Արամ Խաչատրյանի՝ պիոներ դառնալու «երկրորդ փորձը» - Mediamax.am

Փետրվար 25, 2026
exclusive
3915 դիտում

Արամ Խաչատրյանի՝ պիոներ դառնալու «երկրորդ փորձը»


Լուսանկարը` Մելիք Բաղդասարյան


Պատմում է լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը

1970-ականների սկիզբն էր: Նոր էի սկսել լուսանկարել եւ աշխատում էի «Պիոներ պալատում»:

Մի անգամ ինձ հանձնարարեցին կարեւոր միջոցառում լուսաբանել՝  կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը պետք է պատվավոր պիոներ դառնար:

Արարողությունը սկսվեց, երեխաները Արամ Իլյիչին վզկապ կապեցին, հանդիսավոր ճառ ասացին, պատիվ տվեցին եւ այդ պահին հանկարծ մտքովս անցավ. ինչու՞ այսքան կադր նկարելուց հետո ֆոտոխցիկիս ժապավենը չի վերջանում: Եվ պատճառը հասկացա` ֆոտոխցիկում ժապավեն ընդհանրապես չկա: Իսկ հանդիսավոր արարողությունն արդեն մոտենում էր ավարտին…

Մոտեցա ղեկավարությանը եւ ասացի, որ այն ամենն, ինչ նկարել եմ, չի ստացվել եւ հարկավոր է նորից նկարել: Կարող եք պատկերացնել ընդհանուր վրդովմունքը, հատկապես՝ Արամ Իլյիչին այդ մասին ասելու առումով: Սակայն լուսանկարներ ունենալու անհրաժեշտությունը գերակշռեց եւ ստիպված եղան կոմպոզիտորին խնդրել արարողությունը կրկնելու մասին: Արամ Իլյիչը համաձայնվեց եւ ամեն ինչ կրկնվեց նույն սցենարով՝ ասվեց հանդիսավոր ճառը, կապվեց վզկապը…Ընդ որում, այդ ամենն այնպիսի եռանդով էր արվում, կարծես առաջին անգամը լիներ:

Այս անգամ ամեն ինչ նկարեցի եւ ստացված լուսանկարներից հնարավոր չէր գուշակել, որ պատկերված արարողությունը «բեմադրված» էր:

Աննա Բուբուշյան



Մեր ընտրանին