Անահիտ Գալստյան. Բույսերի գենետիկան եւ ապրելու բարդ մեխանիզմները - Mediamax.am

exclusive
14096 դիտում

Անահիտ Գալստյան. Բույսերի գենետիկան եւ ապրելու բարդ մեխանիզմները


Անահիտ Գալստյանը
Անահիտ Գալստյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Լոռու չքնաղ բնության մեջ մեծացած Անահիտ Գալստյանին փոքր տարիքում հետաքրքրում էր, թե ինչպես էին մեղուները հաղորդակցվում, ինչպես էին գտնում ծաղիկներ, կամ ինչպես բույսերը գիտեին, թե երբ պետք է ծաղկել, եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է բնությունը գործում:

«Դպրոցական տարիներից բնագիտական առարկաների նկատմամբ մեծ սեր ունեի, եւ մինչեւ այժմ այդպես է։ Ինձ համար պարզ էր, որ այդ ուղղությամբ պետք է շարունակեի կրթությունս: Սկզբում, իհարկե, բժիշկ էի ուզում դառնալ, բայց դա չստացվեց եւ դրա համար հիմա շատ ուրախ եմ: Իմ մասնագիտության ընտրությունը շատ պատահական ստացվեց: 9-րդ դասարանում ինձ հնարավորություն ընձեռվեց ընդունվել Գյուղատնտեսական Ակադեմիայի (այժմ՝ ՀԱԱՀ) վարժարանը, որը նախապատրաստական կուրս էր: Հենց այստեղից էլ սկսվեց ամեն ինչ։ Մեկ տարի այնտեղ սովորելուց հետո, որոշեցի դիմել բույսերի գենետիկայի բաժին, հաջողությամբ ընդունվեցի 1999թ-ին: Իհարկե, այդ ժամանակ ինձ բույսերը շատ էին դուր գալիս, բայց դեռ չգիտեի, թե ինչ էր ինձ սպասվում»,- ասում է Անահիտը։

Բույսերի գենետիկայի եւ ընդհանրապես գենետիկայով զբաղվելու իրական ոգեշնչում եղավ 2-րդ կուրսում, իսկ միակ «մեղավորը» գենետիկայի դասախոս Աղասի Կարապետյանն էր:

«Նա իր մասնագիտության նվիրյալն էր եւ անչափ տաղանդավոր գիտնական, որ վարակում էր իր էներգիայով եւ գիտության նկատմամբ սիրով: Կցանկանայի, որ նրա նման դասախոսներ շատ լինեին, որպեսզի երիտասարդ սերունդների համար գիտությունը լիներ նույնքան հրապուրիչ եւ գունեղ, ինչքան ինձ համար»,- ասում է Անահիտը:  

Բույսերի գենետիկայի զարմանահրաշ աշխարհը

Անահիտը մոլեկուլյար կենսաբան եւ գենետիկ է, մասնագիտացած՝ համակարգերի կենսաբանության եւ էվոլյուցիայի ոլորտում։ Ուսումնասիրում է, թե ինչպես են բույսերը ընկալում արտաքին միջավայրի ազդակները, օրինակ՝ լույսը, ջերմաստիճանը եւ սննդանյութերը եւ, համապատասխանաբար, կարգավորում իրենց աճը։

«Ոչ օպտիմալ պայմաններում, օրինակ, կենդանիները կարող են տեղաշարժվել եւ գտնել ավելի օպտիմալ պայմաններ, այպիսով՝ խուսափելով հետեւանքներից։ Բույսերը, այդ նույն պարագայում, չեն կարող տեղաշարժվել եւ էվոլյուցիայի ընթացքում ձեւավորել են բարդ եւ դինամիկ գենետիկ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս վայրկյանների ընթացքում հայտնաբերել արտաքին միջավայրի տատանումները, վերակազմավորել գենետիկ փոխազդեցությունները եւ համապատասխան օպտիմալ աճ ապահովել տվյալ արդեն փոփոխված պայմաներում»,- պատմում է գիտնականը։

Լուսանկարը` անձնական արխիվից


2020թ-ից Անահիտը Քյոլնի համալսարանում ուսումնասիրում է, թե ինչպես է ազոտը կարգավորում բույսերի աճը՝ փոփոխելով բույսերի ներքին հորմոնալ դինամիկան՝ կաղամբազգիների ընտանիքում։ Նա ասում է, որ սա գիտական տեսակետից խիստ հիմնարար ուսումնասիրություն է, որը ոչ միայն կօգնի հասկանալ բույսերի գենետիկ դինամիկան եւ աճը, այլեւ այդ գիտական արդյունքները հետագայում կարող են ունենալ կարեւոր կիրառական նշանակություն։

«Կկարողանանք գենետիկորեն բարելավված գյուղատնտեսական մշակաբույսեր ստեղծել, որոնք կարող են աճել մինիմալ նիտրատային պարարտանյութերի օգտագործմամբ՝ ապահովվելով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն։ Չնայած նախագծի սաղմնային փուլին, արդեն ունեմ հետաքրքիր նախնական տվյալներ, որոնք հիմք են հանդիսանում դրամաշնորհների դիմումներ պատրաստելու եւ ֆինանսավորում հայթայթելու համար»։

Հետհայացք՝ առաջին դժվարություններին եւ հնարավորություններին

2003 թվականին գյուղատնտեսական ակադեմիան գերազանց ավարտելուց հետո, ինձ համար պարզ էր, որ գենետիկայի գիտությամբ զբաղվելու համար Հայաստանում մնալը տարբերակ չէր: Պատճառները մի քանիսն էին.  օրինակ, արդիականացված լաբորատորիաներ գրեթե չկային բույսերի գենետիկայի ոլորտում՝ ամեն ինչ արվում էր խորհրդային ժամանակներից  ժառանգված ոչ արդիական սարքավորումներով եւ չնայած, որ ավագ սերնդի տաղանդավոր գիտնականներ շատ կային, չկար պատշաճ գիտական միջավայր:

Մյուս եւ ամենակարեւոր խնդիրը ֆինանսական հարցերն էին: Մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներին գիտական պրոցեսների մեջ ընդգրկելը չէր վարձատրվում։ Դա նշանակում էր, որ երկրորդ աշխատանք պետք է գտնեիր քո ֆինանսական եւ կենցաղային հարցերը լուծելու համար։ Այսինքն՝ ստացվում էր, որ գիտությամբ զբաղվելը դառնում էր չվարձատրվող կամ քիչ վարձատրվող նախասիրություն։ Ուսանողական վերջին տարում այդ պատկերը ինձ համար արդեն պարզ էր։ Այդ պատճառով սկսեցի անգլերեն լեզվի վրա աշխատել եւ դիմել միջազգային մագիստրատուրայի ծրագրերի։

2003թ. օգոստոսին ստացա շատ սպասված էլեկտրոնային նամակը, որում տեղեկացնում էին, որ ինձ շնորհվել էր կրթաթոշակ՝ Հունաստանի, Կրետե կղզու Mediterranean Agronomic Institute of Chania-ի (MAICh) մագիստրատուրայում՝ բույսերի գենետիկայի եւ բիոտեխնոլոգիայի ծրագրում, ուսումս շարունակելու համար։ Դա իսկապես ճակատագրական իրադարձություն էր, որ սկիզբ դրեց իմ գիտական ճանապարհորդությանը աշխարհով։

Լուսանկարը` անձնական արխիվից


Ավարտելուց հետո, արդեն ունեի առաջին լաբարատոր փորձառությունը մոլեկուլյար կենսաբանության եւ գենետիկայի ոլորտում, որը ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել եւս երկու կրթաթոշակ՝ դոկտորական աշխատանքս իրականացնելու համար։ Բարսելոնայի ԱԳՀԿ-ում (CRAG) ինձ բախտ վիճակվեց դոկտորական թեզի ընթացքում աշխատել անչափ տաղանդավոր գիտնական Խայմե Մարտինեսի խմբում, ով իմ գիտական կարիերայի վրա մեծ հետք է թողեց։ Դոկտորական շրջանը, երիտասարդ գիտնականի համար ձեւավորման ամենակարեւոր շրջան է, երբ ոչ միայն ձեռք ես բերում փորձնական հմտություններ, այլեւ սովորում ես մտածել եւ դատել ինչպես գիտնական։

Միջազգային գիտական ուղու՝ բացված դուռը

Հաջորդ հինգ տարիների ընթացքում աշխատեցի իմ դոկտորական թեզի վրա, որն ուղղված էր հասկանալուն, թե ինչպես են բույսերը ընկալում եւ արձագանքում լույսի որակի եւ քանակի տատանումներին, եւ, ըստ այդմ, ուղղորդում իրենց աճը։ Թեզս մեծ հաջողությամբ պաշտպանեցի բույսերի մոլեկուլյար կենսաբանության եւ գենետիկայի ոլորտում՝ 2011թ-ին, որից տպագրվեցին տասը հոդվածներ առաջատար գիտական ամսագրերում։ Դրանից հետո, հրավերներ ստացա աշխատելու ԱՄՆ-ում՝ Սեաթլի Վաշինգտոնի համալսարանում՝ երեք տարի, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում՝ Գերմանիայի, Քյոլնի Մաքս Պլանկի Բուսաբուծական հետազոտությունների ինստիտուտում։

Վերջինս իսկապես մեծ հնարավորություն էր, քանի որ Մաքս Պլանկի ինստիտուտն ունի գրեթե անսահման ֆինասական հնարավորություններ եւ ամենավերջին սարքավորումներն ու տեխնոլոգիաները մեր ոլորտում։ Դա թույլ է տալիս ունենալ գիտա-ստեղծագործական մեծ ազատություն եւ ավելի ռիսկային ծրագրեր նախաձեռնելու հնարավորություն, ինչը ավելի շատ նորարական արդյունքներ կարող են ունենալ։

Բոլոր ուսանողներին խորհուրդ կտամ փնտրել հնարավորություններ միջազգային փորձ ձեռք բերելու, գիտությամբ զբաղվելու տարբեր միջավայրներից սովորելու եւ հետապնդել իրենց գիտական երազանքները։ Գիտնականի մասնագիտությունը հեշտ չէ եւ շատ ինքնազոհություններ է պահանջում, ցավոք, բայց արժե փորձել, քանի որ ոչ բոլոր մասնագիտություններում է հնարավոր ամեն օր մի նոր բան սովորել եւ հայտնաբերել։

Մրցունակ գիտնականներ ունենալու շանսը

Հայաստանում բուսաբանությունը եւ ավելի կիրառական բուսաբուծությունը խորհրդային տարիներին եղել է շատ բարձր մակարդակի վրա։ Ունեցել ենք շատ տաղանդավոր գիտնականներ։ Վերջին տարիներ ընթացքում, շատ հետաքրքիր կիրառական ծրագրեր են իրականացվում ՀԱԱՀ-ում, հատկապես կանաչ գյուղատնտեսության հետ կապված։

Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում գիտության ոլորտում ունենք երկու հիմնական խնդիր՝ համակարգային եւ ֆինանսական։ Համակարգային խնդիրներից մեկը մրցունակ եւ արհեստավարժ կադրեր պատրասելն ու պահելն է։ Օրինակ՝ վճարովի պրակտիկաների միջոցով բակալավրի ուսանողներին գիտական պրոցեսներին լիակատար մասնակից դարձնելը։ Գիտական աստիճանավորման նույնականացումը, ըստ միջազգային ցուցանիշների։ Հայաստանում հաճախ հանդիպող երեւույթ է, երբ մարդը կարող է ասպիրանտուրան ավարտել եւ ստանալ գիտական կոչում՝ առանց որեւէ գիտական հոդված տպագրելու, առանց տվյալ ոլորտի միջազգային գրականությունը ուսումնասիրելու։ Սա այն դեպքում, երբ կենսաբանությունը շատ արագ զարգացող ոլորտներից է, որտեղ գրականության լեզուն անգլերենն է, եւ ամեն օր նոր հոդվածներ են տպագրվում։

Լուսանկարը` անձնական արխիվից


Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է պատրաստել մրցունակ գիտնականներ, որոնք, բացի  խիստ մասնագիտական փորձից, նաեւ տիրապետում են անգլերեն լեզվին, որը թույլ է տալիս տպագրվել միջազգային մակարդակով, ինքնուրույն պատրաստել դրամաշնորհների դիմումներ եւ համագործակցել Հայաստանից դուրս։ Հայաստանում այս միջավայրը արդեն կա որոշ հաստատություններում, այն պետք է ընդօրինակել եւ կիրառել։ Այդ օրինակելի հաստատություններից մեկը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն է, որի աշխատանքներին մեծ ոգեւորությամբ հետեւում եմ։

Ֆինանսավորման խնդիրներից մեկը, գիտնականի մասնագիտությունը գրավիչ եւ կայուն դարձնելն է։ Շատ ուրախ եմ, որ վերջին տարվա ընթացքում գիտության պետական հատկացումների ավելացման հիմնախնդիրը բարձրաձայնվում է տարբեր հարթակներում։ Դա արդեն իսկ փոքր, բայց կարեւոր ձեռքբերումների սկիզբ է դրել՝ գիտության ֆինանսավորման աճ եւ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման պետական նախագիծ։ Դեռ շատ անելիքներ կան գիտության զարգացումը եւ լիարժեք ֆինանսավորումը պետական շահերի եւ ռազմավարության մեջ ընդգրկելու համար։  Նաեւ նկատել եմ, որ գիտության պետական ֆինանսավորումը հիմնականում ուղղված է կիրառական հետազոտություններին։ Իհարկե, դրանք կարեւոր են, բայց չպետք է մոռանալ, որ առանց հիմնարար գիտության չի կարող լինել կիրառական գիտություն։ CRIPR/Cas գենային մոդիֆիկացիայի տեխնոլոգիան դրա վառ օրինակներից է կենսաբանության ոլորտում։

Բուսաբանական տեսակետից, Հայաստանը շատ մեծ հնարավորություններ ունի գիտության համար։ Հայաստանում կա հսկայական բուսական կենսաբազմազանություն, որն օժտված է տարբեր կլիմայական պայմաններում աճելու էվոլյուցիոն ադապտացիաներով։ Դա կարելի է օգտագործել որպես գենոֆոնդ, հիմնարար հետազոտություններ կատարելու համար, այդ մեխանիզմները հասկանալու եւ հետագայում դրանք կիրառելու բուսաբուծության մեջ՝ բարելավված սորտեր ստեղծելու համար։ Դա հնարավոր է պատշաճ ֆինանսավորման եւ ենթակառուցվածքային արդիականացման դեպքում։

Տրանսֆորմացիոն հզոր գործոնը

Իմ կարծիքով՝ արտասահմանում հաջողությունների հասած հայ գիտնականները, Հայաստանում գիտության համար տրանսֆորմացիոն հզոր գործոն կարող են լինել։ Բացի կարեւոր մասնագիտական գիտական փորձից, որն ուղղակիորեն կկիրառվի իրենց գիտական ոլորտի զարգացման վրա, նրանք նաեւ կբերեն իրենց միջազգային կապերը եւ համագործակցությունները, այդպիսով՝ ընդլայնելով Հայաստանի գիտական շփման եզրերը։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ նրանց փորձը գիտության կառավարման տարբեր միջազգային հաստատություններում։ Դա կարող է համախմբել եւ ստեղծել մի նոր եւ արդյունավետ գիտական կառավարման համակարգ, որը չի կրկնի միջազգային չաշխատող մեխանիզմները, բայց կընդգրկի արդյունավետ պրակտիկան՝ Հայաստանում ներդնելու համար։

Գիտական սփյուռքի ներդրումը տեղ հասցնելու համար հարկավոր է պետական աջակցություն եւ ֆինանսավորում, ֆինանսավորում, ֆինանսավորում։ Պետական կայուն ռազմավարություն է պետք, քանի որ դա կարճ ժամկետներում իրագործել հնարավոր չէ։ Օրինակ՝ կարելի է ստեղծել պետական ծրագիր, ամեն տարի Հայաստան բերել 5-10 միջազգային մակարդակով մրցունակ գիտնականների։ Դա հնարավոր է միայն գրավիչ պայմաների դեպքում:

Արտերկրում, մշտական հաստիքի աշխատատեղեր քիչ կան։ Այդ գործոնը, Հայաստանի կառավարությունը կարող է օգտագործել՝ առաջարկելով մշտական գիտական հաստիքներ եւ նախնական հինգ տարվա կտրվածքով մինիմալ ֆինանսավորում։ Բացի դա, նաեւ պետք է պատշաճ գիտական միջավայր ստեղծել, որպեսզի այդ գիտնակաների համար Հայաստանում մնալը գրավիչ դառնա։ Սա միայն մի օրինակ է, թե ինչպես Հայաստանում գիտությունը կարող է տրանսֆորմացիայի ենթարկվել մոտ ապագայում՝ մեկ ֆինանսավորման գործիք ճիշտ եւ հետեւողական օգտագործելու դեպքում։

Մարի Թարյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին