Մեծ սպորտի ապագա աստղերը. Հրաչիկ Բաբայան - Mediamax.am

exclusive
62654 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Հրաչիկ Բաբայան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդ տարիքում նվաճված հաղթանակները չափազանց կարեւոր են հետագա կարիերայի ողջ ընթացքի համար: Հատկապես ուրախալի է, որ տարբեր մարզաձեւերում է Հայաստանի պատվիրակներին հաջողվում մեդալներ նվաճել:

Mediamax Sport-ը «Մեծ սպորտի ապագա աստղերը» նախագծում ներկայացնում է հրաձիգ Հրաչիկ Բաբայանին:

Մարզաձեւը՝  հրաձգություն

Տարիքը՝ 18

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում

Բնակավում է՝  Երեւանում

Տիտղոսները՝  Պատանեկան Օլիմպիադայի ու երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն

Սիրած բանաստեղծը՝ Պարույր Սեւակ

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն, բայց մինչ այդ նվաճել ԵԱ-ի ու ԱԱ-ի ոսկե մեդալներ

1-ին ոգեւորիչ հաջողությունը. Հրաձգության մասին դասընկերներիս շնորհիվ եմ իմացել: Այնուհետեւ միասին գնացինք մարզվելու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում: Դրանից վեց ամիս անց մրցման մասնակցեցի ու 3-րդ տեղը գրավեցի: Դա իմ առաջին հաջողությունն էր, որից էլ ոգեւորվեցի ու որոշեցի շարունակել: Մեկ տարի անց դարձա միջազգային կարգի սպորտի վարպետ: Այդպես 14 տարեկանում սկսվեց իմ սպորտային կարիերան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Համբերատար ու հավասարակշռված. Հրաձգությունը դասական սպորտ է, պայքարում ես ոչ թե ինչ-որ մեկի, այլ ինքդ քեզ հետ: Այս մարզաձեւով զբաղվելու համար պետք է շատ հանգիստ ու հավասարակշռված լինել, անընդհատ հսկել քեզ: Հրաձգությունում  ամեն ինչ հոգեբանության հետ է կապված: Պետք է շատ համբերատար լինել, անհաջողություններից  չհանձնվել, չհուսահատվել ու շարունակել պայքարել: Ես միշտ կարողանում եմ անհաջող ելութներից դասեր քաղել ու հետագայում ավելի լավ մասնակցել: Ցանկացած ձախողման մեջ դրական կողմերն եմ գտնում, մտածում եմ, որ ավելի լավ է Օլիմպիական խաղերի կամ էլ ԱԱ-ի ժամանակ նման բան չպատահեց:
 
Լիակատար կենտրոնացում. Մրցաշարերի ժամանակ հիշում եմ, թե ինչ եմ կատարել, մարզչից ինչ առաջադրանք եմ ստացել: Ու փորձում եմ անել միայն այն, ինչ սովորել եմ մարզման ժամանակ՝ ոչ ավել, ոչ պակաս: Կրակելու ժամանակ պետք է միայն հստակ առաջադրանքը կատարել՝ լավ աշխատել ու բարձր տեխնիկա ցույց տալ, որ ցանկալի արդյունք լինի: Այդ ընթացքում երբեք չեմ մտածում մեդալի կամ մրցանակային տեղերի մասին:  Նման բան ինձ կարող եմ թույլ տալ միայն ամենավերջում՝ կրակագծից դուրս գալուց հետո:

Ամենամեծ պարգեւը. Իմ ամենամեծ հաջողությունը պատանեկան Օլիմպիադայի արծաթե մեդալն եմ համարում: Երբ 4 տարի առաջ ընդունվել էի մարզադպրոց, ինձ ասել էին այդ խաղերի մասին, որ տարիքս համապատասխանում է ու կարող եմ մասնակցել: Ու 4 տարիների ընթացքում ես այդ խաղերին էի պատրաստվում: Եվ, իհարկե, ուրախ եմ, որ ինձ հաջողվեց մեկնել Նանջինգ ու այնտեղ մեդալ նվաճել: Դա իմ երկարատեւ աշխատանքի արդյունքն էր: Մեդալն ինձ օգնեց հասկանալ, որ այդ տարիներն իզուր չեն անցնել ու բոլոր դժվարություններն ապարդյուն չեն եղել: 

Մեկ կրակոցի գինը. Հրաձգությունն անկանխատեսելի սպորտ է, դու կարող ես միշտ լավագույնը լինել, բայց ամենակարեւոր պահին մի կրակոցով վերջինը դառնալ կամ էլ տեղ չգտնել լավագույն եռյակում: Ես սպասում էի, որ Օլիմպիադայում մեդալ կնվաճեմ, բայց մինչեւ վերջին պահը փորձում էի սխալ թույլ չտալ ու մեդալից չզրկվել: Օլիմպիադայի հաղթողն իմ հասակակիցն էր, բայց մեծահասակների վարկանիշում առաջատար էր: Նման բան հազվադեպ է լինում, բայց չինացի մարզիկն աշխարհում լավագույններից է: Նրա հետ պայքարն անհավասար էր, ես չէի կարող ոսկե մեդալ նվաճել: Հետագայում անպայման կփորձեմ հաղթել նրան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անհաջող թիմակիցը. Քանի որ Օլիմպիադան պատանեկան էր, հրաձգությունում նոր վարժություն էին ավելացրել: Տղաների պայքարում առաջին տեղը գրաված մարզիկը աղջիկների մրցաշարի վերջին տեղը զբաղեցրած մասնակցի, 2-ը՝ նախավերջինի հետ, ու այդպես զույգեր կազմելով պետք է մրցեինք: Իմ զույգը Բանգլադեշը ներկայացնող մարզուհի էր, որին մի ամբողջ օր Օլիմպիական ավանում փնտրել եմ ու տեղեկացրել մրցման մասին: Նա մրցաշարի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեր: Մի կերպ տանջվելով կարողացանք 2 փուլ հաղթահարել, սակայն 3-րդը չստացվեց: Նա ավելի շատ խանգարում էր ինձ, քան օգնում: Անգամ մրցակիցները խոստովանեցին, որ իրենք 3-ով մրցում էին իմ դեմ, այդքան վատ կրակող էր իմ թիմակիցը: 

Ոսկու սպասումով. Աշխարհի առաջնությունում հաղթող դարձած ռուս մարզիկի հետ պայքարը հավասար էր: Ես եզրափակիչ անցա առաջին տեղով՝ 60 կրակոցում լավագույնն էի: Բայց այստեղ ռուս մարզիկն  ինձ մոտ 1 միավոր շրջանցեց: Ես մեկ սխալ էի թույլ տվել ու այդ կրակոցի պատճառով էլ 2-րդ տեղն ընկա: Թեեւ ես դեռ երիտասարդ եմ, բայց առաջիկայում միայն մեծահասակների մրցաշարերում եմ ելույթ ունենալու ու դժվար թե կարողանամ ոսկե մեդալ նվաճել: Միայն կարող եմ խոստանալ, որ առաջիկա տարիների ընթացքում 1-ին տեղ անայման կզբաղեցնեմ:

Ռիո մեկնելու երազանք. Սպորտն իմ կյանքի նպատակն է ու իմաստը, եթե սպորտում չլինեի, չգիտեմ ինչն ինձ կառաջնորդեր, բայց քանի որ մարզիկ եմ, շատ եմ ցանկանում  Օլիմպիադայում ու ԱԱ-ում ոսկե մեդալ նվաճել: Դրան հասնելու համար ամեն օր տքնաջան աշխատում եմ ու տանջվում: Առաջնահերթ նպատակս է Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը: Դա այդքան էլ հեշտ չի լինելու, բայց ես կփորձեմ ու ամեն ինչ կներդնեմ դրա համար: Եթե այս տարի չհաջողվի ուղեգիր ձեռք բերել, դա կանեմ մյուս տարվա ԵԱ-ում:

Հրաչիկ Բաբայանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Լուսանկարները՝  Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին