Մեծ սպորտի ապագա աստղերը. Կարուշ Ղուկասյան - Mediamax.am

exclusive
72208 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Կարուշ Ղուկասյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական մարզաշխարհում նոր անունների պակաս չի զգացվում: Մեր երիտասարդ մարզիկները կարողանում են շարունակել իրենցից մեծերի գործերն ու կրկին հաջող ելույթներ ունենալ:

Նրանցից է նաեւ ծանրորդ Կարուշ Ղուկասյանը, որը Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքի այս անգամվա հերոսն է:

Մարզաձեւը՝ ծանրամարտ

Հանդես է գալիս՝ 94 կգ քաշային կարգում

Տարիքը՝ 22

Բնակավայրը՝ Գյումրի

Անձնական մարզիչ՝ Վահան Բիչախչյան

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում

Սիրած զբաղմունք՝ ձկնորսություն

Նվաճումները՝ Հայաստանի չեմպիոն, 2015-ի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն

Լուսանկարը` Մեդիամաքս


Մուտք ծանրամարտ. Ընդհանրապես գաղափար չունեի ծանրամարտի մասին: Դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչս ինձ ուղորդեց, ու ես եկա մարզադահլիճ: Սկզբից պարզապես գալիս էի, իսկ 14 տարեկանից Վահան Բիչախչյանյանի գլխավորությամբ սկսեցի նվիրված աշխատել: Այս ժամանակից էլ անչափ սիրեցի ծանրամարտն ու որոշեցի շարունակել:

Ուժեղ մարդկանց տեղը. Այստեղ թույլ մարդը գործ չունի, իսկ ես ինձ համարում եմ ուժեղ, այսքան ժամանակ ինձ հանդիպած բոլոր դժվարությունները կարողացել եմ հաղթահարել: Այսօր էլ ոչնչից չեմ դժգոհում ու փորձում եմ առաջ գնալ: Երբեք պետք չէ ընկճվել, հանձնվել կամ հաշտվել չստացված իրավիճակի հետ:

Անշունչ առարկայի հետ աշխատելը. Առաջին հայացքից կարող է թվալ, թե մեր մարզաձեւում ծանր քաշ բարձրացնելն է դժվարությունը, բայց ամենեւին էլ այդպես չէ: Ծանրամարտը ոչ թե ուժային մարզաձեւ է, այլ հոգեբանական: Պետք է հոգեբանորեն կոփված լինես, մտածես, գիտելիք ունենաս, որպեսզի կարողանաս անշունչ առարկայի հետ ճիշտ վարվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ ծանրաձողին մոտենալը. Վարժությունը դեռ չսկսած ես իմ ուղեղում պատկերացնում եմ, թե ինչ է ինձ սպասվում, հասկանում եմ, թե ինչպես պետք է բարձրացնեմ այդ քաշը: Եթե այդ պատկերացումը չունենաս, հավատացեք, նույնիսկ դատարկ ձողը չես կարող տեղից պոկել: Պետք է ուղեղդ ընկալի այդ աշխատանքը, հետո նոր մարմինդ:

Միջազգային փորձը. Միջազգային ասպարեզում առաջին անգամ ելույթ եմ ունեցել 2014 թվականին:  Եվրոպայի երիտասարդների առաջնությունն էր ու այդքան էլ ուժեղ չէի, սակայն կարողացա լավ կիլոգրամներ բարձրացնել: Ինձ համար կարեւոր էր այն, որ միջազգային հարթակ եմ բարձրացել, ոգեւորված էի ու հետաքրքիր զգացողություններ ունեի:

Առաջին մեդալը. Մեկ տարի անց կրկին նույն մրցմանը գրավեցի 2-րդ տեղն ու նվաճեցի արծաթե մեդալ: Այս ժամանակ պայքարը թեժ էր, ու երեք ուժեղ ծանրորդներով հավասար էինք ընթանում: Ես զիջեցի իմ սխալի պատճառով՝ անձնական քաշով ծանր էի, բայց չընկճվեցի, որովհետեւ այն առաջին մեդալս էր ու յուրօրինակ նվաճում էր ինձ համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչն ու դժվարությունները. Մարզիչ լինելուց առաջ Բիչախչյանն ինձ համար ծնող է: Ես շատ եմ կիսվում նրա հետ ու ոչ միայն ծանրամարտի մասին: Ով ճանաչում է նրան, հաստատ շահած է դուրս գալիս: Դժվարությունը չի կարող ինձ հաղթել: Ես շատ եմ աշխատում, թերություններս եմ քչացնում ու ձգտում ավելիին: Իսկ այդ ավելին Օլիմպիական մեդալն է, ես դրա համար եմ քրտինք թափում:

Հանգիստը. Երբ ազատ ժամանակ եմ ունենում պարտադիր գնում եմ ձկնորսության, հանգստանում եմ այնտեղ: Նաեւ ընկերներիս հետ եմ հանդիպում կամ էլ պարզապես տանն եմ մնում: Մարդաշատ վայրեր չեմ սիրում: Ես ինձ շատ բաներից եմ զրկում, որպեսզի ուժերս խնայեմ ծանրամարտի համար:

Նոր մրցաշարին ընդառաջ. Հիմա պատրաստվում եմ հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Կամաց-կամաց լավ մարզավիճակ եմ ձեռք բերում, որպեսզի կարողանամ իմ ուզած կիլոգրամները բարձացնել, եթե ստացվի, ապա լավ մեդալ կունենամ: Իսկ գլխավորը նպատակս՝ սպորտում հաջողության հասնելն է, որպեսզի ինքս ինձնից գոհ մնամ:

Կարուշ Ղուկասյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին