Արեւիկ Վարդանյան. Էլ.թափոններն ու BioTecRem հեղափոխական նախագիծը - Mediamax.am

exclusive
23407 դիտում

Արեւիկ Վարդանյան. Էլ.թափոններն ու BioTecRem հեղափոխական նախագիծը


Արեւիկ Վարդանյանը Կիպրոսի Տեխնոլոգիական համալսարանում
Արեւիկ Վարդանյանը Կիպրոսի Տեխնոլոգիական համալսարանում

Լուսանկարը` անձնական արխիվից

Արեւիկ Վարդանյանը Լիեժի համալսարանում
Արեւիկ Վարդանյանը Լիեժի համալսարանում

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Արեւիկ Վարդանյանը Չինաստանում՝ գործընկերների հետ
Արեւիկ Վարդանյանը Չինաստանում՝ գործընկերների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ:

Շրջապատող աշխարհն ուսումնասիրելու հետաքրքրությունն ու բնության կատարելության գաղտնիքը բացահայտելու սերը Արեւիկ Վարդանյանին, «ձեռքը բռնած», բերել են դեպի գիտություն:

Արդեն 10 տարի է՝ Արեւիկն ուսումնասիրում է երկաթ եւ ծծումբ օքսիդացնող մանրէների բազմազանությունը եւ տարածվածությունը Հայաստանում ու Արցախում, դրանց  կենսաբանական առանձնահատկությունները, ինչպես նաեւ կենսաթաղանթի առաջացումը եւ ձեւավորումը:

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի մետաղների տարրալվացման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արեւիկի ուսումնասիրությունների շրջանակներում է ոչ կոնդիցիոն հանքաքարերից, խտանյութերից, տեխնոգեն թափոններից գունավոր եւ արժեքավոր մետաղների կորզումը` այդ մանրէների եւ նրանց համակեցությունների միջոցով:

Սպիտակ խալաթն ու մուտքը գիտություն

Առաջին քայլը՝ կրթությունս, ստացա Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի բույսերի պաշտպանության բաժնում՝ ստանալով ֆիտոպաթոլոգիա (բույսերի բժիշկ) մասնագիտությունը:

Միայն սովորելով չբավարարվեցի. ինձ ավելին էր պետք եւ բակալավրիատում սովորելու տարիներին սկսեցի աշխատել Աբովյան քաղաքի Մանրէաբանության ինստիտուտում, սկզբում՝ կենսաքիմիայի, այնուհետեւ երկրամանրէաբանության լաբորատորիայում։ Այդպես սկսվեց իմ ուղին դեպի մանրէաբանություն: 2010թ.-ին մեր ինստիտուտը միավորվեց Երեւանի Կենսատեխնոլոգիայի ինստիտուտի հետ, ստեղծվեց «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնը, որտեղ մինչ այսօր աշխատում եմ:

Համալսարանում շատ էի սիրում մանրէաբանության դասերը եւ սպիտակ խալաթը, որ հագնում էինք դասերի ժամանակ: Դա ինչ-որ յուրահատկություն էր տալիս գործին:

Մագիստրատուրան ավարտելուց հետո մեկնեցի Չինաստան՝ մասնակցելու Կենսահիդրոմետալուրգիայի 19-րդ միջազգային համաժողովին: Առաջին մասնակցությունս էր միջազգային գիտաժողովին կենսահիդրոմետալուրգիայի ոլորտում, ունեի պոստերային զեկուցում։ Հենց այդ գիտաժողովն էլ դարձավ հանքային մանրէաբանության աշխարհ իմ մուտքի սկիզբը:

Արեւիկ Վարդանյանը Չինաստանում՝ գործընկերների հետ Արեւիկ Վարդանյանը Չինաստանում՝ գործընկերների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Կրթությունս շարունակեցի Գերմանիայի Եսսեն-Դուիզբուրգ համալսարանի Կենսաթաղանթի կենտրոնի լաբորատորիայում՝ պրոֆեսոր Վոլֆգանգ Սանդի ղեկավարությամբ, ով համարվում է ոլորտի «հսկաներից» մեկը։ Թեկնածուական ատենախոսությունս պաշտպանելուց մեկ տարի անց Կիպրոսի Տեխնոլոգիական համալսարանում (CUT) տիղմից ֆոսֆորի մանրէաբանական կորզման ուղղությամբ հետազոտությունների մասնակցեցի, որը բնապահպանական տեսակետից կարեւոր խնդիր է՝ կապված լճերի ճահճակալման հետ:

BioTecRem՝ էլեկտրական սարքավորումների անթափոն վերամշակման տեխնոլոգիան

2017թ.-ին Բելգիայի Լիեժի համալսարանում՝ Հանքային լաբորատորիայի GeMMe-թիմում սկսեցինք աշխատել երկրորդային թափոնների (էլեկտրոնային եւ էլեկտրական սարքավորումներ) մանրէաբանական վերամշակման թեմայի շուրջ։ Մշակեցինք երկրորդային թափոնների մշակման երկփուլ համակարգ՝ մանրէաբանական եւ քիմիական։

Փորձերի արդյունքները բավական խոստումնալից էին եւ հենց հետազոտական աշխատանքների ժամանակ էլ որոշեցինք դիմել Marie Skłodowska-Curie Actions (MSCA-IF) ծրագրին՝ ավելի գլոբալ եւ ընդլայնված աշխատանքների եւ որ ամենակարեւորն է՝ BioTecRem նախագիծը կյանքի կոչելու համար։ Այդ նախագիծը ենթադրում էր յուրահատուկ մանրէաբանական կոնսորցիումի մշակում՝ երկրորդային թափոններից արժեքավոր մետաղների կորզման նպատակով: Ցավոք, մեր ծրագիրը չֆինանսավորվեց, բայց ես ստացա «Seal of Excellence» (85% եւ բարձր միավոր), որը մասնակիցներին հնարավորություն է տալիս դիմելու ցանկացած միջազգային, տարածաշրջանային, տեղական եւ այլ ծրագրերի ու առանց փորձաքննության ֆինանսավորում ստանալ:

Այս հետազոտությունները շատ կարեւոր են էլեկտրոնային թափոնների վերամշակման տեսանկյունից: Այսօր ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց տեխնիկայի (բջջային հեռախոս, համակարգիչ, պլանշետ, կենցաղային տեխնիկա եւ այլն), բայց չենք էլ պատկերացնում, թե ինչ ճակատագրի են արժանանում դրանք փչանալուց հետո:
Արեւիկ Վարդանյանը Լիեժի համալսարանում Արեւիկ Վարդանյանը Լիեժի համալսարանում

Լուսանկարը` անձնական արխիվից


Ենթադրվում է, որ աշխարհում 2018թ.-ին էլեկտրոնային թափոնների քանակը հասնելու է 50 մլն տոննայի: Դա ահռելի թիվ է մեր երկրագնդի համար: Եվ այդ թափոնների միայն 15-20%-ն է ենթարկվում վերամշակման: Սա բնապահպանական տեսանկյունից լուրջ խնդիր է:

Իսկ մեր BioTecRem նախագիծը ենթադրում է «recycling»-վերականգնում, այսինքն՝ այդ սարքավորումների արտադրության ժամանակ օգտագործված մետաղների վերականգնում թափոններից՝ դրանց հետագա օգտագործման նպատակով: Այս եղանակը ենթադրում է անթափոն վերամշակում` շրջակա միջավայրի համար միանգամայն անվնաս, էներգախնայողական եւ տնտեսապես ոչ ծախսատար։

Ուսումնասիրությունների եւ հնարավորությունների «նեղացված» շրջանակը

Ցավով պետք է ասեմ, որ Հայաստանում գիտության ոլորտը հիմա իսկապես լավ վիճակում չէ։ Մենք, իհարկե, ունենք լավ մասնագետներ, բայց չունենք ֆինանսավորում, ինչը խիստ կերպով «նեղացնում» է մեր ուսումնասիրությունների եւ հնարավորությունների շրջանակը։ Ունենք նաեւ ուղեղների արտահոսք, բայց դա բնական եմ համարում: Գիտնականը չի կարող ապրել առանց իր մտահղացումներն իրականացնելու, առանց առաջ շարժվելու, եւ եթե նա ունի այդ ամենն իրականացնելու հնարավորություն արտերկրում, չի կարող բաց թողնել: Իսկ տեղական դրամաշնորհները բավարար չեն ոչ միայն հիմնարար, այլ նաեւ կիրառական բնույթի հետազոտությունների համար:

Եվ չնայած այս ամենին՝ ընդհանուր գիտական միջավայրում առաջընթաց տեսնում եմ: Հիմա շատ ակտիվ գործում են Մերգելյան ակումբում TSD-ի (Technology & Science Dynamics) կազմակերպած սեմինարները: Մեծ առաջխաղացում է FAST-ի գործունեությունը: Դա հիանալի մարտահրավեր է մեր ուսանողների, ասպիրանտների եւ երիտասարդ գիտնականների համար: Հավատում եմ, որ տարիների ընթացքում կկարողանանք նաեւ բարձրացնել մանրէաբանության՝ որպես առանձին գիտության ուղղության դերը Հայաստանում:

Միջազգային համագործակցությունն ու Հայաստանի գիտության տեսլականը

Կարծում եմ, որ գիտության ոլորտում Հայաստանի տեսլականը մշուշոտ չէ: Աշխարհում կենսահիդրոմետալուրգիայի ոլորտում Հայաստանի անունը գրված է դեռեւս 1972 թ-ից, երբ Գեւորգ Մարկոսյանը հենց մեր լաբորատորիայում հայտնաբերեց եւ նկարագրեց երկաթ օքսիդացնող Leptospirillum ferrooxidans շտամը: Այն մեծ հեղաշրջում առաջացրեց եւ մինչեւ հիմա հիշատակվում է:

Հաճախ միջազգային գիտաժողովներին երիտասարդ գիտնականները մոտենում են, հարցնում այդ մասին: Հիանալի է, երբ քեզ չեն շփոթում Ալբանիայի կամ Ռումինիայի հետ: Ես կարեւորում եմ միջազգային համագործակցությունը, որը հիանալի «սիմբիոզ» է ոչ միայն գիտելիքների եւ փորձի փոխանակման, այլեւ անձնային հատկանիշների զարգացման:

Գիտությունը, որոշակի առումով նաեւ ինքնադրսեւորման միջոց է. տեսնելու սեփական ուժերիդ եւ հնարավորություններիդ իրական պատկերը, միեւնույն ժամանակ պատասխանատվություն այն գործում, որին նվիրվում ես անմնացորդ:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Արեւիկ Վարդանյանի անձնական արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին