Կյանքը նոր էջից՝ արդեն հինգերորդ անգամ - Mediamax.am

exclusive
2804 դիտում

Կյանքը նոր էջից՝ արդեն հինգերորդ անգամ


Կարինա Ալեքսանյանը
Կարինա Ալեքսանյանը
Կարինա Ալեքսանյանը
Կարինա Ալեքսանյանը
Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները
Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA

Առաքելը
Առաքելը

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA

Բանաձորը
Բանաձորը

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA

Գտչավանքը
Գտչավանքը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Տեղահանված հադրութցիների շրջանում առանձնակի ուշադրության են արժանի Բաքվի, Սումգայիթի եւ Գանձակի ջարդերից փրկվածները, որոնք արդեն մեկ անգամ կրել են փախստականի կարգավիճակում հայտնվելու ծանր բեռը։ Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների մի մասը, այդ թվում՝ բազմաթիվ բնիկ հադրութցիներ, 90-ականների բռնագաղթից հետո կյանքի նոր պայմաններ էին ստեղծում Արցախում, սակայն 2020-ի պատերազմը ընդհատեց նրանց գտած ժամանակավոր խաղաղությունը։

Ծնունդով Հադրութի շրջանի Բանաձոր գյուղից 62-ամյա Կարինա Ալեքսանյանը հինգերորդ անգամ է փորձում նոր կյանք ու տուն կառուցել այլ վայրում։ Բանաձոր-Բաքու-Հրազդան-Ձորագյուղ-Ստեփանակերտ երկար ցուցակում տիկին Կարինան պատրաստ է ավելացնել եւս մեկ, վեցերորդ կետը, միայն թե մեկ պայմանով՝ եթե այն լինի հարազատ Հադրութում։

Ծնվել եմ Հադրութի Բանաձոր գյուղում, մոտ 10 օրական եմ եղել, երբ տեղափոխվել ենք Բաքու։ Մայրս էլ, հայրս էլ ուսուցիչ են եղել, այդ ժամանակ ուղղակի որոշել ու գնացել են քաղաք աշխատելու։ 22 տարի ապրել եմ Բաքվում, բայց ամեն ամառ այցելում էինք Հադրութի մեր գյուղերը, կապը միշտ էլ կար։ Պապաս խանձաձորցի էր, մաման՝ բանաձորցի։ Ամեն ամառ գալիս էինք Բանաձոր թութ ուտում, հետո գնում Խանձաձոր կեռաս ուտում…

Համալսարանն ավարտելուց հետո, երբ հարցրեցին, թե ուր կուզեմ գործուղեն դասավանդելու՝ ընտրեցի, իհարկե, Ղարաբաղը։ Ես ֆիզիկայի մասնագետ էի, բայց ռուսական բաժնում նման մասնագետի տեղ չկար, իսկ հայերեն ես հազիվ անունս էի գրում։ Քանի որ նաեւ ազատ տիրապետում էի գերմաներենին՝ անցա դրա դասավանդմանը Ասկերանի Նորագյուղում։

Կարինա Ալեքսանյանը Կարինա Ալեքսանյանը


Ամուսինս Հադրութի Քարագլուխ գյուղից էր, բայց տեղափոխվել էին Հրազդան, ես էլ ամուսնանալուց հետո եկա իր մոտ Հայաստան։ Ամուսինս Արցախյան առաջին պատերազմին մեկնեց Ղարաբաղ որպես կամավոր, եղբոր զոհվելուց հետո էլ որոշեց, որ պիտի տեղափոխվենք Արցախ, մնանք էստեղ, մասնակցենք մեր գյուղերի վերականգնմանը։ Իր հայրական գյուղը՝ Քարագլուխը լրիվ ավերված էր, վառել էին, բնակիչները շատ քիչ էին մնացել, պայմաններ չկային, նույն ճակատագրին էլ Բանաձորն էր արժանացել։ Այդ տարիներին Առաքյուլ (Առաքել) գյուղը նոր էին վերականգնում, պատերազմից հետո քարը քարի վրա չէր մնացել։ Ազատագրումից հետո մերոնք սկսեցին նորից կառուցել գյուղը, պետք էր դպրոց կառուցել, ասեցին, որ ուսուցչի պակասություն կա։ Մենք եկել ենք կողքի Մազրա գյուղը, հետագայում կոչվեց Ձորագյուղ։ Սկսեցինք նորից…

Ոտքի կանգնելով

Տունը, որ մեզ հասավ՝ թուրքի տուն էր։ Իրենք իրենց տները չէին վառել, դրանք անվնաս էին մնացել։ Քանի որ պատրաստ տուն էր՝ հավաքվեցինք էնտեղ, էստեղից էնտեղից իրեր բերեցինք, տուն դրեցինք, սկսեցինք ապրել։

Մազրան բուն թուրքի գյուղ էր, մոտ 4-5 ընտանիք են ապրել մինչեւ պատերազմը։ Մենք որ գնացել ենք՝ արդեն իրենք էնտեղ չէին։ Տունը, որ մեզ հասավ, ներսում ոչինչ չկար, մենք չենք օգտվել իրենց թողած ոչնչից։ Թե իրանք են հասցրել հանել, թե հայերն են մինչ մեզ եկել վերցրել՝ չգիտեմ։

1995 թվականից մինչեւ 2020-ի սեպտեմբերը աշխատեցի Առաքելի դպրոցում։ Քանի որ Ձորագյուղը փոքր էր՝ իմաստ չգտան այնտեղ դպրոց կառուցելու, Առաքելն ու Ձորագյուղը մեկ համայնքի մեջ էր, բոլոր երեխաները օգտվում էին նույն դպրոցից, մոտ 40 աշակերտ ունեինք։ Ճանապարհ չկար, տրանսպորտ չկար, առաջին տարիներին 5 կիլոմետր ոտքով ենք գնացել ամեն առավոտ Մազրայից Առաքյուլ։ Հետո կամաց-կամաց սկսել ենք անասուն պահել, ոտքի ենք կանգնել, մեքենա ենք ձեռք բերել։ 13 տարի Առաքելի դպրոցի տնօրենն էի։ Որպես տնօրեն դիմեցի կառավարությանը, որ դպրոցի երեխաների համար մեքենա տրամադրվի։ Չմերժեցին։   
Առաքելը Առաքելը

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Էնքան լավ էինք ապրում արդեն, կենդանիներին ծախել, մեքենա էինք առել, վարկ էինք վերցրել նոր կահույքի համար, ամեն ինչ, Իրանից ապրանքներ էինք բերել, տունը նորոգել էինք… Երբեք մտքովս չի անցել, որ էլի պատերազմը լինելու է։ Բացարձակ։ Ճիշտ է, ասում էին՝ սահմանում անհանգիստ է, բայց էնքան էինք սովորել էդ բաներին, որ… Նորմալ կյանքով ապրում էինք։ Բա որ իմանայինք՝ էդքան բանը կստեղծեի՞նք։ Էս տարի բոստանս էնքան լավ բերք էր տվել… Չեմ ուզում հիշեմ…

«Մենք մեր հույսն ու կյանքը Արցախի հետ ենք կապել»

Տղաս փրկարար ջոկատում է աշխատում, հոկտեմբերի 1-ին զանգ տվեց, որ վիճակը լավ չի, ասեց՝ «Մամ, երեխեքին դուրս հանի»։ Առաջին օրերին դեռ հույս կար, մտածում էինք 2016-ի նման մի քանի օրից կվերջանա։ Բայց արդեն հնարավոր չէր, անօդաչուները անընդհատ տեսնում էինք։

Սեպտեմբերի 27-ի համար պայմանավորվել էինք դպրոցում, որ աշակերտներին պիտի առավոտ 7-ին տանեն էքսկուրսիայի Գտչավանք։ Մեքենան Հադրութից առավոտ 6-ին շարժվել էր արդեն, թոռներիս էլ շուտ եմ վեր կացրել, որ տղաս մեքենայով տանի Առաքել, դպրոցից շարժվեն։ Երեխեքը դեռ տանը նոր վեր կացած նախաճաշ էին անում, երբ պատերազմը սկսվեց։ Դուրս էի եկել, որ այգուց կանաչի հավաքեմ, մեկ էլ լսում եմ էդ տարօրինակ դզզոցը։ Չհասկացա, ասում եմ՝ տեսնես էս ո՞վ ա առավոտ շուտ «Դռուժբա» սղոցը միացրել աշխատում։ Մեկ էլ էնպես խփեց… Երեւաց, որ Հադրութի վրա ծուխը բարձրանում էր։ Զանգեցի Առաքյուլ, ասեցին՝ «Պատերազմ ա»։ Լավ էր, որ երեխեքին չէինք ուղարկել, իրենք պետք է հենց Հադրութի միջով գնային Գտչավանք, կես ժամ ուշ խփեին՝ երեխեքը մնալու էին էդ ճանապարհին…
Գտչավանքը Գտչավանքը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Թոռներս մեկը 9, մեկը 11, մյուսը 13 տարեկան։ Դե փոքր չեն, հասկանում են։ Մեր գյուղը մի քիչ խորքում է, Բանաձորից էլ բնակիչները ռմբակոծությունից փախել էին, հավաքվել մեզ մոտ, հիմնականում՝ կանայք։ Արդեն որ շատ էին խփում՝ մեծ նկուղ կա, հավաքվում էինք էնտեղ։ Մենք գոնե հնարավորություն ունեցանք երեխաների շորերը պատրաստել, հավաքել, բայց Հադրութի շրջկենտրոնը որ միանգամից խփել են՝ մարդիկ միայն հասցրել են տներից փախնել։

Դուրս գալուց մենակ երեխաների համար շոր ու անձնագրերը վերցրինք։ Ամուսինս էլ ասեց՝ «Ես չեմ գալիս, դուք գնացեք, ես մնում եմ»։ Ասում եմ՝ այ մարդ, ինչքա՞ն պիտի մնաս։ Տղաս տարավ մեզ թողեց Գորիս, ինքը ետ գնաց զինվորներին սնունդ տանելու։  

Մի շաբաթ հետո ամուսինս զանգեց, ասեց, որ վիճակը արդեն լավ չի, թուրքերը արդեն մտնում են Առաքյուլ: Հարեւանի տղային խնդրել ա, մի կերպ մեքենան գործի են գցել, մի քանի անկողին արագ գցել մեջը, դուրս են եկել։ Զանգել եմ, որ ասեմ, թե որտեղ ինչ կա կարեւոր, որ դուրս հանի, ասեց. «Թուրքերը գալիս են», անջատեց։ Մի կերպ հասցրել են դուրս գալ։ Դռները բաց...

Մենք նախ եկանք Շինուհայր ծանոթ մարդու հյուրատունը, հիմա Հրազդանի մեր տունն էլ կա, բայց չուզեցինք գնալ, էլի եկանք Արցախ։ Բա մեր հողն ա… Մենք մեր հույսն ու կյանքը էստեղի հետ ենք կապել։ Տա Աստված՝ հետ դառնանք Հադրութ։

Բաքվից Հայաստան՝ կրկին ձեռնունայն

1988-ին ծնողներս ու քույրերս Բաքվից էլ եկել են առանց ոչինչ։ Էդ տունն էլ էնտեղ մնաց։ Սումգայիթը երբ սկսեց՝ ես զանգեցի մամային, ասեցի՝ վեր կացեք, եկեք։ Հայրս հրաժարվեց, ասում էր. «Էսքան տարի աշխատել ենք, մեր հարեւաններն են, չի կարող պատահի, որ մեզ վնասեն»։ Ամուսնուս նման ինքն էլ տան կանանց ուղարկեց, ինքը մնաց։

Արդեն որ հետո հարձակվեցին նաեւ Բաքվի հայերի վրա՝ մի կերպ իր մի հարեւանի հետ փախել գնացել է Գյանջա։ Մտել են մի եկեղեցի, դուռը փակել են, մտածել են՝ թուրքը չի կարող մտնել եկեղեցի։ Ռուս զինվորները շրջապատեցին եկեղեցին, մերոնք փրկվեցին, թե չէ թուրքերը գալիս էին, որ վառեին, մարդկանց էլ սպանեին մեջը։ Մի ռուս տղա գիշերը մի կերպ դուռը բաց ա թողել, հայրիկս դուրս ա եկել, գնացքով հասել ա Հայաստան, դեկտեմբերի 7-ին, հենց երկրաշարժի օրը։ Մենք էլ արդեն հույսներս կտրված, որ ամիսներով պապայից լուր չկա… Հեռախոս չկար, ոչինչ չկար։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան, հիշում եմ, եկավ… Մազերը լրիվ սպիտակած։ Էդ ժամանակվանից էլ իր առողջությունը կորցրեց։

Եկել են Հրազդան, մեզ մոտ մնացել են սկզբում, հետո հաստատվեցին Տաշիրի Դաշտադեմ գյուղում։ Պապան Բաքվում հայաստանցի մի թուրք էր հանդիպել, պայմանավորվել էին, որ տները փոխանակեն։ Բանավոր, առանց ոչ մի բան։ Բայց դա էլ ասեմ, չի խաբել էդ մարդը։ Հասցեով գնաց պապան, տեսան, որ սուտ չի ասում, իրոք կա էդ տունը։ Էնտեղ հավաքվեցին, հաստատվեցին։

«Մեր թուրքերը»

Ես չգիտեմ հիմիկվա թուրքը ինչ հոգեբանություն ունի, բայց էն ժամանակ Բաքուն ամենաբազմազգ քաղաքն էր, ոչ մի տարբերություն չկար։ Ենթագիտակցորեն մենք, իհարկե, հասկանում էինք, որ տարբեր կրոններ են, խառն ամուսնություններից խուսափել ենք, չնայած եղել են հայ աղջիկներ, որ ամուսնացել են ադրբեջանցիների հետ, հակառակն էլ է եղել։ Մեր ընտանիքում դա ընդունված չէր, դա կարմիր գիծն էր։ Ընկերությունը կար, գնալ-գալը կար, բայց ընտանիքը ստեղծելը՝ ոչ, մեր մեջ չի եղել։ Գուցե, որ մենք Ղարաբաղից էինք, գյուղի հետ կապը պահում էինք, մեր մոտեցումն էդպես էր։
Բանաձորը Բանաձորը

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Եթե Շարժումը չսկսեր՝ լրիվ թուրքանալու էր Ղարաբաղը։ Դե արդեն կամաց-կամաց բոլոր պաշտոնները իրենց էին տալիս, ինչքան լավ գյուղեր կային՝ լրիվ թուրքերին են տվել, լավ արոտավայրերով, լավ պայմաններով։ Եթե ԽՍՀՄ-ն էլ շուտ փլուզվեր՝ մենք մնալու էինք Ադրբեջանի կազմում ու դառնայինք երկրորդ Նախիջեւան։ 1988-ի պայքարը դա էր։ Բայց այսօր մենք նույն գոյության խնդրի առաջ ենք, մեծ հարցական է, թե մեր կարգավիճակը ինչ պիտի լինի։ Հիմա մենք միայն կամք ունենք, ուրիշ ոչ մի բան։

Էսքան զոհերից հետո, էսքան բանից հետո իրենց կազմում ո՞նց ապրեմ։ Ամեն թղթի համար գնամ Բաքու՞, փողս մանա՞թ լինի։ Չէ։ Հիմիկվա ադրբեջանցուն մանկապարտեզից սովորեցնում են, որ այ էն թշնամի ա, բայց էն ժամանակ մեր թուրքերին էդպես չեն սովորեցրել, ասել են՝ մարդ ա, վերջ։ Դաստիարակությունն է այլ, երեխեքը մեղավոր չեն։
Կարինա Ալեքսանյանը Կարինա Ալեքսանյանը


Հիմա էլ Ստեփանակերտում դպրոցում եմ աշխատում, էլի երեխաների հետ եմ։ Բարձր դասարանի երեխեքից զգացվում է, որ շատ ազդվել են պատերազմից։ Փոքրերին ծնողները շուտ են դուրս հանել, որ պատերազմի արտաքին ազդեցությունը իրենց հոգեկանի վրա չազդի։ Ճիշտ է, հասկանում են, որ պատերազմ է եղել, էլ չեմ ասում էն երեխաներին, որոնք հայր են կորցրել։ Մեծը կարող է սփոփվել, որ իր ամուսինը կամ որդին հերոսացել են, կամ մենակ իրենք չեն, որ զոհվել են, բայց փոքր երեխային նման բան չես կարող բացատրես, նա իր հորն է ուզում։ Էլ թե պապան հանուն հայրենիքի է զոհվել, թե ինչի համար՝ իրեն դա պետք չի։ Իրան պետք չի հերոս պապա, իրան պետք է իր պապան։  

***

Բանաձորը կամ ինչպես հադրութցիներն են հաճախ հիշատակում Բանազուրը, Հադրութի հարավային գյուղերից էր, որը մշտապես բնակեցված է եղել բացառապես հայերով։ Մակար Բարխուդարյանցն այսպես է հիշատակում Բանաձորը․ «Բնակիչք բնիկ, հողն բէկական, ոչ այնքան բարեբեր, բայց նշանաւոր գինին»։  

Քիչ դեպի արեւմուտք ձգվող Ձորագյուղը, որը մինչ Արցախյան առաջին պատերազմը կրել է Մազրա անունը, Հադրութի եզակի գյուղերից էր, որն ամբողջությամբ ադրբեջանաբնակ էր, մինչ Շարժումը ունեցել է 5 տուն։ Այն որոշ աղբյուրներում հանդիպում է նաեւ որպես Քարագլուխ հայկական գյուղի ստորին թաղամաս։ Ձորագյուղի հարեւան Սիրիք բնակավայրը, որը հետագայում անվանակոչվեց Հայկավան եւ վերաբնակեցվեց հիմնականում Շիրակից տեղափոխված հայերով, նույնպես ադրբեջանաբնակ է եղել խորհրդային շրջանում։ ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանում ամբողջովին ադրբեջանաբնակ մեկ այլ գյուղ էր Սալաքյաթինը, որը հետագայում չվերաբնակեցվեց։

Ձորագյուղ, Սարալանջ եւ Առաքել գյուղերն Արցախի Հանրապետության կազմում մաս են կազմել մեկ ընդհանուր Առաքել համայնքի։ Նշված բնակավայրերը Ռուսական կայսրության կազմում նախ Բաքվի նահանգի Շուշի գավառի (1868-ից՝ Ելիզավետպոլի նահանգի մաս), ավելի ուշ՝ Ելիզավետպոլի Ջաբրայիլի գավառի մաս է կազմել, ԽՍՀՄ շրջանում՝ ԼՂԻՄ-ի Դիզակի/Հադրութի շրջանի։ Ադրբեջանական կողմի վարչական նոր բաժանմամբ տարածքը համարում են Ադրբեջանի Խոջավենդի շրջանի մաս։  

Նոր Առաքել գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, բնակավայրից քիչ հեռու պահպանվել են հին Առաքելի գյուղատեղին, որը թվագրվում է 16-19-րդ դարերով։
«Կովկասյան օրացույց» պարբերականի 1912 թվականի թողարկման մեջ Առաքելը հիշատակվում է որպես քաղաք, ըստ աղբյուրի՝ այն ուներ 1235 մարդ բնակչություն, ինչը գերազանցում էր Աղդամի, Ֆիզուլիի եւ Ջեբրայիլ քաղաքների բնակչության թիվը։ ԽՍՀՄ շրջանում մարդահամարների տվյալները փաստում են, որ խոշոր այս բնակավայրը նոսրացել է հենց ադրբեջանական իշխանության տարիներին։ Այսպիսով՝ 1939-ին 1380 բնակչությամբ Առաքելում 1979-ին մնացել էր 330 մարդ։
Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

Լուսանկարը` Սամվել Կարապետյան/RAA


Առաքելում էր գտնվում Հադրութի նշանավոր վանքերից 18-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածինը, որը փակվեց 1926-ին, իսկ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ պայթեցվեց։ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում պահպանվել են Առաքելի Սուրբ Աստվածածնի զանգերը։

Առաքել եւ Սարալանջ գյուղերը հարեւան Բանաձորի ու Ցորի հետ միասին 1991-ին ԽՍՀՄ ԶՈւ-ի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի իրականացրած «Օղակ» գործողությունից ամենածանր կորուստները կրած գյուղերից են։ Նշված բնակավայրերը հիմնովին ավերվել են, բնակչությունը՝ տեղահանվել։

Ազատագրումից հետո Առաքելում, Սարալանջում եւ Ձորագյուղում իրականացվել են վերաբնակեցման ու վերակառուցման ինտենսիվ ծրագրեր, թեեւ բնակիչների մի մասը բռնագաղթից հետո այդպես էլ չվերադարձավ։ Ձորագյուղում հիմնականում բնակություն հաստատեցին հարեւան Քարագլուխ գյուղի հայերը, որոնց տներն ավերվել էին «Օղակ» գործողության ժամանակ։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին