Արցուհի Գրիգորյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

45284 դիտում

Արցուհի Գրիգորյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Արցուհի Գրիգորյանը
Արցուհի Գրիգորյանը

Հիշում եմ տարիներ առաջ, երբ դեռ դպրոցական էի եւ ուսուցչուհիս հանձնարարել էր գրել շարադրություն ՝ «Ամենակարեւոր բանն աշխարհում» թեմայով, ես շարադրությունս սկսել էի հետեւյալ տողերով. «Ամենակարեւոր բանն աշխարհում լավ մարդ լինելն է...»։

Այս տողերի համար ուսուցչուհիս բոլոր աշակերտների ներկայությամբ գովեստի խոսքեր հնչեցրեց իմ հասցեին։ Այն ժամանակ ես չէի հասկանում այդ ինչ արտասովոր տողեր էին, որոնց համար նման գովասանքի արժանացա, բայց հիմա, երբ այդ օրվանից անցել է արդեն շուրջ տասը տարի նոր եմ հասկանում,թե ինչն էր պատճառը, քանի որ գիտակցաբար թե անգիտակցաբար գրել էի մի բան, որի ամբողջ իմաստը պետք է հասկանայի ավելի հասուն տարիքում։

Զուր չեն ասում՝ ամենաբարդ մասնագիտությունը մարդ լինելն է։ Քանի որ, եթե քո մեջ իսկապես կրում ես այն բոլոր հատկությունները՝ սիրելու ունակությունը, կարեկցանքը, հանդուրժողականությունը, որոնք քեզ դարձնում են արժանի լինելու այդ կոչմանը ուրեմն դու հաղթանակած ես։ Իմ պատկերացմամբ մարդասիրությունը սկսվում է բարությունից, կարեկցանքից, սիրուց։ Սեր հայրենիքի, ծնողի, երեխայի նկատմամբ կարծես օրինաչափություն է, բայց եթե մարդ ունակ է սեր, կարեկցանք, բարություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ ում չի ճանաչում ես այն կոչում եմ ՝մարդասիրություն։ Ոչինչ երբեք չի կարող մարդու հոգին ուրախացնել այնքան, որքան կատարածդ բարության դիմաց երախտագիտություն կարդալը ուրիշի աչքերում։ Ինքս ինձ լիարժեք մարդ եմ զգում, երբ որեւէ բանով կարողանում եմ օգնել դիմացինին եւ ոչ միայն իմ մերձավորին այլ ուրիշին, ում չեմ ճանաչում, տատիկին որը տարիների հոգսը ուսերին փորձում է ծանր պայուսակներով անցնել փողոցը, տիկնոջը, որը ընտանիքի մեծ հոգսը ուսերին աշխատում է օրնիբուն,ուսանողին ով ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում ուսման վարձը վճարել։ Բայց չէ որ վերջինս նույնպես ունի սովորելու մեզնից ոչ պակաս ցանկություն։ Ես ականատես եմ եղել մի դեպքի, երբ ուսանողներից մեկը չկարողանալով վճարել ուսման վարձը պետք է դուրս մնար համալսարանից, բայց իր համակուրսեցիները գումար էին հավաքել որպեսզի օգնեն նրան։ Եվ օգնեցին...

Ինձ համար սա է մարդասիրություն մի տեսակ, հիրավի մարդ լինելու արվեստ։ Մարդասիրությունը օգնելու, սատարելու, չմեղադրելու կարողությունն է։ Հասկանալ մարդուն, իր արարքներհ եւ դրդապատճառները։ Ոչ ոք հենց այնպես երբեք չի չարանում։ Չարանում են անզորությունից, դժվարություններից,կյանքի անարդարությունից։ Այդ պատճառով պետք է օգնել դիմացինին վերագտնել իրեն եւ այդ ամենը անել ոչ թե խորհուրդներով, այլ պարզապես աջակցելով դիմացինին նրան հասկացնելով, որ բոլորի կյանքում էլ լինում են դժվարություններ, պարտություններ, բայց ամենակարեւորը այդ ամենից պատվով դուրս գալն է հաղթահարելով եւ չչարանալով։ Եվ այս ամենը անելու համար մարդուն կարող է օգնի միայն մարդը իր բարությամբ եւ կարեկցանքով։ Մարդասիրությունը ոչ միայն բնորոշվում է այլ մարդկանց նկատմամբ վերաբերմունքով այլ նաեւ բնության ,կենդանիների հանդեպ սրտացավությամբ։ Բնությունը նման է մարդուն կարող է ժպտալ եւ փայլել արեւի ,բարկանալ կայծակի եւ ամպրոպի, լաց լինել անձրեւի տեսքով։ Եվ ուրեմն ինչպես կարող ենք չսիրել բնությունը վնասել նրան եւ այն կենդանիներին, որոնք ապրում են մեր կողքին չէ որ նրանք էլ են մեր երկրագնդի մի մասնիկը,մերը ...

Ամեն դրական բանի կողքին կա նաեւ բացասականը, որի հետ կամա թե ակամա ստիպված ենք լինում,մենք մարդիկս առնչվել ։21-րդ դարում շատերը առաջնորդվում են շահով։ Հիմա մարդկային բարի, պարզ վերաբերմունքը փոխարինվել է «հարուստ ես, ուրեմն մարդ ես,հարգված ես» անիմաստ կարգախոսով։ Կարեւորվում է թե ինչ մեքենա ես վարում, ինչպիսի բնակարանում ես ապրում, ոչ թե ինչ մարդկային արժանիքներ ունես ինչպիսի գաղափարներով ես առաջնորդվում եւ այլն։ Խորապես ցավում եմ այս երեւույթի համար։ Ակամայից հիշեցի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի խոսքերը. «Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երեւակայում են, թե ճանաչեցին մարդուն…

Պատահական չէ ,որ ես անդրադարձ այս ստեղծագործությանը, քանի որ այն մարդասիրության, կարեկցանքի, հոգատարության մասին լավագույն արտահայտումն է, որը արդիական բոլոր ժամանակներում։ Եվ այս արծարծված խնդիրը եղել է բոլոր դարաշրջաններում։ Պարզապես այս գորշ իրականության մեջ որպես սփոփանք գալիս է մի նոր սերունդ, իմ հայի ուժեղ եւ մարդասեր սերունդը, որը ապշեցնում է ինձ, երբ ականատես եմ լինում թե իմ սերնդակիցները, ինչպես են վերաբերվում իրենց հայրենիքին հպարտանում եմ նրանց ոգու եւ մտքի ազատությամբ,բարությամբ այն սիրով որը զգում եմ միմիանց նկատմամբ։ Տեսել եք որքան կամավորներ ունենք թե ինչ սիրով են կատարում այն գործը, որը վստահվել է իրենց, չէ որ դա նույնպես մարդասիրության,մարդկային բարձր որակների մեծագույն դրսեւորումն է։ Այս տարի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում ամենամյա ծաղկահավաքի ժամանակ ականատես եղա ինչպես են մի խումբ մեծեր, երիտասարդներ, երեխաներ անտեսելով եղականակային պայմանները՝ անձրեւը, հավաքում եղած ծաղիկները, հետագայում որպես հումք օգտագործելու համար։ Ինչ է սա եթե ոչ մարդասիրություն, խոնարհում հայրենիքի, անմեղ զոհերի հիշատակին։ Այդպիսի րոպեներին աշխարհը ինձ համար դառնում է անթերի գեղեցիկ, սիրտս լցվում է անասելի ոգեւորությամբ, ապրելու ցանկությամբ։ Հասկանում եմ, որ եթե աշխարհի բոլոր մարդիկ ինչ որ հրաշքով սկսեն սիրել միմիանց, իրենց երկիրը ազգակիցներին եւ ոչ միայն, աշխարհը կդառնա ավելի բարի եւ չի լինի կռվելու առիթ,խաղաղությունը կթեւածի ամենուր ու մարդը իսկապես կդառնա արժանի այն կոչմանը, որը իվերուստ տրվել է իրեն։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին