Պալյան գերդաստանը Օսմանյան կայսրությունում. Ստամբուլը կերտողները - Mediamax.am

exclusive
13317 դիտում

Պալյան գերդաստանը Օսմանյան կայսրությունում. Ստամբուլը կերտողները


Դոլմաբահչե
Դոլմաբահչե

Լուսանկարը` wikimedia.org

Նյուսրեթիե մզկիթը
Նյուսրեթիե մզկիթը

Լուսանկարը` wikimedia.org

Դոլմաբահչե
Դոլմաբահչե

Լուսանկարը` static.panoramio.com

Դոլմաբահչե, ժամով աշտարակը
Դոլմաբահչե, ժամով աշտարակը

Լուսանկարը` static.panoramio.com

Սարգիս Պալյանը
Սարգիս Պալյանը

Լուսանկարը` turkishculture.org

Կարապետ Պալյանը
Կարապետ Պալյանը

Լուսանկարը` encyclopedia.am

Հակոբ Պալյանը
Հակոբ Պալյանը

Լուսանկարը` encyclopedia.am


Հայ ժողովուրդը, ապրելով եւ արարելով  հայրենիքից դուրս, շոշափելի դեր է խաղացել հյուրընկալած երկրի քաղաքականության, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Ցեղասպանությունը դարձավ այն ջրբաժանը, որից հետո ձեւավորվեց ներկայիս սփյուռքը, սակայն հայ գերդաստանները իրենց հայրենի հողից դուրս ապրել են նաեւ 1915 թ-ի ողբերգությունից առաջ եւ այդ աղետալի իրադարձությունների ժամանակ նեցուկ են եղել իրենց հայրենակիցներին, իսկ հայ ժողովրդի Ցեղասպանությունը վերապրած զավակները, հաստատվելով հայրենիքից հեռու, կարողացել են ոտքի կանգնել եւ նոր կյանք կառուցել:

Աշխարհի բոլոր ծայրերում հնարավոր է հանդիպել հայկական ազգանուն կրող ընտանիքների, որոնք պատմականորեն,, սերնդեսերունդ ապրելով հայրենիքից հեռու, կարողացել են  նշանակալի համբավ ձեռք բերել եւ արժանացել են օտարների հիացմունքին ու դրվատանքին: Այդ գերդաստաններից մի քանիսը ինչ-որ չափով ծանոթ են հայ ընթերցողին, իսկ որոշների գոյության մասին թերեւս քչերը գիտեն, չնայած այն հանգամանքին, որ նրանց գործունեությունը միանգամայն արժանի է ակնածանքի:

Այսպիսով, Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ Մեդիամաքսի նոր շարքը անդրադառնում է հայ նշանավոր գերդաստաններին եւ անհատներին, ում կյանքն ու ազգանպաստ գործունեությունն իրենց հետքն են թողել պատմության մեջ:

Այս անգամ Մեդիամաքսը անդրադարձել է Պալյան գերդաստանին, որի անդամները առավել քան մեկ դար Օսմանյան կայսրությունում եղել են ճարտարապետական ճաշակի թելադրողներ:

Այսօր շատերի համար Ստամբուլը Թուրքիայի ամենագեղեցիկ քաղաքն է` զարդարված հրաշալի կոթողներով ու վեհաշուք կառույցներով: Այստեղ կարծես միաձուլվում են քաղաքակրթությունները, եւ այդ միաձուլումը լիովին արտացոլվում է քաղաքի ճարտարապետության մեջ, որի աչք շլացնող գործերից շատերը պատկանում են հայ ճարտարապետներին` Պալյան ընտանիքի ներկայացուցիչներին, ովքեր Օսմանյան կայսրության արքունի ճարտարապետներն էին:


Նյուսրեթիե մզկիթը:
Լուսանկարը՝ wikimedia.org:

 Համարվում է, որ գերդաստանը «Պալյան» ազգանունը ստացել է անատոլիական Բալի գյուղի անվանումից: Մեկ այլ աղբյուրի համաձայն, ազգանունը ծագել է Պալի Քալֆայի անունից, ով Ստամբուլում հաստատվելով` ծառայության էր անցել Օսմանյան արքունիքում: Այս գերդաստանի առաջին նշանավոր ճարտարապետն եղել է Պալի Քալֆայի թոռը` Մակարը: Փառքն ու ճանաչումը քայլում են նախանձի եւ խարդավանքների հետ ձեռք ձեռքի տված, եւ Մակարը, դառնալով օսմանյան արքունիքում բարձր դիրք գրավող ճարտարապետ, շուտով դառնում է Պալյան գերդաստանի առաջին անդամը, ով արքունի խարդավանքների պատճառով աքսորվում է, սակայն, բարեբախտաբար, շուտով կարողանում է ապացուցել իր անմեղությունը եւ վերադառնում արքունիք:

Մակարի որդին` Գրիգոր Պալյանը, վերջնականապես ամրապնդում է իր գերդաստանի փառքը որպես արքունի ճարտարապետներ: Նրան նույնպես սպառնում էր հոր ճակատագիրը, քանի որ օսմանյան արքունիքում նման փառքի արժանանալը չէր կարող վրիպել սուլթանի մերձավոր շրջապատի կիզակետից, եւ զրպարտության արդյունքում, հայազգի այլ նշանավոր գործիչների հետ մեկտեղ, նա աքսորվում է Կեսարիա:

Աքսորից ազատվելու մի հետաքրքրաշարժ դիպված է պատմում Հ. Ստեփանյանը իր “Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում” գրքում: Համաձայն այդ պատմության, Գրիգոր Պալյանը Կեսարիայից իր ծանոթ մի ամիրայի միջոցով  ապուխտ (բաստուրմա) է ուղարկում սուլթանին, որը շատ է դուր գալիս նրա քիմքին: Սուլթանի մերձավոր, հայազգի Գազազ Արթին ամիրայի ակտիվ միջնորդությամբ Գրիգոր Պալյանն ետ է կանչվում աքսորից: Այս առիթով սուլթանը կատակում էր. “Գիտեի, որ մի շերտ ապուխտ օգտագործելով մուկ են բռնում, սակայն մտքովս բնավ չէր անցնում, որ մարդ կազատվի դրանով”:

Մայրաքաղաք վերադառնալով` Գրիգոր Պալյանը վերականգնում է իր նախկին դիրքն ու փառքը` կրկին զբաղեցնելով արքունի ճարտարապետի պաշտոնը: Գում Գափու թաղամասի Ս. Ասվածածին եկեղեցին, Այնալի Քավաք դղյակը, Նյուսրեթիե մզկիթը... երկար կարելի է թվել այն բոլոր կառույցների անունները, որոնք նրա աշխատանքի արդյունքն են:

Օսմանյան ճարտարապետության վերածնունդը Պալյանների ձեռքերով

Գրիգոր Պալյանի որդու` Կարապետ Պալյանի անվան հետ է կապված Ստամբուլի ամենաշքեղ կառույցներից մեկի` Դոլմաբահչեի հիմնադրումը, որն առանձնանում է իր եվրոպական լուծումներով: Դրանք պայմանավորված էին ժամանակի թելադրանքով, քանի որ 19-րդ դարը համարվում էր Օմանյան վերածննդի ժամանակաշրջան, երբ սուլթանները, թեեւ ձեւականորեն, ձգտում էին բարեփոխումների միջոցով երկիրը «վերակառուցել» եվրոպական տեսքով, իսկ Պալյան ընտանիքի ճարտարապետները առանձնանում էին արեւելյանն ու արեւմտյանը համադրելու իրենց յուրահատուկ ոճով: Չնայած այն հանգամանքին, որ ոճերի նման միաձուլումը քննադատությունների առիթ է հանդիսացել, մասնավորապես, ռուս պատմաբանների կողմից, սակայն հենց այս տարբերակիչ գծի շնորհիվ է, որ տվյալ ժամանակաշրջանում այս ընտանիքի անդամները կարողացել են առանձնանալ եւ տեւական ժամանակ չզիջել իրենց դիրքերը, ինչը հազվադեպ երեւույթ էր:


Դոլմաբահչե:
Լուսանկարը՝ static.panoramio.com:

Պալյանները սերտ կապեր ունենալով Եվրոպայի նկարչական շրջանակների հետ` հատուկ տեղ էին զբաղեցնում Օսմանյան կայսրությունում: Նրանցից շատերն ուսումը ստացել էին Եվրոպայում եւ լավ տիրապետում էին արեւմտյան ճարտարապետության սկզբունքներին: Սա կարեւոր նշանակություն ուներ օսմանյան սուլթանների համար, ովքեր ջանք չէին խնայում ապացուցելու, որ Օսմանյան կայսրությունը ի վիճակի է Եվրոպային համարժեք քայլել: Հատկանշական է, որ Դոլմաբահչեի պատերը զարդարում են նաեւ Հովհաննես Այվազովսկու գործերը, ով հյուրընկալվելով Պալյանների տանը՝ իր ներդրումն էր ունեցել դղյակի ներքին հարդարանքի աշխատանքներում: Մյուս կողմից, Պալյանները օգտագործում էին տեղական կապերը եւ իրենց նախագծերում օգտվում էին նաեւ օսմանյան ճարտարապետական ավանդույթներից, որը նրանց համար ապահովում էր alafranga (թուրք. բառացի` եվրոպական ոճով. նման բնութագիրը կարող էր վնասել Պալյաններին) համարվելուց: Այս ամենը մեծապես նպաստեց, որ Կարապետ Պալյանի մահից հետո նրա գործը արքունիքում շարունակեն որդիները` Նիկողայոսը, Հակոբն ու Սարգիսը, որոնք երեքն էլ վառ անհատականություններ էին եւ հատուկ հարգանք էին վայհելում ինչպես արքունիքում, այնպես էլ հայկական միջավայրում: Մասնավորապես, հայտնի է, որ Տիգրան Չուխաջյանը իր “Արշակ Բ” օպերան ձոնել է վաղամեռիկ Հակոբին, ով մեծահարգ մեկենաս էր եւ հայտնի էր իր տանը կազմակերպվող շքեղ երեկույթներով, որոնք ներշնչանքի աղբյուր էին հանդիսանում շատ արվեստագետների համար: “Արշակ Բ” օպերայի նախերգանքը կատարվել է Հակոբ Պալյանի ապարանքում 1868 թ-ին:

Կարապետ Պալյանից հետո նրա գործը շարունակում է Նիկողայոս Պալյանը: Դոլմաբահչեում նա նախագծում եւ հիմնում է սուլթան Ամբդուլմեջիդի մորը` Վալիդեին նվիրված մզկիթը: Դոլմաբահչեի մեկ այլ կառույց` Ժամով աշտարակը նախագծվել է Սարգիս Պալյանի կողմից` արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի պատվերով:

Հարկ է նշել, որ Պալյանների ընտանիքը, լինելով օսմանյան սուլթանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ եւ կրելով «ամիրա» տիտղոսը, մեծապես օգնում էր Թուրքիայում բնակվող հայերին` հանդես գալով երկրում հայերի ինքնավարությունը մեծացնելու ջանքերով, գրքերի տպագրությամբ, եկեղեցիների կառուցմամբ, երիտասարդ ուսանողներին օժանդակելով, իսկ 1838թ. Կարապետ Պալյանը՝ Քավազ Բեզջյանի եւ Հովհաննես Սերվերյանի հետ համատեղ, հիմնում է Ուքսյուդարեի դպրոցը, որը կրթական կենտրոն է դառնում հայերի համար:

Երբ պատմական ճշմարտությունը բախվում է թուրքական ազգայնականությանը

Ճարտարապետական հնարամտությունը, բազմազանությունն ու ճոխությունը, որով օժտված են Պալյան գերդաստանի ճարտարապետների գործերը, հիացնում են Ստամբուլ այցելած զբոսաշրջիկներին: Թվում է, թե թուրքերը պետք է մեծ երախտիքով հիշեին իրենց քաղաքը կառուցապատած հայ ճարտարապետներին: Մինչդեռ Թուրքիայում պետական քաղաքականության մակարդակի հասցված ժխտողականությունը երբեմն խեղաթյուրում է նաեւ այս փաստը:

«Պաշտոնական թուրք պատմագրությունը ավանդաբար եւ ակնհայտորեն գունազարդում է օսմանյան իրականությունը, փորձ է արվում պրոպագանդել օսմանյան իշխանությունների` ազգային եւ կրոնական հանդուրժողականության առասպելը, ամեն կերպ լռության մատնել կամ նսեմացնել ազգային փոքրամասնություններից սերված գործիչների արգասավոր դերը, երբեմն էլ վերջիններիս վաստակը վերագրել թուրք գործիչներին. սրա վառ օրինակն է 2007թ. Էրզրումի` Աթաթուրքի անվան համալսարանի Գեղարվեստական ֆակուլտետի կազմակերպած «19-րդ դարի ճարտարապետներն ու հայերը» գիտաժողովը Սելման Ջանի գլխավորությամբ: Վերջինս ազգայնամոլ հայտարարությոններով լեցուն խոսքից հետո անցնելով բուն թեմային՝ հայտարարել էր, որ Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցների ճարտարապետ համարվող Պալյան ընտանիքի անդամներն իրականում ճարտարապետ չեն եղել, այլ «վարձու աշխատողներ», իսկ այդ կառույցներն եղել են այլ ճարտարապետների նախագծերը»,- ասում է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Ն. Գինոսյանը: Ինչեւէ, միշտ չէ, որ Թուրքիա այցելած զբոսաշրջիկը բախվում է այս կեղծիքին. պատմական ճշմարտությունը խեղաթյուրելը այնքան էլ հեշտ գործ չէ, եւ երբեմն այն ներկայացվում է զբոսաշրջիկին` թեեւ թուրքական հանդուրժողականության շղարշով պարուրված տեսքով:


Սարգիս Պալյանը:
Լուսանկարը՝ turkishculture.org:

“Զուլումի տարիներ”. հայ ճարտարապետական դինաստիայի անկումը

Աբդուլ Համիդի կամ “Կարմիր սուլթանի” կառավարման տարիները, որոնք պատմության մեջ հայտնի են որպես «զուլումի տարիներ», աղետաբեր եղան հայ ժողովրդի համար, քանի որ հենց նրա օրոք սկսվեցին զանգվածային կոտորածները: Աբդուլ Համիդի դաժան տիրապետոթյունը սասանեց նաեւ Պալյանների դիրքերը: Գիտնական, ճարտարապետ Սարգիս Պալյանը, ում մասին հիացմունքով էր խոսում նույնիսկ եվրոպական մամուլը, շուտով մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու համար եւ արտաքսվում: Նա մահանում է 1899թ.՝ մահից առաջ կարողանալով ձերբազատվել իրեն ներկայացված մեղադրանքների մի մասից:

Այդուհանդերձ, Աբդուլ Համիդի կառավարման տարիներին Սարգիս Պալյանի հեռացումը վերջ դրեց Օսմանյան կայսրությունում  դեռեւս 18-րդ դարում հաստատված եւ բավականին երկար տեւած հայ ճարտարապետական ընտանիքի արքունի լիազորություններին` Թուրքիային թողնելով ճարտարապետության անգնահատելի նմուշներ:

Պատրաստեց Անժելա Կժդրյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին