ հետազոտող եմ՝ նշաններն եմ կարդում, անգամ յոթնաշերտ մտքերի խորքում պահված ասելիքը, հիմնականում տեսնում եմ դիմակների ետևում արդեն անդիմագիծ դարձած ու խամրած դեմքերն ու էությունները... Հաճախ է տեսածս վախեցնում ինձ, որովհետև այդպես կարող է մարել մարդու հանդեպ հավատս, իսկ ես դա չեմ ուզում:

Լրագրությունն ուրիշ մասնագիտություն է. այստեղ կյանքը չես կարող ապրել մի հարթության մեջ: Լրագրությունն ինձ համար իսկապես ապրելակերպ է, որովհետև չես կարող աշխատանքային ժամի ավարտին անջատել համակարգիչը, ձայնագրիչը, թուղթն ու գրիչը տեղավորել դարակում և դուրս գալ «ապրելու», որովհետև առնվազն մտքումդ պատմություններն անավարտ են, կասկածները՝ շատ, փողոցում և այլուր պատահող մանրուքների անվերջանալի շարանը՝ «քայլող», «շարժվող» թեմաներ: Կարող եմ միայն վստահեցնել՝ լրագրությունը մարդասերների մասնագիտություն է:  Ուսանողական տարիներին ինչ-որ դասաժամի այն հարցն էինք քննարկում, թե ինչպես կվարվենք մենք, եթե տեսնենք, որ գետում մարդ է խեղդվում. կնետվե՞նք փրկելու, թե՞ կնկարենք դա: Փրկելու մղումն առաջինն է բարձրաձայնում մեջդ, բայց հետո քեզ հարց են տալիս՝ իսկ եթե նկարես ու բոլորը տեսնեն, որ այդ գետում չի կարելի լողալ, շատերին զերծ կպահես խեղդվելու վտանգից: Գուցե համարեք, որ պրոֆեսիոնալ չէ մոտեցումս, բայց իմ պատասխանը հստակ է՝ թքած նկարի վրա, որովհետև կյանքը սովորեցնելուց ավելի թանկ է. սովորեցնել կարելի է նաև առանց նկարի, իսկ մարդու կյանքն էլ ոչ մի բանով չես կարող փոխարինել: Տեսած կլինեք հայտնի կարճամետրաժ ֆիլմը, որը ներկայացնում է, թե ինչպես է ֆոտոլրագրողը պատերազմական գոտում նկարում այն պահը, երբ զինյալը կրակոցով սպանում է երեխային. այդ աղջիկն իր ընտրությունը կատարել էր դեպի «մասնագիտությունը» և բարձրագույն մրցանակի էր արժանանում դրա համար, այնինչ նա այլևս չէր կարողանում «ապրել»...

Ամեն անգամ մուրացկանի կողքով անցնելիս ոտքս կախ եմ գցում, որովհետև սիրտս առաջ չի գնում: Ես վստահ եմ, որ տատիկիս տարիքի կինը, որը, աչքերիս մեջ նայելով, հավաստիացնում է, որ հիվանդանոցում ծախսել է ողջ գումարը և նրան 800 դրամ է պակասում ավտոկայանից իրենց գյուղ հասնելու համար, խաբում է, որովհետև արդեն նույն նախադասությամբ և տատիկական քնշությամբ որերորդ անգամ է ինձ դիմում,  ես գիտեմ, որ երեխայի բուժման համար գումար հավաքող տղամարդը խաբում է, որովհետև նրա ասած հիվանդությամբ երեխան առանց բուժման երեք տարի չէր ապրի... ես ատում եմ սուտը, սուտ հույզերը, սուտ ապրելը, բայց ոտքս կախ եմ գցում, որովհետև միշտ մի աննշան կասկած հանգիստ չի տալիս՝ իսկ եթե հիվանդ երեխայի պատմությունն իրակա՞ն է...

Գուցե մարդասիրության իմ պատկերացման մասին այնքան էլ հստակորեն չգրեցի, որովհետև գրածս էլ նույնքան ակամայից ու հախուռն ստացվեց, որքան մարդասիրությունն է, որն անպարագիծ է, ու, ըստ իս, նաև չսահմանվող: Մի բան կավելացնեմ միայն՝ աղոթքն աշխարհի ամենանձնական, ամենթաքուն բան է, միակը թաքունների մեջ, որ շատ սիրուն է ու ճիշտ, բայց ուզում եմ կիսվել այն տողով, որով ավարտվում են իմ աղոթքները. անկախ այն հանգամանքից, թե որքան շնորհակալ ու անշնորհակալ եմ իմ աղոթքներում, թե ինչ եմ խնդրում և ինչի համար եմ կռիվ տալիս, միշտ վերջում գիտակից խոնհարությամբ ավելացնում եմ մի բան. «Հայր իմ, օգնիր՝  ապրեմ այնպես, որ արժանի լինեմ քո սիրուն»: Այսքանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին