Սաթենիկ Բալաբեկյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

3242 դիտում

Սաթենիկ Բալաբեկյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Սաթենիկ Բալաբեկյանը
Սաթենիկ Բալաբեկյանը

Արվեստ է Աստծո կողմից երկրի վրա ստեղծված ամեն մի բան, արվեստ է մարդը… Արվեստի միակ նպատակը լավագույնին ձգտելն ու դրանով էլ բարին ու գեղեցիկը մարմնավորելն է: Ցավոք, բնության ու կենդանական աշխարհի կողքին հայտնված մարդը կատարելության ձգտման ճանապարհն այդպես էլ  լիարժեք չի կարողանում գտնել:  Նրանում ամփոփված արվեստը հաճախ  փակ է մնում աշխարհի ու հենց սեփական եսի առաջ: Ինքնամփոփ ու ներփակված… հենց այսպիսի  մարդ-արվեստն էլ  կամաց-կամաց կորցնում է իր փայլը, դուրս է գալիս ցուցադրությունից ու ապրում միայն սեփական կյանքով, միայն սեփական կյանքի համար: Իսկ նրանք, ովքեր մնում են ցուցադրությունում, ամբողջ կյանքում  գեղեցիկ ու բարի զգացողություններ են արթնացնում այն «ուրիշների» մեջ, ովքեր դեռ չեն գիտակցել արվեստ լինելու իրենց ուժը…

Մարդասիրություն բառն այսօր ամենաշատն է  օգտագործվում: Հիմա, երբ սոցիալական ցանցերը շփման լայն դաշտ են ստեղծել, բոլորն են ուզում ցույց տալ մարդասիրության իրենց որակները:  Ու երևի հենց սա էլ կփրկի աշխարհը: Այո՛, միայն մարդասիրությունը, որովհետև միայն մարդ սիրելով մենք կդառնանք ավելի բարի ու գեղեցիկ, վերջին հաշվով էլ բարությունն ու գեղեցկությունը կփրկեն մեզ:

Ի՞նչ է ինձ համար մարդասիրությունը: Մարդասիրությունն առաջին հերթին սկսվում է ցանկացած մարդու սիրելու արվեստով: Մինչև չսիրես, չես կարող օգնել: Ու հենց այստեղ էլ սկսվում է դժբախտությունը, որովհետև մենք երբեմն չենք սիրում միմյանց. մենք չենք սիրում մեր հարևանին, մեր ազգականին, օտարականին, խաբում ենք, ձեռք առնում, բամբասում… էլ ուր մնաց նրանց օգնելն ու սեփական կյանքը նրանց համար զոհելու ցանկությունը: Այստեղ տեղին է հիշատակել այն, որ մարդասիրության գլխավոր նախապայմանը «սիրեցեք զմիմիյանս» աստվածաշնչյան ու մարդկային գլխավոր օրենքն է…

Մարդասիրության բազում օրինակներ կան աշխարհում, շատերն են օգնում, փրկում, զոհում փրկության համար: Ես առայժմ սրանցից ոչ մեկն էլ չեմ արել:  Իսկ ինչու չեմ արել, որովհետև առիթ ու հնարավորություն չեմ ունեցել: Մանկատների ու ծերանոցների համար ամենամսյա բարեգործական ակցիաներին մասնակցելը, փողոցում ծեր տատիկին ու անչափահաս տղային գումար տալը, կույր պապիկին մինչև քաղաքապետարանի շենք հասցնելը  դեռ չեն դարձրել ինձ մարդ-արվեստ…

Ես մայրաքաղաքում չեմ ապրում, ու չեմ էլ կարող՝ չնայած բազմիցս հնարավորություն ունեցել եմ…. Ասածս տարօրինակ կթվա, բայց չեմ կարողանում ուրախ-զվարթ քայլել փողոցներով ու անցումներով ու ամեն քայլափոխի լսել գումար հավաքող երաժշտական ելևէջներ, տեսնել սրբապատկերներ վաճառող անչափահաս  աչքեր… իմ քաղաքում էլ հեշտ չի… կան օգնության կարիք ունեցողներ՝ չնայած առավել թաքնված ու անտեսանալի: Գիտեմ, իրականությունից փախչելն ու աչքերը փակելն ավելի վատ է, բայց ամենավատը տեսնելն ու լիարժեք օգնել չկարողանալու սեփական անկարողությունը զգալն է:

Ու սեփական փոքրությունն էլ ավելի ըմբռնելի դարձավ «Ավրորայի» հերոսներին տեսնելուց հետո: Ու ես հասկացա, որ ոչինչ չի կարող խանգարել, որպեսզի մարդ-ավեստն օրեցօր էլ ավելի ամրապնդի իր դիրքը համամարդկային ցուցադրությունում ու դառնա մի նմուշ, որը կատարյալ է, որից կարելի է օրինակ վերցնել, ոգեշնչվել: Ավրորայի հերոսներն այն մարդ-ավեստներն են, որոնց տեսնելով միայն կարելի է ասել՝ երանի՜…

Մարդասիրության ամենամեծ դրսևորումներից մեկը սեփական օգնության մասին խոսելու անկարողությունն է: Ու այսօր ես ուզում եմ ասել մի բան, որ երբեք չէի ասի, ու ճիշտ չեմ էլ համարում ասելը, պարզապես սեփական օրինակը, թերևս, ամենաճիշտը կլինի: Ես ու ամուսինս միասին ենք արդեն 4 տարի, սկզբում ինձ թվում էր, թե նա մի տեսակ սառն է մարդկանց խնդիրների հանդեպ: Նույն կերպ էլ ես էի ինձ պահում…. Մեզանից յուրաքանչյուրը վստահ էր, որ սեփական կյանքը կառուցելուց ու չնչին գումարները կոմունալ վճարումների վրա ծախսելուց կարևոր ոչինչ չի կարող լինել, բայց երկուսս էլ սխալվում էինք: Ես իրենից թաքուն, ինքն էլ ինձնից թաքուն անում էինք այն, ինչ իմ կարծիքով պիտի անի յուրաքանչյուր մարդ՝ մարդ լինելու արվեստը գտնելու ճանապարհին: Ամուսինս պարբերաբար դրամական օգնություն է փոխանցում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հաշվեհամարներին, ես էլ հետևում եմ աղբամաններից ինչ-որ բան հանող մարդկանց, գտնում նրանց տներն ու երբեմն-երբեմն օգնություն թողնում դռան առաջ… Ամուսինս իմ այս արարքների մասին չգիտի, համենայն դեպս ցույց չի տվել որ գիտի, իսկ ես նրա բարի գործերի մասին իմացել եմ  շատ պատահականորեն, ու նորից նրան չեմ ասել: Տարօրինակ է, որ ամաչում ենք խոսել այդ մասին, երևի չենք ուզում դա համարել ինչ-որ կարևոր բան, չենք ուզում դա դարձնել ուրիշինը, որովհետև ամենակարևորը ներսինն է, այն, ինչը միայն քոնն է… որովհետև դա այնպես է տաքացնում քեզ, ինչպես ոչ մի ծածկոց ու ջեռուցման համակարգ: Զգացե՞լ եք, որ յուրաքանչյուր բարի գործից հետո արևն ավելի պայծառ է դառնում, օդն այնքա՜ն հեշտ է կուլ գնում, ոտքերդ դուրս են գալիս ընթացքից ու մի տեսակ թռչում ես… Այս զգացողությունը չեմ փոխի աշխարհում ուրիշ ոչ մի բանի հետ… Երևի նա էլ… Իսկ ամենալավն այն է, որ ամեն անգամ հասկանում եմ, որ կարող եմ ավելին, որ պիտի անեմ ավելին…

Չեմ կարծում, որ մի օր կդառնամ «Ավրորայի» հերոս, բայց հոգուս մի անկյունում անթաքույց երազնում եմ այդ մասին: Պարզապես դեռ չգիտեմ, թե ինչ պետք է անեմ և ինչպես: Հուսով եմ կյանքն ամեն ինչ ցույց կտա…

Մի բան հաստատ է.  պետք է ձգտեմ անել այնպես, որ կարողանամ  ինձ համար թումանյանական հանրահայտ տողերում «հեռու» բառը «մոտիկով» փոխարինել, որովհետև սրա համար է Աստված ստեղծել մեզ… սա է մեր կոչումը….

…Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

 

 

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին