Կարինե Կարապետյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

5693 դիտում

Կարինե Կարապետյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Կարինե Կարապետյանը
Կարինե Կարապետյանը

Պատմությունը անցած  20-րդ դարում մարդկության աշխարհընկալման  առաջընթացն  ու բազմաթիվ  ձեռքբերումներ  է արձանագրել. ինքնաթիռ  ու  համակարգիչ, հեռուստատեսություն ու հաշվիչ մեքենա, տիեզերանավ, բջջային  հեռախոս ու համացանց.... Պատմությունը  նաև  արձանագրել է, որ  20-րդ դարը  դաժան պատերազմներով ու հակամարտություններով  200 միլիոն մարդու կյանք է խլել.... 20-րդ դարը մարդու գիտակցություն բերեց նաև  այնպիսի եզրեր, ինչպիսիք են «համաշխարհային պատերզմ», «ցեղասպանություն», «միջուկային պատերազմ», «ատոմային ռումբ»...

Օրացույցը  21-րդ դարն է  թերթում  օր-օրի:  Մարդկությունը նորից գիտական ու տեխնոլոգիական առաջընթացներ է արձանագրում, իսկ  ժամանակները  կրկին  զավթողական են՝   ի հեճուկս մարդագթության  ծարավի,  ի հեճուկս մարդու խաղաղ կյանքի  ցանկության:  Եթե  մոլեգնող մարդատյացության  չարիքի  դեմ   չպայքարի  ու հակակաշիռ   չլինի  մարդասիրությունը,   ապա  հավասարակշռությունն  ի օգուտ  չարիքի   սպառնալիք կդառնա մարդկության  համար ....ապա  21-րդ դարը դաժանությամբ  կգերազանցի 20-րդ դարը... 21-րդ  դարը հակասությունների դար է  ու գոյության պայքար է թելադրում:  Հոգիդ հաճախ է խռովում, երկմտում, հուսահատվում: Գիտակցականդ  պայքարի է դուրս գալիս  զգացմունքայինիդ  դեմ. հայրենասե՞ր,  թե՞ մարդասեր...ազգայնամո՞լ, թե՞ կոսմոպոլիտ... զոհ, թե՞ դահիճ...նահատա՞կ,  թե՞ մարդասպան ....հոշոտող,  թե՞  հոշոտվող....Այո՛: Արագության ու մտքի թռիչքի  հետ մեկտեղ ականատես ես , որ մարդը սպանում է մարդուն, երբեմն՝ գազանաբարո  ու անգութ...Մարդուն  ոչնչացնելու  համար գերհզոր  զինատեսակներ են ստեղծվում..... Հայրենասերը   ոչնչացնում է  Թշնամուն.... Ազգը պաշտպանվում  է  Ցեղասպանվելուց..... Պատմական արդարության պահանջը չի նահանջում...

Կյանքի  Չարի ու Բարու հարատև պայքարի հակաբևեռներում  Բարու նժարին  Մարդասիրությունն  է, որ անհատների  ոգու շորհիվ  է շնչում, իսկ մարդատյացությունը  սնվում է ազգայնամոլից, ծայրահեղկանից, ահաբեկիչից, ծավալապաշտությունից...շ

Մարդասիրության  նժարը  Մայր Թերզաների, Հովհաննես Պողոս 2-րդ պապերի,  Դալայ Լամաների, Ավրորաների, Մարգարիտ Բարանկիցեների, Թոմ Քաթինաների ու սովորական մարդագութ անձի   ոգու  ուժն  է պահում, քանի որ նրանք իրենց  կյանքի հետագիծով  ուրվագծում են Մարդ լինելու գիտակցության ձևը՝  կարեկից , ալտրուիստ  ու  չարիքի դեմ պայքարող.... Պատերազմների և աղետների, աղքատության ու համաճարակների ժամանակ մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունները  սոսկ «շտապօգնության»  դեր կկատարեն առանց նման անհատների...

Երբ, որպես շարքային մահկանացու,  երկրագնդի մարդակազմի 7,3միլիարդից  մեկը,  փորձում  ես  ինքդ  էլ  վերլուծել  քո առաքելությունը կյանքում, հասկանում ես, որ ոչ բոլորին է  տրված  լինել Մայր Թերեզա.... Պարզապես Մայր Թերեզաները  ուվագծում են  այն  կերպարները, որոնք  ունակ են  գթության շողով թափանցել  ցանկացած  անհատի ներաշխարհ.... Պարզապես պետք է ներաշխարհդ  հանրահայտ  գրողի  փոքրիկ  ու լուսավոր հերոսի օրինակով  ամեն առավոտ կարգի բերես, մաքրես մոլախոտերց.... ու հաստատ հոգուդ բարության  ծիլերը  կձգվեն ու կսնվեն  Մայր Թեեզաների կերպարներից  ճառագող  շողերից:  Եվ բոլորովին էլ  պարտադիր չէ, որ  համամարդկային  գործունեություն  ծավալես: Որպես  Երկրագնդի  7,3 միլիարդից   մեկը՝  ինքդ  քո  առաքելությունը պետք է համարես  այդ 7,3 միլիարդից  մեկ այլ մարդու  գոնե տառապանք  չպատճառելը.... Մարդու  ցավի կողքով անտարբեր չանցնելը..... կարեկից  լինել , հարգել, աջակցել  Մարդու ապրելու ու  արարելու իրավունքը.... Եթե ներաշխարհդ խաղաղությամբ ու մաքրությամբ  չլցնես, ապա  մարդասիրական մանիֆեստներ, բարոյական ու փիլիսոփայական կատեգորիաներ  ուսումնասիրելով  քո  Մարդ-տեսակը չես կերտի....

 

Մայրս մեր ընտանիքի տանտիկինն է, մայրը և տատիկը: Նա բարձրագույն կրթություն և  փիլիսոփայական կատեգորիաների սահմանումների կարիք չունի:  Երբևէ, բառիս ուղղակի իմաստով մարդասիրության դասեր չի տվել ու առել:  Երբեմն մայրս  էլ է դժգոհում խռովահույզ աշխարհի ու ժամանակների անցուդարձից, կյանքի անարդարությունից.... Բայց  պարզ առօրյայի մի դրվագով  կերտել է իր  Մարդ -տեսակի գիտակցության ձևը :  Մի օր բացահայտեցի, որ  նա  սկզբունքորեն  ու  մշտապես գնում   է   դեղահաբեր, որոնց կարիքը  մեր ընտանիքում ոչ մեկը չունի. ժամանակ առ ժամանակ  դրկից-հարևաններն են  դրանցից  խնդրում  իրենից , կամ էլ  հնարավոր է՝ երբևէ խնդրեն.... առերես  հումորով  եմ վերաբերվում  մորս այդ «սկզբունքին», սակայն նաև  ուրախ եմ, որ  կյանքի անարդարությունները  նրա  ներաշխարհի  բարության  ծիլերը չեն վնասել... Ու  հաստատ համոզված եմ, որ մորս այս կենսակերպը   նրա կողքին մեծացող  թոռնիկների  «մաքուր  տախտակներին»  արդեն   ուրվագծված  է...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին