Գիլանը եւ Կարապետյանը. այն, ինչ մնացել է կադրից դուրս - Mediamax.am

exclusive
40040 դիտում

Գիլանը եւ Կարապետյանը. այն, ինչ մնացել է կադրից դուրս


Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը
Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը
Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը
Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հատված Արա Թադեւոսյանի  «Իմ անհավանական «ճանապարհորդությունը» Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի հետ» գրքից, որը լույս կտեսնի  2018 թվականին

Այս լուսանկարն արվել է 2010 թվականի մարտին երեւանյան «Գենացվալե» ռեստորանում, «Շանթ» հեռուստաընկերության Hay Superstar շոուի ավարտից հետո, որի ընթացքում երիտասարդ եւ տաղանդավոր  պատանիներն ու աղջիկները կատարում էին Deep Purple-ի երգերը այդ խմբի լեգենդար երգչի առջեւ:

Նախատեսվում էր, որ Գիլանը նրանց հետ միասին մի քանի երգ կկատարի, սակայն նախորդ երեկո՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգի ժամանակ, ինչպես ինքը խոստովանեց, «չափից շատ ոգեւորություն էր դրսեւորել» եւ խզել էր ձայնը: Այնուամենայնիվ, Hay Superstar-ի ավարտին, երբ Սուրեն Առուստամյանը եւ մյուս մասնակիցները սկսեցին երգել Smoke on the Water երգը, Գիլանը չդիմացավ եւ դուրս վազեց բեմ:



Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ կարմիր բաճկոնով մարդը:

2009 թվականի փետրվարին, երբ ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը հավանություն տվեց Armenia Grateful 2 Rock նախագիծն իրականացնելու իմ գաղափարին, հարկավոր էր հովանավոր գտնել: Նախագծի շրջանակներում մենք պատրաստվում էինք Հայաստան հրավիրել Rock Aid Armenia աստղային նախագծի մասնակիցներին: Rock Aid Armenia ստեղծվել էր 1989 թվականին՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

Վիգենը երկար-բարակ չմտածեց:

- Կարծում եմ, նախագիծը կհետաքրքրի «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանին, նա ռոքի մեծ երկրպագու է: Ես նրա հետ կխոսեմ:
 
Մի քանի օր անց Վիգեն Սարգսյանը զանգահարեց ինձ.

- Կարենը ոգեւորվեց: Զանգիր, պայմանավորվիր հանդիպելու մասին:

Մինչ այդ Կարեն Կարապետյանի գրեթե չէի շփվել: Մի օր նախագահի ինքնաթիռով գնում էինք Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումին, եւ «ՀայՌուսգազարդի»  ղեկավարը նստած էր իմ առջեւ: Երբ նա մի պահ լքեց իր տեղը, նկատեցի, որ բազկաթոռի վրա դրված է Խորխե Լուիս Բորխեսի գիրքը: Դա ինձ հաճելիորեն զարմացրեց, որովհետեւ հայկական էլիտայի ներկայացուցիչներին գիրք կարդալիս, այն էլ այսպիսի գիրք, հաճախ չես հանդիպի:

2009 թվականի մարտին Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնալիս շատ էի հուզվում. Deep Purple-ի եւ Black Sabbath-ի աստղերին Հայաստան հրավիրելու իմ գաղափարը նույնիսկ ինձ էր անհավանական թվում (դրանից, սակայն, այն իրագործելու վճռականությունս չէր նվազում):

Ամեն ինչ անցավ ավելի լավ, քան ակնկալում էի:

Մի քանի հարց տալով նախագծի վերաբերյալ եւ ճշտելով բյուջեն, Կարեն Կարապետյանն ասաց.

- Հետաքրքիր է: Արի աշխատենք:

Պետք է հատուկ նշեմ, որ Կարեն Կարապետյանը համաձայնեց հովանավորել ոչ միայն ռոք-աստղերի ժամանումը Երեւան, այլ նաեւ Smoke on the Water երգի
Rock Aid Armenia-ի աստղային տարբերակի վերաթողարկումը: Բանն այն է, որ Rock Aid Armenia-ի նախաձեռնող Ջոն Դին շուրջ 20 տարի ցանկանում էր պատրաստել այդ կատարման սեփական տարբերակը, քանի որ այդքան էլ գոհ չէր 1989 թվականի ձայնագրությունից: Կարծում եմ, այդ նախագիծը ֆինանսավորելու «հայկական կողմի» համաձայնությունը դարձավ այն առանցքային գործոններից մեկը, որի շնորհիվ Ջոնը հավատաց ինձ եւ համաձայնեց իրականացնել Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագիծը:



2009 թվականի մարտից մինչեւ հոկտեմբեր մի քանի անգամ հանդիպեցինք Կարեն Կարապետյանի հետ՝ պատմում էի այն մասին, թե ինչպես է առաջ գնում նախագիծը: Սովորաբար դա տեղի էր ունենում այսպես. ինձ զանգահարում էին Կարապետյանի ընդունարանից, միացնում եւ լսափողի մեջ հնչում էր.

- Արիկ, ողջույն: Կարո՞ղ ես այսօր ինձ մոտ գալ:
- Այո, իսկ ե՞րբ, պարոն Կարապետյան:
- Դե հենց հիմա էլ արի:

Իհարկե, թողնում էի բոլոր գործերն ու քաղաքը կտրում հասնում էի «ՀայՌուսգազարդ»:

Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի հետ տեղի ունեցավ 2009 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Երեւանի կոնյակի գործարանում: Կոկտեյլներից եւ շրջայցից հետո հյուրընկալ տան տերերը մեզ հրավիրեցին ընթրիքի, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ, ընթրիքի բոլոր հայ մասնակիցներին, ովքեր իրենց նույն սեղանի շուրջ նստած մարդկանց երաժշտությամբ տասնամյակներ էին ապրել, չէր լքում տեղի ունեցողի անիրական լինելու զգացողությունը:

Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրանը, կենաց ասաց, որ նույնիսկ չէր էլ կարող երազել այն մասին, որ մի օր կնստի Թոնի Այոմիի կողքին եւ նրա հետ բաժակ կխփի:

Հոկտեմբերի 2-ին հրաժեշտի ընթրիքի հավաքվեցինք Հանրապետության հրապարակում գտնվող լեգենդար «Արարատ» ռեստորանում: Ընթրիքին մի իսկական աղետ էր նախորդել. «Մոսկվա» կինոթատրոնում ռոք-աստղերի՝ երկրպագուների հետ հանդիպման ավարտին ես հիմարություն արեցի՝ հայտարարելով, որ բոլոր ցանկացողները կարող են ինքնագիր վերցնել կինոթատրոնի նախասրահում: Ավելորդ է նշել, որ ցանկացողները եթե ոչ բոլոր 500 երկրպագուներն էին, ապա դրանց մեծ մասը: Անհավանական հրմշտոց սկսվեց, որը հրաշքով վատ ավարտ չունեցավ: Թոնի Այոմիի մենեջեր Ռալֆ Բեյքերը՝ այդ զուսպ անգլիացի ջենթլմենը, ինձ վրա այնպես էր գոռում, որ ուզում էի գետինը մտնել:  

Մի խոսքով, մի կերպ լքեցինք կինոթատրոնի տարածքը, սակայն տասնյակ երկրպագուներ շարունակում էին մեզ հետապնդել. արդյունքում մինչեւ ռեստորան մի քանի հարյուր մետր կազմող տարածությունը ստիպված էինք հաղթահարել գրեթե վազելով: Ճանապարհին որոշ ժամանակով «կորցրեցինք» Ջոն Դիի մորը՝ Փոլինին, ինչը լրացուցիչ սթրեսի պատճառ դարձավ:

Սակայն, հասնելով ռեստորան, բոլորն արագ հանդարտվեցին: Ռալֆ Բեյքերը եւ Ֆիլ Բանֆիլդը (Գիլանի մենեջերը), ովքեր դեռ կես ժամ առաջ պատրաստ էին գլուխս պոկել, ընկերական ձեւով հարվածեցին ուսիս եւ ինքնագրեր տալու գործընթացի պատշաճ կազմակերպման խորհուրդներ տվեցին: Թոնի Այոմին մեծ հետաքրքրությամբ հետեւում էր, թե ինչպես է հայ աղջիկը քանոն նվագում: Երիտասարդ տարիքում գործարանում աշխատելիս Այոմին կորցրել է մատի ծայրը եւ այդ օրվանից ի վեր նվագում է ինքնաշեն մատի բարձիկներով, որոնք անձամբ պատրաստում է իր հին մաշված կաշվե ժիլետից: Պարզվեց, որ նա նմանություն է գտել այդ բարձիկների եւ քանոնի կնտնտոցի միջեւ:

Երեկոյի ավարտին Կարեն Կարապետյանը խնդրեց դեղձ բերել, կտրատեց եւ հյուրերին առաջարկեց համտեսել կոնյակի հետ: Նախկինում այդ համադրության մասին չգիտեի՝ այդ օրվանից հաճախ եմ այն օգտագործում, հիշելով այդ երեկոն:

Բայց երեկոյի ամենավառ հիշողությունս ավելի «կենցաղային» իրավիճակի հետ է կապված: Երեկոյի վերջում Գիլանը, արդեն գինովցած, ուզեց զուգարան գնալ, որը վերեւի հարկում էր: Որոշեցի ուղեկցել նրան:

Բարձրանում ենք աստիճաններով, ես կրկին չեմ հավատում, որ այս ամենն ինձ հետ է կատարվում: Մեկ էլ հանկարծ այն մարդը, ով միշտ իմ կուռքն է եղել, կտրուկ կանգ է առնում, նայում ինձ չարաճճի, բայց միեւնույն ժամանակ խիստ դեմքի արտահայտությամբ ու ասում.

- Whatever you do, wherever you go, if you want to pee, you have to pee!

Եվ հանգիստ մտնում է զուգարան: Այդքան տարիներ են անցել, բայց ես այդ դրվագը հիշում եմ բոլոր մանրամասներով:

Հյուրերը մեկնում էին վաղ առավոտյան եւ հանկարծ պարզվեց, որ նույն չվերթով Լոնդոն է մեկնում նաեւ Կարեն Կարապետյանը: Պե՞տք է նշել, որ նրանց շփումը շարունակվեց ինքնաթիռում եւ ամենեւին էլ «չոր» չէր: Ի դեպ, հենց այդ թռիչքի ժամանակ Գիլանն ու Այոմին հորինեցին Out of My Mind երգը, որը ձայնագրեցին մեկ տարի անց՝ 2010 թվականի հոկտեմբերին:



Իէն Գիլանը Հայաստան վերադարձավ մի քանի ամիս անց: 2010 թվականի մարտի 26-ին եւ 27-ին Մեդիամաքսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կազմակերպեց երգչի բարեգործական համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այդ համերգների շնորհիվ հավաքվեց Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման համար նախատեսված առաջին մեծ գումարը:

Մարտի 28-ի երեկոյան, Hay Superstar շոուից հետո գնացինք ռեստորան: Կարեն Կարապետյանը շոուն տանն էր նայում, եւ պայմանավորվել էինք, որ ավարտից հետո պետք է զանգահարեմ իրեն եւ ասեմ, թե որտեղ ենք հավաքվում: Իմանալով, որ գնում ենք «Գենացվալե», նա փոքր-ինչ հուսահատված ասաց.

-  Բայց ինչպե՞ս մտքովդ անցավ Հայաստանում Գիլանին վրացական ռեստորան հրավիրել:

Այնուամենայնիվ, երեկոն հրաշալի անցավ, եւ այս նկարը դրա վառ ապացույցն է:
Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը Իէն Գիլանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկու ամիս անց՝ 2010 թվականի մայիսին Deep Purple-ը Հայաստան ժամանեց եւ ամբողջական կազմով հյուրընկալվեց Կարեն Կարապետյանի տանը, եւ ես անչափ շնորհակալ եմ նրան՝ ինձ եւ կնոջս նույնպես հրավիրելու համար:

Շատ տարիներ են անցել, բայց մինչեւ կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ այն մարդկանց, ում շնորհիվ կյանքս կտրուկ փոխվեց: Այդ մարդիկ են Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը եւ Չարլզ Լոնսդեյլը:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին