Էդիթ Սողոմոնյան. «Պետք է փորձել հայրենիքում արժանավայել ապրելու հնարավորություն ստեղծել» - Mediamax.am

exclusive
4859 դիտում

Էդիթ Սողոմոնյան. «Պետք է փորձել հայրենիքում արժանավայել ապրելու հնարավորություն ստեղծել»


Էդիթ Սողոմոնյանը
Էդիթ Սողոմոնյանը

Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Ավարտական միջոցառման ժամանակ
Ավարտական միջոցառման ժամանակ

Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Էդիթ Սողոմոնյանը համակարգում է «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա»-ն
Էդիթ Սողոմոնյանը համակարգում է «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա»-ն

Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Է. Սողոմոնյանը շնորհում է «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա»-ի երախտագիտության վկայականը
Է. Սողոմոնյանը շնորհում է «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա»-ի երախտագիտության վկայականը

Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Լոնդոնում ուսանելու տարիներին
Լոնդոնում ուսանելու տարիներին

Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Էդիթ Սողոմոնյանը ոչ ֆորմալ կրթական միջավայրում
Էդիթ Սողոմոնյանը ոչ ֆորմալ կրթական միջավայրում

Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

«Ցկյանս ուսումնառության օրեր Հայաստանում» միջոցառմանը
«Ցկյանս ուսումնառության օրեր Հայաստանում» միջոցառմանը

Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից


Մեդիամաքսը շարունակում է Get Back! հատուկ նախագիծը, որն իրականացվում է Հայկական Գիտական Համագործակցություն (ARMSCOOP) ցանցի հետ համագործակցությամբ:

Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին, Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

Էդիթ Սողոմոնյանը «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա»-ի (Armenian Lifelong Learning League) համակարգողն է: Նա նաեւ Էրազմուս Մունդուս ուսանողների եւ շրջանավարտների ասոցիացիայի ներկայացուցիչն է Հայաստանում:

Երեւանի պետական համալսարանում աստվածաբանության բակալավրի կոչում ստացած Էդիթը ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում: Էրազմուս Մունդուսի առաջարկած կրթաթոշակով նա մասնագիտացել է ցկյանս ուսումնառության քաղաքականության ու շարունակական կրթության կառավարման բնագավառում:

Արտերկրում սովորելու ցանկություն վաղուց ունեի, զգում էի, որ Հայաստանում ստացածս կրթությունը, հմտություններն ու որակավորումը չեն համապատասխանում այն աշխատանքին, որը ցանկանում եմ անել: 2004 թվականից սկսած՝ տարբեր ծրագրերի էի դիմում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում, մի քանի անգամ նույնիսկ հաղթահարել էի ընտրության նախավերջին փուլը, սակայն վերջին պահին ինչ-որ բան չէր ստացվել: Այնուամենայնիվ, այդ ողջ ընթացքում չեմ դադարել փորձել գտնել ինձ նաեւ Հայաստանում:


Էդիթ Սողոմոնյանը ոչ ֆորմալ կրթական միջավայրում
Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

2006 թվականին ծանոթներիցս մեկն ինձ հրավիրեց մասնակցելու երիտասարդական փոխանակման մի ծրագրի, որն իրականացվում էր Եվրամիության ֆինանսավորմամբ: Երբ մասնակցեցի, հասկացա, որ երիտասարդների հետ աշխատելու արդյունքում ձեւավորվող դինամիկ միջավայրն ու խաղային էլեմենտներով հարուստ կրթական մեթոդներն ինձ շատ հոգեհարազատ են, եւ որ ոչ ֆորմալ միջավայրում ինձ զգում եմ «ինչպես ձուկը ջրում»:

Սկսեցի ակտիվորեն մասնակցել երիտասարդական ծրագրերին, ինչպես նաեւ «Երիտասարդություն շարժման մեջ» եվրոպական ծրագրի շրջանակում ընկերներիս հետ ոչ ֆորմալ կրթական նախագծեր իրականացնել: Մի քանի տարվա ընթացքում մասնակցելով տարբեր միջազգային եւ տեղական ծրագրերի` գիտակցեցի նաեւ, որ շարժունությունը մեծ դեր է կատարում հմտություններիս զարգացման գործում:

Այդ ընթացքում հասունացավ նաեւ Հայաստանից դուրս որեւէ կազմակերպությունում որպես կամավոր աշխատելու ցանկությունը: Լյուքսեմբուրգում ուսանողական մի կազմակերպությունում 11 ամիս կամավորական աշխատանք կատարեցի, որի ընթացքում օգնում էի միջազգային ուսանողներին ինտեգրվել, հարմարվել տեղական մշակույթին, նրանց համար հետաքրքիր միջոցառումներ էի կազմակերպում: Հասկացա, որ աշխատելու ընթացքում ուսումնառությունս շարունակվում է. ճիշտ է՝ բուհում չէի, որեւէ ֆորմալ կրթական գործընթացի չէի մասնակցում, սակայն սովորում էի լողալ «ինքնակրթության ծովում»:


Լոնդոնում ուսանելու տարիներին
Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Հենց հասարակական ոլորտում երիտասարդների հետ աշխատանքը կրթության ձեւի ավելի լայն ընկալման հիմք դարձավ եւ խթանեց ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հանդեպ հետաքրքրությունս:

Հայաստան վերադառնալով՝ հասկացա, որ պետք է նոր որակավորում ձեռք բերեմ եւ այդ որակավորումն ամրագրող փաստաթուղթ ունենամ, որն ինձ թույլ կտա ոչ միայն ուսումնասիրել կրթության տարբեր տեսությունները, ձեւերն ու մեթոդաբանությունները, այլեւ հմտանալ կրթության կառավարման գործնական մոդելների մշակման գործում: Այդ ժամանակ էլ եկավ իմ «բինգո պահը»: 2010 թվականին գտա Էրազմուս Մունդուսի առաջարկած «MA Lifelong Learning Policy and Management» մագիստրոսական ծրագիրը, դիմեցի եւ կրթաթոշակ շահելով՝ ընդունվեցի:

Հայաստանը կրթության բովանդակությունը վերաիմաստավորելու կարիք ունի

Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս սովորելու 3 երկրներում՝ Անգլիայում, Իսպանիայում եւ Դանիայում: Քանի որ մեծ քաղաքները էներգատար են, կրթական ծրագիրն էլ՝ շատ հագեցած, որոշեցի ընտրել երկրներից երկուսը: Առաջին տարին սովորեցի Լոնդոնի համալսարանի Կրթության Ինստիտուտում՝ կրթության ոլորտում միջազգային համբավ ունեցող մասնագետների ղեկավարությամբ, մեկ կիսամյակ` Իսպանիայի Դեուստոյի համալսարանում, այնուհետեւ դարձյալ վերադարձա Անգլիա՝ թեզս գրելու:


Ավարտական միջոցառման ժամանակ
Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Անգլիայում սովորելը մեծ մարտահրավեր էր բազմաթիվ պատճառներով, միեւնույն ժամանակ իմ ամենամեծ աճը՝ որպես մասնագետ, մարդ եւ կին, եղել է հենց այնտեղ: Հայտնվեցի մեգապոլիսում ու միանգամից մոռացա երևանյան կյանքի ռիթմը: Արագ Լոնդոնում պետք էր վազքի եւ մարդկանց հոսքի մեջ չկորել, օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից՝ խմբային աշխատանքներից, գրադարաններից, անվճար ուսուցման հարթակներից, պետք էր օգտվել դասախոսների հետ դեմ առ հանդիպումներ ունենալու, տարբեր կրթական տոնավաճառներին, ցուցահանդեսներին, սեմինարներին մասնակցելու հնարավորություններից:

Այդ ամենը մեծ ուշադրություն, էներգիա եւ արագ կողմնորոշվելու ունակություն էր պահանջում: Եվ եթե ես տեղում չինքնակազմակերպվեի, չէի կարողանա երկամյա կրթությունիցս այսքան օգուտ քաղել՝ միեւնույն ժամանակ վայելելով Եվրոպայի ամենաբազմամշակութային քաղաքներից մեկի գեղեցկությունը:


«Ցկյանս ուսումնառության օրեր Հայաստանում» միջոցառմանը
Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Ավարտելուց հետո կրթությունս շարունակելու հնարավորություն ունեի՝ ասպիրանտական ծրագրերում (PhD) ընդգրկվելու հրավեր ստացա մի քանի եվրոպական համալսարաններից: Հետաքրքիր էր հետազոտությունների աշխարհը, սակայն 2 տարի պարբերաբար ակադեմիական միջավայրում վերլուծական աշխատանք կատարելուց հետո ուզում էի գործնական քայլեր անել եւ փորձել բացահայտել նաեւ ստացածս կրթության պրակտիկ կողմը:

Հետաքրքիրն այն է, որ երբ դիմում էի Էրազմուս Մունդուս ծրագրին, ինձ թվում էր, թե նոր մասնագիտությունս կիրառելի է միայն եվրոպական երկրներում՝ այնտեղ ցկյանս ուսումնառության հանդեպ վաղուց համակարգային մոտեցում է գործում, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս օրորոցային տարիքից սկսած` ներգրավվել կազմակերպված ուսումնառության գործընթացում: Սակայն Եվրոպա մեկնելուց մեկ տարի անց գիտակցեցի, որ ձեռք բերած հմտություններս ավելի պիտանի կլինեն զարգացող երկրների համատեքստում, որտեղ տնտեսական աճն ու զարգացումը ուղղակիորեն կախված են կրթության անդադար հոսքից, այն է՝ յուրաքանչյուր պահի կրթության մեջ կրկին ներգրավվելու եւ վերապատրաստվելու հնարավորության առկայությունից:

Ի տարբերություն եվրոպական զարգացած երկրների` զարգացող երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, կրթության բովանդակությունը վերաիմաստավորելու եւ կրթական ողջ համակարգը արագորեն տեղի ունեցող փոփոխությունների համաշխարհային միտումներին համապատասխանեցնելու կարիք ունեն:


Էդիթ Սողոմոնյանը համակարգում է «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա»-ն
Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Ամենամեծ ձեռքբերումս գործընկերներիս եւ ընկերներիս վստահությունն է իմ հանդեպ՝ որպես մասնագետի

Երբ գնում էի Անգլիա, բարեկամներիցս ու ընկերներիցս շատերը մտածում էին, որ այլեւս չեմ վերադառնա: Բայց 2 տարիների ընթացքում մի շատ կարեւոր բան հասկացա՝ որտեղ էլ գտնվես, ինքդ քեզանից չես փախչի: Եթե ինքդ քեզ չես գտել, նույնիսկ ամենահարուստ եւ ամենամեծ հնարավորություններով երկրում չես կարող ինքնահաստատվել: Եվ հակառակը՝ եթե գիտես՝ ով ես ու ինչ կարող ես տալ հասարակությանը, համայնքին, կարող ես ինքնաիրագործվել նույնիսկ ամենասահմանափակ պայմաններում:

Հայաստան վերադառնալուց հետո առաջին վեց ամիսներն ամենադժվարն էին. աշխատանքային հարցազրույցների ժամանակ գործատուները տպավորվում էին իմ դիպլոմներով եւ գիտելիքներով, բայց առաջարկվող աշխատանքներից եւ ոչ մեկը ինձ չէր տալիս այն զգացումը, թե սա հենց այն է, ինչի համար վերադարձել եմ:

Միայն 2013 թվականի մարտ ամսին գտա ներկա աշխատանքս` «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա»-ն, որը Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (dvv International) օժանդակությամբ Հայաստանում զբաղվում է ցկյանս ուսումնառության համակարգի ձեւավորմամբ եւ շահերի պաշտպանությամբ:


Է. Սողոմոնյանը շնորհում է «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա»-ի երախտագիտության վկայականը
Լուսանկարը` Է. Սողոմոնյանի արխիվից

Արդեն մեկ ու կես տարի է՝ աշխատում եմ Լիգայում եւ գտնում եմ, որ կարիերայում ավելի շատ ձեռքբերումներ ունեմ, քան անհաջողություններ: Ամենամեծ ձեռքբերումս համարում եմ գործընկերներիս եւ ընկերներիս վստահությունն իմ հանդեպ՝ որպես մասնագետի: Շարունակում եմ նաեւ կամավորական աշխատանքս՝ օգնելով Էրազմուս Մունդուս Ուսանողների եւ շրջանավարտների ասոցիացիային հայաստանյան դիմորդներին տեղեկացնել Էրազմուս Մունդուս ծրագրերի և կրթաթոշակների մասին: Փորձում եմ նաև մոբիլիզացնել Էրազմուս Մունդուս ծրագրերի՝ հայաստանաբնակ շրջանավարտներին և ակտիվացնել այս համայնքը:

Կարծում եմ՝ եթե մարդ կարող է իր հայրենիքում արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ստեղծել, պիտի փորձի անել դա, որովհետեւ խոտը միշտ էլ այլ երկրում ավելի կանաչ է, քան տանը: Բայց երբ վերադառնում ես, քաջ գիտակցում ես, որ այն ամեն տեղ էլ կանաչ է միայն ամռանը:

Զրուցեց Աննա Բարսեղյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին