Ըմբշամարտին սիրահարված մարզուհին. Անի Առաքելյան - Mediamax.am

exclusive
59276 դիտում

Ըմբշամարտին սիրահարված մարզուհին. Անի Առաքելյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն 3 տարի է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում գործում է Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի մասնաճյուղի ըմբշամարտի աղջիկների խմբակ: Թեեւ մարզվողների թիվն անդհատ փոփոխվում է ու ոչ բոլորն են շարունակում սկսած գործը, բայց նրանցից մեկն իսկապես սիրահարված է ըմբշամարտին:

2 տարի առաջ, երբ Mediamax Sport-ն անդրադարձել էր կանանց ըմբշամարտին, Անի Առաքելյանը դեռ այն ժամանակ տարբերվում էր մյուսներից: Ըմբշամարտի մասին աչքերի փայլով ու մեծ ոգեւորությամբ էր խոսում: Հիմա նա ավելի կամային ու նպատակասլաց է դարձել, փորձ ձեռք բերել ու նոր նպատակներ դրել իր առջեւ:

Մարզիչս՝ Գոռ Աբգարյանը, նաեւ մեր դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, հենց նրանից իմացա, որ Արտիմետում ըմբշամարտի խումբ է բացվելու: Ընկերուհուս հետ գնացինք մարզաձեւին ծանոթանալու, ու ես այն շատ հավանեցի: Տանը հայտարարեցի, որ հաճախելու եմ նորաբաց խմբակ: Բնականաբար, բոլորը դեմ էին: Բայց այդ մտքից չհրաժարվեցի, այնքան գնացի, որ իրենց համար էլ սովորական դարձավ:

Ֆիանսիայի մրցաշարում հաղթելուց հետո բոլորի վերաբերմունքը միանգամից փոխվեց: Հիմա մայրիկս ինքն է ուզում, որ գնամ մարզվելու: 

Երբ դեռ նոր էի առաջին քայլերս անում, այսքան տրամադրված չէի, հիմա ավելի շատ եմ սիրել ու նվիրվել իմ մարզաձեւին, չեմպիոն դառնալու ցանկությունն էլ ավելի է մեծացել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի ամիս առաջ Էստոնիայում միջազգային մրցաշարի մասնակցեցի ու պարտվեցի: Անչափ նեղվել էի, չէի ուզում պարտության մտքի հետ համակերպվել, բայց փորձեցի իմ մեջ ուժ գտնել:

Այդ պարտությունն ինձ ավելի համառ դարձրեց, դրանից հետո շատ ոգեւորվեցի ու սկսեցի պարապել:

Էստոնիայում ես բազմաթիվ աղջիկների հետ ծանոթացա, տեսա, թե ինչպես են գոտեմարտում, մարզվում, հասկացա, որ չպետք է հետ կանգնեմ իմ ընտրած ուղուց, այլ անընդհատ առաջ գնամ: 

Անտեղ նաեւ թերություններս տեսա: Առաջ շուտ էի կոտրվում, չէի պայքարում, բացի այդ էլ ոտքերս էին ավելի թույլ, սկսեցի դրանք շտկելու ուղղությամբ աշխատել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ես մրցակիցներ չունեմ, դա մի կողմից է միայն լավ, շատ չեմ տանջվում ու միանգամից մեկնում եմ միջազգային մրցաշարերի: Բաց վատ է, որ աղջիկների հետ գոտեմարտելու հնարավորություն չունեմ:

Հիմնականում տղաների հետ եմ մարզվում, ինձ Զավեն Միքայելյանն է շատ օգնում, միշտ սխալներս ցույց է տալիս ու հուշում, ինչպես ուղղեմ դրանք: Շատ հաճախ առավոտյան միասին ենք վազում, իրար օգնելով ավելի հեշտ է լինում:

Սկզբնական շրջանում տղաներից մի քիչ ամաչում էի, նրանց ներկայությամբ ազատ չէի, դեռ այսքան մտերիմ չէինք: Իրենց համար էլ անսովոր էր, չէին կարողանում ընդունել ինձ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա ընկերացել եմ նաեւ մարզչիս հետ, նա նվիրված է իր գործին ու ինձ էլ շատ է օգնում, ասես մեծ եղբայրս լինի: Չի թողնում, որ որեւէ բանից նեղվեմ: Ցանկացած հարցի դեպքում կարող եմ խոսել նրա հետ:

Փորձում եմ դպրոցն էլ աչքաթող չանել, գերազնաց եմ սովորում: Օրս այնպես եմ դասավորում, որ մեկը մյուսին չխանգարի: Առավոտյան 7-ին աթնանում էի, վազում մինչեւ հարեւան գյուղ, վերադառնալուց հետո շտապում դպրոց, հետո էլ մարզումների: Արձակուրդների ժամանակ ավելի հեշտ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց եւ եղել են պահեր, որ մի տեսակ հոգնել եմ ըմբշամարտից, միանման մարզումներից ու էլ չեմ ուզել շարունակել: Մարզիչն է ինձ օգնել, փորձել հասկանալ որոշմանս պատճառը: Աբգարյանը բացատրել է, որ երկար ժամանակ է այս գործի մեջ եմ, բոլորին դեմ գնալով սկսել եմ մարզվել ու արդյո՞ք կարող եմ ամեն ինչ թողնել: Նա ինձ ավելի շատ հանգիստ ժամանակ է տվել, ու կամաց-կամաց վերադարձել եմ:

Ըմբշամարտը շատ բան է ինձ տվել, ընկերներ եմ ձեռք բերել, ճանապարհորդել, իմ առաջ մեծ նպատակներ դրել: Առաջ պայքարել չէի սիրում, հիմա հակառակը՝ հանձնվելն իմ դուրը չի գալիս:

Այդ 3 տարիները շատ բան են ինձ տվել ու փոխել իմ կյանքում: Ես սպորտն եմ ընտրել ու կշարունակեմ մարզվել՝ իմ ու մյուսների սպասելքիներն արդարացնելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտը կազմվածքի վրա շատ է ազդում, չեմ կարծում, որ տգեղացնում է, հակառակը, ավելի գեղեցիկ է դարձնում: Ինձ շատ են ասել, որ կազմվածքս կփոխվի, տղավարի կդառնամ, բայց այդպես չէ: 

Ըմբշամարտում շատ ուժեղ մարզուհիներ կան, ես հետեւում եմ նրանց ու ուզում նմանվել: Մեր մարզիկներից էլ ինձ համար օրինակ են Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանն ու Կարեն Ասլանյանը:

Կուզեմ, որ կանանց ըմբշամարտը մեր երկրում զարգանա, իմ օրինակին մյուսներն էլ հետեւեն: Ես էլ մնացած մարզիկների պես Օլիմպիական ոսկե մեդալակիր եմ ուզում դառնալ, նախ պատանեկան, հետո՝ նաեւ մեծահասակների: Դրա համար եմ ամեն օր այսքան մարզվում:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին