Այսօրվա արտագաղթի պայմաններում դժվար է պատկերացնել, որ կան մարդիկ, որ ինքնակամ վերադառնում են Հայաստան: Առավել զարմանալի կարող է թվալ այն հանգամանքը, որ վերադառնում են նաեւ նրանք, ովքեր կրթություն են ստացել աշխարհի լավագույն բուհերում:
Մեդիամաքս-ի նոր Get Back! հատուկ նախագիծը, որն իրականացվում է Հայկական Գիտական Համագործակցություն (ARMSCOOP) ցանցի հետ համագործակցությամբ, պատմելու է այդ մարդկանց մասին:
Նրանք կպատմեն արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին, կխոստովանեն. ինչո՞ւ որոշեցին վերադառնալ Հայաստան, կքննարկեն Հայաստանի կրթական համակարգի խնդիրները եւ մարտահրավերները:
Վիգեն Շիրվանյանը «Այբ» ավագ դպրոցի փոխտնօրենն է: Առաջին բարձրագույն կրթությունը ստացել է աստվածաբանության ու հայագիտության ոլորտում ՝ ավարտելով Վազգենյան ու Գեւորգյան հոգեւոր ճեմարանները սարկավագի կոչումով: Ուսանել է նաեւ Ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:
2010-2011թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) մագիստրատուրայում՝ մարդու իրավունքների բաժնում:
2010-ին ընդունվեցի Լոնդոնի Համալսարանական քոլեջ` Մարդու իրավունքներ մագիստրական ծրագրով: Լոնդոն մեկնում էի կնոջս հետ, ով ստացել էր Չիվնինգ ծրագրի կրթաթոշակը Լոնդոնի համալսարանական քոլեջում սովորելու համար: Ժամանակի ընթացքում, երբ արդեն լավ ծանոթացա համալսարանական կյանքին, որոշեցի ինքս էլ փորձեմ ընդունվել նույն բուհը: Քանի որ արդեն ունեի աստվածաբանության ու իրավաբանության հիմք, ինչպես նաեւ կրթության ոլորտում աշխատելու փորձ, ցանկացա մասնագիտանալ մարդու իրավունքների՝ հատկապես երեխաների կրթության իրավունքի հետ կապված խնդիրների վրա:
Իմ մագիստրոսական աշխատանքը նվիրված էր հետկոնֆլիկտային շրջաններում երեխաների կրթության իրավունքին: Ուսումնասիրություններիս հիմնական նյութը Արցախի կրթական խնդիրներն էին:
Ի՞նչ է տալիս դրսում սովորելը
Խոսելով արտերկրում ստացած իմ կրթության առավելությունների մասին, պետք է նախեւառաջ նշեմ աշխարհի լավագույն բուհերի ցանկում գտնվող համալսարանի կրթական միջավայրում լինելը: Այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները եւ ամեն ինչ նպաստում է կրթությանը՝ սկսած շենքերի դիզայնից, ավարտած դասախոս-ուսանող հարաբերություններով: Իսկ այդ փորձառությունը տալիս է որոշ գործիքներ ու որակներ քո սեփական միջավայրը նույնպես փոխելու համար:
Ինձ համար շատ արժեքավոր էր նաեւ հետազոտական հմտությունների կատարելագործումը: Արեւմտյան բուհական համակարգում դրան մեծ տեղ են տալիս:
Մեկ այլ հանգամանք, որը կարեւորում եմ, Հայաստանի դեսպան լինելն է: Պետք է կարողանաս քո երկիրը պատշաճ ձեւով ներկայացնել թե՛ ակադեմիական միջավայրում, թե՛ առօրյա շփումների մեջ: Լոնդոնում ինձ հաջողվել է ընկերներ ձեռք բերել տարբեր երկրներից ու տարբեր մասնագիտությամբ: Շատերի հետ կապը պահպանում եմ մինչ այսօր, եւ շատերը ցանկություն են հայտնում այցելել Հայաստան եւ ծանոթանալ հայկական պատմության ու մշակույթի հետ:
Վիգեն Շիրվանյանը տիկնոջ հետ:
Լուսանկարը` Վ. Շիրվանյանի արխիվից:
Բացի դրանից, ուսանելը եւ միաժամանակ աշխատելը աշխարհի կարեւորագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնում, որի ռիթմը երբեք կանգ չի առնում, եւս շատ մեծ նշանակություն ունի: Սովորում ես նաեւ այդ տեսակ միջավայրում ապրել եւ հաղթահարել մի շարք դժվարություններ: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակը ծածկում էր բոլոր ծախսերի 50% -ը, սակայն իմ կրթությունը հնարավոր դարձավ նաեւ Լոնդոնի հայկական Բենլյան հիմնադրամի կրթաթոշակի եւ սովորելուն զուգահեռ կես դրույք աշխատելու շնորհիվ:
Վերադառնա՞լ, թե՞ մնալ
Այն հարցին, թե արդյոք ճիշտ եմ համարում արտերկրում լավագույն համալսարաններում կրթություն ստացած մարդկանց վերադարձը Հայաստան, միանշանակ չեմ պատասխանի: Իհարկե, եթե մարդն այստեղ կայանալու հնարավորություն ունի, շատ լավ ու ճիշտ կլինի, որ վերադառնա: Իմ պարագայում դա գործեց: Եթե նախընտրեի մնալ Լոնդոնում, ամենայն հավանականությամբ, կաշխատեի մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի կազմակերպությունում, եւ չնայած կունենայի առաջ գնալու հնարավորություն, սակայն լինելու էի հազարներից մեկը: Շատ կարեւոր է, որ մարդը ճիշտ գիտակցի կյանքում իր տեղը եւ ժամանակին արձագանքի կյանքի կոչերին: Իմ վերադարձի պարագայում գումարվեցին ե՛ւ անձնական, ե՛ւ աշխատանքային հանգամանքները:
Կինս նույնպես աշխատանքի հրավեր ուներ Հայաստանից, այնպես որ, մեր պարագայում ամեն ինչ զուգադիպեց: Սակայն, պետք է ասեմ, որ մենք տրամադրված էինք վերադառնալու ու մեր վերադարձը պարտադրված չի եղել: Ավելին, անչափ ուրախ ենք, որ մեր առաջնեկը ծնվեց Հայաստանում:
Անշուշտ, երբ վերադառնում ես, արտասահմանում ստացած փորձը, կապերն ու գիտելիքները կարող են շատ մեծ օգուտ բերել քո երկրին ու շրջապատին: Մյուս կողմից, կան մասնագետներ, որոնք պարզապես իրենց տեղը չեն գտնում Հայաստանում եւ դրսում մնալով թե՛ իրենց մասնագիտական աճին, թե՛ Հայաստանին ավելի մեծ նպաստ կբերեն:
Կարծում եմ, առաջնահերթությունների խնդիր կա, ինքդս ես ընտրում, թե որն է ավելի կարեւոր՝ աշխատանքից հաճույք ստանա՞լը, դրանով մարդկանց օգտակար լինե՞լը, պարզապես լավ վարձատրվե՞լը, ապրելու եւ աշխատելու միջավա՞յրը, զարգացման հեռանկա՞րը... Այսօր գիտակցում եմ, որ կարեւոր օղակի մեջ, կարեւոր գործ եմ անում, քանի որ համոզված եմ՝ կրթության միջոցով փոփոխություն իրականացնելը ամենահիմնարար ճանապարհն է:
Հայկական կրթության գլխավոր խնդիրները եւ մարտահրավերները
Խնդիրներն իրականում շատ են: Կարող եմ սկսել ամենահասարակ օրինակներից՝ արտագրություն, գրագողություն, պարզ՝ միմյանց շնորհակալություն ասելու պակաս: Կարծում եմ, որ դրանք մեր կրթության (ուսում եւ դաստիարակություն միասին վերցրած) «քաղցկեղն են», եւ հենց այդտեղից են ծագում ավելի գլոբալ խնդիրները եւ ոչ կոմպետենտ լինելը: Եթե մի միջավայրում արտագրությունը դիտվում է որպես ընկերասիրություն եւ նորմալ, ընդունված նորմ, ապա ուրիշի հաշվին ապրելը, հարեւանից գողանալը, «պակաս-պռատ» մասնագետ լինելը կլինի նույնպես նորմալ ու ընդունելի:
Ինչպես նշեցի, շատ մեծ նշանակություն ունի կրթական միջավայրը: Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց մի պատմություն, երբ դպրոցական մի տղայի դեմ էր դուրս եկել դասարանը՝ ծնողների ու ղեկավարության հովանավորությամբ: Եթե դա տեղի էր ունենում դպրոցում, ապա բնավ անակնկալ չէր համալսարանական միջավայրի պատկերը ցույց տվող աղմկահարույց տեսահոլովակը: Այդպիսի ոհմակային պահելաձեւը եւ մտածելակերպը, անշուշտ, խորը արմատներ ունի, դա խոսում է ընդհանուր համակարգի բացերի ու խնդիրների մասին:
«Այբ» դպրոցում անում ենք առավելագույնն ապագային միտված միջավայր ձեւավորելու համար: Վստահ եմ, որ կրթությունը ոչ միայն ստացած գիտելիքներն են, այլեւ այն մշակույթն ու դաստիարակությունը, որը բերում ես հասարակություն:
Մեր մշակույթում սերմացած է սերն ու ուշադրությունը կրթության հանդեպ, բայց շատ բաներ խեղաթյուրված են: Չգիտեմ, ինչպես կոչեմ այն երեւույթը, երբ մարդիկ գումար են տալիս չսովորելու համար: Եթե դուք պատմեք դրա մասին մեկ այլ մշակույթ կրող անձին, օրինակ՝ սինգապուրցուն կամ սկանդինավացուն, նա ձեզ պարզապես չի հավատա եւ խենթ կհամարի: Բազմաթիվ երկրներում շատերը ուսանողական վարկեր են վերցնում, միայն թե բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն ունենան:
Վիգեն Շիրվանյանը:
Լուսանկարը` Վ. Շիրվանյանի արխիվից:
Իհարկե, կան նաեւ լուսավոր կետեր: Եթե խոսենք դպրոցների մասին, ապա դա ոչ միայն «Այբ» ավագ դպրոցն է, այլ մի քանի այլ դպրոցներ, որտեղ երեխաներին տալիս են ճիշտ հասարակական անհատներ ձեւավորվելու համար անհրաժեշտ որակներ: Ի վերջո, դպրոցի գլխավոր նպատակը ոչ միայն մրցունակ ու լավ գիտելիք, հմտություններ տալն է, այլեւ ճիշտ քաղաքացիական կեցվածք ձեւավորելը: Եթե դա դպրոցում չլինի, ապա որտեղի՞ց պետք է լինի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հենց այդ լուսավոր կետերը եւ կղզյակները պետք է վերացնեն լճացումները եւ համապատասխան հիմք ստեղծեն Հայաստանում կրթության հետագա զարգացման համար:
Արամ Արարատյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: