Բաց երկնքի տակ թանգարան անունը ստացած Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում կան դեռեւս լավ չբացահայտված կամ շատ քիչ ուսումնասիրված հուշարձաններ, որոնց հետ «ապրում ենք» կողք կողքի՝ լավ չպատկերացնելով էլ, թե իրականում ինչ մեծ արժեք ունեն դրանք։ Մեդիամաքսը «Պատմության ոտնահետքերով» շրջում է Հայաստանի այն բնակավայրերում, որոնց տարածքում նշանակալի հնագիտական շերտեր կան ու պատմում դրանց անցյալի եւ ներկայի մասին։
***
Սեւանա լճի հատակում տարիներ շարունակ «թաղված» ընդարձակ դաշտն ու այն հսկող կիկլոպյան հսկա քարերը հեռվից սովորական փոքրիկ ժայռաբլուր են հիշեցնում, բայց ընդամենը մի քանի քայլ եւ գծագրվում է հսկայական ամրոցը, որտեղից պեղված հնագիտական գտածոները (որոնք հնարավորություն են տվել ամրոցը ժամանակագրել) մ․թ․ա․3-րդ հազարամյակի կեսով են թվագրվում։ Քիչ առաջ շարժվելով՝ բացվում են 4-րդ հազարամյակի վերջին ստեղծված բնակավայրի հետքերն ու սկսում «վրձնել» այս տարածքների «դիմանկարը»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այժմյան Լճաշեն գյուղն ամբողջությամբ «նստած է» դամբարանադաշտի վրա։ Դա առաջին պեղավայր է կոչվում, իսկ դրանից արեւելք՝ Սեւան-Գավառ հին մայրուղու հատվածում, երկրորդ պեղավայրն է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հնագույն քաղաքակրթությունը պեղողները
Լճաշենի դամբարանադաշտը «վերակենդանացավ եւ ազատություն ստացավ» 1950-ականների կեսերին՝ Սեւանա լճի ջրերի «նահանջի» արդյունքում։ Լճաշենի շերտերն առաջինը բացած հնագետը Հարություն Մնացականյանն էր, ում աշխատանքներն ընթացան մինչեւ 1970-ականների կեսերը։ Նա պեղեց 204 դամբարան եւ 27 դամբարանաբլուր։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Նա ուսումնասիրեց համապատասխան ծիսակարգով հուղարկավորված առաջնորդների դամբարանները։ Այսպիսի դամբարանները միանգամից տարբերվում են՝ զանգվածային են, հզոր, ինչի համար էլ կոչվում են դամբարանաբլուրներ։ Հարություն Մնացականյանը, մինչեւ 1970-ականների կեսեր, հենց դրանք է պեղել։ Բոլոր գտածոները, այդ թվում՝ կառքերը, դիակառք-սայլերը, որ ցուցադրված են Հայաստանի պատմության թանգարանում, նա է պեղել»,- պատմում է պատմական գիտությունների թեկնածու, Հնագիտության ազգային ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հնագետ Լեւոն Պետրոսյանը, ով Լճաշենում հնագույն քաղաքակրթության գլխավոր պեղողներից մեկն է։ Լճաշենի հնավայրում պեղումներ է արել նաեւ Մանկավարժական համալսարանի դասախոս Վարշամ Ավետյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
1986թ․-ին Հայաստանի կառավարությունը Լճաշենի դամբարանադաշտի արեւելյան եզրի տարածքն ուսումնասիրելու պատվեր տվեց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին, քանի որ այդտեղ նախատեսում էին հաշմանդամություն ունեցող երեխաների համար պանսիոնատ կառուցել։ Այդպես Լեւոն Պետրոսյանը սկսեց իր պեղումները Լճաշենի դամբարանադաշտում, եւ չբավարարվեց այդքանով՝ հետազոտությունները հասցնելով գյուղի տարածք։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կառուցապատման համար նախատեսված տարածքի եւ գյուղի տարածքի միջեւ ընկած հատվածում էլ Լճաշենի երկրորդ հնավայրն էր։ Լեւոն Պետրոսյանը պեղեց մոտ 230 դամբարան եւ 4 դամբարանաբլուր։ Վերջինները միջին բրոնզե դարից մինչեւ ուշ բրոնզի դարի անցման ժամանակաշրջանի էին եւ արտաքինից այնքան զանգվածային չէին, ինչի պատճառով, հնարավոր է՝ ժամանակին վրիպել էին Հարություն Մնացականյանի աչքից։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սեւան-Գավառ հին մայրուղու արեւմտյան կողմում՝ քարակառկառների տակ դամբարանադաշտ կա։ Դա երկրորդ դամբարանադաշտն է, որը մեզ հայտնի չէր եւ դրա մասին ինձ հայտնեց լճաշենցի ճարտարապետ Հայկ Թարփոշյանը։ Այդ տարածքի թաղումները, մեծամասամբ, թալանվել էին մութ ու ցուրտ տարիներին։ Ինձ հասած տեղեկություններով՝ այդ նյութերի մեծ մասը Լեհաստանով տարվել է Եվրոպա։ Հիմնականում փնտրել են արձանիկներ, որոնք կարող էին լավ գնով վաճառվել։ Նյութերի ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ մ․թ․ա 14-րդ դարի վերջում արդեն այդ դամբարանադաշտում թաղումներ չկան։ Այդ դեպքում՝ հզոր համայնքն ո՞ւր էր անհետացել։ Իրականում, ոչ մի տեղ էլ չէին գնացել։ Ես համոզվեցի, որ լճով ծածկված այդ դամբարանադաշտի արեւմտյան եզրը հասել է Սեւան-Գավառ հին մայրուղու մոտ եւ մ․թ․ա 14-րդ դարի վերջում, 13-րդ դարի սկզբում թաղումները տեղափոխվել են աջ կողմը։ Այդտեղ արդեն երկաթի դարաշրջանն է նաեւ ի հայտ գալիս»,- պատմում է Լեւոն Պետրոսյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
1980-ականների կեսին Լճաշենում սկսեցին ամբուլատորիայի կառուցումը, որի տարածքում բլուր էր։ Այդ հատվածը նախկինում լճի տակ չէր եղել։ Հիմքը փորելիս՝ դամբարաններ բացվեցին։
«Հզոր, ամենայն հավանականությամբ, հոգեւոր դասի թաղում հայտնաբերվեց, ինչպես նաեւ երկաթի ժամանակաշրջանի դամբարաններ»,- ասում է Լեւոն Պետրոսյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Առաջնորդների հզոր դամբարանաբլուրները
Լճաշենի հնավայրը ամենաերեւելի հուշարձանն է Հայաստանի բրոնզե դարի մշակույթի ուսումնասիրության առումով։ Լճաշենի դամբարանադաշտի տվյալները սկսում են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչեւ ուրարտական ժամանակաշրջանի սկիզբը, այսինքն՝ մշակույթի զարգացման փուլերի տեսակետից ունիկալ հնարավորություն է, որը թույլ է տալիս ուսումնասիրել պատմության զարգացման փուլերն՝ առանց ընդհատումների։
Լուսանկարը` Մեդիամաքս
Պեղումների գտածոները կարեւոր են թաղումային ծիսակարգի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու առումով։ Կարեւորագույն գտածոները դիակառքերն ու դրանց հետ հայտնաբերված ուղեկցող նյութերն են, որոնք հուշում են հանգուցյալի բարձր դիրքի եւ ունեցած մեծ կարողության մասին։ Երկանիվ կառքերը, քառանիվ ձիասայլերը կաղնու փայտից եւ ծփիից են կառուցված ու փորագրված են։
Լուսանկարը` Մեդիամաքս
Լճաշենում քարարկղային դամբարաններ են, որոնցում թաղումներն արված են ըստ ծիսակարգի։ Շարքային բնակիչները թաղված են աջ (տղամարդիկ) կամ ձախ (կանայք) կողմի վրա, ձեռքերը՝ բռունցք արված, դնչի տակ, ոտքերը՝ կծկված։ Կանանց եւ տղամարդկանց հետ թաղված իրերը ըստ նրանց զբաղմունքի են։ Լճաշենի պեղումներում հայտնաբերվեց գտածո, որը մինչ Շիրակամուտի հնավայրի պեղումները համարվում էր մարտակառքի «Ճ»-աձեւ զարդ, բայց Շիրակամուտի պեղումներից նմանատիպ գտածոյի միջոցով հստակեցվեց, որ դա աղեղ է եւ ոչ թե կառքի մաս։ Հնագետները դա անվանեցին հայկյան աղեղ։ Սայլի թափքի վրա տերն է թաղված, նրա ոտքերի մոտ՝ կինը։ Աղեղը դրված է «մարտական դիրքով, ասես՝ պատրաստ նետահարելու»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Լճաշենի դամբարանադաշտի տարածքում 9-րդ դարում եկեղեցի է կառուցվել, Գանձավանքը կանգուն է եղել մինչեւ 1988թ․-ի երկրաշարժը։
Սեւանի ավազանը հսկող ամրոցը
Լճաշենի ամրոց-բնակատեղին ամբողջությամբ շրջապատված է պարիսպներով։ Կրկնակի պարսպապատ են նաեւ կենտրոնական ամրոցը, բլուրները։
Լուսանկարը` Մեդիամաքս
Միջնաբերդում կամ կիկլոպյան ամրոցում Հարություն Մնացականյանի պեղումները նշանակալի արդյունքներ տվեցին։ Միջնաբերդը տարածքով փոքր է, բայց շատ կարեւոր դիրք է զբաղեցնում. ամրոցից ամբողջ Սեւանի ավազանի տարածքը երեւում է` ինչպես ափի մեջ։ Ամրոցի պարիսպները երկշար են, անմշակ կիկլոպյան քարերով եւ անհաղթահարելի դժվարությունն են ստեղծել թշնամու համար։ Ամրոցը երկու մուտք ունի. հյուսիսարեւելյան կողմում կենտրոնական եւ ամենամեծ մուտքն է, ուր հնարավոր է եղել մտնել կառքերով, սայլերով, իսկ արեւմտյան կողմի մուտքը երկրորդական է ու միայն մարդկանց համար է անցանելի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Բնակատեղիի կառուցման ժամանակաշրջանը հստակ հայտնի չէ։ Հարություն Մնացականյանի պեղումների գտածոները թույլ են տվել հստակ արձանագրել ուշ բրոնզե դարի ժամանակաշրջանը։
«Ամրոցի պարսպապատերի հետքերն անձամբ եմ բացել։ Մաքրելու ժամանակ հնարավոր չեղավ հստակեցնել պարսպի կառուցման ժամանակը, եւ շատ հավանական է, որ պարիսպն իսկապես ուշ բրոնզե դարի է։ Այնուամենայնիվ, հստակ գիտենք, որ այն սկսել է գործել ուշ բրոնզե դարից սկսած եւ շարունակվել է մինչեւ երկաթի տարածման ժամանակաշրջան, մինչեւ Ուրարտու»,- ասում է Լեւոն Պետրոսյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Բնակատեղին ունեցել է ուղիղ փողոցներ։ Դրանք երկու կողմերից կառուցապատված են եղել շրջանաձեւ ու քառանկյուն հիմքերով կացարաններով։ Բնակիչներն այստեղ զբաղվել են հիմնականում անասնապահությամբ, շատ ավելի քիչ՝ երկրագործությամբ (պիտանի հողերը քիչ են եղել), որսորդությամբ եւ այլն։ Տեղաբնիկներն այստեղ ստեղծել են բարձր մշակույթ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Արգիշտիի արձանագրությունը
Լճաշենի վերջին փուլերում մարդկանց կյանքն այնքան է զարգանում, որ հասարակությունը հասնում է միջպետական կազմավորումների սահմաններին։ Հզոր, փոքր պետական միավորումներ են, որից հետո արդեն գալիս է Ուրարտուն՝ դասական պետականությամբ։
Լճաշենում ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի սեպագիր արձանագրություն են հայտնաբերել, որտեղ թագավորը հիշատակվում է Իշտիկունի քաղաքի (ըստ հետազոտողների՝ Լճաշենի հին անունն է), գրավման մասին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ամրոցն Ուրարտուի հետ բացարձակ կապ չունի։ Իսկ ուրարտական արձանագրությունը գտնվել է ամրոցից 1-2 կմ հեռավորության վրա։ Իսկ բուն ամրոցի պեղումներն ուրարտական նյութեր դեռեւս չեն գտել»,- ասում է հնագետ Լեւոն Պետրոսյանը։
Հետաքրքիր է նաեւ, որ ուրարտացիներն այս տարածքում որեւէ նոր բան չեն կառուցել։ Հին, տեղական ավելի քան 20 ամրոց հարմարեցրել են իրենց պաշտպանական նպատակներին։ Ուրարտացիներն այս տարածքում իրենց տեղապահներ են թողել՝ շատ փոքր կայազորով, ինչի մասին են վկայում հնագիտական եզրակացությունները, որ տեղացիները պարբերաբար ըմբոստացել են եւ ուրարտացիները ստիպված են եղել կրկնել արշավանքները։
Լուսանկարը` Մեդիամաքս
Բազիլիկ եկեղեցին
Լճաշեն գյուղի կենտրոնում բազիլիկ եկեղեցի կա։ Ս. Հռիփսիմե եկեղեցին (VII դ.) չի գործում, բայց մեր այցի օրն այնտեղ ժամերգություն էր մատուցվում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ժամերգությունը մեկն է այն բազմաթիվ նախաձեռնություններից, որ իրականացնում է գյուղի Մշակույթի տունը։
Եկեղեցու չորս սյուների վրա կամարներ են եղել, որոնց վրա հենվել է քարե թմբուկը, դրա վրա էլ արդեն՝ քարե գմբեթը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Եկեղեցին, հավանաբար, երկրաշարժից է քանդվել։ 7-րդ դարում այստեղ բնակավայր է եղել։ Պարսկական լծի ժամանակ շահը հայերին այստեղից բռնի տեղափոխել է բուն Պարսկաստանի տարածք, եւ բնակավայրը դատարկվել է ու չի բնակեցվել մինչեւ 1828 թվականը։ Այդ ժամանակ Պարսկաստանից հայերը ներգաղթել են ու վերակառուցել գյուղի եկեղեցին՝ փայտե ծածկ դնելով։ Ես տեսել եմ այդ հազարաշեն փայտե ծածկը, երբ դպրոցական էի։ Եկեղեցին գործում էր մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը, որից հետո վերածվել էր պահեստի»,- պատմում է ծննդով լճաշենցի, ճարտարապետ Հայկ Թարփոշյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ժամանակի ընթացքում ծածկը փտել է, աստիճանաբար քայքայվել։ Հետագայում գյուղացիները փորձել են ամրացնել կառույցը, եւ հիմա էլ նկատելի են եկեղեցու ճարտարապետության հետ որեւէ առնչություն չունեցող քարերը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Լճաշենի կանացի դեմքը
Լճաշենի դամբարանադաշտում եւ ամրոցում շրջում ենք Մշակույթի տան տնօրեն Ռուզաննա Ղարիբյանի հետ, ով 36 տարի աշխատում է գյուղում։ 20 տարեկան էր, երբ սկսեց աշխատել գրադարանում, որից 4 ամիս անց տեղափոխվեց Մշակույթի տուն՝ որպես գեղարվեստական մասի վարիչ։ Մշակույթի եւ համայնքի հանդեպ ջերմեռանդ հոգատարությունը նույն կերպ ապրում է նրա մեջ մինչ օրս։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գյուղի մշակութային կյանքը շատ ակտիվ է․ արվեստի դպրոց ունեն, որտեղ գործում են դաշնամուրի, շվիի, կլառնետի, նկարչության խմբակները։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մշակույթի տունն է հաճախ միջոցառումներ կազմակերպում։ Ունեն նաեւ մարզադպրոց՝ բռնցքամարտի, թեքվանդոյի, ֆուտբոլի խմբերով։ Լճաշենում թանգարան են ստեղծել, որտեղ նաեւ հնավայրից գտածոներ են ցուցադրում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Լճաշենի մշակույթը դարերից խորքից է գալիս, եւ մեր գործն է այդ հարուստ մշակույթը պահպանելը եւ սերունդներին փոխանցելը։ Լճաշենցիները արվեստի, կրթության եւ մշակույթի ակունքներին շատ մոտ կանգնած մարդիկ են։ Մեր մշակութային կյանքն այսօր էլ մեծ թափով քայլում է առաջ։ Մշակույթի տանը գործում են պարի, նկարչության, երգի, կարպետագործության խմբակներ»,- ասում է Ռուզաննա Ղարիբյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
21 տարեկանից Լճաշենի ավագանու անդամ Արմինե Սարիբեկյանն էլ է բոլոր թելերով կապված սիրելի գյուղին եւ իր մոր նման ջանք չի խնայում Լճաշենը զարգացնելու հարցում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Արմինեն 2006 թվականից Երիտասարդական ակումբի կամավոր է եղել, հետո դարձել է համակարգող։ Ավագանու անդամի համար իր թեկնածությունն առաջադրելը մոր՝ Ռուզաննայի առաջարկն է եղել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ակտիվ էի, սիրում էի ամեն ինչից տեղյակ լինել ու մասնակցել գյուղի կյանքին։ Ավագանի դառնալը այդ ամենի լավագույն դրսեւորումն էր, խնդիրներին արդեն համակարգային անդրադառնալու եւ լուծումներ գտնելու բոլորովին այլ հնարավորություններ են առաջանում։ Մեծ սիրով, ոգեւորվածությամբ առաջադրվեցի։ Արդեն երկրորդ անգամ եմ ավագանի դարձել։ Հիմա միակ կինն եմ ավագանիում»,- ասում է Արմինեն՝ կարեւորելով երիտասարդների մասնակցությունը գյուղի կյանքին եւ խնդիրների լուծմանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գյուղացու կյանքը
Լճաշենի ամրոցից իջնելիս 2 տղամարդու ենք հանդիպում: Սարի լանջին նստած նրանք հետեւում են արածող կենդանիներին։ Լճաշենում գյուղացիների մի մասը անասուններին արածեցնում է սեփական ուժերով, բայց մեծ նախիր էլ կա, որը հովիվներն են սարը տանում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինչ ծնվել ենք, անասնապահությամբ ենք զբաղվում։ Առաջ հիմնարկ, ձեռնարկություններ, կոլխոզ, սովխոզ կար, աշխատում էինք, հիմա արդեն անհատ տնտեսություն է»,- ասում է Նորիկ Հայրապետյանը, ով քրոջ որդու հետ է կովերին սարը բերել։
Նախնիները Մակուից են տեղափոխվել Լճաշեն։ Հիմա ինքը 8 հոգանոց ընտանիք ունի։ Նորիկի չորս զավակներից միայն մեծ տղան է մնացել գյուղում, մյուսները կամ արտերկրում են, կամ այլ քաղաք են տեղափոխվել բնակվելու։
Լուսանկարը` Մեդիամաքս
86-ամյա Նորիկն ասում է, որ քաջ առողջություն ունի՝ բնությանը շատ մոտ լինելու շնորհիվ. «Բա էս ծաղկի, կանաչի մեջ ապրող առողջ չի՞ լինի։ Մաքուր օդ շնչիր, մի քանի ժամ քայլիր, հերիք է, որ առողջ ու առույգ լինես»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Խոսակցությունը շարունակվում է գյուղացու՝ ապրուստ վաստակելու շուրջ: Նորիկը պատմում է, որ երիտասարդ տարիներին տարբեր արհեստներով է զբաղվել, իսկ քրոջ որդին՝ Մարտիկը, ավելացնում է․
«Գյուղի մարդիկ խեղճ են ապրում։ Խեղճ ասելով, նկատի ունեմ, որ տանջանքը շատ է, արդյունքը միշտ քիչ է լինում։ Օրվա հացի խնդիր են լուծում, դժվար կյանք է էլի, միշտ մտածմունքի մեջ են գյուղի ժողովուրդը»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Լճաշենն ունի 5 031 բնակիչ, որոնց հիմնականում անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում, մեծ մասը՝ արտագնա աշխատանքի է մեկնում։ Գյուղում կաթի մերթման, լիմոնադի արտադրամասեր են գործում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ապագայի ձայնը
Լճաշենի Մշակույթի տան հարեւանությամբ քաղաքային զբոսայգին է, որտեղ ճանապարհից առաջ որոշում ենք մի քանի րոպե հանգստանալ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեզնից քիչ հեռու հեծանվորդ տղաները մի քանի պտույտ են անում՝ փորձելով գրավել անծանոթների ուշադրությունը։ Մոտենում ենք 10-12 տարեկան տղաներին ու մի քանի րոպե անց կոտրում նրանց «ամաչկոտության շղթան»։
Լուսանկարը` Մեդիամաքս
-Երբ ազատ ժամանակ եմ ունենում, սպորտով եմ զբաղվում։ Երբ հոգնում եմ՝ գիրք եմ կարդում։ Հովհաննես Թումանյանի գրքերն եմ սիրում։ Մարզադպրոցում էլ ֆուտբոլ եմ պարապում, մեծանամ՝ Մեսիի նման ֆուտբոլիստ եմ դառնալու- ասում է Ռոմանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
-Ես նկարչության խմբակ եմ գնում, ասում է 9-ամյա Էրիկը,- ընկերս գնում էր, իմացա, ես էլ որոշեցի նկարչության խմբակ գնալ։ Սիրում եմ նկարել։ Մի անգամ շախմատ եմ նկարել, մեծ կրիա՝ խոտերի մեջ։ Ծով եմ նկարել, մեջը՝ նավ։
Լուսանկարը` Մեդիամաքս
-Մեծանաս, գեղանկարի՞չ ես դառնալու։ Ո՞ւմ նման։ Հովհաննես Այվազովսկո՞ւ,- հարցնում եմ ես։
-Չէ, իրեն չգիտեմ։
- Հա, ես գիտեմ, 9-րդ ալիքն է նկարել, - միջամտում է Դավիթը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տղաները ոգեւորված պատմում են նկարչության, բոքսի, ֆուտբոլի ու ապագայի իրենց երազանքների մասին՝ անկախ իրենց կամքից գծագրելով Լճաշենի ապագայի քարտեզը։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: