Համլետ Մխիթարյան մարդն ու ֆուտբոլիստը. մաս II - Mediamax.am

exclusive
63713 դիտում

Համլետ Մխիթարյան մարդն ու ֆուտբոլիստը. մաս II


Համլետ Մխիթարյանը «Հրազդան» ստադիոնում
Համլետ Մխիթարյանը «Հրազդան» ստադիոնում

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը խաղընկերների հետ
Համլետ Մխիթարյանը խաղընկերների հետ

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը
Համլետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Ալբերտ Սարգսյանը
Ալբերտ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Պոդշիվալով
Ալեքսանդր Պոդշիվալով

Լուսանկարը` Վիքիպեդիա

Բաբկեն Մելիքյանը
Բաբկեն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բաբկեն Մելիքյանը
Բաբկեն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Պողոսյան
Սամվել Պողոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն Դովլաթյանը
Սուրեն Դովլաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ը շարունակում է պատմել հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի՝ Համլետ Մխիթարյանի մասին: Հատուկ նախագծի առաջին մասը կարդացեք այստեղ:

Նրա ֆուտբոլային որակները բացահայտելու գործում մեզ օգնել են թիմակից ընկերները՝ Բաբկեն Մելիքյանը, Ալբերտ Սարգսյանը, Սամվել Պողոսյանն ու Ալեքսանդր Պոդշիվալովը, մարզիչ Նիկոլայ Ղազարյանն ու ընկեր Սուրեն Դովլաթյանը:

«Արարատը» տարիներ շարունակ եղել ու մնում է հայ ֆուտբոլասերների ամենասիրելի ակումբը: Ժամանակին բոլորը մի մարդու նման գնացել են ոչ միայն «Հրազդան» կամ Հանրապետական ստադիոններ, այլեւ շրջել են ողջ Սովետական Միությունով, որպեսզի սատարեին իրենց թիմին նաեւ մրցակցի հարկի տակ:

«Արարատի» իսկական երկրպագու է եղել նաեւ Համլետ Մխիթարյանը: Նա միշտ եղել է իր սիրելի թիմի հետ ու տպավորվել է հատկապես 1973-ի ելույթներով: «Արարատի» մասին նա մի անգամ ասել է. «Ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ «Արարատում, ու եթե բախտ է վիճակվել հանդես գալ այնտեղ, ապա պետք է տրվել ամբողջությամբ»:

«Արարատը» 1980-ականներին ուներ մարտունակ ու պայքարող կազմ: Ինչպես ցանկացած արարատցի, այս թվականների տղաներն էլ անում էին ամեն ինչ, որպեսզի ուրախացնեն բոլոր հայերին:

Բաբկեն Մելիքյան. Պատահական չէ, որ 1984-ին Համլետը 18 գոլ խփեց

Բաբկեն Մելիքյանը հիշում է. «Ճիշտ է, չեմպիոն չդարձանք ու մեր լավագույն արդյունքը ԽՍՀՄ առաջնությունում 5-րդ տեղ գրավելն էր, բայց մենք շատ ուժեղ թիմ ունեինք: Շատ մեծ էր մրցակցությունը, բայց տաղանդավոր ֆուտբոլիստը չի կարող աչքի չընկնել, ու Համլետն էլ այդ տաղանդներից էր: Պատահական չէ, որ 1984-ին 18 գոլ խփեց ու ընդամենը մեկ գնդակ խանգարեց, որպեսզի ճանաչվի լավագույն ռմբարկու»:


Բաբկեն Մելիքյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Մելիքյանը նշել է, որ 1984 թվականի առաջնությունում ռմբարկուների ցուցակը վստահ գլխավորում էր Համլետ Մխիթարյանը, ինչին շատ էր օգնում Խորեն Հովհաննիսյանը: Մխիթարյան-Հովհաննիսյան զույգն էլ հատկապես այդ տարի շատ լավ էր համագործակցում:


Տեսագրությունը տրամադրվել է Մ. Թաշչյանի կողմից` հատուկ Sport.Mediamax.am կայքի համար

«ԽՍՀՄ առաջնությունում լավագույն 2-րդ ռմբարկուն էլ շատ մեծ նվաճում է: Համլետը միշտ թիմի մասին էր մտածում ու գոլերն էլ հաղթանակ ապահովելու համար էր խփում, ոչ թե որ լավագույնը ճանաչվելու համար: Վերջին խաղերում  Սերգեյ Անդրեեւը կասկածելի արդյունավետություն սկսեց ցուցաբերել՝ մեկ խաղում խփելով 3-4 գնդակ, ինչն էլ նրան օգնեց լավագույն ռմբարկուների պայքարում շրջանցել Համլետին»,- հիշում է Մելիքյանը:

Համլետ Մխիթարյանի ավագ խաղընկերը լավ է հիշում, թե ինչպես այդ ճարպիկ ու ակտիվ երիտասարդը համալրեց «Արարատի» գլխավոր թիմի կազմը:


Բաբկեն Մելիքյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

«Մխիթարյանը երկու տարի փոքր էր ինձնից` ես արդեն գլխավոր թիմում էի, երբ նա միացավ մեզ: Մինչ այդ արդեն ճանաչում էին նրան երիտասարդական թիմից: Ֆուտբոլային շատ լավ հատկանիշներ ուներ, որոնց շնորհիվ էլ միանգամից ընդգրկվեց առաջնակարգ ֆուտբոլիստների ցանկում»,- նշում է Մելիքյանը:

Նիկոլայ Ղազարյան. Համլետի հետ ժամերով զրուցում էինք, նա ուզում էր ֆուտբոլի մասին իմանալ ամեն ինչ

1984 թվականին, երբ «Արարատի» գլխավոր մարզիչ նշանակվեց Նիկիտա Սիմոնյանը, որոշ ժամանակով նրա օգնականը դարձավ 1973 թվականի «Արարատի» լեգենդներից մեկը՝ Նիկոլայ Ղազարյանը:

«Համլետն անվիճելիորեն թիմի առաջատարներից էր, ես շատ էի հավանում նրա խաղը: Նա շատ համեստ, բայց համարձակ խաղացող էր ու դաշտում հիանալի էր կողմնորոշվում: Այդպիսի արագ ֆուտբոլիստները միշտ էլ մրցունակ են»,- հիշում է Ղազարյանը:

Համլետ Մխիթարյանը շատ էր խորհրդակցում Ղազարյանի հետ, փորձում էր ժամանակին իր սիրելի ֆուտբոլիստներից մեկից որքան հնարավոր է շատ բան իմանալ ֆուտբոլի մասին:

«Երբ Սպորտկոմիտեում ֆուտբոլի հրահանգիչ էի աշխատում, Համլետը հաճախ գալիս էր մոտս, ու մենք ժամերով զրուցում էինք: Նա ուզում էր իմանալ, թե ձախ եզրում ինչպես պետք է լավ ու արդյունավետ գործել: Միշտ շատ ուշադիր լսում էր, ու պատկերացրեք, որ խաղադաշտում կատարում էր այդ ամենը»,- շարունակում է վետերանը:

Այդ զրույցներից մեկի ժամանակ էլ Ղազարյանը խորհուրդ է տվել երիտասարդ ֆուտբոլիստին գնդակը կորցնելու ժամանակ չնահանջել ու հետապնդել մրցակցին.


Համլետ Մխիթարյանը
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

«Համլետը պայթունավտանգ խաղացող էր ու չափազանց արագ, նա պետք է ուժերը խնայեր  ու ավելի ակտիվանար գրոհների ժամանակ: Նա համաձայնեց ինձ հետ ու սկսեց այդպես գործել: Երկրպագուները գիտեին, որ եթե Համլետը խաղում է, ապա մի բան անելու է՝ կամ 11-մետրանոց կվաստակի, կամ գոլային փոխանցում կկատարի, կամ էլ հենց ինքը գոլ կխփի: Այդպիսի ֆուտբոլիստ էր նա»,- հիշում է Նիկոլայ Ղազարյանը:

Ալբերտ Սարգսյան. Հրաշալի ֆուտբոլիստ ու մարդ էր Համոն, ափսոս…

Ալբերտ Սարգսյանը Համլետ Մխիթարյանին ճանաչում էր 12-13 տարեկան հասակից, երբ դեռ բակային ֆուտբոլ էին խաղում: Այդ տարիքից սկսած նրանք ընկերներ էին, հանդես էին գալիս պատանեկան, ապա երիտասարդական թիմերում:

«Մենք միասին շատ երկար, ուրախ ու հետաքրքիր ճանապարհ ենք անցել: Միասին սովորել ենք ֆուտբոլային դպրոցում: Պատանեկան ու երիտասարդական թիմերից հետո դարձանք մեր սիրելի «Արարատի» հիմնական կազմի խաղացողներ: Հրաշալի ֆուտբոլիստ ու մարդ էր Համոն, ափսոս…»,- հիշում է Սարգսյանը:


Ալբերտ Սարգսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

«Արարատի» նախկին ֆուտբոլիստը հիշեց, որ Մխիթարյանը շատ լավ դրիբլինգ ուներ, կարողանում էր տեղից շատ արագ «պոկվել» ու հետ թողնել մրցակցի պաշտպաններին:

«Ես կարողանում էի երկար փոխանցումներ կատարել: Համոյի հետ պայմանավորվում էինք, որ խաղի ժամանակ ես նրան այսինչ դիրքից այսպիսի փոխանցում կանեմ: Հենց ազատ տարածություն էր բացվում, ես 30-40 մետր գցում էի գնդակը, ինքն էլ արագ «պոկվում» էր պաշտպանից ու հասնում գնդակին»,- պատմում է Սարգսյանը:


Տեսագրությունը տրամադրվել է Մ. Թաշչյանի կողմից` հատուկ Sport.Mediamax.am կայքի համար

Ալեքսանդր Պոդշիվալով. Համլետն իմ կարիերայում հանդիպած միակ ֆուտբոլիստն էր, որը պարտություններից հետո չէր տխրում

«Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը Համլետ Մխիթարյանին հիշում է երբեք չհանձնվելու հատկանիշով:


Ալեքսանդր Պոդշիվալով
Լուսանկարը` Վիքիպեդիա

«Երբ ես միացա «Արարատին», բոլորն էլ ինձ լավ դիմավորեցին: Տղաներն այնպես էին արել, որ հերթով ինձ հետ ժամանակ անցկացնեն, որ չձանձրանամ: Համլետի հետ էլ այդպես սկսվեց մեր շփումը: Հայ ժողովուրդը շատ հյուրասեր է, ու Համլետն էլ բացառություն չէր: Մենք շատ լավ ժամանակ էինք անցկանցում իրար հետ դաշտից դուրս, ինչն էլ օգնում էր իրար լավ ճանաչել ու համագործակցել խաղի ժամանակ»,- ասաց Պոդշիվալովը:

Ըստ նրա, Համլետն իր կարիերայում հանդիպած միակ ֆուտբոլիստն էր, որը պարտություններից հետո չէր տխրում, քիթը չէր կախում: Հակառակը, միշտ լավ տրամադրություն էր ունենում ու թիմակիցներին էլ ոգեւորում ու քաջալերում էր.

«Համլետն ասում էր, որ ֆուտբոլն ընդամենը խաղ է ու պարտված խաղից հետո այլեւս ոչինչ հնարավոր չէ փոխել, այդ պատճառով էլ անիմաստ է մռայլ ու տխուր լինել: Նրա կյանքի փիլիսոփայությունն էր այդպիսին»:


Համլետ Մխիթարյանը խաղընկերների հետ
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Սամվել Պողոսյան. Համոն միայն ֆուտբոլով չէր ապրում, նա ամեն ինչի մասին էլ մտածում էր

Համլետ Մխիթարյանի մտերիմ ընկերներից է եղել նաեւ Սամվել Պողոսյանը, որին չնայած ճանաչել է մինչեւ «Արարատի» գլխավոր թիմ տեղափոխվելը, բայց մտերմացել են հենց այնտեղ:

«Արարատում» նա հարմարվելու խնդիրեր չունեցավ, քանի որ ֆուտբոլային ընտանիքից էր ու տեղյակ էր ամեն ինչից: Հետո էլ «Արարատում» յուրահատուկ դրվածք կար՝ միշտ էլ հարգանք ու լավ հարաբերություններ էին խաղացողների միջեւ: Հավաքների կամ մրցումների ժամանակ շատ էին դեպքեր լինում, երբ ես ու Համոն մի սենյակում էինք մնում: Ու այդպես սկսվեց մեր մտերմությունը»,- նշեց Սամվել Պողոսյանը:


Սամվել Պողոսյան
Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ Պողոսյանի, Համլետ Մխիթարյանը 1984-ին Սովետական Միությունում պետք է լավագույն արդյունքը ցույց տար ու դառնար լավագույն ռմբարկուն: Սակայն Սերգեյ Անդրեեւի թիմակիցներն այնպես արեցին, որ վերջինս մի խաղում 4 գնդակ խփեց ու առաջ անցավ հայ ֆուտբոլիստից.

«Համլետի համար դա սովորական արդյունք էր, իհարկե, շատ էր ուզում լինել առաջինը, բայց դա գերնպատակ չէր: Համոն միայն ֆուտբոլով չէր ապրում, նա ամեն ինչի մասին էլ մտածում էր»:

Սուրեն Դովլաթյան. Համլետը շատ նվիրված ու հայրենասեր մարդ էր

Համլետ Մխիթարյանի ու նրա ընտանիքի լավագույն բարեկամներից Սուրեն Դովլաթյանը, որը աշխատել է Մխիթարյանի մայրիկի հետ ու դեռ պատանեկան տարիքից ճանաչել է նրան, հիշում է, որ նա շատ կարգապահ է եղել ու մարզումներից 2-3 ժամ առաջ արդեն մարզադաշտում էր:

«Համլետի մայրը՝ Ամալյան, ֆուտբոլ շատ էր սիրում ու միշտ ոգեւորում էր տղային: Եթե հանկարծ մարզիչը Համլետին չէր խաղացնում, չէր հանդուրժում այդ փաստը: Իսկ Համոն ամեն ինչ ավելի հանգիստ էր տանում»,- ասաց Դովլաթյանը:


Սուրեն Դովլաթյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Նա միշտ ներկա է եղել «Արարատի» խաղերին ու հիշում է, որ Մխիթարյանի լավ որակները հաշվի առնելով, շատ ակումբներ նրան ուզում էին տեսնել իրենց կազմում. «Սակայն Համլետը չէր համաձայնվում թողնել «Արարատը», նա շատ նվիրված ու հայրենասեր մարդ էր: Հիշում եմ, «Տորպեդոյի» դեմ խաղում, երբ ընդամենը 18 տարեկան էր, նա դաշտի կենտրոնում գնդակն ընդունեց ու մեծ արագությամբ դեպի դարպասը սլացավ: Պաշտպանները, որոնք նրանից առաջ էին կանգնած, հասնել չկարողացան, ու նա մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ»:

Շարունակելի:

Հասմիկ Բաբայան
Գոհար Նալբանդյան

Նախագծի մտահղացումը` Արա Թադեւոսյանի:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին