Լազարյաններ. Ռուսական կայսրության ազնվականները - Mediamax.am

exclusive
9023 դիտում

Լազարյաններ. Ռուսական կայսրության ազնվականները


Հովհաննես Լազարյանը
Հովհաննես Լազարյանը

Լուսանկարը` https://ru.wikipedia.org

Աղազար Լազարյանը
Աղազար Լազարյանը

Լուսանկարը` http://hy.wikipedia.org

Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտը
Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտը

Լուսանկարը` http://hy.wikipedia.org

Խաչատուր Հովակիմի Լազարյանը
Խաչատուր Հովակիմի Լազարյանը

Լուսանկարը` http://www.encyclopedia.am

“Օրլովի ադամանդը”
“Օրլովի ադամանդը”

Լուսանկարը` http://sovetyshka.ru


“Հայ գերդաստաններ” նախագծի հերթական հոդվածը նվիրված է Ռուսական կայսրության ազնվական վերնախավի ներկայացուցիչներ հանդիսացող Լազարյաններին, ովքեր ռուսական արքունիքում բարձր դիրք զբաղեցնելով՝ եղել են անձնվեր հայորդիներ:

Նոր Ջուղայի վաճառատներից դեպի ռուսական ազնվականություն

Լազարյան տոհմի նախահայր է համարվում Ղազարի որդի Խոջա Մանուկը, ով հաստատվելով Սպահանի Նոր Ջուղա թաղամասում՝ սկսել էր առեւտրական գործունեություն ծավալել: Շուտով Լազարյանները կարողանում են կապեր հաստատել Ռուսաստանի հետ եւ մեծ դեր խաղալ Պարսկաստանի առեւտրական կյանքում:


Աղազար Լազարյանը
Լուսանկարը՝ http://hy.wikipedia.org կայքից

1747թ. Աղազար Լազարյանն իր եղբայրների հետ հաստատվում է Աստրախանում, այնուհետեւ՝ 1749թ. տեղափոխվում է Մոսկվա, ուր կարճ ժամանակում կարողանում է ձեռք բերել բազմաթիվ կալվածքներ ու գործարաններ՝ դառնալով Ռոսւաստանի ամենահարուստ կալվածատեր-արդյունաբերողներից մեկը: Շնորհիվ մեծ կարողության եւ ընտանիքի անդամների անձնական բարձր հատկանիշների՝ Լազարյանների ազգանունը շուտով հայտնի է դառնում ողջ Ռուսաստանում: Ռուսական արքունիքում Լազարյանների անունը հատկապես սկսեց հիշատակվել շնորհիվ հայտնի “Օրլովի ադամանդի”, որը Եկատերինա կայսրուհուն էր ձոնվել  կոմս Օրլովի կողմից եւ ռուսական արքունիքում հայտնվել էր հենց Լազարյանների միջոցով: Արդեն 1774թ. Եկատերինա կայսրուհին Աղազար Լազարյանին ժառանգական ազնվականության շնորհ է տալիս:

Կայսերական ֆավորիտը. Հովհաննես Լազարյան

Լազարյանների տոհմի թերեւս ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը Հովհաննես Լազարյանն է: Ունենալով հրաշալի կրթություն ու տիրապետելով մեծ հարստության՝ Հովհաննես Լազարյանը ռուսական արքունիքի ամենաազդեցիկ դեմքերից էր: Հայտնի են Պետերբուրգի հարեւանությամբ գտնվող նրա դղյակում ճոխ ընդունելությունները, որոնց մասնակցում էին ինչպես ռուսական վերնախավի ամենակարկառուն դեմքերը, այնպես էլ Ռուսական կայսրություն ժամանած արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր: Հովհաննես Լազարյանի ունեցած միջազգային աներկբա հեղինակության մասին է վկայում նաեւ 1786թ. ավստրիական կայսր Իոսիֆ Երկրորդի կողմից նրան բարոնի, այնուհետեւ՝ 1788թ. կոմսի կոչումների շնորհումը:

Հովհաննես Լազարյանը Եկատերինա կայսրուհու արքունիքում վարում էր արեւելյան հարցերով խորհրդականի պաշտոնը, այնուհետեւ խորհրդական է նշանակվում նաեւ Ռուսական կայսրության պետական բանկում: Նրա դիրքերը հատկապես ամրապնդվում են Պողոս Առաջինի կառավարման տարիներին, ով Ռուսական կայսրությանը մատուցած ծառայությունների համար Հովհաննես Լազարյանին պարգեւատրում է շքանշանով:

Հայորդու ձեռք բերած հարստությունն ու հեղինակությունը մեծապես ծառայում էին նաեւ հայ ժողովրդի շահերին: Հովհաննես Լազարյանը գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի ազատագրման ծրագրերի մշակմանը, մասնավորապես, Ռուսական կայսրությանն է ներկայացրել “Պարոն Իվան Լազարեւի նոտան” ծրագիրը, ուր հայոց պետականության վերականգնումը կապում էր Ռուսական կայսրության հովանավորության հետ:


Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտը
Լուսանկարը՝ http://hy.wikipedia.org կայքից

Մեծ տեղ հատկացնելով լուսավորությանը՝ Հովհաննես Լազարյանն իր միջոցներով դպրոցներ է բացում Թիֆլիսում, Նոր Նախիջեւանում, Գրիգորիոպոլսում: Ամենանշանակալին թերեւս Լազարյան եղբայրների ջանքերով 1815թ. հիմնված Լազարյան ճեմարանի բացումն էր, որը հետագայում վերաճում է Արեւելյան լեզուների Լազարյան իսնտիտուտի, որն էլ դառնում է Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտի հիմնաքարերից մեկը:
 
Ազնվատոհմի մարումը. Աբամելիք-Լազարյաններ

Հովհաննես Լազարյանի մահվանից հետո նրա եղբայրները՝  Մինաս, Խաչատուր եւ Հովակիմ Լազարյանները շարունակում են ռուսական արքունիքում բարձր դիրք ունենալ, ինչպես նաեւ մտահոգվել հայ ժողովրդի ճակատագրով՝ զբաղվելով հայ եկեղեցու հովանավորությամբ եւ հայ մանուկների լուսավորությամբ: Ազգանվեր գործը շարունակում են նաեւ Հովակիմ Լազարյանի զավակները՝ Հովհաննես, Եղիազար եւ Խաչատուր Լազարյանները: Մասնավորապես, Եղիազար Լազարյանը, լինելով ռուսական բանակի գնդապետ, 1826-1828թթ. մասնակցել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմին, ինչպես նաեւ Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը. պայմանագիր, որի արդյունքում Արեւելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից անցավ ռուսական տիրապետության տակ: 1828թ. նա դառնում է պարսկահայերի գաղթի կազմակերպիչը:

Խաչատուր Լազարյանի մահվամբ վերջ է դրվում Լազարյանների արական ճյուղին: 1873թ. կայսերական հատուկ հրամանագրով Լազարյանների ազգանունը փոխանցվում է Խաչատուր Լազարյանի դստեր ամուսնուն՝ Սիմեոն Դավթի Աբամելիքին (Աբամելիքները վրացական ազնվականներ էին՝ հայկական արմատներով), եւ Աբամելիքներն սկսում են անվանվել Աբամելիք-Լազարյաններ: Ցավոք, Սիմեոն Սիմեոնի Աբամելիքի մահվամբ մարել է նաեւ Աբամելիք-Լազարյանների ճյուղը, եւ այս ազնվատոհմը հեռացել է պատմության թատերաբեմից: 

Անժելա Կժդրյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին