Սոնա Բախշյան. Մարդասիրություն. Մարդ լինելու արվեստը - Mediamax.am

3193 դիտում

Սոնա Բախշյան. Մարդասիրություն. Մարդ լինելու արվեստը


Սոնա Բախշյանը
Սոնա Բախշյանը

Իսկ երբևիցե փորձե՞լ եք հասկանալ մարդասիրությունը ինչ դրսևորում է, հողեղե՞ն է, թե՞ օդեղեն: Յուրաքանչյուրն էլ ունի իր պատկերացումը այս ամենի վերաբերյալ: Եթե այս էսսեն գրեի մի քանի ամիս առաջ, գուցե առաջին հերթին անձնական դեպքեր հիշեի, բայց ապրիլյան պատերազմը իր խորը հետքը թողեց իմ կյանքում:

Ադրբեջանական կողմի նախահարձակ շրջանում առաջխաղացման պահին մի ողջ խրամատ գերի մնաց. հայտարարվեց 16 անհետ կորած զինվորների մասին լուրը: Տեղեկատվությունն առաջին իսկ պահին կարդացողի մոտ թևաթափություն է առաջացնում, իսկ հայ սպայի մո՞տ: Հայ անկոտրում սպաներից էր փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանը, որն իր չորս սպա ընկերների հետ առանց հապաղելու քայլ առաջ արեց՝ փրկելու զինվորների կյանքը՝ 18-20 տարեկան զիվորների: Ու փրկեցին. օգնության հասնելով՝ հինգ ընկերները մարտի դաշտում կռվի բռնվեցին թշնամու հետ՝ գերի մնացած զինվորներին հետ ուղարկելով, որպեսզի վերականգնվեն և հետագայում շարունակեն մարտերը: Այնուհետև նրանք առաջ շարժվեցին՝ օգնության հասնելու հերթական վաշտին, որտեղ այս անգամ մարտը վարում էր ժամկետային զինծառայողը՝ հասարակության հիշողության մեջ դաջված հրեշտակային պատկերով Ադամ Սահակյանը: Հինգ ընկերները այս դիրքում ևս պատվով կռվեցին և երբ մոտ էին հաղթանակին, հակառակորդի կողմից հնչեց «Գրադ» կայանի զարկը: Հինգ սպաներից չորսը զոհվեցին, իսկ Օնիկը գլորվեց ձորը, որից հետո նրան վիրավորեցին: Բայց նա դեռ փորձում էր կռվել՝ դիրքը չհանձնելու նպատակով: Ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը փորձում է վիրավոր զինընկերոջը տեղափոխել, բայց, Օնիկը, զգալով մոտալուտ մահը, ավագ լեյտենանտին հրամայում է թողնել իրեն և փրկվել, ինչպես նաև հանձնարարում է որդուն փոխանցել հետևյալը. «Հովոյիս կասես, որ ընտանիքի և հայրենիքի հոգսն իր վրա վերցնի»… Արդեն ապրիլի 11-ին Կարմիր խաչի նախաձեռնությամբ հայկական կողմին հանձնեցին 18՝ մարդասիրության վառ տիպար հայորդիների դիերը, որոնք իրենց մարդ լինելու արվեստով մի ամբողջ ազգի պաշտպանեցին ու պահպանեցին:

Անմահ հերոս մարդասերների ծնողների մոտ վիշտն ու պարծանքը միախառնվել են. որդուն կորցրել են, ձեռք են բերել հավատ առ ազգ, հավատ առ մարդասիրություն, որ նորից ծնեն ու արարեն, լինել մարդասեր ու տալ նոր կյանք, ստեղծել բույլ երազանքների մի նոր կերպար:

Հիմա փորձում եմ հասկանալ, ե՞ս եմ մարդասեր, երբ փոխդեկանս ասաց, որ իմ մարդ տեսակը հարյուր տարին մեկ է ծնվում և ես հարյուր տարվա նոր ծնունդն եմ, թե՞ այն զինվորը, որը կյանքը զոհեց հանուն այն հավատի, որ ինքը, չհասցնելով դառնալ հայր, դարձավ հազարավոր փոքրիկների հայր՝ նրանց նորաթուխ կյանքերը պաշտպանելով սեփական երազանքների ու նպատակների ի չիք դարձման գնով, կամ գո՞ւցե այն սպան, որը երեխաներին ու կնոջը թողնելով նոր հոգսերի մի երկար շարք՝ մարդասիրական դրսևորմամբ փրկեց ինձ, քեզ ու բոլորիս…

Օնիկը քրոջս քեռին էր, որ մարտական ընկերների՝ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, Ռոման Պողոսյանի, մայոր՝ Սուրեն Մելքումյանի և ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի հետ միասին մարդ լինելու արվեստին տիրապետեցին մինչև վերջ…




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին