Գյուլբենկյաններ. Ռշտունի ազնվատոհմից մինչ համաշխարհային բարեգործ - Mediamax.am

exclusive
11878 դիտում

Գյուլբենկյաններ. Ռշտունի ազնվատոհմից մինչ համաշխարհային բարեգործ


Գալուստ Գյուլբենկյանը
Գալուստ Գյուլբենկյանը

Լուսանկարը` http://seiran1972.blogspot.com/

Միքայել Եսայանը
Միքայել Եսայանը

Լուսանկարը` http://www.gulbenkian.org.uk

Գալուստ Գյուլբենկյան ինժեները
Գալուստ Գյուլբենկյան ինժեները

Լուսանկարը` http://prosimetron.blogspot.com/

Գալուստ Գյուլբենկյանը՝ մանուկ
Գալուստ Գյուլբենկյանը՝ մանուկ

Լուսանկարը` http://www.gulbenkian.pt/

Մարտին Եսայանը եւ Սերժ Սարգսյանը
Մարտին Եսայանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Մեդիամաքսի «Հայ գերդաստաններ» շարքն այս անգամ անդրադարձել է Գյուլբենկյան գերդաստանի անդամներին, որոնցից ամենանշանավորի` Գալուստ Գյուլբենկյանի միջոցներով ստեղծված եւ նրա անունը կրող հիմնադրամը ցայսօր օգնության ձեռք է մեկնում աշխարհի շատ ազգերին` այդ թվում նաեւ հայ ժողովրդին:

Գյուլբենկյանները հայ Ռշտունիների ժառանգներն են

Ըստ պատմաբան Գեւորգ Փամբուկյանի, Գյուլբենկյան ընտանիքի ծագումը հասնում է մինչեւ 4-րդ դար` Ռշտունի նախարարական տոհմ: Վերջիններս իշխում էին պատմական Հայաստանի Վանա լճի հարավային կողմում` Ռշտունիքում: 11-րդ դարում Արծրունիների հզոր իշխանական տոհմի հետ հակամարտության պատճառով նրանք բնակություն են հաստատում  Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, ուր ստանում են Վարդ Պատրիկ ազնվական տիտղոսը: 17-րդ դարում Ռշտունիները, փորձելով խուսափել թուրքական հալածանքներից, իրենց տիտղոսը թարգմանում են թուրքերեն` «Գյուլ» «Բենկ»: Այս գերդաստանը Կեսարիայի հարուստ եւ հայտնի ընտանինքերից էր, որի անդամներին էին պատկանում մի քանի առեւտրատներ: Վարկածներից մեկի համաձայն, տեղի թուրքական իշխանությունների հալածանքներից փախչելով, 19-րդ դարի կեսին Սարգիս եւ Տիրուհի Գյուլբենկյանները Կեսարիայից տեղափոխվում են Կոստանդնուպոլիս (Ստամբուլ), ուր հիմնում են իրենց առեւտրատունը: Ըստ մեկ այլ վարկածի, Գյուլբենկյան ընտանիքի տեղափոխումը կրում էր սեփական բիզնեսը զարգացնելու եւ ընդլայնելու նպատակ:


Գալուստ Գյուլբենկյանը՝ մանուկ
Լուսանկարը՝  http://seiran1972.blogspot.com

Հաստատվելով Պոլսում` Գյուլբենկյանները հիմնում են իրենց առեւտրատունը, զբաղվում բարեգործությամբ, մասնավորապես, հատկացումներ կատարելով քաղաքի ցայսօր գործող «Սուրբ փրկիչ» հիվանդանոցին, որը կառուցվել էր 1835թ. Հարություն ամիրա Պեզճյանի ջանքերով՝ Կարապետ ամիրա Պալյանի եւ նրա աներոջ` Հովհաննես Սերվերյանի նախագծով: Հատկանշական է, որ հենց այս հիվանդանոցի տարածքում գտնվող նույնանուն եկեղեցու բակում են հանգչում Սարգիս եւ Տիրուհի Գյուլբենկյանների աճյունները:

«Նավթային դիվանագիտության Թահլեյրանը». Գալուստ Գյուլբենկյանը դառնում է ժամանակի ամենաազդեցիկ եւ հարուստ մարդկանցից մեկը

Սարգիս եւ տիրուհի Գյուլբենկյաններն ունենում են երեք զավակ: Առաջնեկը` Գալուստ Գյուլբենկյանը ծնվում է 1869 թ-ին: Նա առանձնանում էր մտավոր բարձր կարողություններով, եւ հայրը կարծում էր, թե որդին պետք է շարունակի իր գործը` զբաղվի մանուֆակտուրայով, սակայն Գալուստ Գհուլբենկյանն այլ ճանապարհ է ընտրում` որոշելով զբաղվել նավթային արդյունաբերությամբ: Անգլիայի Թագավորական քոլեջում ուսումը փայլուն ավարտելուց հետո Գալուստ Գյուլբենկյանը ժամանակի հայ մեծահարուստ Մանթաշյանի հորդորով (ում առեւտրական գրասենյակը գտնվում էր Գյուլբենկյանների առեւտրատան հարեւանությամբ) ուղեւորվում է Բաքու, ուր ծանոթանում է «սեւ ոսկու»  արդյունաբերությանը: Բաքվում անցկացրած ժամանակահատվածը եւ նավթային գործի հետ սերտ առնչությունն իսկական դպրոց են դառնում հայ երիտասարդի համար, ով 1891թ. հրատարակում է «Անդրկովկասը եւ Ապշերոնյան թերակղզին. Ճանապարհորդական հուշեր» գիրքը: Այս աշխատությունը, ինչպես նաեւ Գյուլբենկյանի տպագրած գիտական հոդվածները, նրա վրա սեւեռեցին թուրքական կառավարության ուշադրությունը: Արդեն 1912թ. ստեղծվում է Թուրքական նավթային ընկերությունը, որի արժեթղթերի 15%-ը պատկանում էր բրիտանական քաղաքացիություն ստացած Գալուստ Գյուլբենկյանին: Վերջինիս 1898թ. վստահվեց Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում օսմանյան դեսպանությունների տնտեսական խորհրդականի պաշտոնը:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո իսկական խառնաշփոթ սկսվեց Իրաքում գտնվող նավթային հանքերին տիրանալու համար: 1928թ. կնքված համաձայնագրով, որը պատմության մեջ մտավ որպես «կարմիր գծի» համաձայնագիր, Թուրքական նավթային ընկերությունը վերափոխվեց Իրաքի նավթային ընկերության: Դրա բաժնետոմսերի 5%-ը բաժին հասավ Գալուստ Գյուլբենկյանին, եւ այսպիսով նա ստացավ հանրահայտ «Պարոն 5%» մականունը: Հատկանշական է, որ այդ կարմիր գծերը, որոնք համաձայնագրի ամենակարեւոր բաղադրիչներից էին, գծվել էին հենց «Պարոն 5%-ի» կողմից` մատնանշելու նավթային ընկերությունների գործունեության սահմանները` նրա անվանը ավելացնելով նաեւ «Նավթային դիվանագիտության Թահլեյրան» կոչումը: Այսպիսով, Գալուստ Գյուլբենկյանը դառնում է ժամանակի ամենահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկը:

Գալուստ Գյուլբենկյան հայը  

Գալուստ Գյուլբենկյանը, լինելով նավթաարդյունահանման ոլորտի հմուտ մասնագետ, ազատ տիրապետելով մի քանի լեզուների, ունենալով դիվանագետի ի վերուստ տրված շնորհք եւ արդյունքում «սեւ ոսկու» շուկայում դառնալով իրական լեգենդ` ամենեւին կտրված չէր հայկական միջավայրից: Բավական է նշել, որ նա որոշ ժամանակ եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը, սակայն Սովետական Հայաստանի կառավարության հետ կապված խնդիրները, Միության գումարների տնօրինման հարցերը ստիպեցին հայ բարերարին հրաժարվել այդ պաշտոնից: Չնայած այս հանգամանքին՝ մեծանուն հայը շարունակում էր հայ ժողովրդին ցուցաբերել իր աջակցությունը: Գյուլբենկյանը ներդրումներ է կատարում Նուբարաշեն եւ Նոր Կեսարիա թաղամասերի շինարարության գործում, նրա միջոցներով ապաստան են ստանում հազարավոր հայ գաղթականներ, հիմնվում է Ստամբուլի «Սուրբ Նշան» ազգային հիվանդանոցի նոր շենքը, Լոնդոնի Հայ առաքելական եկեղեցին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին կից Գյուլբենկյան մատենադարանը եւ այլն:


Գալուստ Գյուլբենկյան ինժեները
Լուսանկարը՝  http://prosimetron.blogspot.com

Գալուստ Գյուլբենկյանը աստվածավախ եւ ավանդապաշտ մարդ էր: Նրա համար մայրենի լեզուն ամենագեղեցիկն էր եւ նախընտրելին: Այս մասին պատմում է  «Գյուլբենկյան հիմնադրամի» հայկական բաժանմունքի Հայաստանի ներկայացուցիչ Պերճ Ստեփանյանը «Առաջին այրեր» հաղորդաշարին տված հարցազրույցում` հիշատակելով երկու մեծ հայերի` Վիլիամ Սարոյանի եւ Գալուստ Գյուլբենկյանի միջեւ կայացած հանդիպումը: Գյուլբենկյանը, ում համար շատ ոգեւորիչ էր ճանաչել այդ ժամանակ արդեն հայտնի գրող դարձած Սարոյանին, առաջարկում է նրան բարձրաձայն խոսել մայրենի լեզվով` ցույց տալու հայերենի գեղեցկությունը: Ինչպես նշել է Վիլիամ Սարոյանը, հայ նավթամագնատը խոսում էր հիանալի արեւմտահայերենով:

Մեկ այլ պատմություն հայտնում է պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Ղարախանյանը. ամերիկաբնակ հայ գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը գրազ է գալիս իր օտարերկրացի ընկերոջ հետ, որ թեպետ անձամբ չի ճանաչում Գալուստ Գյուլբենկյանին, սակայն կարող է ծանոթանալ եւ նույնիսկ մեկ բաժակ շամպայն խմել նրա հետ: Այսպիսով, Յանիկյանն ընկերոջ հետ ժամանում է Փարիզ, գտնում այն հյուրանոցը, ուր կանգ էր առել Գյուլբենկյանը: Տեղեկանալով, որ հայ մեծահարուստն արդեն իր համարում է, Գուրգեն Յանիկյանը գնում է այնտեղ եւ թակում դուռը: Գյուլբենկյանը դուռը բաց անելով՝ ծանոթանում է հայ երիտասարդի հետ` հարցնելով, թե ինչ է ցանկանում... Յանիկյանը պատասխանում է, որ չի եկել փող խնդրելու, քանի որ իր աշխատածը հերիքում է իրեն, չի եկել խելք ուզելու, քանի որ անհնար է այն տալ ու վերցնել, այլ պարզապես եկել է հպարտորեն սեղմելու իր ազգակցի ձեռքը:  Գյուլբենկյանը մեկնում է իր ձեռքը եւ կատակով ասում. «Ահա՛ այն, սեղմե՛ք»: Զրույցի բռնվելով իրեն անծանոթ հայ երիտասարդի հետ` նավթամագնատը շատ հարցերի մասին է խոսում` վերջում նշելով, որ երջանիկ կլիներ նրա նման որդի ունենալ, եւ որ Յանիկյանն ամեն հարցով կարող է դիմել իրեն:

Այսպիսի պատմությունները, կապված Գալուստ Գյուլբենկյանի հետ, ինչպես նաեւ նրա բարեգործությունների մասին շատ են: Նրան վերագրվում է նաեւ 1918թ. նոր անկախացած Հայաստանում դրամագլուխ ստեղծելու առաջարկը, որը հանրապետության կարճ գոյության պատճառով իրականություն չդարձավ:

«Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ». համաշխարհային բարեգործներ

Գալուստ Գյուլբենկյանը կյանքի վերջին տարիներն անց է կացնում Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում: Հենց այստեղ է գտնվում 1956թ. հայ մեծահարուստի կտակի համաձայն ստեղծված բարեգործական հաստատությունը, որը կրում է նրա անունը: Խնամակալների խորհրդի կողմից կառավարվող այս հիմնադրամը, որը գործում է մինչ այժմ, մեծ նյութական բարիքներ է բերում պորտուգալական պետությանը:


Մարտին Եսայանը եւ Սերժ Սարգսյանը
Լուսանկարը՝  ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Դեռեւս ՀԲԸՄ նախագահության տարիներին Գալուստ Գյուլբենկյանը բախվել էր Սովետական Հայաստանի կառավարության կոշտ դիրքորոշմանը եւ մեղադրանքներին, քանի որ սովետական իշխանությունները վախենում էին Սփյուռքը միավորող այդպիսի հզոր ուժի գոյությունից: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա Գյուլբենկյանն այդպես էլ չներեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրեն «տեխնիկական թշնամի» հայտարարելու բրիտանական կառավարության որոշումը` հրաժարվելով իր արվեստի գործերի հավաքածուն բրիտանական թանգարանին թողնելու որոշումից: Այսպիսով, Գալուստ Գյուլբենկյանը, ով, ինչպես հայտնի է, ամեն կերպ ջանում էր խելամտորեն տնօրինել իր ունեցվածքը, որոշում է կայացնում ունեցվածքի մեծ մասը թողնել բարեգործական ընկերությանը, որի կենտրոնական գրասենյակը պետք է գտնվեր հարմար օրենսդրական դաշտ ունեցող Լիսաբոնում, իսկ խնամակալների խորհրդի մշտական անդամներից պետք է լինեին դստեր` Ռիտա Եսայանի (Ռիտա Գյուլբենկյանը ամուսնացած էր Գեւորգ Եսայանի հետ) ժառանգները: Հարկ է նշել, որ Գալուստ Գյուլբենկյանը որդուն` Նուբար Գյուլբենկյանին, թողել էր իր ժառանգության միայն մի փոքր մասը, քանի որ վերջինիս համարում էր ցոպ ու շվայտ կյանքի սիրահար:

1956 թ-ին՝ Գալուստ Գյուլբենկյանի մահից հետո, հիմնվում է «Գյուլբենկյան բարեգործական հիմնադրամը»: Շուտով այնտեղ բացվում է հայկական բաժանմունք, թեպետ կտակում դրա անմիջական ցուցումը չկար:

Գալուստ Գյուլբենկյանի միակ թոռը` հայտնի իրավաբան Միաքայել Եսայանը, շուրջ երեք տասնամյակ ղեկավարել է հիմնադրամը: Այժմ Գալուստ Գյուլբենկյանի ժառանգներից խնամակալների խորհրդի անդամ է Մարտին Եսայանը` Ռիտա Գյուլբենկյանի թոռը, ով հիմնադրամի լոնդոնյան գրասենյակի տեսուչն է, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայ համայնքների բաժանմունքի ղեկավարը: 2012թ. վերջինս հանդիպում ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ` ներկայացնելով Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությունը եւ քննարկելով համագործակցության հնարավոր տարբերակները: Չնայած այն հանգամանքին, որ Գյուլբենկյան հիմնադրամը այժմ մի շարք ծրագրեր է իրականացնում Երեւանում, Գյումրիում, Սյունիքի մարզում, օգնում է Հայաստանում հաստատված սիրիահայերին, աջակցություն է ցույց տալիս Երեւանի պետական համալսարանին եւ այլ գիտական հաստատություններին, այնուամենայնիվ, Վահրամ Ղարախանյանի կարծիքով, Հայաստանի եւ հիմնադրամի համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, եւ երկուստեք կամքի առկայության դեպքում կարելի է այն խորացնել, որպեսզի Հայաստանը հիմնադրամի նվիրատվություններից օգտվող երկրների գոնե առաջին հնգյակում հայտնվի՝ այն հիմնադրամի, որը ստեղծվել է հայորդու տաղանդի, աշխատասիրության եւ բարի կամքի շնորհիվ:

Պատրաստեց Անժելա Կժդրյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին