Հայրենի Ազոխի եւ սպանված եղբոր կարոտով. Մարիա Ասրյանի նոր գաղթի ճանապարհը - Mediamax.am

exclusive
7929 դիտում

Հայրենի Ազոխի եւ սպանված եղբոր կարոտով. Մարիա Ասրյանի նոր գաղթի ճանապարհը


Մարիա Ասրյանը
Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիա Ասրյանը
Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիա Ասրյանը
Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիա Ասրյանը
Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիա Ասրյանը
Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիա Ասրյանը
Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազոխը
Ազոխը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ 80-ամյա Յուրիկ Ասրյանի դաժան սպանության մասին շշուկով, ցավով ու սարսափով խոսում են բոլոր հադրութցիները։ Տարեց ազոխեցին գյուղում բնակվում էր ավագ քրոջ՝ Մարիա Ասրյանի հետ, որը վերջին 16 տարում ստանձնել էր առողջական խնդիրներ ունեցող միայնակ եղբոր խնամքը։ Տիկին Մարիային հաջողվել է մի քանի ծանոթների օգնությամբ դուրս գալ գյուղից հոկտեմբերի կեսին, իսկ եղբոր՝ իր հետ գալուց հրաժարվելու պատճառն, ըստ նրա, Յուրիկ Ասրյանի առողջական վիճակն էր ու դրանից բխող հնարավոր խնդիրների վախը։ Մեր այցի պահին տիկին Մարիան դեռեւս չէր ստացել սպանված եղբոր մարմինը, որը գտնվել է հունվարի վերջին՝ որոնողական աշխատանքների ընթացքում։

82-ամյա Մարիա Ասրյանը, ով արդեն երրորդ անգամ է կրկին հայտնվում փախստականի կարգավիճակում, ապաստանել է Արարատի մարզում բնակվող հարազատների տանը՝ գտնվելով ակնհայտ ծանր սոցիալական պայմաններում։

Ես Բաքվի փախստական եմ։ Էն ժամանակ տունս տեղս մնացել ա Բաքվում, հիմա էլ ամեն ինչս մնաց Ազոխում։ Ի՞նչ ենք իմացել, որ էս օրին ենք տիրանալու, մտածել ենք՝ հեսա կռիվը կվերջանա, կգնանք։ Եղբայրս եթե իմանար, որ էդ բաները իրա գլուխն ա գալու՝ կմնա՞ր։

Մարիա Ասրյանը Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինքը ժամանակին ծառայության ժամանակ հիվանդացել էր, էդպես էլ անգամ չի ամուսնացել։ Մայրս 2005 թվականին մահացավ, նրանից հետո եղբորս խնամքը մնաց ինձ վրա։ Իմ եղբայրը շատ պարտաճանաչ, շատ ազնիվ, բարի, մաքուր անձնավորություն էր։ Աշխատասեր... Ուղղակի ինքը որ հիվանդ էր՝ չի ուզեցել ոչ ոքի նեղություն տա, դրա համար չի եկել։ Ինքը ինչո՞վ ա մեղավոր։ Հարձակվալ չի թուրքի վրա...

Չստացվեց, չեկավ։ Ասեց՝ «Չեմ ուզում»։ Գիտե՞ս ինչու չուզեց։ Տեսնո՞ւմ ես էս պայմանները, երկրորդ մահճակալի տեղը չկա, ախպորս երեխեքը էստեղ երեք եղբայր էին բնակվում, էս կողմը մեկի ընտանիքն ա, էն մյուս կողմը՝ մյուսինը։ Դրա համար էլ եղբայրս ասեց՝ ես որտե՞ղ ապրեմ...

«Արդեն գնո՞ւմ ես»...

Ես գյուղումն եմ եղել, որ պատերազմը սկսվեց։ Քնած էի առավոտը, ինքը վեր կացավ, եկավ ինձ զարթնացրեց, ասաց. «Մարո, մեր տան ետեւի տռուբան թակում են»։ Ասեցի՝ չի կարող պատահել, ո՞ւմ դարդն ա կտրվել։ Տեսա մի երեք հոգի ջահել տղեքը դրսում հավաքված, ասեցի՝ էդ ինչի՞ եք հավաքվել, բա թե. «Պատերազմը սկսվել է»։ Արդեն ուրիշ գյուղերից, Հադրութից երեխաներ էին բերում Ազոխ, նկուղներում պատսպարվում էին։ Ու էդպես ամեն օր...

Եկավ հոկտեմբրի 16-ը։ Արդեն գյուղում ժողովուրդ չէր մնացել։ Որտեղով գնում էի՝ դռները փակ։ Վերջին կինը, մեր հարեւանը, որ գնաց՝ տեսա... Լացելով եկա տուն, եղբորս ասեցի, որ գա, շորերը հավաքենք, միասին գնանք։ Ասեց՝ «Չեմ գալիս»։ Ջղայնացա։ Մի քիչ էլ սպասեցի, նորից կանչեցի, որ գա։ Էլի չհամաձայնվեց։  

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր գյուղից բարեկամ տղա կար, ասեց. «Մարո մորքուր, ուշացել ես։ Որ Գորիս գնացող լինի՝ կգնա՞ս»։ Ասեցի՝ հա, կգնամ։ Գյուղում մնացած տղերանցից մի քիչ ուտելիք տվեցին, բերեցի տուն ախպորս համար, պայուսակներիս բերանը կապեցի ու... Սպասում էի, որ 5-ին գան իմ հետեւից։ Եղբայրս արդեն խաղաղ կերպով ասեց. «Արդեն գնու՞մ ես»։ Վերջին խոսքը դա էր։ Չեմ մոռանում... Չպատասխանեցի, սուս արած նստեցի։ Մի մաշին եկավ, էնպես ստացվեց, որ բերեցին հասցրեցին ինձ Շուշի։ Մի 5-6 տեղ գնացին հյուրանոց, բոլորը զբաղված։ Վերջում տեղավորվեցինք, օրը լուսացավ, տղաները գնացին, ես էլ էնտեղ սպասեցի։ Չգիտեի, թե անգամ որ հյուրանոցում եմ, որ մեր բարեկամներին զանգեմ լուր տամ, թե ես որտեղ եմ։ Դուրս եկա, որ ինչ-որ բան իմանամ, տեսա, որ ներքեւ եկող մեքենա կար, ստացվեց, որ ազոխեցի էր, իրանք ինձ օգնեցին, տարան ավտոկայան, ասեցին. «Մեր քույրիկին կտանեք, կհասցնեք տեղ»։ Առանց փող ինձ բերեցին մինչեւ Արարատ։ 3-4 օրից իմացա, որ մեր գյուղապետը էլի գնացել եղբորս ասել ա՝ «Եկ», չի եկել...  
Մարիա Ասրյանը Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր գյուղապետը հոկտեմբերի 22-ին ա գյուղից դուրս եկել։ Հետո լսեցի, որ հենց էդ օրն էլ գյուղը գրավել են։

Ազոխի՝ իրիկնադեմի արեւը…

Մեր ընտանիքը բնիկ ազոխեցի են։ Հեր տեսալ չենք, Հայրենական պատերազմում ա զոհվել։ Ազոխում մեր ժամանակ մտնեիր՝ մի վառարան ա եղալ, կառավաթը եղալ չի։ Ոչ մի բան էլ եղալ չի։ Բայց վերջին ժամանակները խանի նման էին ապրում։ Հա, չարչարվում էին, իհարկե՝ առանց աշխատանք չես ապրի։ Աշխատում էին, ապրում էին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյուղը արդեն քաղաքի տեսք էր ստացել։ Կյանքում մենք ջուր չենք ունեցել՝ վերջին ժամանակներում էէէ՜աշխարհի որ ծերից ջուրը բերեցին հասցրին գյուղը, լույսը բերեցին հասցրին գյուղը, գազը։ Էլ ինչ ա՞ հարկավոր ժողովրդին։

Մեր գյուղը գեղեցկացած էր, մեր ճանապարհները որ սարքել են՝ ես ամեն առավոտ վեր էի կենում, ավելը վերցնում, վերեւի հարեւանի դարպասից մինչեւ ներքեւ սրբում էի։ Կանգնում նայում էի… Արեւն էլ իրիկնադեմին, որ ընկնում էր մեր ճանապարհի վրա՝ գյուղը էնքան գեղեցկացած էր իմ աչքին։ Ձգում էր..

Շերեփն ու «ղազանը»

Ես 1988-ի դեկտեմբերին առաջին անգամ դարձա փախստական։ Եկանք Հայաստան, մեզ ուղարկեցին մի տուն, առանց նորմալ պայմանների, ստիպված եկա գյուղ, հետո նորից հետ գնացի Բաքու։ Մեր գործարանի տնօրենն ասեց. «Ինչի՞ ես փախել»։ Ասեցի՝ չգիտե՞ս ինչի եմ փախել։ Ասեց. «Եկեք, գործ արեք»։ 10 ամիս գնացի, գործ արեցի։ Արդեն հատուկենտ հայեր էինք, ամաչում էինք, լսում էինք ատելությունը… Հետո մի աղջիկ եկավ, ստանոկս կանգնացրեց։ Չնայած տնօրենն ու ուրիշ մարդիկ եկան, պաշտպանեցին ինձ, բայց ես հասկացա, որ էլ հնարավոր չի։ Գնացի, փաստաթղթերս վերցրեցի։ Գլխավոր տնօրենն ասեց. «Ես մեղավոր չեմ»։ Ասեցի՝ գիտեմ։  
Մարիա Ասրյանը Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բաքու մեզ հարեւան մի թուրքի տղա կար,Մեղրիից եկած, մի ազատված տանն էին ապրում, էդ տանն էլ մինչեւ էդ հայեր էին ապրելիս եղել։ Էն ժամանակ ամեն մեկի տանը հեռախոս չկար, քրոջը խնդրեցի, որ իրանց տանից մորս հետ խոսեմ, հետո մի օր խոսքի մեջ որ ասեցի «թուրք». էդ տղան ասեց, թե՝ «Ինչո՞ւ ես ասում թուրք, մենք ադրբեջանցի ենք կոչվում»։ Ասեցի՝ լավ, սրանից հետո ադրբեջանցի կասեմ։
Մարիա Ասրյանը Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Էս տղան թեկուզ թուրք էր, բայց ղարաբաղցու ասած «հըմբըռվը խոսող» էր, ավելորդ բան չէր ասի։ Մի անգամ ես իրան ասեցի՝ գիտես ինչ կա, Ղարաբաղում թուրք չկա, մենակ հովիվներ ու պետության ուղարկած ուսուցիչներն են։ Դեռ կռիվ չկար, խաղաղ ժամանակ եմ ասել դա։ Ինքը չվիրավորվեց էդ ժամանակ։ Բայց որ պատերազմը սկսվեց... Ասեց. «Ձեր հայերը մեզնից ի՞նչ են ուզում»։ Ասեցի՝ լավ էլի, Մամեդ։ Հետո ասեցի՝ էն որ ձեր հարսը քո մորից բաժանվեց, ասեց՝ իմ ղազանը, իմ շերեփը իմ ձեռը լինի, մեր հայերն էլ էդ նույնն են ուզում։ Որ էդպես ասեցի՝ բարկացավ։ Ասեց. «Ձեր հայերը ցեխավիկ են աշխատում, մեր Ադրբեջանի փողերն ուտում են»։ Ես էլ ասեցի՝ ձեր թուրքերը սկի Սովետին չեն ծառայում, ամեն մեկը Հայաստանում 3000-4000 մետր հողամաս ունեն, էդքանի բերքը մշակում են, բերքն իրանք են ուտում։ Ասեց. «Դե որ էդպես ա, գնա ձեր հայերին ասա՝ թող բոլորը գնան, համ էլ ես ինձ էն ժամանակ մի կերպ եմ պահել, որ ասել ես թուրքերը մենակ հովիվ ու դասատու են Ղարաբաղում»։ Իրար հետ հայերեն էինք խոսում, բայց էդ ժամանակ ինքը ինձ համար վախեցավ, որ ինձ վրա կհարձակվեն, ասեց. «Ռուսերեն ասա»։
Մարիա Ասրյանը Մարիա Ասրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրահրողներն են մեղավոր, ժողովուրդը չէ։ Ազոխում թուրքեր չեն եղել, բայց Ազոխի հետեւում Սալաքյաթին գյուղ կար, էնտեղ ապրել են։ Նրանց հետ էլ էինք լավ, նրանք մեզ չէին ասում «հայ», մենք էլ նրանց չէինք ասում «թուրք»։ Բայց արդեն նույն հարաբերությունները չի ստացվի, ոչ մի ժամանակ ոչ մի հայ էլ չի կարող ներել։ Ի՞նչ իմանամ ախպերս ինչ պայմաններում մահացավ...

Լուսանկարը` Մեդիամաքս


***

Հադրութի շրջանի Ազոխ գյուղը մինչ Արցախյան երկրորդ պատերազմն ուներ 760 բնակիչ եւ համարվում էր Հադրութի շրջանի խոշոր գյուղերից։

Ըստ հայ պատմաբան Շահեն Մկրտչյանի՝ «Ազոխ» տեղական բարբառով նշանակել է «խակ խաղող»։ Ադրբեջանում, սակայն, պնդում են, որ անվանումն ունի թյուրքական ծագում եւ նշանակում է «արջ»։ Ըստ ադրբեջանցի գիտնականների՝ գյուղն այդպես են կոչել քարանձավի պատճառով՝ նկատի ունենալով «արջի քարանձավ»։

Այստեղ է գտնում Ազոխի հայտնի քարանձավը, այլ անվանմամբ՝ Որվանի արձավ։ Որպես հնագիտական ու հնէաբանական բացառիկ հնավայր Ազոխի քարանձավն առանձնահատուկ կարեւորություն ունի հատկապես նախնադարյան մարդու՝ Հայկական լեռնաշխարհի տարածքով տեղաշարժերի ուսումնասիրման տեսակետից։
Ազոխը Ազոխը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


2002 թվականից Արցախի կառավարության հրավերով այստեղ աշխատել է Թանիա Քինգի գլխավորած միջազգային գիտահետազոտական խումբը՝ միավորելով մասնագետների Հայաստանից, Իռլանդիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից եւ Մեծ Բրիտանիայից։ Թեեւ այս ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչ մարդաբան Լեւոն Եպիսկոպոսյանը պարբերաբար ահազանգել է ադրբեջանական կողմի՝ պեղումներին տեղեկատվական «գրոհով» խոչընդոտելու անդադար փորձերի մասին։

1960-ականներին այստեղ իրականացված պեղումների ժամանակ գտնվել է նեանդերթալյան նախամարդու ծնոտոսկր, որն այսօր պահվում է Բաքվում եւ առայժմ փակ է օտարերկրացի ուսումնասիրողների համար։ Ըստ Ազոխի բնակիչների՝ ադրբեջանցիներն այստեղ ոսկի են փնտրել եւ պայթեցումներ իրականացրել քարանձավի ներսում։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նաեւ հիշատակում է Ազոխի Սուրբ Աստվածածին եկեղեցին. «Եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 14 մետր 70 սանթիմ. լայնութիւնն 8 մետր 17 սանթիմ, քահանայ մի»։

Ըստ նույն հեղինակի՝ 19-րդ դարի վերջին Ազոխն ուներ 140 ծուխ, 807 մարդ բնակչությամբ։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին