Մեծ սպորտի ապագա աստղերը. Արթուր Ավետիսյան - Mediamax.am

exclusive
75536 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Արթուր Ավետիսյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին տարիներին մարմնամարզությունը մեր երկրում զարգանում է մեծ ու արագ քայլերով: Հաջողություններ են գրանցվում ոչ միայն մեծահասակների մրցաշարերում:

Այս տարի Արթուր Ավետիսյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում օղակների վրա վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ: Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում այս անգամ պատմում ենք մարմնամարզիկի ու նրա սպորտային նպատակների մասին:

Մարզաձեւը՝ սպորտային մարմնամարզություն

Տարիքը՝ 18 տարեկան

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսում

Բնակվում է՝ Երեւանում

Տիտղոսները՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մարզական կերպարը՝ Ալբերտ Ազարյան եւ Հարություն Մերդինյան

Սիրած բանաստեղծը՝ Հովհաննես Շիրազ ու Պարույր Սեւակ

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական խաղերի մեդալակիր

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին քայլերը. 7 տարեկանում եմ առաջին անգամ մտել մարմնամարզության դահլիճ: Հիշում եմ, որ առաջին օրն Ալբերտ Ազարյանին տեսա, նա խոսեց ինձ հետ, շատ էի ուրախացել: Հայրիկս է ցանկացել, որ մարզիկ դառնամ: Սկզբում պարզապես գալիս էի մարզումներին, շատ բան դեռ չէի հասկանում:

Երբ առաջին անգամ մրցման մասնակցեցի ու 3-րդ տեղը գրավեցի, շատ ոգեւորվեցի, սիրեցի մարմնամարզությունն ու որոշեցի շարունակել պարապել: Ավելի եռանդով սկսեցի մարզվել, ու արդյունքներն էլ չուշացան: Մասնակցեցի Հայաստանի առաջնությանն ու հաղթող դարձա: Շատ ոգեւորիչ էր:

Էներգիայի աղբյուրը. Սպորտով զբաղվելը հեշտ գործ չէ, շատ որակներ են պետք առաջ շարժվելու համար: Առաջին հերթին պետք է ձգտում ունենալ, նպատակասլաց լինել, չդադարել աշխատել: Հենց այնպես ու հեշտությամբ նպատակներին չեն հասնում: 

Ես էլ չեմ դադարում աշխատել ու նոր բաներ սովորել: Ամեն ինչ անում եմ մարզիչներիս ասածներն անելու համար: Փորձում եմ չբավարարվել ու նոր բարձունքների ձգտել:

Որքան էլ ամենօրյա մարզումները երկար ու ծանր լինեն, երբեք չեմ հոգնում դրանցից: Եթե մեկ օր չեմ գալիս դահլիճ, այդ ժամանակ եմ հոգնում: Մարզումներն ինձ էներգիա են տալիս ու լիցքավորվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անփոխարինելի մարզիչները. Առանց լավ մարզչի սպորտում ոչնչի էլ չես հասնի: Իմ բախտը բերել է, որ ես լավ մասնագետների հետ եմ աշխատում՝ Հայկ Նազարյան, Սոս Սարգսյան, Հակոբ Սերոբյան: Նրանք անփոխարինելի են, ինձ շատ կարեւոր խորհուրդներ են տալիս: Գիտեն մրցումների ժամանակ ինչպես օգնել ինձ:

Առաջին հերթին ասում են, որ չլարվեմ ու հանգստություն պահպանեմ:

Մեր թիմում տիրող հրաշալի մթնոլորտն էլ նրանց շնորհիվ է: Միշտ իրար կողքի ենք իսկական թիմի պես: Մարմնամարզության շնորհիվ ես ոչ միայն մեդալներ ու նվաճումներ եմ ձեռք բերել, այլ լավ ընկերներ գտել:

Սպասված մեդալը. Այս տարին կարեւոր էր իմ կարիերայում: Ինձ հաջողվեց երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճել: Երկար էի սպասել այդ հաջողությանը: Ուրախ եմ, որ իմ ու մարզիչներիս տքնաջան աշխատանքն իր պտուղները տվեց:

Այն մինչ այժմ իմ ունեցած մեդալներից ամենակարեւորն ու նշանակալին է, հետագայում էլ պետք է ձգտեմ, որ ոչ միայն նվաճումներիս թիվն ավելացնեմ, այլ նաեւ գույնը փոխեմ:

Օղակների սիրահարը. Մարմնամարզությունը դժվար սպորտաձեւ է, ամեն գործիք իր բարդությունն ու առանձնահատկությունն ունի: Ես օղակների վրա եմ ուժեղ: Այս վարժությունն անելու համար պետք է ֆիզիկապես պատրաստված լինել ու լավ կոորդինացիա ունենալ: Երեւի Ալբերտ Ազարյանից է մեզ փոխանցվել, որ օղակների վրա ուժեղ ենք:

Արդեն մեծահասակների մրցումների եմ մասնակցելու, դա շատ ավելի պատասխանատու է: Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը շատ լավ են իրենց զգում օղակների վրա ու նրանց հետ մրցակցելը հեշտ չի լինելու: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Փորձի կարեւորությունը. Երբեմն անհաջող ելույթից հետո պատահել է, որ հիասթափվել եմ ու ցանկացել թողնել ամեն ինչ: Բայց մի քիչ ժամանակ է անցնել, ու հասկացել եմ, որ այդպես էլ է լինում, պարտություններն ու անհաջողություններն էլ հաղթանակների պես կարեւոր են:

Ժամանակի ընթացքում ավելի շատ մրցաշարերի եմ մասնակցել, փորձ ձեռք բերել, հիմա կարողանում եմ կարեւոր ելույթներից առաջ հանգստություն պահպանել:

Ավելի փոքր տարիքում երբեմն վախ էի զգում, սակայն արդեն անցել է: Հիմա հարթակ դուրս գալուց առաջ միայն զգում եմ ադրենալինն ինչպես է մտնում մեջս ու սկսում եմ ելույթս:

Սպորտային օրինակը. Իր աշխատասիրության ու ձգտման շնորհիվ ինձ համար միշտ օրինակ է եղել Հարություն Մերդինյանը: Գրեթե ամեն օր տեսնում եմ նրա մարզումները, թե ինչպիսի եռանդով է աշխատում, ու ավելի հաճույքով եմ նվիրվում գործիս: Հենց միայն Հարությունին հետեւելու ժամանակ շատ բան եմ սովորում:

Ժամանակի ընթացքում մարմնամարզությունը մեր երկրում մեծ աճ է արձանագրել հենց այդ փորձառու տղաների շնորհիվ: Նրանք մարզաձեւը ոտքի են կանգնեցրել, մենք էլ ուզում ենք շարունակել սկսած գործը:


Արթուր Ավետիսյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին