Մեդիամաքսը շարունակում է Flashback խորագիրը, որում ներկայացնում է տարբեր լուսանկարների պատմությունը:
Պատմում է լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը
ԽՍՀՄ տարիներին բարձր պաշտոնյաների մասնակցությամբ կարեւոր միջոցառումների «ճիշտ» լուսանկար ստանալն այդքան էլ հեշտ չէր:
Միանման կադրի վրա մի ամբողջ ժապավեն էր գնում: Առաջինը տպված նկարները նայում էր Արմենպրեսի ֆոտոխմբագիր Սուրեն Խոսրոյեվը: Խնդիրն այն էր, որ լուսանկարի վրա պատկերված բոլոր անձինք պետք է հնարավորինս նույն, ուղիղ դիրքով կանգնած լինեին եւ եթե այդպիսի նկար չէր հանդիպում, ապա այն «հավաքում» էին: Այլ կադրից մկրատով կտրտվում էր «ճիշտ» դիրքում կանգնած պաշտոնյան եւ փակցվում էր անհաջող պատկերի տեղում:
Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից
Այդ գործողություններից հետո ստացված նկարը վերատպվում էր եւ ուղարկվում Կենտկոմի պրոպագանդայի բաժին՝ հաստատվելու: Եվ մինչեւ նկարի ետեւում չհայտնվեին համապատասխան կնիքները, ոչ մի թերթ այդ նկարը տպագրելու իրավունք չուներ:
Աննա Բուբուշյան












