Անահիտ Գոգյան. Քվանտային ֆիզիկան՝ Երեւան-Աշտարակ ճանապարհին - Mediamax.am

exclusive
32563 դիտում

Անահիտ Գոգյան. Քվանտային ֆիզիկան՝ Երեւան-Աշտարակ ճանապարհին


Անահիտ Գոգյանը
Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Գոգյանը
Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Գոգյանը
Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Գոգյանն արտերկրի գործընկերների հետ
Անահիտ Գոգյանն արտերկրի գործընկերների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Անահիտ Գոգյանը
Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Գոգյանը
Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ:

Երեւան-Աշտարակ ճանապարհը կտրել-անցնելուց հետո Անահիտ Գոգյանը բացում է աշխատասենյակի դուռը, միացնում համակարգիչն ու տեղափոխվում ֆիզիկայի աշխարհ:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Անահիտ Գոգյանը զբաղվում է քվանտային օպտիկայով եւ ինֆորմատիկայով, ատոմային ու լազերային ֆիզիկայով։ 

Խորամանկություն` ֆիզիկոսների աշխարհ տեղափոխվելու համար

«Դպրոցում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ մաթեմատիկա առարկաները մոտս լավ էին ստացվում։ 10-րդ դասարանում չգիտեի՝ որ ուղղությամբ գնալ: Ծնողներս ու եղբայրս մաթեմատիկոս են, խորհուրդ տվեցին ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուղղությունն ընտրել, եթե չցանկանամ, հետո կարող եմ փոխել մասնագիտությունս։ Ծնողներս մի քիչ թերահավատ էին, որ կկարողանամ ֆիզիկոս  դառնալ։ Դիմեցի ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ: Երկու օրից համալսարանից զանգեցին, ասացին` անունդ սխալ ես գրել, արի ուղղի։ Գնացի ուղղելու, ձեռքի հետ նաեւ ֆակուլտետը փոխեցի»,- պատմում է երիտասարդ ֆիզիկոսը։

Անահիտին սկզբում գրավել էր ոչ թե բուն ֆիզիկա գիտությունը, այլ ֆիզիկայով զբաղվող մարդիկ, ովքեր նրան շատ հետաքրքիր էին թվում: Դպրոցում էլ մաթեմատիկա առարկան ֆիզիկայից շատ էր սիրում, բայց համալսարանում սովորելու ընթացքում կամաց-կամաց հասկացավ, որ ֆիզիկան ավելի ու ավելի է գրավում իրեն:

Անահիտ Գոգյանը Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ի տարբերություն ծնողներիս, ավելի շատ ընկալում էի ոչ թե մաթեմատիկայի, այլ ֆիզիկայի հմայքը, այն ինձ ավելի ստեղծագործ էր թվում: Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն: Ես հաճույք եմ ստանում ֆիզիկայի ոլորտում աշխատելով»,- ասում է նա:

Կոտրելով կարծրատիպերը

Համալսարանում սովորելու տարիներին Անահիտ Գոգյանը մասնակցեց Գերմանիայից եկած մի մասնագետի սեմինարի, որն էլ ի վերջո հանգեցրեց քվանտային ինֆորմատիկայով տարվելուն:

«Շատ հետաքրքրեց թեման, պարզեցի, թե ովքեր են մեզ մոտ դրանով զբաղվում: Տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Յուրի Մալաքյանի մոտ գնացի, ով զբաղվում էր քվանտային ինֆորմացիայով: Գնացի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ եւ նրան ասացի, որ իր մոտ ուզում եմ կիսամյակային աշխատանք գրել: Իր ասպիրանտին հանձնարարեց, որ ինձ օգնի»,- ասում է նա:

Անահիտը որոշեց կոտրել տարածված կարծրատիպը, թե աղջիկները մեծամասամբ չեն հետաքրքրվում ֆիզիկայով եւ երկրորդ անգամ թակեց Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի դռները: «Երբ արդեն պիտի կուրսային աշխատանք գրեի, նորից գնացի նրա մոտ, ասաց` վայ, նորից եկե՞լ ես: Չէր սպասում, որ կվերադառնամ: Հնարավոր է, որ մտածել էր` աղջիկ է, կգրի աշխատանքը, կգնա, դժվար շարունակի հետաքրքրվել այս թեմայով եւ ուզենա աշխատել գիտության ոլորտում: Երբ սկսեցի ֆիզիկայով զբաղվել, ինստիտուտում այդքան շատ աղջիկներ չկային: Իմ գնալուց հետո արդեն շատերն ուզում էին աղջիկ ուսանողներ վերցնել: Ասում էին` աղջիկներն ավելի պատասխանատու են, ավելի լավ են գործ անում, ավելի հավանական է, որ կմնան գիտության մեջ: Քանի որ տղաները մեծամասամբ որոշ ժամանակ անց գնում են ծրագրավորմամբ զբաղվելու, հիմա փորձում են ավելի շատ աղջիկների վերցնել աշխատանքի»:

Հայաստանում եւ Ֆրանսիայում համատեղ ասպիրանտուրայում սովորելուց մի քանի տարի հետո Անահիտը նաեւ ստանձնեց ինստիտուտի գիտքարտուղարի պաշտոնը:
Անահիտ Գոգյանը Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գիտական քարտուղարի պաշտոնում աշխատելու առաջարկ ստացա: Ուսումնասիրեցի եւ հասկացա, որ կարող եմ անել այդ գործը: Միայն, ցավոք. այդ աշխատանքը գիտությամբ զբաղվելու ժամանակից շատ է խլում, պարբերաբար շեղում է գիտությունից»:

Արդեն չորս տարի է՝ Անահիտ Գոգյանը ԵՄ-ից պարբերաբար հրավերներ է ստանում մասնակցելու Եվրոպական միասնական դրամաշնորհային ծրագրերին ներկայացվող նախագծերի գնահատմանը: Աշխատանքը, ինչպես ասում է, շատ հետաքրքիր է եւ ծանրաբեռնված. «Հաճախ անհրաժեշտ է գնահատել նախագծեր, որոնք ներկայացնում են քվանտային ինֆորմացիոն գիտության, ատոմային եւ լազերային ֆիզիկայի առաջատարները»:

Ապագայի համակարգիչներն ու քվանտային ֆիզիկան

Գիտական այս ուղղությունն ամբողջ աշխարհում շատ արագ է զարգանում, այն գրավում է ապագան, իսկ Հայաստանում ընդամենը երկու-երեք գիտական խմբեր են դրանով զբաղվում: Ամբողջ աշխարհում սթարտափեր են հիմնադրվել, կան ընկերություններ, որոնք զբաղվում են նաեւ քվանտային ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) սարքերի արտադրմամբ:

«Այժմյան համակարգիչներում ու հեռախոսներում ինֆորմացիան պահվում է 0-երի եւ 1-երի կոմբինացիայով, այսինքն` ինֆորմացիան գրվում է բիտերի վրա` 0-ի եւ 1-ի տեսքով, ֆիզիկայի տեսանկյունից, օրինակ, դա կարող է համապատասխանել լիցքի լինելուն կամ չլինելուն: Իսկ քվանտային ֆիզիկայում պարզվում է, որ օբյեկտը կարող է միաժամանակ մի քանի վիճակում լինել, օրինակ` ֆոտոնը միաժամանակ կարող է լինել մի քանի վիճակներում: Ավելի պարզ, մեկ ֆոտոնը կարող է միաժամանակ ունենալ երկու տարբեր բեւեռացումներ, եթե այդ բեւեռացումները պայմանականորեն անվանենք 0 եւ 1, ֆոտոնը միաժամանակ կարող է գտնվել եւ 0 եւ 1 վիճակում, կամ այլ կերպ ասած, 0-ի եւ 1-ի սուպերպոզիցիոն վիճակում: Այդ սկզբունքի վրա հիմնվելով` աշխատում է ողջ քվանտային ինֆորմացիոն տեսությունը:
Ինֆորմացիայի կրողները, օրինակ` ֆոտոնները, ատոմներն ու էլեկտրոնները կոչվում են քվանտային բիտեր, քուբիտներ: Սովորական բիտի համեմատ` քուբիտի մեջ կարող ես տեսականորեն անվերջ քանակով ինֆորմացիա պահել, եւ դա հսկայական հնարավորություններ է բացում: Արդյունքում դա թույլ է տալիս, որ քվանտային համակարգիչները, որոնց աշխատանքի հիմքում ընկած են քվանտային ֆիզիկայի օրենքները, հաշվարկներն ավելի արագ կատարեն: Խնդիրներ կան, որոնք սովորական համակարգիչները չեն կարող լուծել կամ լուծելու համար հսկայական ժամանակ է հարկավոր, իսկ քվանտային համակարգիչները շատ արագ կանեն դա»:

Խոսելով գիտական այս ուղղության ապագայի մասին, Անահիտի Գոգյանը նշում է, որ հատկապես քվանտային կրիպտոգրաֆիան ինֆորմացիայի անվտանգության հիմքն է լինելու: Նրա խոսքով, երբ քվանտային համակարգիչներն արդեն կիրառության մեջ լինեն, զուգահեռաբար անվտանգության խնդիրներ են առաջ գալու: Նույնիսկ, բանկային քարտերի ծածկագրերը կարելի կլինի հեշտությամբ կոտրել:
Անահիտ Գոգյանը Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե Հայաստանը չի ցանկանում 20 տարուց հայտնվել լուսանցքից դուրս, կանգնել անվտանգության լուրջ խնդիրների առաջ, ապա պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի, եւ երբ այդ համակարգերն արտասահմանում գործարկվեն, Հայաստանը եւս պատրաստ լինի դրանք ներդնելուն»:

HP-ն, Google-ը, այլ ընկերությունները փորձում են քվանտային համակարգիչներ ստեղծել իրենց համար։

«Իրենք հասկանում են, որ դա իրենց բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է։ Այլապես, կապրեն այսպես հինգ-տասը տարի, բայց եթե ավելի հեռու ապագայի մասին են մտածում, ապա պետք է գիտության մեջ էլ ներդրում անեն։ Հայաստանում շատ բիզնեսմեններ հակառակ մտածողության են»,- ասում է ֆիզիկոսը:

Գիտությամբ զբաղվողի խնդիրները

«Ժամանակին, երբ ինչ-որ գիտական հոդված է հարկավոր կարդալ, ցանց մուտք գործելու եւ դրանք ազատ վերցնելու հնարավորություն չկար, քանի որ Հայաստանը շատ ամսագրերի բաժանորդագրված չէր: Այժմ այդ հարցը լուծվում է ոչ օրինական կայքի միջոցով, որտեղ տեղադրվում են բազմաթիվ գիտնականների հրապարակումներ: Գլոբալ առումով դա չլուծված հարց է, քանի որ ցանկացած պահի կայքը կարող են փակել: Այդ ժամանակ Հայաստանի գիտնականները խնդրի առջեւ կկանգնեն», - պատմում է գիտնականը:

Տեսաբան Անահիտ Գոգյանին նման ցանցի առկայությունը որոշ չափով բավարար է իր գիտությամբ զբաղվելու համար, սակայն փորձարարական գիտության մեջ լուրջ խնդիր են լաբորատորիաներն ու սարքավորումները: Նա նշում է, որ այժմ հայ գիտնականներն օգտագործում են խորհրդային տարիների հնացած սարքավորումներ:

«Արտասահմանյան լաբորատորիաներ ենք մտնում, տպավորությունն այնպիսին է, ասես աֆրիկյան սոված գյուղից գնացել ես զարգացած երկրներ: Հսկայական տարբերություն կա Հայաստանի ու Եվրոպայի լաբորատորիաների միջեւ: Մի քանի ամիս ԱՄՆ-ում աշխատել եմ Բերքլիի համալսարանում, այնտեղ լաբորատորիայում աշխատող նույնիսկ մագիստրանտն իրավունք ուներ որոշակի գումարի սահմաններում առանց որեւէ թույլտվության գնումներ կատարել իր փորձի համար: Իսկ Հայաստանում, եթե ինչ-որ բան գնելու համար նույնիսկ 10 դրամ ես ծախսում, պետք է երկար թղթաբանությունների միջով անցնես: Հաճախ գումարներն այնքան փոքր են, որ գիտնականները չեն էլ կարող մտածել անհրաժեշտ սարքավորումները գնելու մասին»:

Բնագիտական առարկաները հետաքրքիր մատուցելու խնդրի փակ շղթան

Ինչպես նկատում է Անահիտ Գոգյանը, դպրոցում երեխաներին բնագիտական առարկաները մատչելի չեն մատուցվում, չեն բացատրում թե ինչ են այդ առարկաներն ու ինչի համար են ընդհանրապես։ Այդ խնդիրը դրվում է մեծամասամբ ծնողի վրա եւ ծնողների շնորհիվ է, որ երեխան հետաքրքրվում է այս կամ այն ուղղությամբ: Ըստ Անահիտի՝ այդ հետաքրքրությունն ուսուցիչները պետք է երեխայի մեջ առաջին դասարանից առաջացնեն, իսկ ծնողները դրան նպաստեն։

«Եթե աշակերտի մոտ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն լինի, նույնիսկ հետագայում՝ հումանիտար ուղղություններ ընտրելու դեպքում էլ, շատ ավելի զարգացած կլինեն»,- վստահ է ֆիզիկոսը:
Անահիտ Գոգյանն արտերկրի գործընկերների հետ Անահիտ Գոգյանն արտերկրի գործընկերների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մյուս խնդիրը, ըստ Անահիտի, ուսուցիչներին պատրաստելն է. «Փակ շրջան է ստացվում. ուսուցիչները երեխաներին գիտելիքը հետաքրքիր եւ մատչելի կերպով չեն մատուցում, որովհետեւ համալսարանում անհրաժեշտ բավարար գիտելիքներ չեն ստացել, ինչի պատճառը նաեւ այն է, որ դպրոցում նրանց չեն հետաքրքրել պատշաճ կերպով։ Երեխաների մոտ ինչ-որ բան սովորելու, պրպտելու նկատմամբ այդ սերը պետք է մանկապարտեզից դրվի։ Ուսուցիչն այնքան գիտակից լինի, որ հասկանա, որ իր արածն ինչ-որ արժեք ունի, ինքը մարդ է կրթում, ով ապագայում կարող է երկրի ապագա որոշել»:

Անահիտ Գոգյանը նշում է, որ երեխաները դպրոցներում ամենապրիմիտիվ փորձերն անելու հնարավորություն չունեն, իսկ փոքր տարիքի երեխաներին սովորեցնելու համար ցանկալի է ունենալ ինչ-որ սարքավորումներ:

«Բնականաբար, եթե դպրոցն ունենա լազեր եւ կարողանա փորձեր ցուցադրել, աշակերտին, առարկան ավելի գրավիչ կթվա: Բայց կան սովորական փորձեր, ինչպես օրինակ` սառույցի սուզվելու պրոցեսը, որը ցույց տալու եւ բացատրելու համար սարքավորումներ պետք չեն: Կարելի է այդ ամենը կրթական ծրագրով նախատեսել երեխաներին ցույց տալ դպրոցներում»:

Ինչպես նվաճել հանրության հետաքրքրվածությունը

Երիտասարդ ֆիզիկոսը կարծում է, որ հասարակության շրջանում գիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու գործում գիտնականները պետք է ակտիվ ներգրավված լինեն: Նա հիշում է, որ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն էլ որոշ քայլեր արել է այդ ուղղությամբ:
Անահիտ Գոգյանը Անահիտ Գոգյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Ինստիտուտի որոշ աշխատողներ ֆիզիկայի փորձերի փողոցային ցուցադրություններ էին իրականացնում: Երբեմն ուսանողներ եւ դպրոցականներ են գալիս ինստիտուտ եւ ծանոթանում մեր մոտ կատարվող փորձերին: Մոտ երկու տարի առաջ ծրագիր կար. տասը երիտասարդ գիտաշխատողներով շաբաթ ու կիրակի օրերին գնում էինք մարզերի դպրոցներ, ավարտական դասարանների աշակերտներին պատմում էինք գիտության նոր ճյուղերի մասին: Բավականին մեծ ոգեւորություն կար, տխուր էր, որ ոչ բոլոր դպրոցներին էր դա հասանելի: Ամեն տեղ էլ խելացի ու հետաքրքրասեր երեխաներ կան, բայց իրենց գտնելը, բացատրելը, որ գիտությունը հետաքրքիր է, գործ է, որ պետք է արվի»:

Անահիտ Գոգյանը Գերմանիայի Լինդաու կղզում մասնակցել է 1952թ.-ին հիմնադրված եւ արդեն ավանդույթ դարձած` Նոբելյան մրցանակակիրների եւ աշխարհի տարբեր երկրների երիտասարդ գիտնականների հավաքին: Նոբելյան մոտ 50 մրցանակակիր եւ մոտ 400 երիտասարդ մեկ շաբաթ շարունակ սեմինարների են մասնակցում, շփվում են, կիսվում փորձով, ստանում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Սա շատ լավ հնարավորություն է, երբ երիտասարդ գիտնականը կարող է նստել Նոբելյան մրցանակակրի կողքին, նրան հարցեր տալ ու կիսվել իր ունեցած դժվարությունների մասին, լուծումներ եւ խորհուրդներ ստանալ»,- ասում է նա:

Գիտության ապագան

Հայաստանում գիտության համար փայլուն ապագա Անահիտ Գոգյանը չի տեսնում. «Ֆինանսական խնդիրը կա, բայց դա լուծելի է: Ամենաբարդը միջին տարիքի գիտնականների բացակայության հարցն է: Օրինակ, հիմա ես աշխատում եմ գիտության մեջ, բայց վստահ չեմ, թե ինչ կկատարվի երկու տարի անց: Եթե դրամաշնորհներ չլինեն, ստիպված կլինեմ նաեւ թողնել գիտությունը: Եթե ֆինանսական կայունություն լինի, մենք գրանտների հույսին չմնանք, միջին տարիքի գիտնականների հարցն այդքան սուր չի լինի եւ միգուցե որոշ մարդիկ վերադառնան»:

Ըստ Անահիտի, պետք է կառավարությունը հետաքրքրված լինի գիտություն ունենալով, իսկ եթե դա չեղավ, ինչ էլ անի գիտնականը, չի կարող կառավարությանը տեղից շարժել.

«Կատարյալ կլիներ, եթե ինչ-որ ներդրողներ լինեին: Կա ֆունդամենտալ գիտություն, կա կիրառական գիտություն եւ կա արտադրություն: Այստեղ միջանկյալ ինչ-որ օղակ է հարկավոր, որը կֆինանսավորի եւ արդյունքը կբերի կիրառական շուկա: Երբ ներդրողների օգնությամբ դա սկսի օգտագործվել, կառավարությունը կտեսնի, որ արդյունքներ կան կիրառական գիտության մեջ, արդեն կսկսի հետաքրքրվել եւ նաեւ գուցե սկսի մտածել ֆունդամենտալ գիտությունը զարգացնելու ուղղությամբ»:

Մարի Թարյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի եւ Անահիտ Գոգյանի արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին