Զենքը՝ միակ հագուստ - Mediamax.am

exclusive
13838 դիտում

Զենքը՝ միակ հագուստ


Լուսանկարը` Ռուբեն Մանգասրյան


Արցախյան շարժման սկզբնավորումից մինչեւ 1994-ի հրադադարն ու դրան հաջորդած դեպքերը հազարավոր մարդիկ «ապրեցին» Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների միջոցով: Նա կադր առ կադր վավերագրում էր Հայաստանի նորագույն շրջանի պատմությունը՝ փողոց դուրս եկած ցուցարարներ, Քարվաճառի ազատագրման օպերացիա, Գրադի արկղեր, որոնցից եՙւ տուն էին պատրաստում, եՙւ դագաղ, պատերազմից հետո առաջին հարսանիքը Ստեփանակերտում…

Ռուբեն Մանգասարյանի լուսանկարներից մի քանիսը միավորված են թեմատիկ կապով: Դրանցում զինվորները, քնած, թե արթուն, զենքից չեն բաժանվում:

Զենքն ուսից կախ մերկ զինվորի լուսանկարը Արցախյան ազատամարտի խորհրդանիշերից է: Այս լուսանկարը Ռուբեն Մանգասարյանն արել է Քարվաճառում՝ Տաքջուր կամ Ջերմաջուր կոչված առողջարանային ավանում: Մինչ Քարվաճառի ազատագրումն այս տարածքը հայտնի էր ադրբեջանական «Իստիսու» անվանմամբ: 

Տիգրան Մանգասարյանն ասում է, որ եղբայրը շատ չէր սիրում պատմել իր տեսածի մասին, բայց ամենայն հավանականությամբ այս լուսանկարն արել է 1994-ին՝ պատերազմի վերջին շրջանում:



«Այդտեղ ռազմաճակատ չկար, խորը թիկունք էր: Բայց նույնիսկ այդ պարագայում զինվորները զենքն ուսից չէին իջեցնում: Եթե չեմ սխալվում, այս լուսանկարն արվել է ցուրտ ժամանակ՝ փետրվար-մարտ ամիսներին: Զինվորներն առիթը բաց չէին թողել տաք աղբյուրում լողանալու: Բայց անգամ լողանալիս՝ զենքից չէին հրաժարվել:

Ռուբենը շատ հաճախ առաջնագծում էր լինում կամ առաջ շարժվող զինվորների խմբի հետ: Ու ենթադրում եմ, որ դա հենց այդպիսի մի խումբ է եղել, ջոկատ, որոնց հետ Ռուբենը գնացել է:

Այս լուսանկարը բազմիցս տպվել է տեղական  եւ միջազգային մամուլի էջերում, «Անկախության ճանապարհին» ցուցահանդեսում ներկայացված առաջին լուսանկարն էր, որը եՙւ ժպիտ է առաջացնում, եՙւ բավական լուրջ է: Առաջին հայացքից ծիծաղելի է թվում, բայց եթե փորձես պատկերացնել պահի լրջությունը, թե որքան լարված իրավիճակ է եղել, որ մերկ մարդը զենքը ուսից չի իջեցրել, հասկանում ես, որ այնքան էլ ծիծաղելի չէ»:

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին