Մեծ սպորտի ապագա աստղերը. Էմին Օհանյան - Mediamax.am

exclusive
7626 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Էմին Օհանյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանը երբեք էլ տաղանդավոր շախմատիստների պակաս չի ունեցել, նրանցից մեկն էլ Էմին Օհանյանն է, որը, չնայած իր պատանի տարիքին, արդեն բավական ձեռքբերումների է հասել:

Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում ներկայացնում ենք շախմատիստի անցած ուղին ու ապագայի մեծ ծրագրերը:

Մարզաձեւը՝ շախմատ

Տարիքը՝ 15

Բնակվում է՝ Երեւանում

Անձնական մարզիչը՝ Արման Փաշիկյան

Սովորում է՝ Սովորում է Պուշկինի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանում:


Նվաճումները՝ Հայաստանի Մ-16 տարեկանների չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ ու միջազգային վարպետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզական կերպարը՝ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է. «Նրա ամեն ոճով  խաղալու ունակությունն ու հաղթողի դերում լինելն եմ հավանում: Հավատում եմ, որ այս տարի էլ կպահի իր տիտղոսը»:

Նպատակը՝  Ամեն օր ավելի շատ ուժեղանալ:

Սիրած զբաղմունքը՝ «Եթե ազատ ժամանակ է լինում, սեղանի թենիս եմ խաղում: Այդ եղանակով եմ փորձում շախմատից ինչ-որ ձեւով կտրվել, քանի որ հենց տանն եմ լինում, եթե անգամ չեմ մարզվում, անընդհատ մտածում եմ շախմատի մասին, իսկ թենիսն օգնում է գոնե մի քիչ ցրվել»:

Առաջին քայլերը. Չորս տարեկան էի, երբ պապիկս մեծ եղբորս սկսեց շախմատի քայլերը սովորեցնել: Մտածում էր, որ դեռ փոքր եմ ու ոչինչ չեմ հասկանա: Նստում էի ու նրանց խաղին հետեւում, այդպես նայելով էլ սովորեցի: Եղբորս հետ սկսեցինք հաճախել շախմատի Ակադեմիա, բայց նա հետագայում էլ չշարունակեց մարզվել, իսկ ես հակառակը՝ շատ հավանեցի ու մնացի: Իմ շախմատային ամուր հիմքերը Արբի Խաչատրյանն է դրել ու օգնել սիրել այս մարզաձեւն այնքան, որ մտածեմ պրոֆեսիոնալ մակարդակում շարունակելու մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առանձնահատկությունները. Շախմատում անչափ կարեւոր է շատ պարապելը, տաղանդը մեծ դեր ունի, ինչի շնորհիվ կարող ես գրոսմայստեր դառնալ, բայց Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալ չի ստացվի: Անհրաժեշտ է արդյունավետ գործել ու տարբերվող կերպով մտածել, որ կարողանաս ուրիշներից առանձնանաս:

Կամքի ուժն էլ շատ կարեւոր է, որ վատ դիրքերում չհանձնվես ու մինչեւ վերջ պայքարես, ինչպես նաեւ ոչ մի օր մարզում բաց չթողնես: Հիմա այնքան եմ շախմատը սիրում, որ չեմ կարողանում դրանից կտրվել, որեւէ մեկն ինձ չի ստիպում նստել ու աշխատել: Երեւի ողջ օրն եմ տրամադրում շախմատին, մարզվում եմ, ուսումնասիրում, վերլուծում: Քանի որ Քովիդի պատճառով տանն էինք, ամբողջությամբ կենտրոնացա շախմատի վրա ու սկսեցի առցանց մրցաշարերի մասնակցել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապագան. Աշխարհի չեմպիոն դառնալ բոլորն են ուզում, բայց ես իմ առաջ հստակ նպատակ չեմ դրել, փորձում եմ ամեն օր ավելի ուժեղ լինել, քան նախորդ օրը: Տեսնենք, թե որ պահին կկանգնեմ, կամ արդյոք կլինի նման բան: Փորձում եմ առավելագույն անել ու տեսնել, թե ինչ կստացվի: Ապագաս, միանշանակ, շախմատի հետ եմ կապում:

Հիմա հիմնականում սկզբնախաղերի վրա եմ աշխատում, դրանք եմ ուսումնասիրում ու սովորում, բայց շախմատում ամեն ինչին պետք է հավասար տիրապետել, քանի որ դրանից է կախված հաղթանակը: Կարող ես հիանալի պարտիա անցկացնել ու ընդամենը մի պահ թուլանալ, ինչի արդյունքում ամեն ինչ ջուրը կընկնի:

Մրցաշարային փորձը. 8,5 տարեկանում առաջին կարգս լրացրի ու Հայաստանի պատանեկան առաջնությանը մասնակցեցի: Մինչ այդ ավելի թույլ մրցաշարերում էի հանդես եկել, որոնցում իմ մակարդակի խաղացողներ էին: Իսկ Հայաստանի առաջնությունում ամենաուժեղ մրցակիցներն էին, բայց հաջող հանդես եկա ու Աշխարհի առաջնության մասնակցելու իրավունք ձեռք բերեցի:

Համ հաճույք էի ստանում իմ խաղից, համ շատ լարված էի, կարծում եմ անգամ ամենաուժեղ շախմատիստները լրիվ անկաշկանդ չեն լինում: Մոտ 2 տարի տեւեց այդ լարված շրջանը: Խաղերի ժամանակ շատ էի լարվում, որ սխալ չանեմ ու պարտվեմ: Կամաց-կամաց հաղթահարեցի այդ փուլն ու երեւի 1,5 տարի է, որ ավելի հանգիստ եմ գործում: Դա առաջին հերթին վստահությունից է գալիս ու սեփական ուժերս իմանալուց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչները. Ակադեմիայից դուրս գալուց հետո Հայկ Խաչիկյանի մոտ անհատական էի պարապում, նա 5 տարի ինձ շատ օգնեց: Հետո իմ կայացման գործում շատ մեծ դեր խաղաց Զավեն Անդրիասյանը: 2019-ը միակ տարին էր, որ Հայաստանի առաջնությունում լավ չխաղացի ու եզրափակիչ մրցաշար անցնել չկարողացա: Թեեւ ամենաուժեղն էի համարվում ու վարկանիշս էլ բավական բարձր էր, բայց 5 տարի անընդմեջ հաջող արդյունքից հետո, վատ հանդես եկա: Դրանից հետո Անդրիասյանն իր մոտ կանչեց ու 2 տարի պարապեց հետս, ինչի շնորհիվ հետագայում Հայաստանի չեմպիոն դարձա:

Հիմա Արման Փաշիկյանի հետ եմ աշխատում: Նրա հետ մարզումները շատ հետաքրքիր են անցնում ու ոչ միայն շախմատի առումով: Նա դիրքային առաջադրանք է տալիս, որոնց լուծումները չկան էլ, խաղային նրբություններն է բացատրում: Դեռ մի քանի ամիս ենք միասին աշխատում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուժեղ կողմերը. Ես շատ լավ գիտեմ իմ ուժերն ու ինչերի կկարողանամ հասնել: Մի պահ կար, որ ոչ մի գիտելիք չունեի, իմ խելքով էի խաղում ու ստացվում էր: Բայց պրոֆեսիոնալ շախմատում անհնար է առանց գիտելիքների: Ամենաշատը դուր եկավ սկզբնախաղը սովորել, քանի որ դրանից է կախված պարտիան ոնց կշարունակվի: Սկզբնախաղը ոչ միայն մի քանի քայլի շարունակությունն է, որը պետք է անգիր հիշել, այն դա կարող է տեւել նույնիսկ մինչեւ խաղի վերջ: Եթե ինչ-որ պահի մոռանաս, կպարտվես: Իզուր չեն ասում, որ շախմատային հաջողության կեսը հիշողության վրա է հիմնված:

Առաջ, որ դիրքս լավը չէր լինում կամ մոռանում էի սկզբնախաղը, միանգամից հուսահատվում էի, դա հոգեբանորեն էլ շատ էր ճնշում, մի քանի քայլից պարտվում էի: Դեռ այն իրավիճակը չէր լինում, որ զիջեի, ինքս էի հանձնվում: Հիմա հակառակն է, երբ դիրքս վատանում է, ժամանակն էլ՝ քչանում, ավելի ուժեղ եմ սկսում խաղալ, քանի որ ամեն պարտիայում ուզում եմ չպարտվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին միջազգայինը. Նման մրցաշարերում երկիրդ ես ներկայացնում ու պատասխանատվությունը շատ մեծ է լինում: Սկզբում միջազգային մրցաշարերում խաղալն ինձ համար ավելի հեշտ էր, քան հայերի դեմ, որովհետեւ մեր շախմատիստները շատ ուժեղ են: Այլ երկրներում էլ ուժեղ դպրոցներ կան, բայց երբ խելքով ես խաղում ու ստեղծագործելով, հայերի հետ ավելի բարդ է: Հետո հասկացա, որ իրենք այլ մոտեցում ունեն շախմատին, տարբերվում են մեզնից, ու ինձ հետաքրքիր դարձավ նրանց դեմ մրցել: 2016-ին մինչեւ 12 տ. ԱԱ-ին մասնակցեցի, սկզբում այդքան էլ լավ չխաղացի, 2-րդ անգամ շատ լավ ստացվեց: Հասկացա, որ փորձը շատ կարեւոր է, ինչքան էլ գիտելիքներ ունենաս, պարապես ու տաղանդավոր լինես, միեւնույն է 30 տարի խաղացող շախմատիստը քո նկատմամբ առավելություն ունի:

Փորձը. Դրա համար ձգտում էի շատ խաղալ ու փորձիս պակասը լրացնել: Սկզբում հայերի հետ էի խաղում, բայց մրցակիցներս միշտ նույնն էին, իսկ ուժդ հասկանալու համար նոր պայքար է պետք: Սկսեցի առցանց խաղալ, այս պահին համակարգչով արդեն 70 հազար պարտիայի շեմն անցել եմ, ընդ որում՝ մեծ մասում հաղթել եմ: Նման արդյունք 1,5 տարում եմ գրանցել, մարդիկ անգամ 10-20 տարում չեն կարողանում այդ ցուցանիշին մոտենալ: Արդեն 5000 պարտիան շատ է համարվում: Ինձ համար կարեւոր էր այդ փորձի ձեռքբերումը, բացի այդ էլ աշխարհի ամենաուժեղ գրոսմայստերների հետ խաղալու շանս ստացա, թոփ-10-ի հետ էլ մրցել եմ՝ Կարլսեն, Գրիշչուկ, Լագրավ: Դա ինձ շատ օգնեց, իհարկե, դասական շախմատն ավելի կարեւոր է, 10 խաղը օնլայն 2000 պարտիայից ավելի լավ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առցանց մրցաշարերը. Եղել են նաեւ 24 ժամ տեւող ու 25 հազար մասնակից ունեցող մարաթոններ, որոնց մասնացել եմ ու հաղթող դարձել: Մոտ 22,5 ժամ խաղացել եմ, եթե դադարը երկար լիներ, ինձ արդյունքներով կշրջանցեին: Մինչ այդ էլ մասնակցել էի, բայց մի քնի ժամ քնել էի ու 5-րդ տեղը գրավել, հասկացա, որ նման բան ինձ թույլ տալ չեմ կարող: Տարվա մեջ 4 նման մրցաշարեր են լինում, կարող ես տրամադրվել ու չքնել:

Մարաթոնի ժամանակ մի հետաքրքիր բան նկատեցի, այնքան էի խաղացել, որ ընդհանրապես տախտակին չէի նայում, մտքերով ուրիշ տեղ էի, բայց դիրքս միեւնույն է լավն էր: Այնքան եմ փորձառու դարձել, որ ենթագիտակցորեն էլ գործում եմ, քնից էլ արթնացնեն, կխաղամ:

Անգամ օնլայն պարտիաներից հետո վերլուծում եմ խաղս, ինչը քչերն են անում, դրա հաշվին էլ ավելի քիչ սխալներ եմ թույլ տալիս:

Միջազգային նորման. Իմ կյանքի ուժեղ մրցաշարերը մոտ 10-ն են եղել: 3 ամիս առաջ միջազգային կարգ ստանալու համար արտերկրում 1 ամիս շարունակ 3 մրցաշարի մասնակցեցի: Վերջինը Ծաղկաձորում էր, որտեղ էլ միջազգային վարպետի նորմա լրացրի, հաստատումը ՖԻԴե-ից դեկտեմբերին կստանամ: Հետո արդեն գրոսմայստերի կոչման համար կպայքարեմ:

Շատ կուզեի խաղալ լավագույն 10 գրոսմայստերների դեմ ու հասկանալ իրենց ուժն ինչում է: Նրանց դեմ մրցելով դա կզգամ, դիտելով այդքան էլ լավ չի երեւում: Նաեւ կհարցնեմ նրանց, թե ինչպե՞ս են մարզվում ու ի՞նչ մեթոդներով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի էլ մրցաշարի չեմ մասնակցի, որովհետեւ միջազգային վարպետից գրոսմայստեր դառնալու համար շատ գիտելիքներ ու աշխատանք է պետք: Գիտեմ, որ առաջիկա մրցաշարերում խաղալով ավելորդ էներգիա կծախսեմ, դրա համար ուժերս կխնայեմ: 2022-ին կձգտեմ գրոսմայստերի նորմա լրացնել ու իրավունք վաստակել մասնակցել 2023-ի Հայաստանի տղամարդկանց առաջնությանը:

Կարլսենը. Միշտ հետեւում եմ Կարլսենին, նա բազմաթիվ առումներով է օրինակ, շատ սառնասիրտ խաղացող է: Մի անգամ Հիկարու Նակամուրայի հետ էր մրցում, մի քանի վայրկյան ուներ, իսկ մրցակիցը՝ մոտ 10 րոպե: Այդ ընթացքում Կարլսենի սրտի արագությունն են ստուգել, այն ընդհանրապես չէր արագացել, գիտի ինչպես կառավարել մարմինը, որ չլարվի: Նման բան շատ քիչ մարզիկներ կարող են իրենց թույլ տալ: Այդ պարտիայում պարտվեց զուտ ժամանակի պատճառով: Իհարկե, մարդու համար պետք է մեկ չլինի պարտիայի ելքը, բայց սեփական մարմինը զգալն ու կառավարելն էլ մեծ ուժ է: Այ, նման բաներ է պետք լավագույններից սովորել: Դրա շնորհիվ է նաեւ, որ 10 տարուց ավելի է լավագույնն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պարտությունները. Ուժեղ խաղացողներ ունենք, որոնք կարող են հետագայում լավագույնների թվին դասվել, բայց դա միայն մի քանի տարի անց կերեւա: Ոմանք ասում են, որ իմ մաքսիմումն ունեմ եւ դրանից ավել չեմ կարող անել, համաձայն չեմ նրանց հետ: Պարապելու ու ինքդ քեզ ուժեղացնելու շատ տարբերակներ կան: Չպետք է հանձնվես ու մտածես էլ առաջ գնալու տեղ չկա:

Չկա շախմատիստ, որ խուսափի պարտությունից: Կան խաղացողներ, որոնք 2 տարի անընդմեջ չեն զիջել, դա անդադար չի կարող շարունակվել, բայց պարտությունների քանակը քչացնել կարող ես: Ծաղկաձորի մրցաշարում ընդամենը 1 պարտիա պարտվեցի, սկզբնախաղը մոռացել էի, հետո ինձ հավաքեցի ու շատ լավ խաղացի, դիրքը հավասարեցրի վրացու հետ, որը վարկանիշով ինձնից բարձր էր, բայց վերջում սխալ քայլ արեցի ու պարտվեցի, բայց դրանից հետո էլ չզիջեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւակայական շախմատը. Իրականում բոլոր շախմատիստներն էլ իրենց անտեսանելի տախտակն ունեն ու իրենց ձեւով են տեսնում: Իմ դեպքում այն միշտ դիմացս է, չեմ ուզում, որ անգամ հանգստանալիս ինձ հետ չլինի: Երազ չեմ հիշում, որ շախմատի հետ կապված չլինի:

Կոմբինացիաներ կան, որ ինձ մեկ-մեկ թվում է, ամենագեղեցիկ բանն է, որ երբեւէ տեսել եմ իմ կյանքում: Շախմատում հենց այդ գեղեցկությունն է գրավում ու պայքարելու ձեւը, որ այն եւ սպորտ է, եւ արվեստ: Մրցակցությունն ինձ դուր է գալիս, անգամ պարտությունից դաս ես քաղում:

Էմին Օհանյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին