Ժենի Քոչարյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

6201 դիտում

Ժենի Քոչարյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Ժենի Քոչարյանը
Ժենի Քոչարյանը

2000 կամ 2001 թվականն էր. վստահ չեմ հիշում: 13-14 տարեկան դեռահաս աղջնակ էի՝ կյանքի հանդեպ իմ ուրույն պատկերացումներով: Մեր փողոցով գրեթե ամեն օր մի պապիկ էր անցում ՝  բարձր ձայնով խոսելով, բղավելով,  հայհոյելով աշխարհին ու մարդկանց: Բակի երեխաներն ու նաեւ ես վախենում էինք, երբ նրան էինք հանդիպում.

«Գիժ պապիկն եկավ»,-այդպես էին նրան կոչում  երեխաներն ու վախվորած փախչում:

Մուկուչ պապն էր. ավելի ուշ իմացա նրա անունը: Մեզանից մի փողոց վերեւ էր նրա տունը: Միայնակ ծերունի էր. ոչ ոք չուներ: Իմացա նաեւ, որ որդին ինքնասպան էր եղել հենց իրենց տանը, կախվել էր: Մուկուչ պապը մասնագիտությամբ քարտաշ էր, նույնիսկ մինչ որդու մահը դռնապան էր աշխատել ռեստորաններից մեկում:

... Բայց կյանքի հարվածները նրան կիսախելագար էին դարձրել:

Մի օր դպրոցից տուն եկա ու մեր տան բակում տեսա հենց նույն Մուկուչ պապին: Զարմացա, անկեղծ, նույնիսկ զայրացա: Նրանից գարշահոտություն էր փչում. հավանաբար վաղուց չէր լողացել: Զարմանքս ու զայրույթս կրկնապատկվեց, երբ տեսա՝ հայրս ինչ է անում: Նայում էի նրա գործողություններին՝ դեռահասական իմ բարկացկոտ հայացքով. բայց որեւէ բան փոխել չէի կարող: Հայրս մեծ դժվարությամբ հանեց Մուկուչ պապի կոշիկներն ու սկսեց ոտքերի եգունգները կտրել: Զարմացա՝ տեսնելով նրա ոտքերի եգունգների երկարությունն ու կոշտությունը... ու ինչպես էր նա կարողանում կոշիկ հագնել ու քայլել... Հայրս խնամքով կտրեց եգունգները, ոտքերը լվաց, նոր գուլպաներ տվեց նրան ու ճանապարհեց:

Այդ օրը շատ վիճեցի հորս հետ, ինձ համար «նվաստացուցիչ» էր նրա քայլը, ոնց կարելի է «գիժ եւ կեղտոտ» պապիկին տուն բերել, ոտքերի եղունգները կտրել...Ի՞նչ կմտածեն իմ ընկերները, «գիժ պապին» մեր տուն է եկել: Այո՛, դեռահաս էի ու կարճամիտ:

Այդ օրվանից հետո Մուկուչ պապը հաճախ էր մեր տուն գալիս, հայրս խնամում էր նրան, երբեմն նաեւ օղի հյուրասիրում, զրուցում ու քաջալերում: Հորս հետ ընկերանալուց հետո Մուկուչ պապը փոխվել էր, ոչ միշտ էլ  բղավում ու հայհոյում:

Մի քանի տարի անց նա մահացավ: Թաղման օրը  «հարազատների» ու «բարեկամների» պակաս չզգացվեց... միայնակ պապի տունն իրենցով անելու ցանկացողները ,բնականաբար, շատ էին:

... Տարիներ են անցել այդ դեպքից, կյանքի հանդեպ պատկերացումներս այլեւս նույնը չեն: Հորս հետ հաճախ եմ զրուցում մարդկային տեսակի, մարդասիրության եւ մարդկային չարության մասին: Նա ինձ առ այսօր շատ բան է սովորեցնում՝ օգնել աղքատին, ընկածին, հիվանդին: Լինել անօգնականի կողքին...  Օգնել՝ եթե ոչ ֆինանսապես, ապա գործով, խոսքով, ջերմությամբ եւ սիրով:

Մուկուչ պապի պատմությունը գրեթե միշտ եմ հիշում: Այսօր էլ մեր կողքին շատ «Մուկուչ պապեր» կան, ովքեր մարդասիրության ու սիրո կարիք ունեն: Մի լավ խոսք, բարի վերաբերմունք, սեր կարող է շատ բան փոխել...Ես հավատում եմ...

Ու մենք կարող ենք փոխել, յուրաքանչյուրս կարող ենք... պետք է ուղղակի շատ սիրել:

ՀԳ. Պատմությունն իրական է, դեպքը տեղի է ունեցել Երեւանում, հերոսի անունն էլ փոփոխված չէ:

 

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին